AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1399, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բարեկամներիցս մեկը սովորություն ունի արտագաղթի մասին խոսք բացվելիս մեղքը գցել մեր... Հայկ նահապետի վրա, որ Միջագետքի տաք ու բարեբեր հովիտները թողածՙ ըստ իրեն «արտագաղթեց» Հայաստան: Հայերիս հեշտությամբ տեղաշարժվելու, բնակության վայր ու երկիր փոխելու փորձառության ու փորձանքի սկզբնավորողը, հիմնադիրը, ըստ բարեկամիս, մեր առասպելական Հայկ նահապետն է:

Կատակն ու համեմատության սխալ եզրեր փնտրելը մեկդիՙ մեր ժողովուրդը իսկապես գաղթելու վարժ եւ ընդունակ ժողովուրդ է: Վկա՛ մեր պատմությունը, որը լեցուն է գյուղերից, ավաններից, անգամ ամբողջ քաղաքներից ու շրջաններից այլուր գաղթելու դրվագներով, ընդհուպ երկրի սահմաններից դուրս: Շքեղաշուք Անի քաղաքի օրինակը պերճախոս է շատ, չխոսելով դեռ գաղթականության որպես արդյունք մեր ստեղծած Կիլիկիայի թագավորության մասին, ինչը այլապես անօրինակ է համաշխարհային պատմության մեջ:

Անշուշտ, եղել են նաեւ ստիպողական, պարտադիր, բռնադատյալ գաղթերՙ նվաճողների ստիպումով, հրով ու սրով: Սակայն այդ մասին չեմ ցանկանում խոսել այստեղ:

Ինձ թվում է, որ «որտեղ հացՙ այնտեղ կաց» արտահայտությունը շատ հին ծագում ունի հայերիս մեջ որպես շատերի կողմից ընդունելի եւ ընտանի մտածելակերպ ու կենսակերպ: Իր բնատուր ընդունակություններին, արհեստների, արվեստների, նոր շրջապատին հարմարվելու կարողություններին ապավինելով, նաեւ «բախտ որոնելու» ճակատագրապաշտությանը, հայը շատ հեշտությամբ է հեռացել իր երկրից: Որեւէ առիթՙ սոցիալական, տնտեսական կամ այլ բնույթիՙ մղել է մեզ լքելու մեր հողը, տունը, երկիրը: Առավել եւսՙ արտաքին վտանգի, արշավանքների եւ կյանքի սպառնալիքի պարագայում, հայը, փոխանակ առավել կառչելու իր հող ու ջրին, տուն ու տեղին, սեփական եւ համայնքային ունեցվածքին, մտածել է փախչելու, հեռանալու մասին: Մինչդեռ եթե այդ բոլորին կառչածությունը մեր մեջ լիներ առհավական բնազդ ու կամք, նույնիսկ թուրքին չէր հաջողվի արմատախիլ անել մեզ մեր երկրից ու տարածքներից, քանզի համապատասխան պաշտպանական միջոցները ձեռք առած կլինեինք ի սկզբանե:

Անշուշտ եւ բարեբախտաբար մեր մեջ եղել են բացառիկ դրվագներ նաեւ, որոնցից ամենաթարմը եւ հիանալին Արցախի ինքնապաշտպանությունն ու ազատագրումն է: Սակայն ո՞վ է հաշվել, որ նույն Արցախից վերջին 200 տարվա ընթացքում քանի՜ հարյուր հազարավոր ազգակիցներ են հեռացել ռուսաստաններ եւ այլուր:

Բարեբախտաբար եղել է նաեւ հակառակ շարժումՙ ներգաղթ, հայրենադարձություն, որոնցից ոմանք կազմակերպված պետության կողմից, ինչպես նախորդ դարի 30-ական, 40-ական եւ 65-ական թթ.ին: Սակայն որքա՞նն է մնացել նրանցից , ավելի ճիշտՙ որքա՞նն է նրանցից կրկին հեռացել առաջին իսկ առիթով, երբ թեկուզ ինչ-որ չափով բացվել է «երկաթյա վարագույրը»...

Հիմա, երբ ունենք անկախ եւ ինքնիշխան պետություն, մեր սեփական դժվարություններն ու դժբախտությունները հաղթահարելու, սոցիալական ու տնտեսական հարցերը լուծելու հնարավորություն, մեր հավաքական անվտանգությունը ապահովելու կարողականություն, արտագաղթելը ըստ ինձ փախուստ է պարզապես, մեղքը ամբողջովին գցելով իշխանությունների վրա, փոխանակ, ի հարկին, փոխելու այդ իշխանություններին եւ փոխարինելու ավելի լավով:

Ես ոչ ոքի դատապարտելու ոչ իրավունք եւ ոչ էլ ցանկություն չունեմ: Այլ ակնկալում եմ, որ ի վերջո գիտակցենք, որ Հայկ նահապետը, համենայնդեպս, ընտրել է ա՛յս հողը, ու մենք պիտի պաշտպանենք ու զարգացնենք այն ամեն գնով: Ամե՛ն գնով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.