AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ԱՐԽԻՎԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1233, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Ք.ա. 7-րդ դարում, մարզը գտնվում էր Ուրարտուի, ապա Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների թագավորությունների կազմում: Հին եւ միջին դարերում երկրամասը ընդգրկված էր Արարատյան նահանգի Շարուրի, Սյունիքի, Վասպուրականի նախարարական տների իշխանության տակ: 4-րդ դարում երկրամասում տարածվեց քրիստոնեությունը: 5-7-րդ դարերում Նախիջեւանի շրջանը հայտնվեց Մարզպանական Հայաստանի կազմում: 15-րդ դարում այնտեղ հաստատվեց կարակոյունլիների իշխանությունը: 17-րդ դարում, կապված Շահ աբասի կազմակերպած գաղթի հետ, երկրամաս թափանցեցին մահմեդական զանազան թափառական ցեղեր: 18-րդ դարում Նադիր շահը այնտեղ կազմակերպեց խանություն: 1828թ.երկրամասը միացվեց Ռուսաստանին: Այնուհետեւ Նախիջեւանը գտնվեց Անդրկովկասի կոմիսարիատի, սեյմի իշխանության տակ:

1918թ. ազգային հերոս Անդրանիկը ազատագրեց երկրամասը, նույն թվականի հուլիսի 14-ին հեռագիր ուղարկեց Բաքվի կոմիսարիատ, Ստ. Շահումյանին, հայտնելով, որ մարզում հաստատվել է խորհրդային կարգեր: Սակայն հեռագիրը մնաց անարձագանք: 1918թ. հուլիսին երկրամասը զավթեցին թուրքերը, ապա նոյեմբերին` անգլիացիները: Այնուհետեւ տեղի ունեցան իրադարձություններ, որոնց ընթացքում երկրամասը ձեռքից ձեռք անցնելով, ի վերջո դարձավ 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի խայտառակ պայմանագիր վաճառքի, նվիրատվության տարածքներից մեկը եւ նույն պայմանագրի երրորդ հոդվածը արձանագրեց. «Երկու պայմանավորվող կողմերը (Ռուսաստանը եւ Թուրքիան - Հ. Զ.) համաձայն են, որ Նախիջեւանի մարզըՙ սույն պայմանագրի առաջին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիաՙ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»:

Վաճառքի նպատակը պարզ էր: Թուրքական ծրագրի համաձայն, Հայաստանը հայտնվելու էր «պարկի» մեջ, կտրվում էր բարեկամ Իրանի հետ կապից եւ վերածվում կղզյակի:

1923թ. փետրվարին, 1920թ. 11-րդ բանակի օգնությամբ «ազատագրված» երկրամասում, նոր խնամակալության հովանու տակ կազմվեց ինքնավար երկրամաս: 1924թ. փետրվարի 9-ին երկրամասում կազմվեց ինքնավար հանրապետությունՙ ընդգրկվելով Ադրբեջանի ինտերնացիոնալ հանրապետության կազմում: 1924թ. դեռեւս կենդանի էր պրոլետարական համաշխարհային հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինը, նա թերեւս տեղեկացված էլ չէր, սակայն, դատելով նրա պրոլետարական պետություն կազմելու վարքագծից, բոլորովին էլ դեմ չէր այդ փաստի իրականացմանը: Առաջնորդ, որը 1921թ. մարտի մոսկովյան բանակցությունների ժամանակ, երբ ի թիվս այլ խնդիրների լուծվում էր նաեւ հայերի պատմական հայրենիքի ճակատագիրը, պայմանագիր, որի բանակցություններին չէր մասնակցում ՀԽՍՀ պատվիրակությունը, որը բողոքի նամակ ուղարկեց Վ. Լենինին, վերջինս պատասխանեց. « Հայտնեք հայ ընկերներին, որ դա ժամանակավոր երեւույթ է, հեղափոխության եւ երիտասարդ խորհրդային պետության շահերի համար, մի անգամ չէ , որ մեզանից պահանջում են գնալ այդպիսի զոհաբերության: Մեկ անգամ էլ հայտնեք հայ ընկերներին, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ որ անհրաժեշտ է թուրքերի հետ գնալ համաձայնության» (ՀԱԱ,ՀՔԿ-ի ՊԱ,8..326,ց 1,գ.100 թ.23): Նույն փաստաթղթի բացատրականը հայտնում է, որ հեռագրի հիմնական օրինակը չի հայտնաբերվել, նույն տեղում, թ. 23, ավելացնենք, որ այն բացակայում է նաեւ Վ. Լենինի հատորներում): Եվ այսպես, թուրք-ռուսական գործարքը ավարտված էր, Կարսի, Արդահանի ճակատագիրը բաժին հասավ նաեւ Նախիջեւանի մարզին, Արցախին եւ լենինյան ազգային քաղաքականության քուրմըՙ խառնածին Ստալինը, մտորում էր հայերի հաշվին նոր զիջումների մասին, սակայն, ամենակարեւորը, կցված երկրամասերը հայթափելն էր, նրանց վերջնական սեփականաշնորհումը:

Այն տարիների ընդունված կարգի համաձայն, նորաստեղծ հանրապետություններն իրենց տնտեսական ներկայացուցչություններն ունեին «եղբայրական» հանրապետություններում: Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ՀԽՍՀ ներկայացուցիչ Սերո Մանուցյանը կառավարություն ուղարկած քաղաքական, կուսակցական, խորհրդային մարմինների աշխատանքի, ազգային, առեւտրատնտեսական հարաբերությունների մասին մանրամասն գրված իննը էջանոց իր զեկուցագրում բացահայտում է երկրամասի, այնտեղի հայերի վիճակի եւ իրականացվող քաղաքականության մասին, որը պարզ պատկերացում է տալիս պետականորեն իրականացվող հայաթափման գործընթացի մասին:

Հիշեցնենք նաեւ, որ մինչեւ 20-րդ դարի 70-80-ական թվականները, երբ երկրամասը լրիվ դատարկվեց հայերից, 1950թ. տվյալներով, Նախիջեւանի հանրապետության բնակչության 60% հայեր էին: Եվ այսպես Ս. Մանուցյանը գրում է.

«Առ այսօր անցնելով իմ պարտականությունների կատարմանը, իմ հիմնական հոգսը եղել է երկու հարեւան հանրապետությունների հարաբերությունների կարգավորումը եւ տեղում պարզաբանել մի շարք մանր խնդիրներ, որոնք հայտնի ժամանակների պատճառով համարվում էին «վիճելի»»...:

Առ այսօր իրար չենք հասկանում, անգամ մանր հարցերում չենք գտել ընդհանուր լեզու:

Նման հակասությունը, սադրանքները, անվստահությունըմուսավաթականներից անցածանցյալի մնացորդներն են եւ ինչպես հետո կտեսնենք, հեղափոխությունը փոքր ինչ չի փոխել խավարամիտ մասսային եւ անգամ հենց ղեկավարությանը:

Մասնավորապես ես մեղադրում եմ նաեւ մեր պատասխանատու ընկերներին, որոնք առ այսօր այս երկրամասի նկատմամբ ուշադրություն չեն դարձրել, որտեղ անգամ ամեն ինչ քողարկված է հին ժամանակներից եկող քողով...: Նախերկրամասը բացարձակապես անջատված է արտաքին աշխարհից, թերթերը եւ կարեւոր տեղեկությունները տեղ են հասնում մեկ ամիս անց կամ հիմնականում չեն ստացվում:

Չկա ղեկավար մարմիններ: Բաքուն կարծես թե մոռացել է, որ Նախհանրապետությունը հանձնել է անփորձ ղեկավարների ձեռքը, որոնք գնում են խանա-բեկական քաղաքական գծով: Այդ պատճառով էլ մի քանի ընկերներ քննադատում են մեր օրգաններին, որ նրանք բացարձակապես չեն շփվում իրենց հետ, չեն տալիս ընկերական խորհուրդներ եւ անգամ գնալով Երեւան, ընկերները չեն արժանանում պատշաճ ընդունելության...:

Երբեմն ամենափոքր երեւույթը, որին իրականում կարելի էր որեւէ նշանակություն չտալ, նրանց համար ստանում է հսկայական դեր, որովհետեւ նրանք մեր նկատմամբ նույնպես չունեն որեւէ վստահություն: Այդպիսի դեպքերում խավարը գրգռիչ է դառնում: Հատկանշական է այն, որ Նախհանրապետությունում հավատում են մեր հանրապետության հեղինակությանը, գիտակցում են, որ մեր խելացի ղեկավարները գտնվում են բարձր մակարդակի վրա, բայց քաղաքական մթնոլորտը խամրում է իրենց ղեկավարության հարցում ոչ բավարար զարգացածության պատճառով, դրա համար էլ քաջություն չունեն մեկ անգամ ընդմիշտ կտրել կապերը անցյալի հետ...:

Վերը նշված երեւույթների պատճառը հեշտությամբ կարելի է պարզաբանել, եթե հակիրճ ծանոթանանք տեղական կուսակցական եւ խորհրդային օրգանների աշխատանքին:

Խանա-բեկական երեւույթներն այս ժամանակներում իշխում է գյուղացիության գաղափարախոսության վրա: Հին Նախիջեւանը արեւելյան ֆեոդալական կյանքի ցայտուն անկյունը, բնորոշվում է բոլոր բնագավառներով: Շահագործվող գյուղացիությունը նույնիսկ խորհրդային կարգերի գոյության պայմաններում էլ գտնվում է հին տիրակալների ազդեցության տակ եւ գնում է նրանց ետեւից: հողային հարցը առ այսօր չի ստացել իր նվազագույն լուծումները եւ խոշոր հողատերերը օգտագործելով իրենց սեփականությունը, գյուղացիությոանը պահում են կապալի տակ:

Տնտեսական ճնշումը զգացվում է բոլոր բնագավառներում: Սոցիալական վիճակի հետեւանքով գյուղացիությունը գնում է իրենց տերերի ետեւից, իշխանությունների կողմից այդ ճանապարհին չհանդիպելով ուժեղ պաշտպանության:

Բնական է, որ քաղաքական իմաստով մասսաներին թելադրողկողմը նորից մնում են աղալարներն ու կուլակները: Մի հայտնի թրձված կուլակ Շախտախտինսկի Բեկը ոչ ուշ միայն իր ափերի մեջ է պահում հանրապետության տնտեսական կյանքը, այլեւ նույնիսկ հսկայական ազդեցություն ունի տեղական իշխանությունների վրա, այնպես ինչպես Ռոկֆելդը Ամերիկայում: Անարյուն հեղաշրջումը Նախերկրամասում բոլոր տարրերի համար ստեղծել է համերաշխ եռյակ եւ հեղափոխություն բերած փոփոխությունները ոչ մի դասակարգ չի զգում: Եթե քաղաքացիական պատերազմը հանդիսանում է կոմունիստական հեղափոխության լավագույն օրենքը, ապա հասկանալի է, որ այստեղ չկա դասակարգային բաժանում, որը առավել քան անհրաժեշտ է, որպեսզի այստեղ գյուղացիությանը արեւելյան խորը քնից արթնացնի: Ընդհանրապես ինչպես խորհրդային, այնպես էլ կուսակցական աշխատողներ դրսից կենտրոնից չկան: Նորաթուխ բոլոր կոմունիստները, որոնց մեծամասնություն իներցիայի ուժով գունափոխվել են կոմունիստականի: Ամենապատասխանատու ղեկավարները բացարձակապես զուրկ են մարքսիստական պատրաստվածությունից եւ այդ բառերի հաստատման համար ես կբերեմ զավեշտներից մեկի օրինակը: Ես, ինչպես հայտնի է, համարվում եմ Նարկոմի բջջի անդամ: Բջջում պատասխանատու կոմունիստների գույնը ավելի հեռու է իրականից: Եվ երբ օրերս մի ժամանած ընկեր զեկուցում էր կարդում «Եկեղեցին եւ դպրոցը» թեմայով, շոշափեց հավատի խնդիրը, ապա այդ բջջի մեծամասնությունը բացեց բերանները եւ սարսափի մեջ ընկավ: Ինչպե՞ս, մենք կոմունիստներս, հավատի դեմ ե՞նք: Ստեղծվեց աննպաստ պահ եւ մենք թողեցինք զեկուցումը եւ շատ զգույշ, հավատի հարցը ինչպես «արեւելյան քաղաքականություն» գցվեց արկղի մեջ: Տեղերում տարվում են բջջային աշխատանքներ, բայց... օրերս խորհուրդների ընտրությունների ժամանակ, երբ թեկնածու էր առաջադրվել կոմունիստներից մեկը, որին առաջադրել էր մարզկոմը, հանվեց նրա թեկնածությունը եւ առաջ քաշվեց տեղական նշանավոր կուլակի թեկնածությունը: Նարկոմի կուսակցական անդամները... աղաղակում են, խնդրում են կրպակավաճառներին, որպեսզի ընտրության ժամանակ ընտրեն իրենց: Երկկոմի քարտուղարը բողոքում է, որ ընտրության նախօրյակին հանրապետության բոլոր մարմինները դադարեցրել են իրենց աշխատանքները...:

Խորհրդային մարմինները այնպես են կաղում, որ նրանց կարելի է դասել հաշմանդամների շարքում: Ինչպես նշեցի, ոչ մի հրահանգ իր էությամբ չի իրականացվել կյանքում... ոչ մի ժողկոմիսար պատկերացում չունի իր իրավունքների մասին: Պատասխանատու անձերի մեծ մասը նիկոլաեւյան ժամանակների պաշտոնյաներ են եւ նրանք թաքցնում են բոլոր հրահանգները:

Հողային, պարենային եւ այլն հարցերը գոյություն ունեն միայն նրա համար, որնրանք կարգավորեն իրենց խնդիրները...:

Անկուսակցական վերնախավի հակահեղափոխականությունըցցուն փաստ է: Չզարմանաք, եթե ասեմ, որ Նախչեկայի քարտուղարը հանդիսանում է նախկին հայտնի մուսավաթիստ, որը այժմ էլ մուսավաթական տեղական կոմիտեի նախագահն է...:

Նախչեկայում կա ընդամենը երկու կոմունիստ եւ այդ կազմակերպությունը, որ ունի իր կառուցվածքը եւ անձնակազմը, հանդիսանում է հանրապետության դժբախտությունը: Անձնական հաշվեհարդարը, անտեղի ձերբակալությունները եւ անիմաստ երեւույթները խրոնիկական են:

...Համատարած հակահեղափոխությունը թագավորում է Նախհանրապետությունում, որը չեն ժխտում նաեւ մի քանի կոմունիստ ընկերներ...:

Նախհանրապետության առանձին հիվանդագին հարցը միջազգային հարաբերությունների կարգավորումն է : Հայ գյուղացիությունը, ինչպես նախկինում, մնացել է որպես դաշնակցական մասսա: Նրանց հետ ոչ մի աշխատանք չի տարվել: մուսուլմաններից կտրվելու, առանձնանալու հարցում, իսկ տեղական իշխանությունը չի ձգտում նրանց հետ մերձեցման: Նման հարաբերությունները հայերի նկատմամբ տրամադրություն է ստեղծում եւ իրենց անհաջողությունները բարդում են հայերի վրա, վերջիններս գլխավորապես ցանկանում են պարենային օգնություն:

Հայերի մեջ կան նախկին դաշնակցականներ, որոնք մտածում են մոտակա ժամանակներում գումարել հայերի անկուսակցականների կոնֆերանս եւ դրանով նպաստել իշխանությունների հետ մերձեցմանը: Տեղական հաղորդակցության ուղիներում, հատկապես Օրդուբադի հատվածում, տիրում է անիշխանություն, հաշվեհարդար, կանանց բռնաբարություն...: Անբավարարվածությունը տարածվել է հողային հարցում: Տեղական մուսուլմանները խլում են հայկական հողերը, այգիները եւ ինքնագլուխ մշակում են դրանք: Մեծամասամբ անօրինական են գործում Զանգեզուրից եկած մուսուլման-գաղթականները, որոնք որպես հոգեբանական երեւույթ, գտնում են, որ պետք է օգտագործել հայկական հողերը: Հայկական տների, հողերի զավթումը տեղացիների կողմից կրում է բավականին արտահայտիչ բնույթ եւ Նախհանրապետության խորհրդային Նարկոմը վերջին ժամանակներս փորձում է կարգավորել այդ հարցը:

Հայ գյուղացիների սոցիալական դրությունը ողբերգական է, ամեն օր տասնյակ սովյալներ ինձ են դիմում, խնդրելով օգնել: Տեղական իշխանությունների ուժերից վեր է օգնելը, որովհետեւ Շարուրի հատվածը գտնվում է ողբերգական չքավորության մեջ: Ես մի շարք անգամ նկարագրելով սովյալ հայերի վիճակը մեր համապատասխան մարմիններին, բայց նրանք չեն արձագանքել: Եթե այդ դժբախտներին չօգնենք գոնե մեկ ամիս, նրանց հիմնական կեսը կոչնչանա: Ծախում են իրենց աղջիկներին, կանանց, մի քանի փութ հացահատիկի համար: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն:

Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունները ունեն իրենց առանձնահատկությունները: Կա աղ, բուրդ, բամբակ, յուղ. որպես պարսկական միջնորդ շուկա այն ունի իր առեւտրային նշանակությունը: Առ այսօր մեր մարմինները չկարողացան օգտվել այդ շուկայից: Միեւնույն ժամանակ, երբ մի շարք տնտեսական ներկայացուցչություններ առատորեն մատակարարում են ոսկի եւ Նախիջեւանի վրայով ուղեւորվում պարսկական շուկաՙ աղ գնելու, այն դեպքում, երբ ոչ թե ոսկով, այլ թղթադրամով կարելի է ձեռք բերել այստեղ: Ես ժողովրդի դեմ հանցագործություն եմ անվանում այդ կազմակերպությունների գործունեությունը, որոնք Պարսկաստանում մեկ փութ աղը գնում են 3 կրանով, երբ թղթադրամով կարել է ցանկացած քանակի մեկ փութը մեկ կրանով ձեռք բերել Նախիջեւանում: Միթե՞ «Հայկոպը» եւ նրա նախագահ Ֆանյանը կատարելով այդպես անմիտ գործարք, ծանոթ չէր Նախիջեւանի շուկային, գոնե կարելի էր հարցում անել իրենց Նախիջեւանի գործակալին...:

Հարց է առաջանում այդպիսի հաշմանդամ հիմնարկությունը գոյություն ունի Հայկոպի անարդյունավետ գովազդի համա՞ր»... (ՀԱԱ, ՀՔԿՓ ՊԱ, Ֆ.1, ց2, գ22, թ. 90-94):

Ինչպես համոզում է զեկուցագիրը, Նախիջեւանի մարզի հայաթափման գործում իր դատապարտելի դերակատարությունն ունեին նաեւ Հայաստանի իշխանությունները: Փոխանակ, թեկուզ առեւտրային հարաբերություններ հաստատեին երկրամասի հետ, որտեղ մինչեւ միտումնավոր Զանգեզուրից կազմակերպած մուսուլմանների ներգաղթը, հայերի ձեռքում էին գտնվում աղի արդյունահանման, բրդի, բամբակի, մրգի առեւտրի գերակշիռ մասը, հնարավորություն կստեղծվեր հայ գյուղացիության համար առեւտրային կապ հաստատել ՀԽՍՀ-ի հետ, ամրապնդել իրենց սոցիալ-տնտեսական վիճակը, դիմագրավել մուսուլման գաղթականների, տեղական հողատերերի ճնշումներին եւ չկորցնել հայրենիքը:

Այս ամենը դրական նշանակություն կունենար հայապահպանության գործում, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չէին կատարելագործել իրենց նվաճողական գործելակերպը, որն իր ավարտական փուլին հասցրեց Հ. Ալիեւը, իսկ որդուն ուրիշ ոչինչ չէր մնում, քան ոչնչացնել հայկական մշակութային բացառիկ հուշարձան Ջուղայի խաչքարերը:

Մենք միայն կորցնելուց հետո ենք վերլուծում, մինչդեռ, նախօրոք պետք է մշակենք ցանկացած երկրում, հատկապես պատմական հայրենիքիՙ մեզանից խլված երկրամասերում մեր հայրենակիցների պաշտպանության գործընթաց, որպեսզի հառաչանքով չհիշենք կորցրածները:

Նախիջեւանի կորուստը հավիտենական կամ անդարձ չէ: Պատմությունը մայր հայրենիքին, պատմական հայրենիքին վերամիավորվելու բազմաթիվ օրինակներ է պահպանել: Նախիջեւանի համար այդ օրը անպայմանորեն կգա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.