AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1104, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Երեւանի պետական համալսարանի Տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սարգսի Մանասյանի ծննդյան 75 տարին: Հանրապետության գիտական շրջանակները նրան գիտեն որպես գիտամանկավարժական ու հասարակական քաղաքական ոլորտների անխոնջ գործչի եւ հայրենանվեր մտավորականի:

Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ու պատմության եւ ֆիզմաթ ֆակուլտետների հայկական բաժնի շրջանավարտ եւ այնուհետեւ տեղի «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթի լրագրող Ալեքսանդր Մանասյանը իմաստասիրության անդաստան է մուտք գործել 1967-ին` ընդունվելով ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի սեկտորի ասպիրանտուրան: Թեկնածուական թեզի համար «Գիտական գիտելիքի զարգացման պրոբլեմը» հետազոտական թեմայի ընտրությունը յուրովի ծրագրավորեց նրա ողջ հետագա գիտական գործունեությունը ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում: Այս հիմնախնդրին նվիրված նրա առաջին մենագրության մեջ իմացության փիլիսոփայական վերլուծության մեկնակետ ընտրվեց էվրիստիկ մեծ ներուժ ունեցող այն գաղափարը, որ գիտական գիտելիքների ներգիտական հատկություններում ներկայանում, առարկայանում ու բացահայտելի են դառնում նրանց իմացաբանական բնութագրերը: Իմացաբանական այդ վարկածը նա ծավալեց զետեղած իր ուսումնասիրություններում:

Հատուկ գնահատանքի է արժանի հոբելյարի մոտ կեսդարյա մանկավարժական գործունեությունը: 1983-2002 թթ. նա աշխատել ՀՀ ԳԱ փիլիսոփայության ամբիոնում նախ պրոֆեսորի եւ ապա նրա վարիչի պաշտոնում (1992-2003 թթ.), իսկ այնուհետեւ Երեւանի պետական համալսարանի տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնում, որը նա գլխավորում է 2003 թվականից մինչ օրս: Սկզբունքայնություն, պահանջկոտություն, օգնության պատրաստակամություն` գիտնականի այս որակներն են թույլ տվել նրան պատրաստելու բարձր որակավորման բազմաթիվ կադրեր: Այսօր էլ նա աշխատում է երիտասարդական ավյունով ու նվիրվածությամբ:

Ա.Մանասյանի` որպես գիտնականի անկախությունը, գիտական բարձր իդեալներին հավատարմությունը դրսեւորվեցին նաեւ նրա հասարակական քաղաքական գործունեության մեջ: Գիտնականի ու քաղաքացու նրա այդ որակները հասարակայնորեն նշանակալից ձեւով դրսեւորվեցին Ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին: 1991-1995 թթ. նա համատեղության կարգով աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովում: Հանրությունը պրոֆ. Մանասյանին գիտի որպես 1988 թ. «Արցախ» հայրենակցական բարեգործական միության նախագահ: Այժմ նա գլխավորում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությունը եւ Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված տեղեկատվական մարտերում մշտապես դիմակայության առաջին բնագծում է իր հեղինակային կայքերով (Versia.am, Ditaket.info, Dezaz.info), ռադիո եւ հեռուստատեսային ծրագրերում, ժողովրդական դիվանագիտության հարթակներում եւ գիտական ֆորումներում ունեցած ելույթներով, հարյուրավոր հոդվածներով:

1991-ից ի վեր Ա.Մանասյանը հետազոտական աշխատանքներ է ծավալել պատմության փիլիսոփայության եւ քաղաքագիտության բնագավառներում` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի համարժեք իմաստավորման եւ նրա միջազգային քաղաքական կարգավորման հետ: Նշանակալից է նրա ներդրումը ազգային այդ հիմնահարցի պատմաքաղաքական եւ իրավական հիմքերի ուսումնասիրության եւ քաղաքական շրջանակներում ու հանրային գիտակցության մեջ դրանց ներդրման գործում: Այդ բնագավառում Ա.Մանասյանի ստացած գիտական արդյունքները կարեւոր նշանակություն ունեն ինչպես նոր պայմաններում ազգային քաղաքական գիտակցության ձեւավորման, այնպես էլ արտաքին քաղաքական ռազմավարության հայեցակարգի մշակման համար: Նրա կողմից կատարված աշխատանքները թույլ են տալիս խոսել նոր, ամբողջական հայացքի առաջադրման մասին: Հիմնախնդրի մասին նրա բազմաթիվ մենագրություններն ու հոդվածները (*), որոնց զգալի մասը թարգմանվել է եվրոպական լեզուներով, սեղանի գրքեր են դարձել խնդրով զբաղվող հասարակական ու քաղաքական գործիչների համար:

Շնորհավորում ենք հոբելյարին ու ցանկանում նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր խիզախումներ:

(*) Հոբելյարը մի շարք հրապարակումներ եւ հարցազրույցներ ունի նաեւ «Ազգ» օրաթերթի էջերում, հատկապես 1994-2000 թվականներին: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.