AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1754, Տպվել է` 211, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՎՐՈՊԱՅԻ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ

Պ. Ք.

2008-ը կրկնվո՞ւմ է

Երկարատեւ արձակուրդից վերադարձող երվոպաշտոնյաներին սպասում են ծանր աշխատանքային օրեր: Եվրոմիության առջեւ ծառացած հրատապ խնդիրների թվում են Հունաստանի ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը եւ, իհարկե, Եվրոպայում լավ կյանք փնտրող բազմահազար ներգաղթյալների խնդիրը:

Վերոհիշյալներից բացի, եվրոպաշտոնյաները պետք է Մեծ Բրիտանիային համոզեն մնալու Եվրոմիությունում: Նաեւ հարկավոր է ստեղծել ընդհանուր ֆինանսական շուկա, գլուխ հանել Եվրոպայի արեւելքում ծագած հակամարտությունից եւ անել շատ ուրիշ գործեր: Գրեթե ամենուրեք եւ ամեն ինչում Եվրոպային սպասում են բարդություններ:

«Աշունը կլինի շատ հագեցած», ֆրանսիական «Պոլիտիկո» հանդեսի թղթակցին ասել է «Քարնեգի» հաստատության տնօրեն Ժան Տեշոն:

Եվրոպաշտոնյաներից ոմանք 2015-ի սեպտեմբերը համեմատում են 2008-ի աշնան հետ, երբ Lehman Brothers բանկի սնանկացումից համաշխարհային ճգնաժամ սկսվեց:

Խնդիրների մեծամասնության խորացման համար մեղավոր է ինքըՙ Եվրոպան: Որպես կանոն, դրանք ի հայտ են եկել վաղուց, բայց ժամանակին միջոցներ ձեռնարկելու փոխարեն Եվրոհանձնաժողովը սպասում էր եւ լրջորեն գործի անցավ լոկ այն ժամանակ, երբ դրանք հասան հսկայական չափերի: Եվրոպաշտոնյաները անշտապ գործելու սովորությունը ժառանգել են իրենց նախորդներից: Խնդիրների լուծման այդ եղանակը քիչ թե շատ բավարար արդյունքներ տալիս էր անցյալում, երբ Եվրոմիության անդամ պետությունները քիչ էին, մինչդեռ 28 պետության առկայության պայմաններում տվյալ գործելակերպը դարձել է անարդյունավետ:

Բրյուսելում առավել հրատապ են համարում Հունաստանի խնդիրը: Թեեւ Աթենքին օգնելու երրորդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել, դեռ վաղ է խոսել Հունաստանի ճգնաժամի ավարտի մասին: Սեպտեմբերի 20-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքական անկայունության եւ եվրոգոտուց դուրս գալու նոր կոչերի:

Ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը Բրյուսելում առաջվա պես այնքան էլ չեն կարեւորումՙ ի տարբերություն իրավիճակին քաջածանոթ քաղաքական գործիչների, որոնցից շատերի համար աֆրիկացի եւ ասիացի գաղթականների հեղեղը արդեն դարձել է թիվ 1 խնդիր: Եվրոհանձնաժողովում մինչեւ վերջերս տիրող այդ անխռովությունը, ըստ երեւույթին, բացատրվում է, որ խնդիրը նոր չէ, եւ որ Եվրոմիությունն արդեն առնվազն տասը տարի փորձում է լուծել այն, նշում է «Էքսպերտ.ռու» կայքէջը: Մասնագետները փախստականների մեծ հոսք էին կանխատեսում Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդեն սկզբնական փուլում, բայց Եվրոհանձնաժողովը չնախապատրաստվեց այդ «իններորդ ալիքին» եւ այժմ ստիպված է վճարել իր անհեռատեսության ու դանդաղկոտության համար:

Ներգաղթյալների հարցը մեծ սրություն է ստացել, բարդացնելով ԵՄ անդամ պետությունների փոխհարաբերությունները: Ոմանք առաջարկում են վերականգնել սահմանային հսկողությունը Եվրոմիության երկրների միջեւ: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը «սկանդալային» է համարում արեւելաեվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին: Ֆաբիուսը նաեւ քննադատել է Հունգարիային այն բանի համար, որ Սերբիայի սահմանի երկայնքով պարիսպ է կառուցում գաղթականների ներթափանցումը կասեցնելու համար:

Մինչ եվրոպացի ղեկավարները վիճում են պարիսպների եւ քվոտաների առնչությամբ, գաղթականները հասնում են Եվրոպա եւ ցրվում տարբեր երկրներում, Բրյուսելը փորձում է հանդես գալ միջնորդի դերում, բայց ԵՄ հին ու նոր անդամներին հաշտեցնելու նրա փորձերն առայժմ արդյունք չեն տալիս: ԵՄ անդամ բոլոր երկրների ներքգործնախարարները սեպտեմբերի 14-ին կփորձեն մշակել ներգաղթի հետ կապված կոնկրետ միջոցառումներ:

Դժվարությունները քիչ չեն նաեւ տնտեսական ճակատում: Եվրոպական շատ երկրներ մնում են լճացման վիճակում, գործազրկության մակարդակը բարձր է, իսկ բանկերը դժկամութամբ են վարկեր հատկացնում: Անհրաժեշտ է բարեփոխել միասնական արժույթի գոտին, սակայն բոլոր ծրագրերն ու նախագծերը ի չիք են դառնում եվրոպաշտոնյաների վեճերի ու քննարկումների ժամանակ:

Զարմանալի չէ, որ ներկայումս ուշադրության կենտրոնում Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն է, որը շուտով կնշի իր պաշտոնակալության մեկ տարին: Սեպտեմբերի 9-ին նա հանդես կգա Եվրոմիությանն ուղղված իր առաջին ուղերձով, որտեղ կպատմի Եվրոհանձնաժողովի առաջիկա տարվա ծրագրերի մասին:

Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալ Տուսկին, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2014 թ. դեկտեմբերից, նրա գլխավոր ձեռքբերումը եվրոգոտու պահպանումն է: Առաջիկա տարում նա պետք է նույն բանն անի ամբողջ Եվրոմիությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.