AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 9

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ` ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի ամենահայտնի կառույցներից մեկըՙ Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը, առաջին անգամ վաճառվելուց հետո, 10 տարի անց կրկին վաճառվեց: 2005-ին համալիրը վաճառվեց ռուսաստանյան հայտնի շինարարական ընկերություններից մեկին` Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությանը: Թե այն ժամանակ, թե հիմա համալիրի վաճառքի գործարքները հասարակական հետաքրքրության առարկա դարձան: Սակայն, եթե 10 տարի առաջ երեւանցիներին հետաքրքրում էր քայքայման եզրին գտնվող համալիրի հետագա ճակատագիրը, նրա դերի ու նշանակության վերականգնումը մեր մշակութային, մարզական եւ ժամանցային կյանքում, ապա այժմ հետաքրքրությունը ավելի շատ վաճառքի գործընթացի, այլ ոչ թե արդյունքի կամ նպատակի շուրջ է:

Տպավորությունն այնպիսին է, որ այս գործարքը նույնպես դառնալու է «քաղաքացիական հասարակության» եւ «ակտիվիստական» ամբոխավարության հերթական փորձադաշտը: Ոչ մի մտահոգություն այն մասին, թե հնարավոր կլինի՞ վերակենդանացնել համալիրը, ապահովել այս շենքի շահութաբեր գործունեությունը, պահպանել այնտեղ աշխատող մարդկանց աշխատատեղերը եւ ստեղծել նորերը, կհաջողվի՞ նոր սեփականատիրոջը իրականացնել այն մտահաղացումները, որոնք դրված են նրա ներդրումային ծրագրի հիմքում: Փոխարենը` խոսվում է այն մասին, որ եթե ինչ-որ բան վաճառվում է, դա արդեն իսկ վատ է, կամ` թե ինչպե՞ս կարելի է ժամանցի վայր ստեղծել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի կողքին, կամ` ինչո՞ւ է վաճառվում մեկ ամիս առաջ ստեղծված ընկերությանը, ովքե՞ր են այդ ընկերության տերերը եւ նման` համալիրի ճակատագրի եւ հետագա գործունեության հետ կապ չունեցող հայտարարություններ, որոնց կանդրադառնանք քիչ անց: Այժմ հիշեցնենք, թե ինչպե՞ս համալիրը վաճառվեց 10 տարի առաջ, ի՞նչ խոստացավ եւ կատարեց նրա նախկին սեփականատեր ԲԱՄՕ ընկերությունը:

ԲԱՄՕ-ն լուրջ ներդրումներ կատարեց, բայց շահութաբերություն չկարողացավ ապահովել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը ԲԱՄՕ-ն գնեց 5,7 մլն դոլարով եւ պարտավորվեց երեք տարվա ընթացքում 9,5 մլն դոլարի ներդրումներ կատարել, հիմնովին նորոգել կառույցը` ճարտարապետական լուծումները նույնը թողնելով։ Պետք է ամբողջությամբ փոխվեին եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեին ձայնային, լուսային սարքավորումները, դահլիճների գույքը, օդափոխման համակարգը, կոմունիկացիաները եւ այլն։ Կառույցը շարունակելու էր կրել Կարեն Դեմիրճյանի անունը, ուղղվածությունը մնալու էր նույնըՙ այնտեղ անց էին կացվելու մարզական եւ մշակութային միջոցառումներ։ Տարեկան ընկերությունը պարտավորվել էր անվճար սպասարկել 5 պետական նշանակության միջոցառումներ, ապահովել դեպի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան երթի ճանապարհը։ ԲԱՄՕ-ն պարտավորվում էր նաեւ պահպանել ներկայումս գրանցված 99 աշխատակիցներին եւ նրանց վճարել միջինը 50 հազար դրամ աշխատավարձ։

Վերոնշյալ պարտավորություններից ներդրումների գումարային չափի մասին չենք կարող ոչինչ ասել, բայց ԲԱՄՕ-ն իսկապես լուրջ գումարներ ներդրեց եւ ամբողջովին նորոգեց համալիրը, որն ուղղակի փլուզվում էր: Լուսավորման, ջրամատակարարման եւ ջրահեռացման կոմունիկացիաների, ջեռուցման, ջերմամեկուսացման, օդափոխման եւ այլ համակարգերը հիմնանորոգվեցին: Նոր ձայնալուսային եւ այլ սարքավորումներով հագեցվեցին համերգային դահլիճները, որոնք սակայն այնքան էլ համապատասխան չէին ժամանակակից պահանջներին: Վերանորոգվեց եւ վերագործարկվեց սահադաշտը: Համալիրում սկսեցին շատ ավելի հաճախ անցկացվել մարզական եւ մշակության միջոցառումներ, մասնավորապես համերգներ, քան մինչեւ նրա վաճառքն էր: Մի խոսքով, ԲԱՄՕ-ն իսկապես բավականին մեծ փոփոխություններ կատարեց շենքում, բայց ընկերությանն այդպես էլ չհաջողվեց շահութաբեր գործունեություն ծավալել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները առնվազն 6-8 ամիս ուշացումով էին աշխատավարձերը ստանում, շենքը կուտակում էր պարտքեր, չկարողանալով վճարել իրեն մատուցված ծառայությունների համար: Համալիրի պահպանման ծախսերը հոգալու համար ֆինանսական մեծ հոսքեր էին անհրաժեշտ: Դա հնարավոր էր միայն, եթե ամեն օր այդտեղ քիչ թե շատ նշանակալի եւ մարդաշատ միջոցառում տեղի ունենար: Ի վերջո, քանի որ այդ ամենը սեփականտեր ընկերությանը չհաջողվեց կատարել, շենքը նախ դրվեց աճուրդով վաճառքի, որը մի քանի անգամ չկայացավ գնորդ չլինելու պատճառով, ապա կառավարության որոշմամբ տրվեց պաշտպանության նախարարությանը: Մի քանի ամիս անց էլ կայացվեց համալաիրի նոր վաճառքի մասին որոշումը: Ի՞նչ է պարտավորվել նոր սեփականատերը:

Նոր սեփականատերը պարտավորվել է 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր իրականացնել

Ուղղակի վաճառքի ձեւով օտարված համալիրի վաճառքի գինը 30 մլն դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով եւ առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչեւ 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տեւողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունքՙ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաեւ հավանություն է տրվել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին: Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման եւ հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, համաձայն որի նորոգվելու է համալիրի շենքը, իրականացվելու է կառուցապատում եւ ստեղծվելու է ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատրակցիոնը ունենալու է ավելի քան 18000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսըՙ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն դոլարը: Նախատեսում է ստեղծել առնվազն 250 աշխատատեղ:

Միաժամանակ, ըստ վերոնշյալ ընկերության ներդրումային ծրագրի, համալիրի կառավարումը պետք է իրականացնի միջազգային հանրային կապեր հաստատող մարմին, որը պետք է համագործակցի միջազգային ճանաչում ունեցող խոշոր մարկետինգային եւ տուրիստական գործակալությունների հետ, ներառյալ American Express, AAA, Diners: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպը» խոստանում է նաեւ կապ հաստատել միջազգային երաժշտական (համերգներ կազմակերպող) ընկերությունների հետ, ինչպիսիք են Virgin records, Sony records, EMI եւ այլն:

Մի խոսքով, ներդրումային ծրագիրն իսկապես գեղեցիկ է, բայց չմոռանանք, որ նմանատիպ խոստումներ տվել էր նաեւ ԲԱՄՕ-ն` չկարողանալով ամբողջությամբ իրագործել դրանք: Ակնհայտ է, որ այլ տարբերակներ են անհրաժեշտ համալիրին շունչ ու հոգի տալու համար, ինչն էլ առաջարկվում է այս անգամ` ստեղծել ժամանցի նոր վայր, որը եկամուտ կբերի երկրին, նոր աշխատատեղեր կստեղծի եւ սիրված կառույցը շահութաբեր կաշխատեցնի: Մի՞թե սրանք չեն այս գործարքի ամենակարեւոր նպատակները, որի մասին ոչ ոք չի խոսում:

Ինչո՞ւ է ժամանցի կենտրոն կառուցվում ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Մեր ժամանակներին բնորոշ ամբոխավարական հարցադրում: Իսկ ի՞նչ է, համալիրը տեղափոխենք այլ վա՞յր, թե՞ քանդենք: Կամ` մինչեւ այժմ այնտեղ ժամանցային միջոցառումներ չէի՞ն անցկացվում: Եթե համալիրում լինելու են ռեստորան կամ հյուրանոց, դա նշանակում է անարգե՞լ զոհերի հիշատակը, իսկ եթե լինում է համերգ` ո՞չ: Դժվար է անգամ կողմնորոշվել սա տգիտությո՞ւն է, թե՞ շահարկում: Ի՞նչն է խանգարում սգի օրը գնալ հուշարձան, համերգի կամ ժամանցի օրերին` համալիր: Կարելի՞ է ամեն ինչ այդքան բարդացնել:

Ինչո՞ւ վաճառեցին համալիրը, թող պետությունը դա պահեր: Սովետական մտածելակերպի հերթական դրսեւորումը: Մինչ այս անգամվա վաճառքը համալիրը վերադարձվել էր պետությանը, բայց պետությունն ընդհանրապես վատ տնտեսվարող է, ինչն ապացուցել է խորհրդային սոցիալիստական տնտեսության 70-ամյա պատմությունը: Պետությունը կա՛մ պետք է կառավարման տա մասնավորին, կա՛մ վաճառի: Չի կարելի այն բեռ դարձնել պետության, այսինքն մեր բոլորի վզին զուտ պահպանելու նպատակով: Այն պետք է աշխատի եւ եկամուտ բերի ե՛ւ սեփականատիրոջը, ե՛ւ պետական բյուջեին: Այլ ճանապարհ չկա, ժամանակն է հրաժարվենք ամեն ինչ պետությանը վերապահելու հնացած, բայց համառորեն չվերացող մտածելակերպից:

Ովքե՞ր են նոր ընկերության տերերը, որը ստեղծվել է մեկ ամիս առաջ: Այս հարցի պատասխանը երեւի միայն կառավարությունում գիտեն եւ հանրության համար թափանցիկության ապահովման հարց կա այստեղ իսկապես: Սակայն որքանո՞վ կարող է կապ ունենալ նրա հետ, թե նոր ընկերությունը կաշխատեցնի՞ համալիրը: Օրինակ` ԲԱՄՕ-ի տերերին էլ գիտեինք, չէ՞: Կարեւորն այստեղ այն է, որ 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվելու վերջին տարիներին Հայաստանում ներդրումների նվազման ֆոնի վրա եւ հատկապես կարեւոր է, որ դա իսկապես իրագործվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.