AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2387, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն աշխատանքային օրվա ընթացքում ես կարդում եմ պարտադիր հայկական կայքեր (ոչ բոլորն, անշուշտ), եւ տրամաբանական է` տեղեկանում եմ Հայաստանում տեղի ունեցած կամ ունեցող իրադարձությունների մասին, բայց սա միայն տրամաբանական է: Ապա ես անպայման կարդում եմ ռուսական որոշ կայքեր, զուգահեռաբար նաեւ այլ երկրների էլեկտրոնային լրատվամիջոցներ, բայց սա ոչ թե, կամ ոչ այնքան, որպեսզի տեղեկանամ, թե ինչ է տեղի ունենում, ենթադրենք Խանտի-Մանսիսկում, կամ ամերիկյան Ջորջիա նահանգում, այլՙ որպեսզի լիցքաթափվեմ հայկական կայքերից ստացած ազդեցությունից: Հենց լիցքաթափվեմ:

Հենց այսպիսի մի սովորական օր ռուսական կայքերից մեկում բոլորովին վերջերս ես կարդացի մի խիստ ուշագրավ պատմություն: Քանի որ այն բավականին հետաքրքրական է, հնարավորինս ստույգ, ուստի համառոտ թարգմանությամբ ներկայացնեմ:

Այսպես. լինում է չի լինում (կայքը հենց այդպես էլ գրել էր) Վլադիկավկազ քաղաքում մի 64-ամյա քաղաքացի է լինում: Նա կարելի է ասել վատ չի ապրում, բայց չի կարելի ասել, որ լավ է ապրում: Կենսաթոշակ ստանում է, ձուկ եւ գարեջուր առնում է, մի խոսքով նորմալ ապրում է: Բայց նա մի խնդիր ունի` հոսանքի հետ կապված: Բանն այն է, որ նրա բնակարանի հոսանքը հաճախակի անջատում են: Բայց ոչ թե որովհետեւ 64-ամյա քաղաքացին մոռանում է վճարել ծախսած հոսանքի դիմաց, կամ չի կարողանում, ամենեւին. քաղաքացին ամեն ամիս պարտաճանաչ կոնկրետ օրով վճարում է իր բոլոր կումունալ ծախսերը (այդ թվում հոսանքի դիմաց), այլ որովհետեւ հոսանքատար լարերը հին են: Քաղաքացին, սակայն իր տան բնակարանի պարբերական հոսանքի անջատումներից պատմություն չի սարքում, ոչ մեկին այդ մասին չի ասում, փողոց դուրս չի գալիս, ավելինՙ շարունակում է պարտաճանաչ ամեն ամիս կոնկրետ օրով վճարել այդ թվում ծախսած հոսանքի դիմաց: Բայց ամեն անգամ, երբ անջատում են նրա տան հոսանքը, 64-ամյա քաղաքացին վերցնում է իր փոքրիկ գրքույկը եւ այնտեղ գրանցում, որ այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ ժամին հոսանքն անջատեցին: Իսկ երբ միացնում են, կրկին նույն գրքույկում գրում է, որ այսինչ ամսվա, այսինչ օրը, այսինչ ժամին միացրեցին:

Այսպեսՙ մի ամբողջ տարի: Տարվա վերջում քաղաքացին (ով հիշեցնեմ եւ շեշտեմ` 64 տարեկան է) հագնում է իր տոնական կոստյումը, վերցնում իր` մեզ արդեն հայտնի գրքույկը եւ գնում «Վլադէներգո» (Վլադիկավկազ քաղաքի հոսանքի մատակարար կազմակերպություն): Մտնում է շենք, ներկայանում ընդունարան եւ աշխատակցին խնդրում, որ «վերեւում» իրեն ընդունեն: «Վերեւից» անշուշտ չեն արձագանքում եւ վլադիկավկազցի քաղաքացին այդ ամբողջ օրը սպասում է ընդունարանում: Հաջորդ օրը կրկին գալիս է եւ կրկին նույն պատմությունը: Միայն երրորդ օրը «վերեւից» նրան ընդունում են, բայց ոչ «ամենավերեւից», անշուշտ: Քաղաքացին արդեն «Վլադէներգո»-ի չինովնիկի սենյակում բացում է իր հայտնի գրքույկը, ներկայացնում իրավիճակը, որ իր տան հոսանքը պարբերաբար անջատել են, այն պարագայում, երբ ինքն ամեն ամիս պարտաճանաչ վճարել է ամբողջ ամսվա համար, ներկայացնում է նաեւ ըստ դրա իր կազմած ստույգ հաշվարկները եւ իր խոսքն ավարտում եզրակացությամբ` «Փաստորեն ստացվում է, որ այս պահին «Վլադէներգո»-ն ինձ պարտք է 2000 ռուբլի, քաղաքացի պետ»: Քաղաքացի պետը, ավելի ճիշտ` «Վլադէներգո»-ն 64-ամյա քաղաքացուն ուղարկում է գրողի ծոցը, եւ պետք է ասել, որ վլադիկավկազցի քաղաքացին գնում է, բայց... Վլադիկավկազի դատարան: Այնտեղ նա ձեւակերպում է հայց` ընդդեմ «Վլադէներգո»-ի, այն հիմքով, որ այս կազմակերպությունը իրեն չի ապահովել մշտական հոսանք, մինչդեռ ինքը ամբողջ տարվա ընթացքում վճարել է մշտական հոսանք ունենալու համար, դրա պահանջված չափով: Որպես պահանջ, քաղաքացին նշում է, որ ինքը հիմա «Վլադէներգո»-ից պահանջում է 2000 ռուբլի, որը կազմակերպությունը իրեն պարտք է: Դատարանը նշանակում է առաջին նիստի օրը, քաղաքացին կրկին պարտաճանաչ (եւ կրկին տոնական կոստյումով) ներկայանում է, բայց նիստը չի կայանում, քանի որ հակընդդեմ կողմից ներկայացուցիչ չի լինում: Նույն պատկերն է գրանցվում նաեւ դատարանի հաջորդ նիստին, երրորդին էլ, եւ միայն չորրորդին, «Վլադէներգոն» ներկայանում է: Դատարանը լսում է երկու կողմերին, ապա հեռանում խորհրդակցության սենյակ` վճիռ կայացնելու, ըստ որի էլ Վլադիկավկազի դատարանը, «ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները», եւ «լսելով նրանց վկայությունները»` վճռում է «Վլադէներգո»-ից հօգուտ վլադիկավկազցի քաղաքացու գանձել 2000 ռուբլի, ավելինՙ ընկերությանը պարտավորեցնել վճարել քաղաքացուն նաեւ բարոյական վնաս հասցնելու համար, ինչպես նաեւ փակել դատական բոլոր ծախսերը:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է վարվում «Վլադէներգո»-ն, վճարո՞ւմ է: Շտապեմ ասել, որ ոչ միայն, բացի դատարանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց «Վլադէներգո»-ի ներկայացուցիչները շուտով գալիս են 64-ամյա վլադիկավկազցի քաղաքացու տուն, փոխում նրա հոսանքի բոլոր լարերը (որպեսզի ոչ մի պարագայում նրա բնակարանի հոսանքի սնուցումը չկասեցվի): Եւ չի կասեցվում, համենայն դեպս մինչեւ օրս:

Այս պատմությունը կարդալուց հետո ինձ մոտ երկու հարց առաջացավ. առաջինը` ո՞վ է վլադիկավկազցի քաղաքացին եւ երկրորդը, որն ավելի ընդգրկուն է` ինչո՞ւ է մեզ թվում, որ քաղաքացիական հասարակություն եւ հետեւաբար ուժեղ պետություն կառուցում են միայն «պայքար-պայքար մինչեւ վերջով», որպես կանոն փողոցում, հարթակներից: Բանն այն է, որ աշխարհում ոչ մի չինովնիկ ոչինչ չի անի, եթե նրանից չպահանջես, ընդ որում`ոչ թե բղավելով (ինչպես անում ենք ապարդյուն), այլ փաստարկված (ինչպես երբեք չենք արել), ոչ թե փողոցում, այլ` դատարանում: Մինչեւ նրա հետեւից չընկնես` փաստերով լի գրքույդ ձեռքիդ,մինչեւ չհաղթես նրա ոչինչ չանելու ցանկությանը, քո` բան փոխելու համառությամբ: Ընդ որում, ժամանակին վստահաբար այսպես արել են Ֆրանսիայի քաղաքացիները, Գերմանիայի քաղաքացիները, անգամ ԱՄՆ-ի քաղաքացիները, երբ նրանք մեզ պես չինովնիկական երկրներ էին: Հիմա նրանք այդպիսինը չեն, հիմա այնտեղ աշխատող պաշտոնյաները գիտեն, որ քաղաքացիները գրքույկներ ունեն, որտեղ գրանցումներ են անում եւ ժամանակի ու առիթի պարագայում այդ գրքույկները իրենց դեմ են ուղղվելու: Ճիշտ է, եթե այդ գրքույկներում գոնե մեկ անճշտություն լինի, ապա այն կազմողին գրողի ծոցը կուղարկեն եւ հաճույքով, բայց չէ՞ որ այդ գրքույկը կազմողը մենք ենք, հետեւաբար այնտեղ անճշտությունների առկայությունը մեզանից է կախված: Ուրեմն ինչո՞ւ տարիների ընթացքում այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի քաղաքացիները սովորեցին, հասկացան, որ հարցերը բողոքներով, լացով չեն լուծվում, այլ հստակ հիմնավորված փաստարկներով, հետեւաբար այդ երկրների չինովնիկներն էլ հասկացան, որ իրենք պետք է աշխատեն, ոչ թե որովհետեւ ուզում են, այլ որովհետեւ ստիպված են:

Եւ բոլորն այդ` քաղաքակիրթ աշխարհում սկսեցին ավելի հեշտ եւ հանգիստ ապրել, քաղաքակիրթ ապրել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ է վլադիկավկազցի քաղաքացին, ապա ասեմ, որ ես, իհարկե, կարդացել եմ նաեւ նրա անուն ազգանունը, բայց այստեղ չեմ ասի, որովհետեւ այս պատմության մեջ միակ անկարեւորը այդ քաղաքացու ազգանունն է: Մի բան հստակ է. նա հերոս է, բայց դեռ ոչ մեր ժամանակների եւ իրականության: Դեռ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.