AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1163, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ, ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Թուրքական իշխանությունների անհանգստություններն ավելացել են: Թյուրքական աշխարհում իր առաջատար դիրքն ապահովելու ջանքերի արդյունքում Անկարան հասավ լոկ սեփական երկրում ապակայունացման եւ հերթական «գունավոր հեղափոխության» մեծացող սպառնալիքի: Ճիշտ է, որ այս անգամ այդ հեղափոխությունը կկրի ազգամիջյան պայքարի բնույթ:

Այն մասին, որ հատկապես Թուրքիայի տարածքով է անցնում «Իսլամական պետության» գրոհայիններին նյութական օգնության հիմնական հոսքը, չի խոսում թերեւս միայն Թուրքիան եւ դա, ինչը զարմանալի է, քողարկված է ԻՊ-ի եւ Բաշար Ասադի սիրիական կառավարության զորքերի դեմ պայքարին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության քողով:

Անկարան ակտիվորեն աջակցում է (Վաշինգտոնի ամբողջական աջակցությամբ) սիրիական ընդդիմությանը: Սիրիական ընդդիմադիր խմբավորումներիՙ Հանուն ժողովրդավարական փոփոխությունների ազգային կոորդինացիոն կոմիտեի կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում: Իսկ այդ ընդդիմության շարքերում քիչ չեն «Իսլամական պետության» գրոհայինները: Նրանք ժամանակ առ ժամանակ «բույն են դնում» Թուրքիայի տարածքում, որտեղ նրանց համար վաղուց գոյություն ունեն միանգամայն օրինական «հանգստյան հենակետեր», ինչպես նաեւ մարզումային ճամբարներ սիրիական վերոհիշյալ ընդդիմադիրների համար: Թուրքիայի մեծ թվով քաղաքացիներ կռվում են Բաշար Ասադի հակառակորդների կողմում: Եվ հենց Թուրքիայով է անցնում ԻՊ նոր կողմնակիցների հիմնական քարավանն ամբողջ աշխարհից: Նման հզոր տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի կարգավորումը անհնար կլիներ առանց դրսից հրահանգի եւ աջակցության, եւ առանց Թուրքիայի պաշտոնական իշխանությունների թողտվության: Ահա այստեղ առաջին պլան են գալիս Սպիտակ տան հետաքրքրությունները, որը աշխույժ պայքար է մղում Բաշար Ասադի դեմ: Սա նաեւ փորձ է ուժեղացնելու սեփական շահերը Անկարայի ազդեցության գոտիներում: Եթե Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությունը ուղղակի սահմանափակվեր տարանցիկ գոտու դերով, դա կարող էր ինչ-որ տեղ հասկանալի լինել: Անկարան վաղուց փորձում է իր վրա քաշել ԱՄՆ եւ Եվրոպայի դաշնակցային ուշադրությունը (չէ՞ որ նա հանդիսանում է ՆԱՏՕ-ի միակ անդամն այս տարածաշրջանում): Սակայն Սիրիայում անկարգությունների հովանու ներքո Թուրքիայի նախագահը փորձում է լուծել նաեւ քրդերի անջատողական տրամադրությունների եւ միացյալ Քուրդիստան ստեղծելու նրանց փորձերի ֆիզիկական չեզոքացման ներքին հարցերը: Թերեւս հենց դա էր պատճառներից մեկը, որ Անկարան այդքան ակտիվ աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետությանը» (քրդերը պայքարում են ԻՊ-ի հակառակորդների կողմից):

Քրդերի երազանքն իրենց պետության մասին, այդ թվում նաեւ Թուրքիայի տարածքում, ինքնավարության միջոցով Անկարայի գլխավոր հիմնախնդիրն է: Այն խորացել է Իրաքյան հակամարտության սկզբից, երբ ԱՄՆ-ը ակտիվորեն օգտագործում էր քրդական ուժերը Սադդամ Հուսեյնին տապալելու համար: Հիմա իրաքյան եւ սիրիական քրդերը բացահայտ կերպով մատակարարվում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Իսկ դա բոլորովին ձեռք չի տալիս Թուրքիային, որը լրջորեն մտահոգված է քրդական ուժերի ուժեղացմամբ սեփական տարածքում:

Վերջերս Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում երկրի հարավ-արեւելքում նախագահ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ծանր պարտություն կրեցՙ ընդհանուր առմամբ զբաղեցնելով խորհրդարանի 550 տեղերից միայն 256: Այնինչ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան մտավ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, որը ստացավ ընտրողների ձայների 12.8 տոկոսը: Դիտորդներն արդեն նշել են, որ վերջին մի քանի տարիներին ընդդիմադիր կուսակցությունները սկսել են դուրս մղել «Իսլամական պետության» հետ բարեկամություն խաղացող Էրդողանին: Ուշագրավ է նաեւ, որ քրդաբնակ խոշորագույն քաղաքումՙ Դիարբեքիրում քվեարկել է բնակչության մոտ 80 տոկոսը: Այստեղ նախադրյալներ են երեւում Քուրդիստան ստեղծելու համար:

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն արդեն հայտարարություն է արել, որ բացառում է ԱԶԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը: Նա հայտարարել է. «Նախագահի գործադիր իշխանության եւ դիկտատուրայի մասին բանավեճերը այս ընտրություններով մոտեցել են ավարտին»: Իսկ դա չէր կարող նշանակել այլ բան, քան որ քրդերը կսկսեն ձգտել սեփական քաղաքական նկրտումներն իրականացնելու: Գուցե նաեւ հնարավոր դառնա սեփական պետություն ստեղծելը:

Այսպիսով Անկարայի մուտքը սիրիական հակամարտություն դրա ակտիվ ռազմական փուլումՙ դառնում է քրդական ուժերի օդից ոչնչացում Թուրքիայի սահմաններին հարակից բոլոր տարածքներում: Դա թույլ կտա, պաշտոնական Անկարայի կարծիքով, բացառել դրսի ուժերով թուրքական քրդերին աջակցելու հնարավորությունները: Առաջին հերթին խոսքը Ռոժավա ինքնավարության սիրիական քրդերի եւ «Սիրիական ազատ բանակի» դաշինքի մասին է: Թուրքիայիՙ ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու պահից սկսած առաջին գործը թուրքական ռազմաօդային ուժերի հարվածներն էին Հյուսիսային Իրաքում քրդական դիրքերին:

Դրանից հետո իրաքյան Քուրդիստանի կառավարությունը կոչ է արել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը դուրս բերել իր զինյալների ջոկատները բնակավայրերից, որպեսզի թույլ չտրվեն զոհեր քաղաքացիական անձանց շրջանում թուրքական ավիացիայի հարձակումների արդյունքում: Եվ միաժամանակ մեղադրել է թուրքական իշխանություններին Իրաքի եւ Սիրիայի տարածքում խաղաղ օբյեկտներին օդուժից հարվածներ հասցնելու գործում:

«Իսլամական պետության» դեմ պայքարի քողի ներքո Անկարան աշխույժ ուժային գործողություններ է սկսել սեփական տարածքներում, որտեղ բնակվում են քրդերը: Ըստ երեւույթին, դա արվել է ի պատասխան Սուրուչ քաղաքում ահաբեկչական գործողության: Այդ քաղաքը գտնվում է սիրիական սահմանի հարեւանությամբ: Չնայած Թուրքիայի նախագահը փորձել է մեղադրել դրանում «Իսլամական պետությանը», ԻՊ-ն ինքը չի հաստատում իր կապը պատահածի հետ: Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել է թուրք-սիրիական եւ թուրք-իրաքյան ամբողջ սահմանի երկարությամբ «բուֆերային գոտի» ստեղծելու գաղափարը: Եվ չնայած դրա պաշտոնական պատճառը համարվել է Թուրքիայի սահմանների մոտ ԻՊ գրոհայինների ակտիվությունը, իրականում գաղափարի հիմքը պետության ամբողջականության համար քրդական սպառնալիքի չեզոքացումն է, ինչպես նաեւ ձգտումը վերահսկողության տակ պահել քրդերով բնակեցված բոլոր տարածքները: Սիրիական Քուրդիստանում «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ եւ ռազմական գործողություններ է վարում Սիրիայում ԻՊ-ի դեմ, արդեն վերահսկողության տակ է առել սիրիա-թուրքական սահմանի մոտ 400 կիլոմետրը:

Ուշագրավ է, որ այդ «բուֆերային գոտու» ստեղծման գաղափարը Հյուսիսատլանտյան ալյանսում բոլոր գործընկերները չէ, որ պաշտպանել են: Դրան վճռականապես դեմ է հանդես եկել Գերմանիան, որի տարածքում, ինչպես հայտնի է, շատ քրդեր են բնակվում, որոնք դժվար թե հավանություն տային իշխանությունների նման որոշմանը: Ըստ էության, այսօր Թուրքիան բախվել է ոչ միայն արտաքին սպառնալիքի հետ ի դեմս վերահսկողությունից արդեն դուրս եկած ԻՊ-ի, այլեւ ներքին հիմնախնդրիՙ ի դեմս քրդական գործոնի ուժգնացման: Երկրում ահաբեկչական գործողությունների ալիքից հետո արդեն սկսվել են մեծածավալ ռեյդեր, որոնց ժամանակ ձերբակալվել է մի քանի հազար մարդ: Նրանց շարքում են ոչ միայն ԻՊ գրոհայիններ, այլեւ ՔԱԿ-ի ներկայացուցիչներ: Թուրքական քաղաքական գործընթացի մեջ «Խաղաղություն եւ ժողովրդավաություն» կուսակցության ներգրավումը եւ հակակառավարական տրամադրությունների աճը քրդաբնակ շրջաններում կարող են հանգեցնել ամբողջ երկրում լուրջ ապակայունացման: Իսկ դա նշանակում է նախագահ Էրդողանիՙ արմատական կրոնական ուժերի հետ իշխանությունը պահելու համար հարաբերվելու բազմամյա փորձերի ամբողջական ձախողում:

Շատ հավանական է, որ Թուրքիայում ներքին հուզումները կարող են սկզբունքորեն փոխել պաշտոնական Անկարայի բազմամյա քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ վերջին երկու տասնամյակներում հենց Թուրքիան է հանդես եկել (իհարկե, ոչ պաշտոնապես) որպես ողջ թյուրքական աշխարհում արմատական ուժերին ցուցաբերվող բարոյական եւ նյութական աջակցության հիմնական աղբյուր: Առաջին հերթին Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի տարածքում: Ըստ էության, Անկարան փորձել եւ փորձում է ստանձնել այդ տարածաշրջանի բոլոր պետություններում կարծիքների առաջնորդի եւ քաղաքականության «բռնապետի» դերակատարությունը, դրանով մեծացնելով սեփական միջազգային ազդեցությունը աշխարհում: Սակայն այժմ Անկարան ստիպված կլինի երկար եւ ցավագին քանդել այն բարդ կծիկը, որը գոյացել է Թուրիայի նախագահի վարած քաղաքականության արդյունքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.