AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1720, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն բանից հետո, երբ անցյալ երկուշաբթի օրը` օգոստոսի 31-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին գրեց` «Վաղվանից բոլորդ` դասի», հաջորդ իսկ օրվանից բոլորն իսկապես գնացին դասի: Իհարկե այսպես եղավ ոչ թե որովհետեւ նախարարն էր այդպես պահանջել, այլ որովհետեւ Աշոտյանի այս գրառման հաջորդ օրը սեպտեմբերի 1-ն էր:

Դասի գնացին մայրաքաղաքի կենտրոնում, արվարձաններում, մարզերի քաղաքներում, սահմանապահ գյուղերի` հակառակորդի կրակոցների հետքերն իրենց վրա կրող դպրոցներում, այս ամենի արդյունքում էլ Ֆեյսբուքը սեպտեմբերի մեկին դարձավ սակավամարդ` ի տարբերություն հանրահավաքների օրերի: Ինչո՞ւ, որովհետեւ հանրահավաքների հետ մենք հույսեր չենք կապում, կապում ենք` մեր երեխաների հետ:

Իմ կարծիքով սա ամենասովորական եսասիրություն է, ընդ որում` սեփական հուսահատությունից եւ թուլությունից ծնված: Բանն այն է, որ մեր երեխաները մեր` կարելի է ասել ամեն ինչն են, բացի մի բանից` հույսից, եւ այն պահից, երբ մենք մեր հույսը կապում ենք նրանց հետո, տապալվում ենք որպես մարդ, որպես քաղաքացի, հատկապես` որպես մարդ, ցույց տալով, որ մեզ մոտ չի ստացվել, շատ ենք ցանկացել (ըստ ամենայնի ոչ բավարար շատ, հակառակ պարագայում` կստացվեր), բայց չենք կարողացել: Ուրեմն, երբ մեր հույսը դառնում են մեր երեխաները, մենք ապացուցում ենք, որ չենք կարողացել:

Բայց սկզբից սկսենք. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նրանք ծնվում: Չէ, ես գիտեմ եւ նաեւ դուք գիտեք, թե ինչու ենք նրանց ծնում, բայց ինչո՞ւ են նրանք ծնվում: Եթե մենք ծնում ենք նրանց, որպեսզի, ինչպես ասում ենք` «օր ծերության մեզ մի բաժակ ջուր տվող լինի», կամ «հետներս ֆուտբոլ նայող», ապա ինչո՞ւ են նրանք ծնվում: Մի՞թե նրանց կյանքի միակ առաքելությունը մեզ «մի բաժակ ջուր» տալն է, կամ «հետներս ֆուտբոլ նայելը», արդյոք մեր կարծիքով նրանք այսքան անհետաքրքիր զբաղմունքի համա՞ր են ծնվում: Ի դեպ, մենք նրանց կյանք չենք տալիս. նրանք ծնվում են` ամեն մեկն իր համար, ոչ մեր, իր, միայն ի՛ր երազանքներին եւ նպատակներին հասնելու համար: Եւ որքան շուտ մենք հասկանանք, որ մեր երեխաների երազանքներն ու նպատակները հաճախ մեզ դուր չեն գալու, քանի որ անհասկանալի են մեզ համար, երբեմն էլ` անընդունելի, այնքան քիչ կցավեցնենք մեզ եւ նրանց, այնքան շուտ կսովորենք հեշտ ապրել, եւ այդքան շուտ կիմանանք` ինչո՞ւ են նրանք ծնվում` կյանքի ամենակարեւոր հարցերից մեկի պատասխանը:

Սեպտեմբերի մեկին նրանք դպրոց գնացին, իսկ դա մեզ համար մի առանձին հույս է: Բոլորս ոչ թե ձգտում ենք, այլ պահանջում, որ նրանք պարտադիր լավ սովորեն, դե, որպեսզի իրավաբան դառնան, կամ բժիշկ, այլ ոչ թե կոշկակար, դարբին, վարսավիր, ատաղձագործ, շինարար, պարուհի... Բայց սա նշանակում է, որ մենք վստահ ենք, որ «վաղը» ոչ թե կառուցելու, վերանորոգելու, թարմացնելու, գեղեցկացնելու կարիք է լինելու, այլ բազմաթիվ գողերին բռնելու, դատելու եւ բազմաթիվ հիվանդներին բուժելու, գուցե, որովհետեւ մենք չենք կարողացել հաղթել դրանց եւ հույս ունենք, որ...: Իսկ մեր երեխաները պարտավոր չեն իրականացնել մեր չիրականացած երազանքները. նրանք մեկ պարտավորություն ունեն` առաջ գնալ իրենց երազանքի հետեւից, թեկուզ մեզանից հարյուրավոր մղոն հեռավորության վրա: Նրանք բացառապես այդ գործով պետք է զբաղված լինեն:

Իսկ մենք եւ մեր հո՞ւյսը: Որքան էլ դաժան լինի շատերիս համար, բայց այն միայն մեզանից է կախված: Ո՞վ ասաց, որ մի բաժակ ջուր ինքներս չենք կարող ունենալ, լցնել եւ խմել, կամ ո՞վ ասաց, որ ֆուտբոլ հնարավոր չէ մենակ նայել, կամ ընկերների հետ: Ո՞վ ասաց, որ մեր կյանքը կանգ է առնում ճիշտ այն պահից, երբ ծնող ենք դառնում, որից հետո անհամբեր սպասում ենք, թե ե՞րբ պետք է մեր երեխաները գնահատեն մեր անքուն գիշերները: Նրանք պարզապես դրա համար չեն ծնվել, նրանք գիտեն, թե ինչ է իրենց պետք, հակառակ պարագայում` չէին ծնվի:

Ուրեմն եկեք մեր հույսը բացառապես մեզ հետ կապենք, այստեղ եւ հիմա, հատկապես` հիմա, գիտակցելով, որ գուցե մենք ավելի լավ գիտենք կյանքը, բայց ավելի վատ ենք զգում ժամանակը, որի ընթացքում կյանքը, որպես կանոն փոխվում է: Իսկ նրանց ուղղակի հետեւենք, ոչ թե որպեսզի արգելենք այն, ինչը չի կարելի (իսկ ի՞նչը չի կարելի), այլ որպեսզի ուրախանանք, տեսնելով, թե ինչպես նրանք երազանք ունեցան եւ հասել են դրան, կամ հասնում են: Թող, որ նրանց երազանքները մեզ համար անհասկանալի եւ անընդունելի լինեն. ավելի լավ, ոչ թե մեզ համար, այլ` կյանքի, մարդկության, առաջընթացի, նրանց... Նրանց համար, ում համար մենք ապրում ենք եւ ոչ թե հակառակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.