AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2039, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ՀԱՅԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ՄԱՐԴ Է ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԷԼ ԼԻՆԻ` ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԻ` ԲԱՐԻ ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ասում է մոսկովյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի տնօրեն ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Ճակատագրի կամոք օտար ափերում հայտնված եւ առողջ ծիլեր տված հայի զարմանալի տեսակի մասին շատ է գրվել: Նրանք ամենուր են` աշխարհի չորս ծագերում: Հաստատվել են` ում որտեղ նետել է բախտի անիվը, բայց եւ նպատակասլաց ու ջանասեր բնույթի շնորհիվ` արագ ոտքի են կանգնել, դրսեւորել իրենց` զարմանք ու հիացմունք պատճառելով շրջապատին: Նման ուժեղ կամքի տեր մարդիկ մեկ թուլություն ունեն` Հայրենիքի հանդեպ կարոտը, քանզի սեւակյան խոսքով ասած` «Ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել, ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ»:

Իմ լրագրողական գործունեության ընթացքում ինձ հանդիպած հայի տեսակի հերթական ուրախալի բացահայտումը մոսկովյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն էր, մարդ, ում երկու ոտքը Ռուսաստանում է, սիրտը` Հայաստանում:

Մեր ծանոթությունը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 օր առաջ` Մոսկվայում այդ օրը հարյուրավոր մարդկանց զարմանքն ու հիացմունքը հարուցած աննախադեպ` Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ Հայկական ինտերակտիվ թանգարանի բացման արարողության ժամանակ: Ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների մեծ գնահատանքին արժանացած թանգարանի նախաձեռնողն ու հիմնադիրը Ռուբեն Գրիգորյանն էր, ով ամենայն հարգանքի եւ մեծարանքի արժանի այդ գաղափարը կյանքի է կոչել հայի պրպտող ու աշխատասեր գենին հատուկ մտքի աներեւակայելի թռիչքով:

Բացման արարողությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Հռոմի պապի նվիրակ Իվան Յուրկովիչը, Ռուսաստանյան հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները, ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ազգային եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղակայված թանգարանի ընդհանուր մակերեսը ավելի քան 2000 քառակուսի մետր է: Այստեղ օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, ցուցանմուշները ներկայացված են «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» եւ «Վիրտուալ երկրագունդ» թեմատիկ դահլիճներում, իսկ 5 սրահներում` ազգային տարազներ, կենցաղային իրեր եւ պատմություններՙ Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ` սպանված եւ կտտանքների ենթարկված մարդկանց անուններ:

«Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում, տեղեկացնել այցելուներին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից են եղել, եւ նրանց ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի մի մասի ոչնչացմանը: 100 տարի այդ ողբերգական իրադարձությունները անցնում են սերնդեսերունդ: Այդ զգացմունքներն անցել են հորիցս ինձ: Ես հիմա տեսնում եմ, որ ինձնից անցել են որդուս: Սպանված անմեղ ցեղակիցների հանդեպ ցավի եւ կարեկցանքի զգացմունքը արդեն մեկ հարյուրամյակ փոխանցվում է սերնդից սերունդՙ դառնալով խրոնիկական հիվանդություն, եւ այդ հիվանդությունից բուժվելու միակ միջոցը ցավի ու կարեկցանքի զգացմունքի փոխարինումն է ավելի զորեղ զգացմունքներով կյանքի կոչելով եւ իրականություն դարձնելովՙ ուժեղ տնտեսություն, գիտություն, մշակույթ, սպորտ, զինված ուժեր, հզոր պետություն եւ գիտակից ժողովուրդ... Հենց այս պատճառով յուրաքանչյուր հայի համար ժողովրդի եւ պետության շահերը պետք է գերակայեն անձնական շահերից. ահա այս խոսքերը մեծ տառաչափով փակցված են մեր թանգարանում, եւ կարծում եմ, որ ավելի հրատապ բան հիմա հայերի ու Հայաստանի համար չկա, որովհետեւ Հայաստանը ներկայումս նորից կանգնել է ոչ անվտանգ մի եզրագծի առջեւ, որը շուտափույթ հաղթահարել է պետք: Իսկ դա, ես համոզված եմ, մենք կարող ենք անել: Աստված պահի մեր երկիրը»,- իր խոսքում ասել է թանգարանի նախաձեռնող եւ ստեղծող Ռուբեն Գրիգորյանը:

ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, Պետդումայի պատգամավորներ Օլգա Տիմոֆեեւան, Վլադիմիր Կոնոնովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իրենց ելույթներում արժեւորելով թանգարանի ստեղծման գաղափարը, նշեցին, որ շատ կարեւոր է, որպեսզի թանգարան այցելեն նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչները, քանի որ Հայոց ցեղասպանության մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին:

«Այս թանգարանով մենք ուզում ենք աշխարհին ասել, թե ինչ կարող է ապրել մարդկությունը, երբ բացակայում է միմյանց հանդեպ սերը: Հանուն հավատի հայ ուղին եղել է փշոտ եւ ծանր: Հայ ժողովուրդը բազմիցս խաչվել է, բայց միշտ իմացել հավատի արժեքը»,- թանգարանի բացմանն ասել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը:

Ռուբեն Գրիգորյանը ծնվել է Երեւանում, ավարտել Սուրեն Սպանդարյանի անունը կրող միջնակարգ դպրոցը, ապա` Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Մասնագիտությամբ ինժեներ է: Նաեւ` տնտեսագիտության թեկնածու, թեկնածուական թեզ է պաշտպանել փոքր ձեռնարկությունների կառավարման մեխանիզմները թեմայով: Արդեն 35 տարուց ավելի էՙ Մոսկվայում է:

- Մինչեւ Մոսկվայում հիմնովին հաստատվելսՙ 4 տարի Գերմանիայում էի, ինժեներ էի աշխատում,- ասում է Ռուբեն Գրիգորյանը: Հետո Մոսկվայում պրոֆտեխուսումնարանի տնօրեն էի, մեծ ուսումնարան էրՙ 800 սովորող ուներ: Այնուհետՙ անցա բիզնեսին: Սկզբում առեւտուր, ռեստորաններ, ինչպես ամենուր էր այն ժամանակ, հետո ժամանակի հետ որոշեցի զբաղվել անշարժ գույքի զարգացմամբ: Այդպես ստեղծվեց «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը, որն այսօր մեծ համբավ եւ ճանաչում ունի ոչ միայն Ռուսաստանում: Կառուցելՙ նշանակում է ստեղծագործել, արարել, կյանքի կոչել գեղեցկությունը, լավ գաղափարը: Բիզնեսում մեծ փող է աշխատում նա, ով ընդհանրապես փողի մասին չի մտածում: Ով շատ է ուզում գործ անել` նաեւ փող կունենա: Այնպես որ` սկզբում գործ, հետո փող: Գործն է առաջնային: Ես պիտի հաճույք ստանամ իմ արած գործից:

- Մեր առաջին շենքը իր տեսակի մեջ այն ժամանակվա Ռուսաստանում եզակի էր: Սովետական իշխանության փլուզումից հետո «Օլիմպիկ պլազան» սկսել ենք կառուցել 1996 թվականին: Այն գտնվում է Մոսկվայի կենտրոնում, բաղկացած է գրասենյակային ու բնակելի հատվածներից: Առայսօր կառուցում ենք միայն Մոսկվայի կենտրոնում, քաղաքի պատմական դիմագծին ներդաշնակ, բայցեւ ժամանակակից շինություններՙ տեխնիկական բարդագույն լուծումներով: Մեր նպատակն է ոչ միայն չխաթարել, այլեւ գեղեցկացնել քաղաքի դեմքը: Ընկերության առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն ճարտարապետական գաղափարներ է տալիս ու շինարարություն իրականացնում, այլ նաեւ ֆինանսավորում է շինարարությունը եւ իրացնում ու շահագործման է հանձնում նորակառույցները:

2013 թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցին եւ նրա զանգերի ախորժելի ղողանջները ապրելու եւ արարելու նոր լիցքեր հաղորդեցին ճակատագրի կամոք Մայր հայրենիքից հեռու ապրող հայորդիներին: Ռուբեն Գրիգորյանը մոսկվաբնակ այն բարերարներից է, ում աջակցությունը եկեղեցու շինարարարական աշխատանքներին առանցքային է եղել: Նրա ղեկավարած «Ռուցոգ Ինվեստ» ընկերությունը եկեղեցու կառուցման աշխատանքները ստանձնել է 2006 թվականից, եղել է տեխնիկական պատվիրատուն, կատարել է նախագծային բոլոր աշխատանքները:

- Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է,- ասում է Ռուբեն Գրիգորյանը: Ես հպարտ եմ, որ գործուն մասնակցություն եմ ունեցել եկեղեցու կառուցման ամբողջ ընթացքին: Մենք բուն շինարարությունն ենք իրականացրել:

Ռուբեն Գրիգորյանի հայանպաստ բազմաթիվ գործերի մեջ առանձնանում են այն ձեռնարկումները, որ նա սրտի կանչով գործադրում է Մայր հայրենիքին աջակից լինելու հարցում:

- Վերակառուցել եմ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հին բազիլիկ եկեղեցինՙ Սուրբ Գեւորգը, ուր հայրս է մկրտվել: Շատ գեղեցիկ է ստացվել, քանի որ վերակառուցելովՙ պահպանել ենք պատմական շունչը, նույնիսկ հին պատերը: Կարողացել ենք պահպանել այն հատվածները, որոնք հարազատ էին մարդկանցՙ հորս, գյուղի մյուս բնակիչներին:

Երեւանի Սուրեն Սպանդարյանի անունը կրող դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնք իրենց արժանի տեղն են գրավել գիտության, արվեստի, քաղաքաշինության, հասարակական-քաղաքական ոլորտներում: Այդ դպրոցի շրջանավարտ է նաեւ Ռուբեն Գրիգորյանը, ով տարիներ շարունակ սրտի կանչով օգնում եւ աջակցում է հարազատ կրթօջախին թե հիմնանորոգման եւ թե դպրոցական գույք ձեռք բերելու հարցերով:

Հայրենի եզերքի կարոտը սրտում եւ նրա հիմնախնդիրներին ականջալուր` Ռուբեն Գրիգորյանը կարկտաբեր ամպեր ցրող կայանքներ է նվիրել Արմավիրի մարզին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին` եռագույն դրոշներ, որոնք պարբերաբար փոխվում եւ թարմացվում են: Մեծ հայրենասերի եւ բարեգործի միջոցներով Արցախում բնակելի տներ են կառուցվում զինվորականների համար:

Կապը Հայրենիքի հետ մշտական է, ամեն անգամ Հայաստան այցելությունը` տոն: Երեւանի պետական մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ տարբեր թեմաներով դասախոսություններ է կարդում: Այս տարվա սեպտեմբերին նույնպես շարունակելու է ավանդույթը եւ հերթական դասախոսության թեման նվիրված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Ռուբեն Գրիգորյանը ազատ ժամանակ եթե ունենում է` սիրելի զբաղմունքներ ունի` հոդվածներ եւ բանաստեղծություններ է գրում: Գրում է սիրով եւ ներշնչանքով, բառ ու խոսքի հանդեպ ունեցած մեծագույն ակնածանքով: Գրավոր խոսքի հանդեպ խստապահանջ է, ինչը պահանջում է նաեւ դիմացինից: Եվ նաեւ դրանով էր պայմանավորված, որ վերջերս Մոսկվայում լրատվական գործակալություն է հիմնել` լրատվամիջոցներին ամենատարբեր բնագավառների վերաբերյալ ճշգրիտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.