AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ԻՍԼԱՄԻԶՄԻ ՆԵՐՍՈՒՄ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1392, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՆՉՈՒ ՇԻԱՆԵՐԸ ԵՎ ՍՈՒՆՆԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՐԱՇԽ ԱՊՐԵԼ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքը դարձել է նշանակալի իրադարձությունների ասպարեզ: «Արաբական գարունը», բռնապետությունների տապալումը, տարածաշրջանի պատերազմներն ու դիմակայությունները դարձել են միջազգային կյանքի կարեւորագույն թեմաներ: Վերջերս հայտնի դարձավ Եմենում մարտական գործողությունների սկզբից ի վեր արաբական կոալիցիայի կրած ամենամեծ կորուստների մասին: Քաղաքական եւ ռազմական մարտերը հաճախ երկրորդ պլան են մղում բազմադարյա հակասությունների հիմնական կողմերից մեկըՙ կրոնական երկպառակությունը: «Լենտա.ռու» կայքէջը փորձել է ի հայտ բերել շիա-սուննի պառակտման պատճառները եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի իրադրության վրա:

Շահադա

«Վկայում եմ, որ չկա Աստված, բացի Ալլահից, եւ վկայում եմ, որ Մուհամմեդը Ալլահի մարգարեն է». այսպես է հնչում շահադանՙ «վկայությունը», որը իսլամի առաջին սյունն է: Միջնադարում պաշտոնական անձի առջեւ «անկեղծ սրտով» շահադայի եռակի արտասանումը նշանակում էր իսլամի ընդունում: Սուննիների եւ շիաների հակասությունները սկսվում են արդեն այս կարճ հայտարարությունից: Շիաները իրենց շահադայի վերջում ավելացնում են «... եւ Ալին Ալլահի բարեկամն է» բառերը: Ուղղահավատ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբըՙ երիտասարդ իսլամական պետության առաջին ղեկավարներից մեկը, Մուհամմեդ մարգարեի փեսան էր: Ալիի սպանությունը եւ նրա որդի Հուսեյնի մահը մահմեդական հանրակցության ներսում դարձան քաղաքացիական պատերազմի նախաբանը եւ համայնքը կիսեցին սուննիների ու շիաների:

Սուննիները կարծում են, որ խալիֆին հարկավոր է համայնքի քվեարկությամբ ընտրել կուրեյշի ցեղի ամենաարժանավոր տղամարդկանցից: Շիաները հանդես են գալիս իմամաթի օգտին, երբ բարձրագույն ղեկավարը թե՛ հոգեւոր եւ թե՛ քաղաքական առաջնորդ է: Շիաների կարծիքով, իմամ կարող են լինել միայն Մուհամմեդ մարգարեի ազգականներն ու սերունդները: Շիաները սուննիների ղուրանը համարում են կեղծված: Նրանց կարծիքով, այնտեղից հանված են այն բանաստեղծությունները, որոնցում խոսվում է Ալիին Մուհամմեդի իրավահաջորդ նշանակելու անհրաժեշտության մասին:

«Սուննիզմի մեջ արգելված են պատկերները մզկիթներում, իսկ շիաների «հուսեյնիաներում» շատ են Ալիի որդի Հուսեյնի պատկերները: Շիիզմի մեջ նույնիսկ կան հոսանքներ, որոնց հետեւորդներին ստիպում են երկրպագել հենց իրենց: Նրանց մզկիթներում պատերի եւ միհրաբի (Մեքքայի ուղղությունը նշող խորշի) փոխարեն տեղադրված են հայելիներ», պատմում է ՌԴ կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իգնատենկոն:

Պառակտման արձագանքը

Կրոնական տարաձայնություններին գումարվել են էթնիկականները. սուննիզմը առաջին հերթին արաբների կրոնն է, իսկ շիիզմըՙ պարսիկների, թեպետեւ կան շատ բացառություններ: Սպանությունները, կողոպուտները եւ ավերումները քանիցս բացատրվել են հերետիկոսներին պատժելու ձգտմամբ: Օրինակ, 18-րդ դարում վահաբիտ սուննիները գրավեցին շիաների սրբազան քաղաք Քերբելան եւ այնտեղ զանգվածային սպանդ սարքեցին: Այդ ոճիրը մինչեւ օրս չի ներվել եւ չի մոռացվել:

Այսօր շիիզմի պատվարը Իրանն է. այաթոլլահները ողջ աշխարհի շիաների պաշտպանությունը համարում են իրենց պարտքը եւ տարածաշրջանի սուննի երկրներին մեղադրում են նրանց հալածելու մեջ: Արաբական 20 երկրները, բացի Բահրեյնից եւ Իրաքից, առավելապես սուննի են: Հիմնականում սուննի են նաեւ Իրաքում եւ Սիրիայում կռվող արմատական հոսանքների ներկայացուցիչները, այդ թվում «Իսլամական պետության» գրոհայինները:

Եթե շիաներն ու սուննիները համահավաք ապրեին, իրավիճակը գուցե այսքան խճճված չլիներ: Սակայն շիա Իրանում, օրինակ, կա Խուզեստան նավթաբեր շրջան, որտեղ սուննիներ են ապրում: Հիմնական մարտերը հենց այնտեղ էին մղվում իրանա-իրաքյան ութամյա պատերազմի ժամանակ: Արաբական միապետություններն այդ շրջանն անվանում են «Արաբիստան» եւ մտադիր չեն դադարեցնել պայքարը հանուն Խուզեստանի սուննիների իրավունքների պաշտպանության: Մյուս կողմից, իրանցի առաջնորդները արաբական Բահրեյնը երբեմն հրապարակավ անվանում են Իրանի 29-րդ նահանգՙ ակնարկելով, որ այնտեղ շիաները մեծամասնություն են կազմում:

Եմենի ճգնաժամը

Սուննի-շիա դիմակայության ամենաթեժ կետը մնում է Եմենը: Երբ սկսվեց «Արաբական գարունը», բռնապետ Ալի Աբդալլահ Սալեհը ինքնակամ հրաժարական տվեց: Նախագահ դարձավ Աբդ-Ռաբբո Մանսուր Հադին: Արեւմուտքցի քաղաքական գործիչները սկսեցին պնդել, թե Եմենի օրինակով կարելի է մերձավորարեւելյան ավտորիտար վարչակարգերը արագորեն փոխարինել ժողովրդավարականներով:

Սակայն պարզվեց, որ խաղաղ անցումը թվացյալ է: Եմենի հյուսիսում աշխուժացան հոուսիտ շիաներ, որոնց հաշվի չէին առել Սալեհի եւ Հադիի գործարքի կնքման ժամանակ: Հոուսիտները տեսան, որ նոր ղեկավարը թույլ է եւ անկարող է պայքարել Եմենում գործող «Արաբական թերակղզու Ալ-Ղաիդայի» սուննի արմատականների դեմ: Շիաները որոշեցին չսպասել, մինչեւ իսլամիստները կտիրեն իշխանությանը եւ կմորթեն իրենց, եւ առաջինը հարված հասցրին:

Հոուսիտների ջոկատները միավորվեցին Սալեհին հավատարիմ մնացած զորքերի հետ եւ գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանան: Մարտեր ծավալվեցին հարավային նավահանգիստ Ադենիՙ Հադիի վերջին հենարանի համար: Նախագահն ու կառավարությունը փախան Սաուդյան Արաբիա: Ծոցի նավթային միապետությունների սուննի իշխանությունները Եմենի դեպքերի մեջ տեսան իրանական հետք: Թեհրանը հայտարարեց, որ ինքը չի վերահսկում ասպտամբների գործողությունները:

Եմենում շիաների հաջողություններից սարսափած Էր Ռիադը տարածաշրջանի մյուս սուննի երկրների աջակցությամբ 2015 թ. մարտին ծավալուն օդային հարձակում սկսեց հոուսիտների դեմ, հընթացս օգնելով Հադիին հավատարիմ ուժերին:

Տեխնիկական գերազանցության շնորհիվ արաբական կոալիցիան օգոստոսի վերջերին արդեն հետ էր գրավել հոուսիտների գրաված տարածքների մի մասը: Բայց եթե Իրանը լրջորեն որոշի զենքով օգնել դավանակիցներին, ապա իրավիճակը կարող է փոխվել:

Իհարկե, սխալ կլիներ հոուսիտների եւ Եմենի իշխանությունների հակամարտությունը բացատրել միայն կրոնական պատճառներով, բայց դրանք նշանակալի դեր են խաղում Պարսից ծոցի նոր «մեծ խաղի»ՙ շիա Իրանի եւ շրջանի սուննի երկրների շահերի բախման մեջ:

Ակամա դաշնակիցներ

Սուննի-շիա հակասությունները քաղաքական միջավայրով են պամանավորված նաեւ Իրաքում: Այնտեղ շիաները մեծամասնություն են կազմում, բայց պատմականորեն կառավարող պաշտոններ զբաղեցրել են սուննիները: Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո երկրում վերջապես ստեղծվեց շիա կառավարություն, որը հակված չէր զիջումներ անելու սուննիներին:

Զարմանալի չէ, որ երբ քաղաքական ասպարեզում հայտնվեցին «Իսլամական պետության» սուննի արմատականները, նրանք առանց մեծ ջանքերի գրավեցին առավելապես սուննիաբնակ Անբար նահանգը: Այն հետ գրավելու համար բանակը ստիպված դիմեց շիա աշխարհազորի օգնությանը: Դա դուր չեկավ տեղացի սուննիներին, ներառյալ նրանց, ովքեր մինչ այդ հավատարիմ էին մնացել Բաղդադին. նրանց թվաց, թե շիաներն ուզում են զավթել իրենց հողերը: Բնակավայրերի ազատագրման ժամանակ իրոք եղան կողոպուտի եւ տեղացի սուննիների վրա հարձակման դեպքեր:

Իրաքյան զորամասերին օդից աջակցող ԱՄՆ-ը առանձնապես ոգեւորված չէ շիա աշխարհազորի գործողություններից եւ պահանջում է, որ այն լիովին ենթարկվի Բաղդադի իշխանություններին: ԱՄՆ-ը վախենում է Իրանի ազդեցության աճից: Թեեւ Թեհրանն ու Վաշինգտոնը պայքարում են «Իսլամական պետության» դեմ, երկուսն էլ ջանում են ցույց չտալ, որ շփվում են միմյանց հետ: Իսլամիստական քարոզչությունը լայնորեն շահարկում է այն գաղափարը, թե ԱՄՆ-ը հանդես է գալիս շիաների կողմում, իսկ ԻՊ դիրքերը ռմբակոծող ամերիկյան օդանավերը սուննիների շրջանում կոչվում են «շիաների օդուժ»:

Հատկանշական է, որ նախքան ԱՄՆ-ի Իրաք ներխուժելը դավանանքային պատկանելությունը երկրում երկրորդական դեր էր խաղում: Ինչպես նշում է ՌԴ միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքակրթությունների գործակցության կենտրոնի տնօրեն Վենիամին Պոպովը, «իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ շիա զինվորները փաստորեն կռվում էին իրար դեմ, առաջին տեղում ոչ թե կրոնի, այլ քաղաքացիության հարցն էր»: Բայց երբ Սադդամ Հուսեյնի բանակի սուննի սպաներին արգելեցին ծառայել նոր Իրաքի զինված ուժերում, նրանք սկսեցին զանգվածաբար միանալ իսլամիստներին: «Մինչ այդ նրանք առհասարակ չէին մտածում, իրենք սուննի են, թե՞ շիա», ընդգծում է Պոպովը:

Մերձավորարեւելյան թնջուկը

Սուննի-շիա դիմակայությունը էական ազդեցություն է գործում մերձավորարեւելյան իրադարձությունների վրա, եւ առանց այդ գործոնը հաշվի առնելու անհնար է ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին: «Կարելի է խոսել կրոնական, քաղաքական, պատմական եւ աշխարհաքաղաքական վեճերում հակասությունների միահյուսման մասին: Դրանց մեջ անկարելի է գտնել նախնական թելը, եւ անհնար է լուծել դրանք», ասում է Իգնատենկոն: Մյուս կողմից, հաճախ հնչում են կարծիքներ, թե կրոնական տարաձայնությունները սոսկ քողածածկույթ են իրական քաղաքական շահերը թաքցնելու համար:

Մինչ քաղաքական գործիչները եւ հոգեւոր առաջնորդները փորձում են քանդել մերձավորարեւելյան խնդիրների թնջուկը, շրջանի հակամարտությունները դուրս են գալիս դրա սահմաններից. սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԻՊ 4 հազար գրոհայիններ գաղթականների տեսքով թափանցել են Եվրոպա: (Այս մասին տես ստորեւ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.