AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նավթի գինը հանաշխարհային շուկայում նվազում է, ռուսական ռուբլին արժեզրկվում է, եթե այսպես շարունակվի ռուսական շուկա մուտք գործած մեր արտադրողներից շատերը, հատկապես մանր արտադրողները կսնանկանան, մեզ մոտ էլ շղթայական ռեակցիայով դրամը կարժեզրկվի, կյանքը կթանկանա ու մեր տնտեսության լարված վիճակն էլ ավելի կլարվի: Արդեն սկսել ենք լսել տնտեսական պատճառներով ինքնասպանությունների, իրարից բիզնես խլելու փորձերի մասին, սա եւս ցուցիչ է: Այս վիճակից դուրս գալու արտակարգ միջոցառումներ մտմտալու փոխարեն մենք այս պահին պարապ գործով ենք զբաղված` սահմանադրություն ենք փոփոխում, որն, իբր, մեր երկու-երեք տարի հետոյի կյանքը փոխելու առումով դեր է ունենալու: Բա չասես` այդ երկու-երեք տարին դեռ պետք է ապրել, գոյատեւելը սահմանադրությամբ էլ, առանց սահմանադրության էլ գոյատեւել է, ու ոչինչ ավելին, մանավանդ` սահմանադրությամբ մեր կյանքի լավանալու կանխավարկածը շատ թեական է, եթե չասենք` ընդհանրապես կապ չունի իրական կյանքի հետ: Հայաստանի հասարակությանը հասցրել են այնպիսի վիճակի, որ նա մեծ հաշվով թքած ունի, թե ինչ սահմանադրությամբ են նախօրոք գծած խորհրդարան հավաքում, կամ առանց իր կարծիքը հարցնելու կառավարության ղեկավար նշանակում-փոխում: Ու բնականաբար, նրա մեծ մասին չի հետաքրքրելու աշնան վերջին պլանավորված սահմանադրական հանրաքվեն, նրան ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես ամեն օր տեղավորվի իր սուղ բյուջեում, ինչ հետ գցի ամառվանից, որ ըստ ամենայնի սպասվող թանկ ձմեռը մի կերպ անցկացնի, ոնց վերեւներին հասկացնի, որ չի կարելի դեղձի սեզոնին սուպերմարկետում վեցհարյուր դրամով դեղձ ծախել բնակչության վրա` ամեն օր ավելի ու ավելի նվազեցնելով սպառողի ու գյուղացու ուղիղ շփման հնարավորություններն ու առեւտրի նորանոր ոլորտներ մենաշնորհելով խոշոր վաճառականներին:

Փոփոխություններ, այո, մեզ շատ են հարկավոր` անկախ սահմանադրական փոփոխություններից: Նախ փոփոխությունները մեր մտքում ու հոգում պետք է անենք, որին պետք է հետեւի մեր կենսակերպի փոփոխությունը: Բայց որ նույն մարդիկ, ովքեր սովորել են բոլոր հնարավոր ձեւերով մյուսների հաշվին հարստանալ, մի օր վեր կենան ու ասեն` էսօրվանից փոխվում ենք, քանի որ նոր սահմանադրություն է գործում, մի տեսակ հեքիաթի ժանրից է: Արդեն շատ տարիներ Հայաստանում այնպիսի ճահճուտ է գոյացել բոլոր հարթություններում, որ փոփոխությունների հեղեղ էլ լինի, ճահճուտի գարշահոտությունը չի կարող մի թափով սրբել-տանել, տեւական ու որակյալ մաքություն է պետք, ու այդ մաքրությունը կապել սահմանադրական փոփոխությունների հետ` նշանակում է հերթական անգամ ընկնել ռոմանտիզմի գիրկը, եթե չասենք` խաբել ու խաբվել:

Այդ իմաստով զարմանալի է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարծես լրջորեն ձեռնամուխ են լինում սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելուն, ընդ որում` փոփոխություններին դեմ քաղաքական ուժ համարյա թե չկա (չնայած նրանց մի մասը կարծիքի վերջնարտահայտումը թողնում է խորհրդարանում քննարկումներին, թե` տեսնենք մեր առաջարկներն որքանով են ներառվում, հետո): Դեմ են ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատները», որոնք առանձնապես քաղաքական մեծ ռեսուրսի չեն տիրապետում, իսկ քաղաքացիական հասարակության որոշ միավորներ էլ լրջորեն ուզում են «Ոչ»-ի ճակատ ձեւավորել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, եւ սա էլ կարող է դառնալ փոփոխությունների նախագիծը համակողմանի քննարկելու գործընթաց ապահովող բաղադրիչ: Եւ միայն:

Սա նմանվում է նրան, որ ջրաղացն ընդհանրապես, իր բոլոր մասերով դուրս է գալիս շարքից, իսկ մերոնք չախչախը նորոգել-չնորոգելուց են խոսում: Կամ այլ օրինակով` եթե նավը ջախջախվում է, նավը վարելու հրահանգը էլ ում է պետք գալու, լավը լինի, թե վատը: Մի ուրիշ օրինակով ավելի պատկերավորեմ` մի ընտանիքի էի ճանաչում, որտեղ մշտապես օրվա հացի խնդիր կար, մինչդեռ տան գլխավորը այդ խնդիրը լուծելու փոխարեն ամեն օր բակերում կամ ընկերական հավաքներում խոսում էր բարձր թեմաներից ու քաղաքականությունից, մինչեւ որ կինը մեկնեց արտերկիր` ընտանիքի համար փող վաստակելու: Հիմա մերն է` ժողովուրդը մեկնում է, կամ տապակվում իր յուղի մեջ` սպիտակ ձեռնոցներ հագած մեր կուսակցականները (Չարենցը լիներ, կասեր` օսլայած օձիքներով) խոսում են զանազան մոդելների նրբություններից ու բանաձեւերից: Այսինքն, հասկանալով թե ոչ` մեր հասարակության առաջնաշերտը լծվում է նավի կործանանումից ողջ հասարակության ուշադրությունը շեղելու գործընթացին, երբ այս պահին կարգավորումներ են պետք նավի ապահով ընթացքի առումով:

Ընդ որում` վերջին շրջանում բավական մանրամասն ու տեսանելի, այո, ի ցույց դրվեցին արդեն նախագահի կողմից խորհրդարան ուղարկված սահմանադրական փոփոխությունների նախագծի թերությունները, որոնց մի մասն այդպես էլ անըմբռնելի են մնում նպատակի առումով, չնայած Վենետիկի հանձնաժողովի անդամները այսուայնկողմ տմտմբացրին գլուխները, էսուէն առաջարկն արեցին, նախագծի դրույթների մի մասը հավանեցին, մի մասը` ոչ:

Թե հանուն ինչի պետք է մեծ լիազորություններ ստանա ԱԺ նախագահը, երբ խորհրդարանը փաստական որեւէ բանի համար մինչեւ այժմ պատասխանատվություն չի կրել` մնում է անհայտ: Կամ` ինչու ունենալ այնպիսի լիազորութուններով վարչապետ, որը նախագահից ավելի գործունակ է, սա եւս անհասկանալի է, եթե որոշակի անձերի հավակնություններով չենք առաջնորդվում. միթե առկա լիազորություններով որեւէ մեկը խանգարում է վարչապետին` երկիրը դուրս բերել ներկա վիճակից, ու նա, ով էլ լինի, լիազորություն ստանալուց հետո պարզապես յուղի պես է աշխատեցնելու մեր տնտեսությունը:

Սահմանադրական փոփոխություններով կայուն մեծամասնության վերաբերյալ մտահոգությունը եւս մնում է, բայց այնպես չէ, որ մինչեւ հիմա ուրիշ բան է եղել, ուղղակի դեֆակտո առկա վիճակը հիմա սահմանադրականացնում են: Ընդամենը: Կամ` որ նոր առաջարկով իբր այդ դրույթը մեղմվել է, եւ փոքր կուսակցություններին հնարավորություն է տրվում միանալ մեծամասնություն ստացած կուսակցությանը: Է, միթե մինչեւ հիմա դեֆակտո էդպես չէր, ի՞նչ է, Սահմանադրական միության, Քրիստոնյա-ժողովրդավարական միության եւ այլ մանր կուսակցությունների ներկայացուցիչները Հանրապետականի կազմում չե՞ն խորհրդարան անցել, ինչ տարբերություն` դրանք հետո՞ կարող են խորհրդարանում միավորվել մեծի հետ, թե՞ նախապես միասնական ցուցակում կընդգրկվեն: Կարեւորը դեֆակտո վիճակն է, որը բերում է մեկ կուսակցության գերիշխանության ե՛ւ այժմյան սահմանադրությամբ, ե՛ւ նոր նախագծով, եթե դա կյանք մտնի: Ինչքան էլ նախագծում սիրուն բառեր գրված լինեն համամասնական ընտրակարգի եւ այլ հաճույքների մասին:

Այն մարդը կամ մարդիկ, ում գլխում ծագել են հնարամիտ փոփոխությունները, սակայն, անշուշտ հասկանում են, որ մականունավոր ու փողատեր տգետներին խորհրդարան տանելու ժամանակներն ավարտվեցին, որքան էլ դա հարմար էր ե՛ւ կառավարելու, ե՛ւ մշտապես նյութական աղբյուր ունենալու իմաստով: Ու արդեն ա՛յլ մարդիկ պիտի որ փնտրված լինեն, որ տգետները չշարունակեն նավն իր նավավարով խրել դեպի ծանծաղուտ: Եթե մեծամասնությունը ներկայանալու է նույն պատկերով ու նկարագրով, ինչ հիմա է, ո՞ւմ են պետք սահմանադրական փոփոխությունները` այս կամ այն տարբերակով:Հենց ՀՀԿ-ի խորհրդարանական ներկայությունն այս պահին երկու երրորդով չի համապատասխանում խորհրդարանական աշխատանքի ներկա պահանջներին, ու խորհրդարանը այդ մասի համար դարձել է հանգստի ու պահ մտնելու վայր:Հասկանո՞ւմ են դա վերեւներում, փոխելո՞ւ են այս վիճակը` էլի սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունի:

Արդյոք նոր նախագիծը երաշխիքներ տալիս է, որ խորհրդարանը նախապես գծված սխեմաներով չի հավաքվի, որ խորհրդարանը աշխատանքի վայր է եւ այնտեղ պետք է լինեն խորհրդարանական աշխատանքին ունակ մարդիկ, այլ ոչ թե` որոշակի ծառայությունների, փողի ու նվիրվածության դիմաց մանդատը նվեր ստացածները: Իհարկե, սա որեւէ սահմանադրություն չի կարող երաշխավորել, ոչ էլ` ընտրական օրենսգիրքը, եւ մենք սա լիովին հասկանում ենք: Այդպես է եղել մինչեւ հիմա, երկրի առաջին դեմքերը մեկ առ մեկ, անուն առ անուն քննարկել են` ում եւ ինչի դիմաց խորհրդարան թողնել: Այ, այս գործելակերպը պետք է փոխվի, մարդկանց ուղեղը պետք է այս գործելակերպի կարծրատիպից ազատվի, իսկ թե ո՞ր սահմանադրությամբ սա տեղի կունենա, ո՞ր ընտրակարգի առկայությամբ, դա այնքան էլ էական չէ: Այս սահմանադրությամբ էլ, այս ընտրակարգով էլ, փոփոխություններից հետո էլ ես, ՀՀ սովորական քաղաքացիս, չեմ կարող դնել իմ թեկնածությունը եւ մասնակցել ընտրություններին: Եթե դա անեի գործող սահմանադրությամբ` հայտնվելու էին թաղի լավ տղերքը ու «լավով» ինձ խորհուրդ էին տալու չմասնակցել ընտրություններին, իսկ հիմա սա արդեն արվելու է սահմանադրության եւ ընտրակարգի մակարդակով, ընդ որում` հիմա էլ ավելի համարձակորեն կգործեն սխեմաները` ցուցակները «հարմար» մարդկանցով համալրելու առումով, կուսակցությունների ղեկավարներն ընդհանրապես իրենց կուսակցությունից դուրս մարդու չեն նկատի, էլ չասած` երկրի ղեկավարությունը: Հիմա էլ ներքեւից վերեւ մեծ ու փոքր պաշտոնները, բոլոր տարածքները, բոլոր արժեքավոր շինությունները իրենցով են արել միայն ու միայն հանրապետականները, եթե մի բան էլ ուրիշներին է բաժին հասել, ապա ՀՀԿ-ի թույլտվությամբ. ի՞նչը պիտի փոխվի որ:

Բոլոր դեպքերում`սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ զարգացումները թափ են հավաքել, նախագիծն ուղարկվել է խորհրդարան, մինչեւ հիմնական քննարկումները նախատեսված են լսումներ: Մինչ այդ տեղի ունեցան քաղաքական ուժերի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ քննարկումներ , նախագահ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հանդիպումներ է ունենում կուսակցությունների հետ եւ լսում նրանց տեսակետները: Նա հանդիպել է արդեն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ:

ԲՀԿ-ի հետ հանդիպման մանրամասներ չիմացվեցին, ԲՀԿ-ն իր վերջնական տեսակետի հայտնումը դեռ հետաձգում է մեկ շաբաթ էլ` նախագծի հեղինակների հետ հանդիպումից ու իր քաղխորհրդում մի վերջնական քննարկումից հետո: Սակայն ամեն ինչից երեւում է, որ դրական տեսակետ է հնչելու:

ՀՅԴ-ն չի թաքցնում գոհունակությունը` փոփոխություններն իրենց տեսակետի հաղթանակն են համարում:

ՕԵԿ-ը հինգ սկզբունքային, ինչպես նաեւ մի շարք դրույթներ փոխելու առաջարկներ է արել նախագահի հետ հանդիպման ժամանակ, նախագծի վերջնական տարբերակն էլ քննարկվելու է դեռ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորման խորհրդի նիստին:

«Ժառանգությունի» երեկ հրաժարվել է նախագահի հետ հանդիպելուց:

ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները» դեմ են նախագծին, չնայած` երեկ հանդիպել են նախագահ Սարգսյանի հետ:

Դեռ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի շուրջ համախմբված միավորները , ինչպես նաեւ «Հայկական վերածնունդը» ինչպես են մասնակցելու գործընթացին, ըստ այդմ` նրանց հանդեպ ո՞րն է լինելու «քարտեզագրողների» վերաբերմունքն ապագա խորհրդարանի առումով:

Իսկ այն թեզը, թե նախագծին դեմ են նախագահի թեկնածու ունեցող ուժերը, խիստ թեական է, քանի որ Հայաստանում նախագահի թեկնածուները միշտ էլ կարողացել են պայմանավորվել, եթե պայմանավորվեն` ապա անգամ ընդունված նախագիծը կասեցնելը միշտ էլ տեխնիկայի հարց է:

Ի դեպ` հետաքրքրական է, որ հարյուր տոկոսանոց ընտրական համակարգը, որը որդեգրվում է նոր նախագծում, եւ ինչից շատ են ուրախանում դաշնակցականները, համարելով, որ իրենց երազանքն է կատարվում, բազմաթիվ մոդելներ ունի, դրանցից է նաեւ խառը` համամասնական -մեծամասնական մոդելը, որը եթե ընտրվի հետագայում (դա թողնվելու է ընտրական օրենսգրքի փոփոխություններին), ապա համամասնական կարգի ջատագովների ոգեւորության վրա կարող է ջուր լցվել, համենայնդեպս այդ կարգի ակնարկներ կան արդեն: Ու դա կարող է լինել այն մեծ բլեֆը, որին բազմաթիվ բլեֆներից հետո ենթակա կդառնա մեր քաղաքական դաշտը:

Ճիշտն ասած` մենք խուսափում ենք նախագիծը քննարկելով մեր ընթերցողին հոգնեցնել լրացուցիչ անգամ, քանի որ մտադիր ենք Ազգային ժողովի քննարկումները լայնորեն ներկայացնել` մի քանի անգամ չտանջենք նրան:

Ուղղակի մի թեթեւ կնշենք, որ նախագծի ընդդիմախոսներին շարունակում են մտահոգել մի շարք դրույթներ` կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու կերպը (երկրորդ փուլով հատկապես, չնայած օգոստոսի քսանմեկին ներկայացրած նախագծի մեղմված տարբերակում հնարավորություն է տրվում քիչ ձայներ ստացած կուսակցությունների խմբավորումներին միավորվել առաջին-երկրորդ տեղը գրաված խմբակցություններ հետ), այս մոդելի հետ կապված Վենետիկի հանձնաժողովն էլ անհամաձայնություններ ուներ, մանավանդ` ընտրությոններց հետո նոր խմբակցությունների ձեւավորման սահմանափակման առումով:

Համամասնական ընտրակարգի մոդելի խառը` համասնական-մեծամասնական տեսակի ընտրության պարագայում, որտեղ կա վարկանիշային ընտրության գաղափարը, կարող են տուժել նաեւ ներկա ՀՀԿ-ական խորհրդարանականները` նրանց մեծագույն մասը, որ լռել է խորհրդարանում, ի՞նչ վարկանիշ պետք է ունենա: Այնպես որ նախագիծը, եթե անգամ քննարկումների արդյունքում կատարելանա, գործնական կյանքում չկիրառելու դեպքում չի փոխի առկա պատկերը, անգամ ավելի վատ խորհրդարան ունենալու պայման կարող է դառնալ: Պատահական չէ, որ հենց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն է այս ասում.«Եթե մեզ հաջողվի պրոֆեսիոնալ խորհրդարան ձեւավորել` կայացած քաղաքական ուժերով եւ լուրջ կենսագրությամբ քաղաքական գործիչներով, բնականաբար կառավարման խորհրդարանական ձեւը կարող է իսկապես արդյունավետ մոդել դառնալ մեր երկրի համար»: Եթե: Իսկ եթե նորից խորհրդարանում հայտնվեն փողի ու ծառայությունների դիմաց, ինչն ի դեպ ենթադրվում է, ապա` իզուր էինք, հա, ժամանակ վատնո՞ւմ:

Ոչ ոք դեմ չի կարող լինել իսկական ընտրություններ նախատեսող որեւէ մոդելի ամրագրմանը, սակայն քանի որ մենք համոզված ենք, որ մեզ մոտ մոդելները հարմարեցվում են միայն կոնկրետ մարդկանց հավակնություններին, իսկ խորհրդարանը ձեեւավորվում է վերեւից, եւ ոչ թե ` ընտրությամբ, այստեղ սկզբունքային խոսակցությունն ավելորդ ենք համարում:

Սակայն «Ազգը» մանրակրկիտ ներկայացնելու է քննարկումները` հավատարիմ մնալով տեղի ունեցողի մասին բազմակողմ տեղեկատվություն տալու իր սկզբունքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.