AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2534, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ԲՌՆԱԲԱՐՎԱԾՆԵՐԸ»

ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի Գուգարաց թեմի աշխարհական պատգամավոր

«Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ քայլքը հայտնի է դարձնում նրան»: Սիրաք, 19:27

Ոստիկանության ընդունարանում էի: Պատառոտված ջինսով, մի ուսը պատռված ժակետով գեղանի մի աղջիկ հուզմունքից լացակումած պատմում էր, որ մի «կրքոտ ու անհամբեր» երիտասարդ պատառոտելով հագուստը բռնաբարել է իրեն: Ապացույցներն ակնհայտ էին:

Բռնաբարված աղջկա տպավորիչ պատկերը երկար տարիներ չէր հեռանում իմ հիշողությունից:

Ներկայումս ամենուրեքՙ փողոցներում, այգիներում, փոխադրամիջոցներում, անգամ եկեղեցիներում հանդիպում են «բռնաբարված աղջկա» տպավորիչ կերպարը մարմնավորող աղջիկներ, երիտասարդ կանայք, սակայն մեկ տարբերությամբՙ ոչ թե լացակումած, այլ երջանիկ, ինքնագոհՙ ծամոն որոճալիս կամ պաղպաղակ վայելելիս: Նրանք ճեմում են ծառուղիներով ու մայթերով եւ կաքավում ոտքերով սովորականի պեսՙ ասես ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ բնական ու բնականոն է: Այսօր դա նորաձե՛ւ է: Նրանք նույնիսկ խաչազարդ շապիկներով սքողված երգում են եկեղեցական երգչախմբերում: Այդպիսի տրամադրություն, միջավայր ու հասարակական ըմբռնում տիրում է ենթադրաբարՙ վայրի լողափերում եւ նուդիստների համայնքում, ուր մորե մերկությունը բնական է, համայնքի համար ընդունելի եւ որտեղ ընդունված համակեցության սովորութային իրավունքը առավելապես բնորոշվում է ամոթի բացակայությամբ:

Ո՞րն է այսօրինակ նորաձեւության օրենսդիրների տրամաբանությունը. պատառոտված ջինսեր, մեջքն ու մի ուսն անհամաչափ մերկացված վերնազգեստ, մինչեւ ցայլքն ամբողջությամբ մերկ ազդրերով կիսավարտիքներ ու հնարավորինս ցուցադրվող ստինքներ... Պատասխանն ակնհայտ է. սեռականության, զգայականության ցուցադրու՛մը, «կրքոտ, անհամբեր» արուների գայթակղումը: Այո, արուներիՙ քանզի արժանապատիվ տղամարդու, պատանու դեպքում նման «գովազդները» հակառակ արդյունքն են տալիսՙ հակակրանք ու նողկանք հարուցելով: Նորաձեւության մեկ այլ ուղղության որոշ «առաջատարներ» իրենց ապականացու կամ ապականված մարմիններն որպես գովազդային շարժական վահանակ օգտագործելով, շապիկների վրա օտարալեզու բարբառով զուգընկեր են փնտրումՙ Do it, if you wish! («Արա՛ այդ, եթե ուզում ես»):

Աստվածաշնչյան դրույթներն, անշուշտ, ճշմարիտ են բոլոր ժամանակների համար: Սակայն մեր օրերում, ինչպես տկարացած հավատի բոլոր ժամանակաշրջաններում, սուրբգրային պատվիրաններն «արդիական> չեն համարվում: Սակայն Սիրաքի իմաստությունից որպես բնաբան բերված համարի եւ ներկա իրողությունների միջեւ հակասությունը թվացյալ է: Խնդիրը նրանում է, որ հաճախՙ «բռնաբարված» աղջկա, այն էՙ անառակի կերպարով հասարակության մեջ հայտնվում է, վստահաբար, պարկեշտ, բարոյական նկարագրով ընտանիքից ելած օրիորդը: Մինչդեռ, կանացի արտաքինով եւ ներքինՙ հոգեւոր գեղեցկությամբ ու նկարագրով է մեծապես պայմանավորվում նաեւ տղամարդուՙ հոր, եղբոր, ամուսնու եւ վերջին հաշվովՙ ԸՆՏԱՆԻՔԻ եւ հասարակության, ազգային արժանապատվությունը: Սակայն դեռեւս թվացյալ այդ հակասությունը չփարատելու դեպքումՙ հետագա «զարգացումները» կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Հայտնի է, որ որոշ «ժամանակակից տղամարդիկ» հանդուրժում են, որ իրենց կանայք գնան թուրքիաներում եւ էմիրաթներում «աշխատելու»: Ոմանք էլ, տղամարդկային արժանապատվությունը «մոռացած», չեն նկատում, որ թեւանցուկ սեփական կողակիցը հասարակական միջավայրում «նորաձեւի» համարում ունեցող սուլթանական հարեմի կամ եվրոպական անառականոցի ոճով է պարուրված ...

Անշուշտ, այսպիսի ախտասեր միջավայրը հույժ բաղձալի է բղջախոհ արուների ու էգերի համար, քանզի այդ է հասարակության այս շերտի «արժեհամակարգը»: Այդ հատակային «արժեհամակարգի» բնական պտուղներն ենՙ աղետալի չափերի հասած մարմնավաճառության օրինականացման գնալով հաճախացող «տրամաբանված» պահանջները, հագ ու կապին համահունչ անամոթ ժեստիկուլյացիան եւ նույնիսկ այդ խավի «սրճարանային մտավորականությունն» ու փողոցային անպատկառ «պոեզիան»:

Այսպիսի միջավայրի արդյունքում ժամանակակից երիտասարդի համար իսկական մարտահրավեր է արժանավայել, բարոյական նկարագրով կայուն ընտանիք ձեւավորելը: Այս առումով մեղքի մեծ բաժին ունեն «եվրոպական ժամանակակից արժեհամակարգը» որդեգրած այն ծնողները, ովքեր իրենց փոքրահասակ աղջնակներին նույնպիսի «նորաձեւ» զգեստներով են «զարդարում»: Մինչդեռՙ նրանք մեր վաղվա մայրերն ու հետեւաբարՙ ընտանիքի, հասարակության հիմքն են: Այսպես շարունակվելու դեպքում ինչպիսի՞ն կլինի նրա՛նց դաստիարակած սերունդը: Ի՞նչ արժեքներ կկրեն նրա՛նք: Ո՞ւր ենք գնում այսպես...

Կինՙ ստուգաբանությամբ «կյանք» նշանակող արարածը, որի միջով մարդացավ նաեւ ինքնՙ Արարիչը, կոչված է սուրբ, անաղարտ լինելու, ինչպիսին մեր բոլոր եկեղեցիների խորաններում խնկարկվող Սուրբ կույս Մարիամ Աստվածածինն է: Հենց Սուրբ Աստվածածնի մարմնավորումն են եղել մեր մայրերը, մեր սուրբ մեծ մայրերը:

Փառք Տիրոջը, այսօր էլ ունենք սուրբ մայրեր ու քույրեր, արժանավոր տիկնայք: Այդպիսինՙ եւ առաջնորդող ու հանուն սրբության հույժ նախանձախնդիր պետք է լինեն մեր այսօրվա բոլո՛ր կանայք ու աղջիկները:

Այլ «կերպարներ» մեզ պետք չե՛ն:

Վանաձոր, 2015թ. օգոստոսի 30

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.