AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՍՏԱՅՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերն ու վրացիները հակակրանք են զգում միմյանց նկատմամբ: Այս երկու քրիստոնյա ազգերը, շրջափակված մահմեդական հարեւաններով, դարեր շարունակ ապրել են իրար հետ: Հայերը, օտար երկրներում բարգավաճելու իրենց հակվածությանը տուրք տալով, 19-րդ դարի գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շենացրին ու դարձրին արվեստների ու մշակույթի կենտրոն: Վարձատրության փոխարեն, նրանք «վայելեցին» վրացիների նախանձը, որը գնալով աճեց, մինչեւ որ 1920 թվականին երկիրն անցավ խորհրդային կարգերի տիրապետության տակ: Այս շրջանում էլ «պրոլետարական համերաշխության» քողի ներքո, վրացիները բռնագրավեցին հայերի տներն ու կալվածները եւ սկսեցին իրագործել ազգայնամոլության ամենաստոր տեսակները:

Երբ խորհրդային կայսրությունը տապալվեց, տարածաշրջանի ազգությունները հայտնվեցին տարածքային հակասական պահանջների հորձանուտում: Նման իրավիճակ ստեղծվել էր 20-րդ դարի սկզբներին, երբ ցարական կայսրութունը տապալվեց: Հայերն ու վրացիները կարճատեւ պատերազմեցին միմյանց դեմ եւ արդյունքում հայկական պատմական Ջավախք նահանգը մնաց սահմանի վրացական կողմում:

Այդ օրվանից բարեկամության եւ համագործակցության փոխարեն, հակամարտությունը, նախանձն ու թիկունքից հարվածելն է բնութագրել հարաբերությունները այս երկու ազգությունների միջեւ:

Անկախությունից ի վեր Վրաստանը, ամեն հնարավոր դեպքերում, բռնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմը եւ համագործակցել նրանց հետ: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ում քվեարկություններն ու երկաթուղային եւ էներգակիր համակարգերի կառուցումները: Թբիլիսին համագործակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանին մեկուսացնելու եւ նրա տնտեսության զարգացումը կասեցնելու գործում: Վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ Անկարայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն հայտարարել է, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եռակողմ համագործակցությունը «աճ է արձանագրում: Գլոբալ նշանակության խողովակաշարերի եւ հաղորդակցական միջոցների (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքուղու եւ Տրանս-Անատոլիական գազամուղի) կառուցմանը զուգահեռ վերջերս մեկնարկած էներգա-արտադրողական եւ փոխանցման ծրագրերը ծառայում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը լավագույնս ապահովելու երկարաժամկետ շահերին»:

Հայաստանը նշված ծրագրերից ոչ մեկին չի մասնակցում: Նրան դիտավորյալ դուրս են թողել այդ ամենից: Թբիլիսին գաղտնի համաձայնություն է կնքել Հայաստանի թշնամիների հետ:

Թշնամական արտաքին քաղաքականությանը զուգահեռ Վրաստանի մեծածավալ հայկական համայնքը ենթարկվում է ներքին ճնշումների: Բռնագրավվում են եկեղեցիներ, փակվում են դպրոցներ, թատերական հաստատություններ, թերթեր եւ հետապնդումների է ենթարկվում Ջավախքի հայ համայնքը:

Դժբախտաբար Հայաստանը լծակներ չունի ազդելու Վրաստանի վրա եւ ստիպված է վարել բարեկամական հարաբերություններ պարզապես ավելի չբարդացնելու համար իրավիճակը:

Ծովային ելք չունեցող, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակված Հայաստանը ընդամենը երկու հնարավոր անցակետ ունի հաղորդակցվելու արտաքին աշխարհի շուկաների հետ: Դրանք են Իրանն ու Վրաստանը: Բայց Հայաստանը թողնված լինելով վրացիների ողորմածությանը, կարող է օգտվել միայն մեկիցՙ Իրանի անցակետից:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008-ի օգոստոսին ծագած պատերազմի օրերին մեծապես տուժեցին Հայաստանի առեւտուրն ու հաղորդակցական միջոցները: Իրանյան կառավարությունը հասկացրեց, որ Հաաստանը կարող է առեւտրական կամուրջ հանդիսանալ Ծոցի եւ Սեւ ծովի երկրների միջեւ: Նման կարգավիճակ իրականացնելու համար Երեւանը պարտավոր է բարեկամական հարաբերություններ պահպանել Թբիլիսիի հետ:

Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը արդյունք է մեծ մասամբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ եղած թշնամանքի, քանի որ Հայաստանը ռուսամետ է:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բնազդային հակառուսաստանյան քաղաքականությունը մեծ վնաս պատճառեց Վրաստանին ինչպես տարածքային կորուստով, այնպես էլ տնտեսական անկումով: Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը որոշ շտկումներ կատարեցՙ փորձելով վերահսկել դրության նորմալացումը: Հայաստանը հաջողությամբ կարողացավ իրականացնել կոմպլեմենտար քաղաքականություն: Այժմ Վրաստանի հերթն է որդեգրելու առավել համալիր արտաքին քաղաքականություն:

Երկիրը դեռեւս բաժանված է մնում երկու բեւեռների, որոնք լավագույնս արտահայտված են երկու ներկայացուցիչների տարբեր մոտեցումներում, մեկըՙ Անկարայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեի, մյուսըՙ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի, ով վերջերս Մոսկվայում էր գտնվում բանակցություններ վարելու նպատակով:

Առաջինը շարունակում է պաշտպանել ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ Եվրոպային ինտեգրվելու գաղափարը, իսկ երկրորդը ողբում է Սաակաշվիլու հակառուսական քաղաքականության հետեւանքները եւ պատերազմ հրահրելու գինը: Այդ ժամանակ նույնիսկ Վաշինգտոնն իր դաշնակցի ականջները քաշել էր շատ հեռուն գնալու համար: Ռուսաստանը հստակեցրել է, որ դեմ է իր սահմաններում ՆԱՏՕ-ի զորքեր ունենալու գաղափարին: Դեռ 2011-ին Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինվորական գործողությունները նպատակ ունեն հակադարձելու Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումները:

Քաղաքականության նույն կուրսը շարունակելը նշանակում է գայթակղել սատանային, իմանալով, որ հնարավոր չէ հասնել Սաակաշվիլուց ավելի լավ արդյունքի:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բուրջանաձեն, ով ներկայիս ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով Մոսկվայում հանդիպումներ է ունեցել քաղաքագետների եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ: Խոսակցություններ կան, որ նա նույնիսկ տեսակցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վրաստանի ձախորդությունների համար նա բացահայտորեն մեղադրել է Սաակաշվիլուն եւ խոստովանել, որ մի ժամանակ ինքն էլ այն կարծիքին էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը նպաստավոր կլիներ երկրի համար: «Ես էլ եմ նպաստել այդ քաղաքականությանը, բայց 2008-ից ի վեր արմատապես փոխել եմ իմ դիրքորոշումը», ասել է նա:

Բուրջանաձեն փորձում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վերջերս կատարված հարցումները վկայում են այն մասին, որ այդ քաղաքականությանը կողմնակից է ժողովրդի 31 տոկոսը: Վրացիներից շատերը, այդուհանդերձ, բացահայտորեն ողջունում են Եվրոպայի տնտեսական միությանը անդամակցելու գաղափարը: Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ շաբաթ զարմանալիորեն պաշտոնից ազատեց երկրի արտգործնախարարին, էկոնոմիկայի նախարարին նշանակելով նրա փոխարեն:

Բուրջանաձեն, իր հերթին, ավարտել էր դիտարկումներից մեկն ասելով. «Փոքր պետությունները պարտավոր են մտածել իրենց անձնական շահերի մասին եւ չպետք է այն պատրանքը փայփայեն, որ ուրիշները կարող են իրենց շահերը զոհել հանուն իրենց»:

Երեւանյան «Ազգ» շաբաթաթերթի մոսկովյան քաղաքական մեկնաբան Ռուբեն Հայրապետյանը Բուրջանաձեի Ռուսաստան կատարած այցը լուսաբանելիս, ակնարկելով Հայաստանում ծայր առած հակառուսական տրամադրություններին, չափազանց խորիմաստ «Սովորենք ուրիշների սխալներից» վերնագիրն էր ընտրել իր հոդվածի համար:

Համենայն դեպս, կարելի է ասել, որ Հայաստան-Վրաստան սահմանում ներկայիս համեմատական անդորր է տիրում հավանաբար պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թբիլիսիի ջանքերով: Հայաստանը աջակցում է այդ մերձեցմանը, որովհետեւ այն բխում է նաեւ իր շահերից:

Վերջերս հայտարարվեց, որ հայ աշակերտների համար Թբիլիսիում կառուցվում է 1000 հոգու համար նախատեսված մի դպրոց: Առեւտրաշրջանառությունը եւ պատվիրակությունների փոխադարձ այցելությունները երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ավելացել է: Կառավարությունը նույնիսկ միջոցներ է ձեռք առնում բարելավելու տնտեսական վիճակը Ջավախքում:

Իհարկե, չենք կարող մեծ հույսեր կապել վրացիների բարյացակամության հետ, սակայն, ինչ խոսք, Հայաստանը կարող է որոշակիորեն օգտվել Վրաստանի հետ հարաբերությունների ներկա բարելավումից: Հայաստանը հիմա շատ ավելի մոտիկ է իրականցնելու առեւտրային կամուրջ հանդիսանալու իր եզակի դերը համադրելով արտաքին քաղաքականության երկու բաղադրիչները: Մի կողմից Իրանն է ձերբազատվել իր պատժամիջոցներից եւ սահմանափակվածութունից, իսկ մյուս կողմից Վրաստանն է առավել զիջող դարձել շնորհիվ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ իր նորացվող հարաբերությունների:

Հայաստանը պատանդ էր դարձել վրացական քաղաքականությանը եւ ներկայի բարենպաստ պայմաններն ու բարելավվող հարաբերութունները կարող են Երեւանը դուրս բերել Վրաստանի քաղաքական ոստայնից:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.