AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



ԹԵԺ ԿԵՏ

Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 979, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԹԵ ԻՆՉՈՒ ՔՐԴԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ՔԲԿ-ն չեղարկեց զինադադարի համաձայնագիրը

Թուրքիայի հարավումՙ Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում օրերս քրդերի մեկ մահապարտի ինքնապայթեցումից հետո Անկարան գրեթե անմիջապես մեղադրանք ներկայացրեց «Իսլամական պետությանը»: Սակայն զոհերի ընտանիքներին ցավակցություն հայտնած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանեցին երեսպաշտ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հարյուրավոր քրդեր վանկարկում էին «Էրդողանը մարդասպանների հանցակիցն է», իսկ նրանց ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախագահը եւ կառավարող կուսակցությունը «աջակցում են «Իսլամական պետությանը»ՙ վերջինիս հրահրելով Սիրիայի քրդերի դեմ»: Արդ, ջիհադիստների դեմ ուղղված հակաահաբեկչական կոալիցիայի մասնակից Թուրքիային ինչո՞ւ են մեղադրում նրացն օգնելու մեջ:

Հեռավոր սահմանի վրա

Սուրուչի ահաբեկչությունից անմիջապես հետո ի հայտ եկան տարբեր վարկածներ դրա կազմակերպիչների եւ պատճառների առնչությամբ: Զուգահեռ անցկացվեց թունիսյան ահաբեկչության հետ, որն ուղղված էր օտարերկրացի զբոսաշրջիկների դեմ: Սակայն պարզվեց, որ երեք տասնյակ զոհերի եւ հարյուրավոր տուժածների մեջ օտարերկրացիներ չկան. միայն թուրք եւ քուրդ սոցիալիստներ ու կոմունիստներ են:

Ի տարբերություն Թունիսի, Սուրուչ քաղաքում դիտարժան վայրեր չկան, եւ ահաբեկչությունը զբոսաշրջության վրա բնավ չի ազդի, նշել է ՌԴ զբոսաշրջային միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում:

Թուրք-սիրիական նախկին եղբայրությունը

Սուրուչից ընդամենը 10 կմ հեռավորության վրա սիրիական Կոբանի քաղաքն է, որի համար 2014 թ. սեպտեմբերից մինչեւ 2015 թ. հունվար մղված համառ մարտերի ընթացքում քուրդ բնակչությունը ջախջախեց եւ հետ շպրտեց «Իսլամական պետության» գրոհայիններին: Սուրուչում ապաստան են գտել տասնյակ հազարավոր սիրիացի գաղթականներ: Ահաբեկչության օրը Սոցիալիստ երիտասարդության միությունների դաշնությունը (SGDF) մամլո ասուլիս էր անցկացնում Քոբանիի ենթակառույցի վերականգնման հարցերի վերաբերյալ: Պայթյունը որոտաց այն պահին, երբ հանդիպման մասնակիցները պատրաստվում էին լուսանկարվել մշակութային կենտրոնի զբոսայգում:

Թուրքիայի իշխանությունները գրեթե անմիջապես մատնանշեցին մեղավորներին: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ մահապարտի օգտագործմամբ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետությունը»: Նախագահ Էրդողանը ցավակցություն հայտնեց զոհերի ընտանիքներին: Էրդողանի խոսքերը չբավարարեցին զոհերի ազգականներին եւ բարեկամներին, քանզի հենց նախագահի քաղաքական բարդ խաղերի հետեւանքով է, որ պայթյուններ են որոտում սահմանամերձ քաղաքներում:

«Արաբական գարնան» դեպքերից առաջ Անկարա-Դամասկոս հարաբերություններն ավելի քան ջերմ էին: Տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնող Թուրքիան փորձում էր Ասադի վարչակարգի միջոցով ուժեղացնել իր ազդեցությունն արաբական աշխարհում, մասնավորապեսՙ մասնակցելով Պաղեստինի հարցի կարգավորմանը. այն ժամանակ «Համասի» կենտրոնակայանը Դամասկոսում էր, ուստի դա հնարավոր էր անել միայն Սիրիայի միջոցով: Սիրիացիներն իրենց հերթին ջանում էին թուրքերի օգնությամբ նվազեցնել Սաուդյան Արաբիայի դերը, Իսրայելի վրա ճնշում գործադրելովՙ վերադարձնել Գոլանի բարձունքները եւ օգուտ ստանալ նույն Պաղեստինի խնդրի լուծումից: Կար նաեւ տնտեսական համագործակցություն: Թուրքիան Սիրիայից ստանում էր թեթեւ արդյունաբերության ապրանքներ, փոխարենը մատակարարելով էլեկտրականություն: Բացի դրանից, Էրդողանը եւ Ասադը ունեին աձնական սերտ հարաբերություններ: Նրանց ընտանիքները բարեկամացել էին, հաճախ միասին էին անցկացնում արձակուրդը, երկու ղեկավարները միմյանց «եղբայր» էին անվանում:

Ամեն ինչ փչացրած «գարունը»

«Արաբական գարունը» ցնցակաթված առաջացրեց Թուրքիայում. արաբական երկրներում թղթե տնակների պես տապալվող վարչակարգերը Անկարային ստիպեցին շտապ կարգով վերանայել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը: Ցայտնոտի եւ խառնաշփոթության պայմաններում թուրքերն իրադարձություններին արձագանքեցին ուշացումով, ըստ էության Լիբիան եւ Եգիպտոսը զիջելով իրենց մրցակիցներ Սաուդյան Արաբիային եւ Քաթարին: Բայց երբ «արաբական գարնան» ալիքը հասավ Սիրիա, թուրք քաղաքական գործիչները փոխեցին գերակայությունները եւ մշակեցին, ինչպես իրենց էր թվում, ճիշտ ռազմավարական գիծ. շեշտը դրվեց չափավորական սուննի իսլամիստների վրա, որոնք շահագրգռված են «թուրքական մոդելի» իրականացմամբ եւ հակված են Անկարայի հետ դաշինքի կնքմանը:

Այն բանից հետո, երբ թուրքերը չկարողացան Ասադին համոզել իշխանության մեջ տեղ տալու չափավորական իսլամիստներին, Անկարան չհայտարարված պատերազմ սկսեց սիրիական վարչակարգի դեմ: Թուրքիան հմտորեն օգտագործում է իր աշխարհագրական դիրքը. սիրիական ընդդիմությունը հիմնականում հենց այդ երկրի տարածքով է ստանում զենք եւ համալրումներ: Անկարան աջակցել եւ աջակցում է չափավորական «Սիրիական ազատ բանակին». դրա գրոհայինները մարզվում էին Թուրքիայում գտնվող ճամբարներում, թուրք հրահանգիչները ղեկավարում էին այդ բանակի գործողությունները:

Սակայն Ասադի վարչակարգը ենթադրվածից ավելի ամուր դուրս եկավ, եւ թուրքերի ռազմավարությունը սկսեց տեղապտույտ տալ: ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքով, Անկարան հիասթափվել է «Սիրիական ազատ բանակից»: Նշանավոր փորձագետը «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Էրդողանի վարչակարգը հույս ուներ, թե Ասադի վարչակարգը կփլուզվի, եւ Թուրքիան Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ արագորեն կկիսի ավարը: Սիրիայում Թուրքիան պետք է ստանար գազամուղ, նավթամուղ եւ թերեւս ինչ-ինչ տարածքներ: Դրա փոխարեն Էրդողանը հարեւան երկրում ստացավ քաղաքացիական պատերազմ, իսկ սեփական տարածքումՙ մոտ երկու միլիոն գաղթական: Եվ հիմա թուրքերը հույս են դնում հենց իրենց վրա, քանի որ «Սիրիական ազատ բանակի հետ» կապված հույսերը ի դերեւ ելան, իսկ այն երազանքները, թե սաուդցիների ու քաթարցիների հետ գործողությունների համակարգման շնորհիվ ընդդիմության ջոկատները փոխհամաձայնության կգան եւ կդադարեն միմյանց սպանել, այդպես էլ մնացին երազանքներ»:

Քրդական հարցի վերջնական լուծումը

Տվյալ իրավիճակում Դամասկոսը հաջողեցրեց նույնիսկ հակահարված հասցնելՙ վերսկսելով դրամական եւ զինական օժանդակությունը ՔԲԿ-ին եւ Թուրքիայի շիա կազմակերպություններին: Սակայն Սիրիայի իշխանությունների ամենահաջող քայլը դարձավ քրդերին լայն ինքնավարության շնորհումը, ինչը նրանց ինքնաբերաբար վարչակարգի դաշնակիցներ դարձրեց իսլամիստների դեմ մղվող պայքարում, պատնեշ կանգնեցրեց հնարավոր թուրքական ներխուժման ճանապարհին, ինչպես նաեւ մշտական գլխացավանքի աղբյուր դարձավ Թուրքիայի համար: Քրդաբնակ եւ քրդերին ենթակա հողեր ներխուժելը կնշանակեր երկարատեւ պարտիզանական պատերազմ, որն արագորեն կտեղափոխվեր հենց Թուրքիայի տարածք:

ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկու խոսքերով, Թուրքիան վախենում է բացեիբաց ուժ կիրառել սիրիական պատերազմի կողմերից որեւէ մեկի դեմ: «Անկարան կուզենար ներքաշվել Սիրիայի հակամարտության մեջ, բայց միայնակ պատրաստ չէ միջամտել, իսկ միջազգային գործողությանը մասնակցելու պայմանը Ասադի վարչակարգի վերացումն է», նշում է փորձագետը: Հավելենք, որ անցյալ շաբաթ Անկարան ամերիկացիներին թույլատրեց, որ Ինջիռլիքի ավիաբազան վերստին օգտագործեն, այս անգամՙ «Իսլամական պետության» դեմ: Թուրքական ռազմօդանավերը իրենց հերթին սկսեցին թռիչքներ կատարել սիրիական եւ իրաքյան տարածքների վրա, հարվածելով ոչ միայն «Իսլամական պետության» գրոհայինների, այլեւ ՔԲԿ մարտիկների դիրքերին ու զինապահեստներին: ՔԲԿ-ն շաբաթ օրը չեղյալ հայտարարեց Անկարայի հետ 2013 թ. կնքած զինադադարի համաձայնագիրը:

Իրականում Անկարան մտադիր չէ լուրջ պայքար ծավալել «Իսլամական պետության» դեմ: Ավելին, թուրքերի նոր ռազմավարության մեջ շեշտը դրվում է «Իսլամական պետության» վրա. իսլամիստները կարող են Թուրքիային մատակարարել ռեսուրսներ, վարել Անկարային ձեռնտու քաղաքականություն եւ Էրդողանի կառավարության օգնությամբ լուծել ցավոտ Քրդական հարցը: «Դեռեւս լիովին պարզ չէ, թե Անկարան ինչ դեր է խաղում «Իսլամական պետության» գործողությունների մեջ, բայց հայտնի է, որ նա ջիհադիստների էժան նավթի հիմնական գնորդն է: Լիովին հստակ չէ, թե թուրքական MIT հետախուզությունը եւ մյուս հատուկ ծառայությունները ինչու են զենքով օգնում «Իսլամական պետությանը», ինչու են գրոհայինները հատում թուրքական սահմանը: Փաստ է, որ թուրքերն անմիջական հարաբերություններ ունեն «Իսլամական պետության» հետ եւ ընդսմին ձեւականորեն հակաահաբեկչական կոալիցիայի մեջ են», ընդգծում է Եվգենի Սատանովսկին:

Թուրքիայի իշխանությունները վտանգավոր խաղ են խաղումՙ փորձելով հենարան գտնել մասամբ նաեւ Էրդողանի քաղաքականության հետեւանքով առաջացած սիրիական քաոսում: Պատմությունը ցույց է տալիս, որ խորամանկ հնարքները հաճախ ունենում են թույլ օղակ, եւ ամբողջ մտահղացումը տապալվում է: Բացառված չէ, որ Անկարան, իսլամիստներին սիրաշահելովՙ վերջին հաշվով խաբի ինքն իրեն, ինչպես պատահեց Սիրիայի դեպքում, երբ բարեկամական աշխարհիկ վարչակարգի փոխարեն Թուրքիան հենց իր սահմանի մոտ ստացավ հակամարտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.