AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1426, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՊԱՐԱԿԱՆՈՆ ՄՏՔԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անընդհատ գրելով մեր քաղաքական կյանքի մասին` երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ ժամանակը մեզ մոտ կանգ է առել, կամ էլ միգուցե ես եմ անընդհատ հայտնվում անցյալի ժամանակային միջանցքներում, եւ ուզում-ուզում եմ ու չեմ կարողանում դեպի ժամանակակից կյանք վերադառնալու ճամփան գտնել:

Իսկ ժամանակը մեր քաղաքական հարթույթից դուրս ո՜նց է սլանում, ոնց է սլանում, որ անգամ աչք չես հասցնում թարթել: Երանի մեր քաղաքականներն էլ տեսնեն համատիեզերական էս անդուլ շարժումը: Ահա. շումերագետ Արմեն Ռեւազյանը կարողացել է Կրետե կղզում դեռ հարյուր տարի առաջ հայտնաբերված, մ.թ.ա 1500 տարի հնության սկավառակը, որի վրա տանջվում էր աշխարհի գիտնականների միտքը, հայերենի օգնությամբ վերծանել: Սկավառակի գիրն այն մասին է, որ այդ մեհենագիրը թողել է Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան, եւ որ` այդ արքայի ժամանակակից հայա գիտնականները անկյունաչափ հորինելով չափել են երկրի ու արեւի անկյունը, բա: Ու հենց մ.թ.ա 1500 թվականին մերոնք գտել են Բեւեռային աստղի տեղը: Էհեյ, քաղաքականներից ո՞վ կա այդտեղ, որ անընդհատ պտտվում եք ձեր առանցքի շուրջը, աշխարհը կանգնած չի, գեներացնողներն ու հայտնագործողներն անդադրում են, տեղյա՞կ եք: Տեղյա՞կ եք, որ դուք անշարժ եք, իսկ Ռեւազյանը շարժվում է, Ռեվազյանը Արտաշ արքայի հետնորդն է, իսկ դուք` չգիտեմ... Դուք անընդհատ պտտվում եք «ով գնաց բազարի, ով ավել պոկեց, ով ում պորտը տեղը դրեց սեփական թերթով կամ կայքով, ով ում բիզնեսի դեմ պատվիրեց այսուայն ԶԼՄ-ով» տիրույթում ու ոչ մի կապ չունեք հոսող կյանքի հետ: Սթափվեք, գլուխներդ հովին տվեք, մտքներդ պարզաջրեք, դուրս եկեք ձեր առուներից համազգային գետ, միգուցե ինչ-որ բան փոխվի ձեր հայացքում ու ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենաք վերջապես: Թե չէ անգամ տեղյակ չեք` ի՞նչ է հայտարարում վարչապետը ԵՏՄ վարչապետների հավաքին (թե` փոոխադարձ առեւտրում ռուբլով առեւտուր անենք), տեղյակ չեք, թե ո՞ւմ եք առաջադրում արդարադատության նախարար, ու միշտ արդեն կատարված փաստի սպասարկուն եք: Չնայած` վատ չէ, որ արդարադատությունը իգական սեռի նախարար ունեցավ, էն էլ` սիրուն, սիրունի ձեռքին տանջվելը միշտ երջանկություն է գոնե տղամարդ պաշտոնյաների մասով:

Իսկ եթե լուրջ` ապա Արփինե Հովհաննիսյանն առաջին հայացքից կարող է թավշյա թվալ, իրականում նա մի քանի անգամ խորհրդարանում հակադրվելիս իր ամուր բնավորությունը ցույց է տվել, այնպես որ` համակարգի պաշտոնյաների մշտական լարվածությունը երաշխավորում ենք: Իսկ թե կկարոանա՞ ինչ-որ բան փոխել իրականում, կամ համակարգին չենթարկվելու կամք կունենա՞, դա չգիտենք: Իհարկե, կարող ենք ենթադրել, մանավանդ տարիների դիտումների մեր փորձառությունը դա թույլ է տալիս, բայց չենք անի դա, Արփինեն սրբազան սարսուռով չի վերաբերվում փորձառությանը, այնպես որ թող անցնի իր սեփական Գողգոթայով, բարի ճանապարհ:

«Երջանիկ եմ, որ Գեւորգ Ալեքսանյանի հայրն եմ», Լաս Վեգասից ասում է աշխարհի կրկնակի չեմպիոնի մարզիչն ու հայրը: Բա մենք որքան երջանիկ ենք, որ ունենք ազգի այսպիսի ներկայացուցիչ, դեռ կապույտ աչքերն ու հարդագույն մազերն էլ` հավելյալ, որպես հին գենի մերօրյա վերարտադրություն (չշփոթել իշխանության վերարտադրության հետ): Դե` ազգ ներկայացնողներին Աստված այդպես պիտի ամեն ինչ շռայլորեն տա, որ աշխարհը հասկանա, թե ինչ է բերում նախաշումերյան ժամանակից ճամփա ընկած գետի հոսքը: Հիմա էլ կասե՞ք, թե Սասունցի Դավթի կերպար չունենք, կինոշնիկներ, քանի ջահել է` նկարեք, ինչի՞ եք սպասում: Ու էն է անցնում մտքովս, որ անկախ ամեն տեսակի խանգարիչ-խոչընդոտներից` ազգի էս տեսակ թարմացումներն անխուսափելի են, գենը ստորջրյա գետերի պես պտույտ է տալիս ու տեղ-տեղ դուրս թռչում, գենը կորչողը չի, անընդհատ չի կարող գետնի տակ քլքլթալ: Բայց էս տեսակ վերարծարծումները մեր քաղաքականների մտա- կենսահորիզոնից դուրս են դեռ. քաղաքականների մեծ մասի պարագայում գենը հանգստացել է կարծես... Կփոխվի երեւի, կհասկանան ճարտարապետները` ում եւ որտեղ են բերում:

Շաբաթը գլորեցինք լարված սահմաններով, անգամ` զոհերով, արտաքին ու ներքին տուրեւառումներով, որոնք հայերիս մտածելու առիթներն են շատացնում: Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանը նորից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ` ծանր հրետանի վաճառելու մասին հայտնեց. Ադրբեջանը Ռուսաստանին ժամանակակից տանկերի, զրահապատ մեքենաների, հրետանային սպառազինությունների պատվեր է տվել, ու որքան էլ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանն ասի, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար սիտուացիոն գործընկեր է, իսկ մենք` ռազմավարական դաշնակից, դրանից փաստը չի փոխվում, որ Ադրբեջանը ռուսական զենքի նորանոր խմբաքանակներ է գնում` հայերին գնդակոծելու համար: Երեւում է` մեր սահմաններում լարվածության աստիճանը, որի մասին պատմել է Սարգսյանը Պուտինին, վերջինիս այնքան բավարար չի թվացել` կովկասյան քաղաքականության իր թիրախներին հասնելու համար: Նոր զենք` նոր լարվածություն, իսկ այդ պայմաններում միգուցե Պուտինից էլ ավելի շատ բան կախված լինի: Ինչ պիտի ակնկալի այս դեպքում այս երկու օրը տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովից մեր նախագահը` մի քիչ անըմբռնելի է. Ադրբեջանը կրակում է, ՀԱՊԿ-ի դոմինանտ ուժ Ռուսաստանն էլ նրան զենք է տալիս այդ բանի համար, ի՞նչ սպասել այդ ՀԱՊԿ-ից:

Հայաստանի շուրջ այժմ ստեղծված իրավիճակը հիշեցնում է անցած դարասկզբի համանման իրադրությունները . մեր նախագահը հայցում է ՀԱՊԿ-ի շրջանակում Ադրբեջանի սաստում, ինչը հանգիստ կարելի է նույնականացնել հարյուր-հարյուրքսան տարի առաջվա Հայաստանի այն ժամանակվա ներկայացուցիչների հայցումների հետ միջազգային ատյաններում, որտեղ հայերի շահը միշտ դուրս էր մեծ պետությունների շահերից: Աստված պահպանի Հայաստանը սահմանային նոր լարումներից ու զոհերից:

Բոլոր դեպքերում եկող շաբաթ աշխատանքն սկսող Հայոց խորհրդարանում անդրդվելի են, հայոց սահմանների վերաբերյալ մտաահոգվելու փոխարեն` սահմանադրակական փոփոխություններից են ասում-խոսում-ասուլիսվում, չնայած ըստ որոշ լուրերի` սահմանադրական փոփոխություններն առայժմ կարող են առկախվել: Եթե ու հանկարծ այդպես պատահի` որքան անհեթեթ կարող են դառնալ սահմանադրական փոփոխությունների ներկա «ադաբրյամսային» քննարկումները, որքան ժամանակ փող ու թուղթ է ծախսվում դրա վրա, որքան մարդ է իր բանուգործը թողած թեական գործընթացով զբաղվում: Ի դեպ` հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը նախագծի վերաբերյալ խոսակցությունների մեկնարկին ասել էր, թե ինքն էլ նոր առաջարկվելիք մոդելի կողմնակիցը չէ, բայց որ քննարկումները բերեն դրա անհրաժեշտությանը` խնդիր չի տեսնում: Էէէէ՞:

Ու դեռ Ռոբերտ Քոչարյանն էլ անցած շաբաթ թույլ չտվեց մոռանալ իր մասին` «Ազատություն» ռադիոկայանինՙ իր վերադարձի թեման «եթե-ապա» անելով, մի շարք բաներ այս առթիվ ասելով` հաջողեցնելով ըստ էության ոչինչ չասել: Միգուցե կապ կա՞ նրա այս «եթե-ապայի» ու որոշակի լրատվամիջոցներով սահմանադրական փոփոխությունների նախագիծը առկախելու արտահոսքերի միջեւ:

Ամեն օր ինքնասպանությունների մասին մանրամասն պատմող, դրանցով բազմաթիվ լայքեր հավաքող կայքի տեղեկացմամբ` Երեւանում բացվել է սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների «Անտիսուիցիդ» կենտրոն, որը պետք է նաեւ ԶԼՄ-ների հետ աշխատի, որ այդպես լայնորեն չգովազդեն ինքնասպանությունները: Միգուցե հենց էդ կայքից էլ սկսի: Բոլոր դեպքերում լավ է, որ տարին մի քանի հարյուր ինքնասպանության դեպք գրանցող Հայաստանում այդպիսի կենտրոններ սկսեն գործեն, բայց թե ոնց պետք է կանխարգելեն իրենց տասներորդ հարկից անսպասելի նետողներին, սա` չգիտենք: Միգուցե այդպիսի կենտրոնների հավաքած տեղեկատվությունն ու վերլուծությունը օգտակար լինեն պետության ղեկավարներին, սահմանադրական փոփոխություններին կողմ ու դեմ մեր քաղաքական ասերին, որոնք ի վերջո ազգի հոգեւոր առողջությունն ավելի բարձր հարթության վրա կդնեն, քան իշխանության վրա մնալու ուղղությամբ բազմաշերտ ինտրիգնրի կազմակերպումը:

Հ.Գ. Խնդրում ենք քաղաքական մեր հին քամի փչողներին հատկապես, որ երեւույթները, իրադարձությունները գնահատելիս հրաժարվեն «դրական տեղաշարժ, ընդգրկուն օրակարգ, նկատելի առաջխաղացում, դրական զարգացումներ» եւ նման ոչինչ չասող բառերով հագեցած բառապաշարից ու խոսել ըստ էության: Շնորհակալություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.