AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1467, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցնող 10 օրերին համաշխարհային կարեւորագույն խնդիրը Լիբիայից, Իրաքից եւ հատկապես Սիրիայից հարյուրհազարավոր փախստականների ներխուժումն էր եվրոպական տարածքներ: Բացի սոցիալական, քաղաքական, անգամ ապահովական հարց դառնալուց, կրակից, սովից ու ահաբեկչությունից փախչող մարդկային այդ զանգվածներին ընդունել-չընդունելու հարցը ներքին հակասությունների սրման հասցրեց մինչ այդ կուռ ամբողջություն համարվող Եվրոմիությանը: Նույնիսկ սպառնալիք ստեղծվեց Շենգենյան համաձայնության հետագա գոյության համար, նկատի ունենալով, որ այդ համաձայնությունը ապահովում է Եվրոմիության բազմաթիվ երկրների միջեւ ազգային սահմանների վերացումըՙ տնտեսական եւ այլ կարգի օգտավետ պայմաններ ստեղծելով անդամ երկրների համար, վերջնանպատակ ունենալով եվրոպական տարածքի ամբողջական մեկության գաղափարը:

Եվրոպա մուտք գործելով հիմնականում Հունաստանից եւ Իտալիայից, փախստական զանգվածները, որոնց գլխավոր նպատակակետը միշտ մնում են Գերմանիան, Ավստրիան ու Շվեդիան, օրերով մնացին ու դեռեւս մնում են եվրոպական մյուս երկրների սահմանագծերին, ինչը ուղղակի հակասում է Շենգենյան համաձայնության սկզբունքներին, որի դիմաց որոշ երկրներ, ինչպես Հունգարիան, Սլովենիան, Ալբանիան եւ այլ, իրավամբ մեղադրում են եվրոպական մեծերինՙ Ֆրանսիային, Բրիտանիային ու Գերմանիային, Հյուսիսային Աֆրիկայում ու Սիրիայում իրենց իսկ հրահրած «գարնանային» պատերազմների հետեւանքները մյուս երկրների հետ կիսելու պարտադրանքի համար:

Համենայնդեպս, փախստականները, որոնց թիվը հասնում է արդեն 5 միլիոնի, մինչ եվրոպական «դոնբացեքի» գործընթացը հիմնականում «տեղավորված» էին գլխավորաբար 5 երկրներումՙ Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս (նկատի ունեցեքՙ Արաբական ծոցի հարուստ երկրներից եւ ոչ մեկում եւ ոչ մի հատ):

Այս բոլորի մեջ մեզ առավել շահագրգռողը մեր սիրիահայ հայրենակիցների վիճակն է, որոնց թիվը Հայաստանում, ըստ արտգործնախարար Էդ. Նալբանդյանի վերջերս արած հայտարարության, հասնում է 15 հազարի: Բավական պատկառելի այս թիվը, որն ի դեպ ավելի մեծ է, քան ողջ Եվրոպայում մինչեւ վերջին իրադարձությունները ապաստան գտած սիրիացիների ընդհանուր քանակը, ամենայն հավանականությամբ դեռ երկար կմնա, քանի դեռ իրավիճակի հանդարտեցման եւ բնականոն կյանքի վերադարձի նշույլ չի երեւում հորիզոնում: Հետեւաբար արժանի է մեր պետության սեւեռուն ուշադրությանը: Ճիշտ է, սիրիահայերը Հայաստանում ո՛չ վրանաբնակ են (անշո՛ւշտ), ո՛չ էլ սովալլուկ գաղթական (շնորհիվ իրենց անձնական ու համանքային հրաշալի հատկանիշների), սակայն նրանցից շատերն արդեն կարիքավոր են, եթե նույնիսկ չեն սիրում բարձրաձայնել այդ մասին: Նրանց վերաբնակեցումը, ինտեգրումը, աշխատանքով ապահովումը, կրթությունն ու վերաորակավորումը օրախնդիր հարցեր են, որոնք պետք է լուծվեն պետականորեն եւ միջազգային մակարդակով:

Վերջին օրերին մեզ չհաջողվեց համապատասխան գերատեսչություններից պարզել, թե ցարդ միջազգային որքան օգնություն են մեր կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները սիրիահայության համար ապահովել միջազգային կազմակերպություններից (դրանք միշտ «փակ» տեղեկություններ են համարվում մեր երկրում): Սակայն ինչ էլ եղած լինի այն, հիմա իսկական ժամանակն է միջազգային մեծածավալ օգնություն պահանջելու եւ ստանալո՛ւ:

Հիմաՙ երբ եվրոպական երկրներն ու Մ. Նահանգները ստիպողաբար սկսել են շահագրգիռ մոտեցում ցույց տալ փախստականների վիճակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.