AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1873, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոսանքի սուբսիդավորման գործընթաց` մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ է լինելու հետո

Էլեկտրական էներգիայի 6,93 դրամով թանկացման ծախսը պետության կողմից սուբիսդավորելու որոշմանն անդրադառնալու առիթ ունեցել ենք («Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում` ո՞ւմ հաշվին եւ ինչո՞ւ», «ԱԶԳ», 10.07.2015 թ.): Հիշեցնենք, որ անհասկանալի ենք համարել սուբսիդավորման որոշումը սակագնի օբյեկտիվ թանկացման պարագայում, նշել էներգետիկ համակարգի եւ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում իշխանություների պատասխանատվության մասին եւ հարցադրումներ ուղղել, թե ի՞նչ միջոցների հաշվին է տեղի ունենալու սուբսիդավորումը եւ ինչո՞ւ պետք է սուբսիդավորվի նաեւ բիզնեսը:

Այս ընթացքում որոշ հարցերում հստակություն մտցվեց: Հայտնի դարձավ, որ սակագնի բարձրացման սուբսիդավորումը տեղի է ունենալու Որոտանի ՀԷԿ-երի կասկադի` ամերիկյան ընկերությանը վաճառքից ստացված միջոցներով եւ որ պետությունը չի սուբսիդավորելու խոշոր բիզնեսին: Սակայն, փաստը, որ հոսանքի սակագնի բարձրացած մասի սուբսիդավորման որոշումը ավելի շատ կրակ հանգցնելու եւ ինչ-որ առումով էլ պոպուլիստական որոշում էր, չի վերանում:

Վերստին հարկ ենք համարում նշել, որ առանց էներգետիկ համակարգի անխափան գործունեության, վտանգվում է ոչ միայն մեր տնտեսությունն ու կենցաղը, այլեւ երկրի եւ մեր բոլորիս անվտանգությունն ընդհանրապես: Էներգետիկ համակարգը, ինչպես ցանկացած համակարգ շուկայական տնտեսության մեջ, չի կարող աշխատել վնասով: Արհեստականորեն զսպել գների փոփոխությունն այստեղ, երբ չորսբոլորը շուկայական գործընթացներ են, երբ փոխարժեք է տատանվել, ատոմակայանի երկարատեւ կանգառ է եղել, նշանակում է այս համակարգը կանգնեցնել քայքայման եւ փլուզման եզրին: Հարցի լուծումն այստեղ անապահով խավին գումարային փոխհատուցում տրամադրելն է, ինչը նախատեսվում էր, եւ լայնածավալ էներգախնայողության ծրագրեր իրականացնելն էր, որը կչեզոքացներ էլեկտրական էներգիայի թանկացման ազդեցությունը բնակչության վրա, որը սակայն չի ձեռնարկվում: Ինչեւէ:

Սուբսիդավորման համար Որոտանի կասկադի վաճառքի գումարը ծախսելը ոչ այլ ինչ է, քան այդքան անհրաժեշտ միջոցների փոշիացում: Փաստորեն, այդ գումարը մի քանի ամիս կբաշխվի բնակչության եւ փոքր բիզնեսի հոսանքի մի մասի ծախսի հատուցմանը եւ վերջ: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Այս հարցը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: Ապագայում սպասվում է ատոմակայնի ավելի երկար կանգառ, որը նույնպես բերելու է գազից ստացվող ջերմակայանների արտադրած թանկ հոսանքի ծավալների ավելացում, որն անխուսափելիորեն հանգեցնելու է էլեկտրական էներգիայի ինքնարժեքի թանկացման: Նորի՞ց են իշխանությունները կուլ գնալու գների դեմ «պայքարող» պոպուլիստական կոչերի հեղինակներին, որոնք կիլոմետրերով հեռու են էներգետիկ համակարգի եւ տնտեսության խնդիրներից: Այս անգամ ինչի՞ հաշվին են սուբսիդավորելու ավելացած սակագնի տարբերությունը: Ու մինչեւ ե՞րբ են այդպես վարվելու: Կամ ի՞նչ են անելու, եթե ուսումնասիրությունը մեր էներգետիկ համակարգում եւ աուդիտը ՀԷՑ-ում պարզեն, որ համակարգն, այդուհնադերձ, անհնար է աշխատեցնել առանց գների փոփոխության: Այս անգամ որտեղի՞ց են գումարներ հայթայթելու, որոնք միլիոնավոր դոլարներ են, որոնք կարող էին օգտագործվել սոցիալական խոշոր ծրագրեր իրականացնելու կամ ճանապարհներ ու ջրագծեր կառուցելու համար:

Ինչ վերաբերում է մինչեւ 250 կվտ/ժ սպառող փոքր բիզնեսի համար հոսանքի սակագնի սուբսիդավորմանը, ապա այստեղ հարցերն ավելի են շատանում: Օրինակ` գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ավելի առաջ է գնում եւ պահանջում, որ հոսանքի ավելի մեծ սպառում ունեցող, այսինքն ավելի մեծ ծավալներ ունեցող բիզնեսին նույնպես կառավարությունը սուբսիդավորի: Մինչդեռ, բիզնեսին միայն ըստ սպառած հոսանքի չափի սուբսիդավորելն ինքնին սխալ մոտեցում է, չխոսելով արդեն ավելի խոշորներին նույն սկզբունքով սուբսիդավորելու մասին: Սոցիալական արդարության եւ տնտեսական նպատակահարմարության ի՞նչ սկզբունքներ են այստեղ գործում, պարզապես անհասկանալի է: Որքանո՞վ է խոցելի առեւտրային օբյեկտ ունեցողը, որ նրա հոսանքի մի մասը պետք է պետությունը ֆինանսավորի: Այն պարագայում, երբ նույն առեւտրի ոլորտը գրեթե ազատ հարկման դաշտում է` շրջանառության ընդամենը 1 տոկոս վճարելու հնարավորությամբ: Այն դեպքում, երբ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող սովորական վարձու աշխատողն ավելի շատ հարկ է (եկամտային հարկ) վճարում, ինչպես նաեւ, օրինակ, մեր թերթը շատ ավելի հարկեր, քան տոնավաճառում առեւտով զբաղվողը կամ սովորական խանութը` շրջանառության հարկ:

Տնտեսական նպատակահարմարության առումով գոնե հասկանալի կլիներ, եթե կառավարությունը ֆինանսավորեր բացառապես փոքր արտադրություններին, որտեղ արտադրության մեջ շատ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Հացաբուլկեղեն, գուցե նաեւ հյութեր, ոչ ոգելից խմիչքներ, մսամթերք եւ կաթնամթերք արտադրողներ, որոնք միեւնույն ժամանակ փոքր արտադրություններ են եւ նրանց սպառած հոսանքը դարձյալ չի գերազանցում ամսական վերոնշյալ 250 կվտ/ժ-ն: Սա միանգամայն այլ բան կլիներ, քանի որ, մի կողմից` պետությունը կաջակցեր արժեք ստեղծող տնտեսության ճյուղին, ոչ թե ասենք առեւտրով կամ ծառայություն մատուցելով փող աշխատողներին, մյուս կողմից էլ` կկանխեր հոսանքի թանկացման պայմանավորված այս ապրանքների գների հավանական բարձրացումը: Այս մասին դարձյալ ոչ ոք ոչինչ չի ասում, իսկ գործարարներին միավորող կառույցի վերեւում նշված ղեկավարն էլ դեռ ավելին է պահանջում` առանց հաշվի առնելու բիզնեսի գործունեության ոլորտը, արդյունավետությունը եւ նման քայլի տրամաբանությունը:

Այսպես, թե այնպես, օգոստոսի 1-ից սկսվում է հոսանքի սակագնի մի մասի սուբսիդավորումը, որը հայտնի չէ, թե ե՞րբ եւ ինչպե՞ս կավարտվի: Ոչ միայն նրա համար, որ հայտնի չեն նախատեսվող աուդիտի արդյունքները, այլ որովհետեւ քաղաքական գործընթացները (սահմանադրական բարեփոխումներ, ընտրական ձայներ չկորցնելու ցանկություն եւ այլն) տնտեսական անհրաժեշտությունից վեր են դասվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.