AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՉԻՆԱԿԱՆ «ՍԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ» ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ինչը վաղուց գիտակցել են համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ լուրջ դերակատարում ունեցող պետությունները եւ դրանցում ապրող մարդիկ: Դժբախտաբար, Հայաստանի բնակչության երեւի թե մեծ մասը մնացել է «դոլարը թանկացնում են, որ ժողովրդին թալանեն» մակարդակի վրա: Եվ այստեղ ոչ մի կապ չունեն ոչ Կենտրոնական բանկի կոչերը, ոչ ֆինանսական շուկային տեղյակ մարդկանց բացատրությունները: Մարդկանց այդ մեծ զանգվածը, անկախ տեղի ունեցողի իրական պատճառներից, մշտապես ասում է այն, ինչ պատկերացնում է` բնականաբար առանց հասկանալու կամ հիմնավորելու: Ինչեւէ:

Երկուշաբթի Հայաստանի փոխանակման կետերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մեկ օրվա համար նշանակալի փոփոխություն արձանագրեցին: Մասնավորապես, 1 դոլարը հայտնվեց 480-488 դրամ միջակայքում, մեկ-երկու օր առաջվա 475-479 դրամի փոխարեն: Հանուն արդարության նշենք, որ դեկտեմբերյան խուճապը չկրկնվեց, բանկերն ու փոխանակման կետերն էլ իրենց գործողություններով այս անգամ չնպաստեցին դրան: Սակայն, ժողովրդական բանահյուսության կողմից այս տատանմանը տրված բացատրությունները դարձյալ վերեւում նշվածների շարքից էին:

Իրականում փոխարժեքի զգալի տատանումը հայաստանյան երեւույթ չէր: Նույն օրը, երբ դեռ մեր երկրում օգոստոսի 24-ի լուսաբացը չէր եղել, չինական ֆոնդային շուկայում ֆինանսական ինդեքսների կտրուկ անկում գրանցվեց, ինչը շղթայաբար տարածվեց ամբողջ աշխարհում` Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլուր: Չնայած չինական մոնետար (ԿԲ) իշխանությունները այս պահի դրությամբ ավելի քան 21 մլրդ դոլարին համարժեք յուան են ներարկում ֆինանսական շուկայում կայունության եւ լիկվիդայնության պահպանման համար, բայց դա դեռ բավարար ազդեցություն չի ունենում:

Ֆոնդային բորսաներում սկսված խուճապը իր ազդեցությունն ունեցավ նավթի գների եւ արտարժութային փոխարժեքների վրա: Մասնավորապես, նավթի գները դարձյալ նվազեցին, իսկ դոլարը թանկացավ: Վերջինս փորձագետներից ոմանք պայմանավորում են ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի կողմից սպասվող տոկոսադրույքների բարձրացմամբ: Սակայն մասնագետներից ոմանք էլ հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամն են կանխատեսում: Նրանք նշում են, տեղի ունեցող երեւույթները շատ նման են 1998-ի եւ 2008-ի ճգնաժամերին նախորդող գործընթացների հետ:

Թերեւս ամենաիրատեսականը փորձագետների այն խմբի մոտեցումներն են, ըստ որի չինական «սեւ երկուշաբթին» հետեւանք է չինական տնտեսության եւ մասնավորապես` արտադրության աճի տեմպերի նվազման, ինչն էլ արտացոլվում է ֆոնդային ինդեքսների անկմամբ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին չինական տնտեսությունը արագ տեմպերով էր աճում եւ նման տեմպերով աճի շարունակման դեպքում այն իր ծավալներով մոտ երկու տասնամյակ հետո կգերազանցեր աշխարհի ամենահարուստ երկրի` ԱՄՆ-ի տնտեսության ծավալները: Սակայն, ինչպես երեւում է, աճի բարձր տեմպն այդ երկրում սկսել է նվազել: Որքա՞ն կշարունակվի դա, ի՞նչ միտումներ կարձանագրվեն Չինաստանի տնտեսության մեջ այս դժվար ժամանակահատվածի հաղթահարումից հետո, դժվար է ասել:

Ինչ վերաբերվում է մեզ` Հայաստանին եւ մեր տնտեսությանը, ապա բնական է, որ համաշխարհային ֆինանսական եւ հումքային շուկաներում տեղի ունեցող ցնցումները նույնպես պետք է ազդեն մեր վրա: Առավել եւս, որ խոշոր երկրներն ու տարածաշրջաններն են այդ ազդեցությունները կրում:

Արտարժութային տատանումներն անպայման ազդելու են դրամի փոխարժեքի վրա: Այլ բան է, թե ի՞նչ չափով: Դա կախված է նաեւ մեր Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քայլերով եւ մեր տնտեսության վիճակով: Սակայն անհերքելի է, որ ցանկացած դեպքում ազդեցություն լինում է եւ դրանից խուսափել ոչ ոք չի կարող:

Հումքային ապրանքների` նավթի, մետաղների միջազգային գների տատանումները նույնպես ազդում են, թե փոխարժեքի շուկայի, թե անմիջականորեն մեզ վրա: Նավթի գների անկումը մեզ համար դրական է այնքանով, որ որոշակիորեն բերում է դիզվառելիքի եւ բենզինի գների նվազման եւ որ մեր հարեւան ռազմատենչ պետության եկամուտներն են նվազում: Սակայն միաժամանակ վատթարանում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսական կացությունը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է այդ երկրից դեպի Հայաստան դրամանան փոխանցումների եւ մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների վրա:

Մետաղների գների նվազումը մեր հանքարդյունաբերության ճյուղին է անդրադառնում, որը մեր արդյունաբերության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն է, նկատելի բյուջետային եկամուտներ է ապահովում եւ հազարավոր աշխատատեղեր ունի:

Մի խոսքով, վաղուց արդեն ժամանակն է մի կողմ դնել գավառական ընկալումները եւ փորձել հասկանալ, որ մենք նույնպես աշխարհի մի, ընդ որում, փոքր մասնիկ ենք ու այն ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում չի կարող չանդրադառնալ նաեւ մեզ վրա: Այսինքն, այս օրերին փոխարժեքի տատանումների իրական պատճառները բացառապես վերեւում նկարագրված գործընթացներն էին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.