AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1779, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄՈՒԱՄԱՐ ՔԱԴԴԱՖԻԻ ԱՆԵԾՔԸ

Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ

Մենք ականատեսներն ենք մի նոր ողբերգության, որը համաշխարհային բնույթ է կրում: Խոսքը Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից հարյուհազարավոր փախստականների անկազմակերպ, հախուռն, «ոչ լեգալ», սակայն հարկադրական ներխուժումն էՙ Եվրոպա, մասնավորապես Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ հարակից երկրներ: Նրանք, ծեր ու մանուկ, կին ու տղամարդ, հիվանդ ու զառամյալ, լքելով իրենց երկրները, փորձում են ապաստան գտնել եվրոպական երկրներում, համարելով դրանք իրենց համար որպես «փրկության խարիսխ»:

Իսկ ո՞րն է պատճառը: Պատճառները շատ են եւ բազմատեսակ Նշված տարածաշրջանի երկրներում տիրող քաղաքական անկայունությունը, տարածաշրջանում անվտանգության ու ապահովության բացակայությունը, ահաբեկչությունը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, հեռանկարի բացակայությունը, ռազմական գործողությունները, որոնք միշտ չէ որ հասկանալի են, թե ով ում դեմ եւ ինչի համար է պատերազմում, երեկվա դաշնակիցների վերածումն անհաշտ թշնամիներիՙ ահա՛ դրդապատճառների ոչ լրիվ ցանկը, որը ստիպում է հարյուրհազարավոր մադկանց դառնալ գաղթական, որոնց թիվն այսօր արդեն մոտենում է հինգ միլիոնի: Հախուռն կերպով բռնելով գաղթականի ցուպը, եւ դեպի Եվրոպա գաղթի ճանապարհը, նրանք «մոռանում» են, որ իրենց այդ անելանելի ծանր դրության համար պատասխանատվության զգալի բաժինը ընկնում է նաեւ հենց այդ եվրոպական երկրների վրա, որոնք որպես գաղութատեր պետություններ, երկար տարիներ թալանել եւ կողոպտել են Ասիայի եւ Աֆրիկայի երկրներին եւ իրենց երկրների բարեկեցությունը կառուցել կողոպուտի ու թալանի վրա: Իսկ ասիական եւ աֆրիկյան երկրների կողմից անկախություն ձեռք բերելուց հետո, նախկին գաղութատեր եվրոպական պետություններն ամեն կերպ փորձում են նրանց պահել իրենց ազդեցության ոլորտում եւ անուղղակի տիրապետության ներքո:

Իսկ ինչպե՞ս է այդ Եվրոպան դիմավորում այսօր Ասիայից եւ Աֆրիկայից եկող փախստականների հոսքին: Ամեն կերպ, սակայն ոչ ծաղկեփնջերով: Եվրոպական երկրներն ամեն տեսակի խոչընդոտներ, այդ թվում, իրավական, ֆինանսական, տրանսպորտային եւ այլ բնույթի դժվարություններ են ստեղծում եվրոպական տարածաշրջանում նրանց հաստատման դեմ:

Նրանց քշում են մի երկրից մյուսը, իսկ առավել արմատական հակառակորդները կոչ են անում փախստականներին սահմանների մոտ դիմավորել գնդացիրներով: Հունգարիան իր սահմանների վրա փշալարերով ծածկված քարե պատնեշ է բարձրացրել եւ պատրաստել օրենքի նախագիծ, որով անօրինական ճանապահով երկիր մտած փախստականը դատապարտվում է երեք տարվա բանտարկության: Նա զորքեր է կենտրոնացրել Չեխիայի սահմանի վրաՙ կանխելու փախստականնների ներթափանցումը Հունգարիա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնը, որն անթաքույց թշնամական դիրք է գրավել միգրանտների նկատմամբ, օրերս պառլամենտում բացեիբաց դատապարտեց Շենգենյան համաձայնագրի ընդունումը, գտնելով, որ սխալ էր եվրոպական երկրների միջեւ սահմանների վերացումը, որը այժմ հնարավորություն է տալիս ասիական եւ աֆրիկյան փախստականներին ներս սողոսկել եվրոպական երկրներ:

Գերմանիան, Չեխիան եւ Ավստրիան, թեեւ գաղթականների ընդունման որոշ քվոտա հաստատել են, սակայն միաժամանակ որոշում են ընդունել ուժեղացնել իրենց սահմանների հսկողությունն ընդդեմ գաղթականների ներթափանցման: Գաղթականների նկատմամբ ոչ բարյացկամ դիրքորոշում են դրսեւորում նաեւ Եվրոմիության մյուս անդամ երկրները, մասնավորապես Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Մերձբալթյան եռյակը եւ այլն:Իսկ եվրոպական սիրողական մակարդակի որոշ «տեսաբաններ» հիստերիա են բարձրացրել, թե այն, ինչ տեղի է ունենում այժմ Եվրոպա ասիա-աֆրիկյան գաղթականության հոսքի հետեւանքով, դա «կոլապս է» եւ «համամարդկային ապոկալիպսիսի սկիզբը»:

Ասիայի եւ Աֆրիկայի տարբեր երկրերից գաղթականության հոծ զանգվածների ներխուժումը Եվրոպա, տրամաբանական արտահայտությունն է այն քստմնելի եւ դատապարտման արժանի քաղաքականության, որ երկար տարիներ վարել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան Մերձավոր եւ Միջին Արեւելքում եւ Աֆրիկայումՙ աջակից ունենալով Թուրքիային եւ տարածաշրջանային մի շարք այլ երկրների, ինչպես Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ այլն: Այդ քաղաքականության սկիզբը դրվեց ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշ կրտսերի կառավարման ժամանակ, ինչն ինքնին նոր փուլ էր նշանակում միջազգային հարաբերություններում:

2003թ. մարտին ԱՄՆ- ի եւ նրա գլխավորած կոալիցիոն ուժերը ներխուժեցին Իրաք, պատրվակ բռնելով, թե Իրաքը պատրաստում է միջուկային եւ քիմիական-կենսաբանական զանգվածային ոչնչացման զենք: Թեեւ դա չհաստատվեց եւ միջազգային հատուկ հանձնաժողովը հայտարարեց, որ Իրաքը նման զենք չունի, այնուամենայիվ, ԱՄն-ի պրեզիդենտ Ջորջ Բուշ կրտսերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը, անտեսելով հանձնաժողովի այդ եզրակացությունը, շարունակեցին ռազմական գործողությունները, որոնք ավարտվեցին ապրիլինՙ Իրաքի պարտությամբ: Օկուպանտները սկսեցին մարդաորսը, ձերբակալելով Իրաքի քաղաքական եւ ռազմական էլիտային, մոտ 60 մարդու, որոնց զգալի մասը մահվան դատապարտվեց , մի մասն էլ բանտարկվեց: Ձերբակալվածների մեջ էր նաեւ Իրաքի պրեզիդենտ Սադդամ Հուսեյնը, որ կախաղան հանվեց: Դա պատմության մեջ աննախադեպ երեւույթ էր: Ամերիկյան զորքերը ներխուժեցին անկախ եւ ինքնիշխան, ՄԱԿ-ի անդամ պետությունՙ Իրաք, եւ նրանց հրամանով կախաղան հանվեցին նրա լեգիտիմ պրեզիդենտը եւ նրա մերձավոր զինակիցները: Դա արեց մի երկիր, որն իրեն համարում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, մարդու իրավունքների հետեւողական պաշտպանը, դաս տալիս աշխարհի բոլոր երկրներին եւ ժողովուրդներին թե ինչպես պետք է ապրել, ելնել ու նստել, եւ հանդես գալիս օրենքի գերակայության ջատագով: Իրաքցիներն ու արաբական մյուս ժողովուրդները չներեցին ԱՄՆ-ին եւ նրա մանկլավիկ դաշնակիցներին նրանց իրագործած ոճրագործությունը, իսկ շատ երկրներ դատապարտեցին ԱՄՆ-ին եւ նրա երկդիմի քաղաքականությունը: Հենց այդ ժամանակ սկիզբ առավ Իրաքի արաբների, հայերի եւ ասորիների արտագաղթի առաջին ալիքը:

ԱՄՆ-ի ներխուժման արդյունքում Իրաքը կազմալուծվեց այն աստիճան, որ այսօր նա անգամ ի վիճակի չէ դիմակայել Իսլամական պետություն կոչված ինքնակոչ, հանելուկային խալիֆայությանը, պահպանել իր տերիտորիալ ամբողջականությունը, նա ծվեն-ծվեն է լինում եւ նրա հյուսիսային տարածքներըՙ Մոսուլով հանդերձ անցել են այդ խալիֆայության տիրապետության տակ: Իսկ Իսլամական պետության դեմ ուղարկվող անօդաչու ինքնաթիռների ռմբակոծումներից ավելի շատ տուժում են խաղաղ բնակիչները, քան թե սալաֆիական իսլամական խաժամուժը: Իսկապես, հանելուկներն ավելի շատ են, քան հավաստի պատասխանները, մանավանդ որ Իսլամական պետությանը պաշտպանող, օգնող եւ աջակցող մի շարք երկրներ հանդես են գալիս նրա հակառակորդի դիմակի տակ, ինչպես Թուրքիան:

Իրաքյան մոդելը հետագայում օրինակ ծառայեց ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների համար համանման քաղաքականություն իրականացնել նաեւ աշխարհի այլ մասերում, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկների հանդեպ: Ինչպես հայտնի է, 2011թ. հունվարին սկսվեց համաարաբական ապստամբությունը, որի կենտրոններն էին հանդիսանում Թունիսը, Եգիպտոսը, Սիրիան, Եմենը, Լիբիան, ինչպես նաեւ Ալժիրը, Մարոկոն, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը եւ արաբական մյուս երկրները, որոնց թիվն այսօր հասնում է 18-ի: Անհասկանալի պատճառով դա հորջորվեց «Արաբական գարուն», թեեւ դա տարվա որեւէ եղանակի հետ ոչ մի առնչություն չունի: Մենք գտնում ենք, որ դա համաարաբական ըմբոստություն է հանուն արաբական հասարակության արդիականացման: Հենց այդ հանգամանքն անհանգստացրեց ԱՄՆ-ին եւ եվրոպական ամենաազդեցիկ երկրներին, առաջին հերթին Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային: Արդիականացումը, որն ընդգրկում է բոլոր ոլորտներըՙ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլն, անընդունելի էր ԱՄՆ-ի եւ եվրոպական ազդեցիկ երկրների համար, քանի որ դա կթուլացներ նորանկախ պետությունների կախվածությունը նրանցից եւ կամրապնդեր նրանց դիրքերը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ձեւականորեն ճանաչելով Ասիայի եւ Աֆրիկայի երկրների անկախությունը, միաժամանակ ձգտում էին եւ շարունակում են ձգտել նորանկախ պետությունները պահել իրենց քաղաքական եւ տնտեսական ազդեցության ներքո, ստիպել նրանց անվերապահորեն կատարել Վաշինգտոնից, Լոնդոնից, Փարիզից, Բեռլինից եկող հրամանները եւ կարգադրությունները: Իսկ դա արդեն հնարավոր չէր իրագործել հորդորներով, համոզելով եւ նման այլ լծակներ գործադրելով: Մնաց միակ ուղինՙ միջամտել այդ երկրների ներքին գործերին, կազմակերպել եւ հրահրել ներքին խռովություններ եւ այդ ուղիով հասնել գործող իշխանությունների տապալմանը, նրանց փոխարինելով իրենց դրածոներով: Նրանց հաջողվեց մի շարք երկրներումՙ Եգիպտոս, Թունիս, Եմեն տապալել գործող պրեզիդենտներին, կառավարություններին եւ կառավարող կուսակցություններին, այդ երկրներում հրահրելով քաղաքացիական պատերազմներ, հեղաշրջումներ եւ ստեղծելով անտանելի քաղաքական մթնոլորտ եւ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ: Նրանք հատուկ դաժանությամբ գործեցին այն ղեկավարների դեմ, որոնք դիմադրում էին արեւմտյան երկրների ոտնձգություններին եւ պաշտպանում իրենց երկրների ազգային պետական շահերը (Բաշար Ասադՙ Սիրիա, Մուամար Քադդաֆիՙ Լիբիա եւ այլն): Արեւմտյան տերություններին միացավ եւ նրանց հետ համատեղ շարունակում է գործել Թուրքիան, որը տառապում է տարածաշրջանային գերտերություն դառնալու մարմաջով, գտնելով, որ իր ազդեցության ոլորտում պետք է գտնվեն ամբողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքն ու Հյուսիային Աֆրիկան:

Սկսվեց մարդաորսը, որն ի գագաթնակետին հասավ եւ ամենանողկալի ձեւով իրականացվեց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի նկատմամբ, որը Լիբիան կառավարում էր 1969թ. սեպտեմբերի 1-ից, մոտ 42 տարի, եւ հանդիսանում արդի Լիբիայի ստեղծողը: Տապալելով Սանուսիների միապետությունը, Քադդաֆին hիմնեց Լիբիայի Հանրապետությունը, որը 1977թ. վերանվանվեց Լիբիական Արաբական Ժողովրդական Սոցիալիստական Ջամահիրիա: «Որսալով» Քադդաֆիին, նրա հետ վարվեցին ամենագարշելի ձեւով, ծաղրուծանակի ենթարկելով, տղամարդու արժանապատվությունը ոտնահարելովՙ համաեվրոպական միասեռականության արժեքային համակարգի սկզբունքներին խստիվ ներդաշնակ: Դա իրականացվեց իրենց քաղաքակիրթ աշխարհի լուսատուներ համարող Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի թողտվությամբ եւ նրա նեկայացուցիչների քթի տակ, ԱՄՆ-ի եւ բազմաթիվ այլ երկրների քար լռության պայմաններում: Նա արժանի չէր նման վերաբերմունքի:

Մենք 1985թ. խորհրդային պատվիրակության կազմում եղել ենք Լիբիայում, երբ Քադդաֆիի համաձայնությամբ ու աջակցությամբ Լիբիայում անցկացվեցին Հայաստանի հետ բարեկամության եւ մշակութային օրեր, եւ ես զեկուցումով հանդես եմ եկել խորհրդա-լիբիական քաղաքական հարաբերությունների վերաբերյալ: Եղել ենք տարբեր քաղաքներում, հանդիպել պետական բարձրաստիճան գործիչների , պատմաբանների, արվեստագետների, հասարակ մարդկանց հետ եւ լսել նրանց կարծիքները Քադդաֆիի մասին: Ամեն երկրում էլ, իհարկե, կան թերություններ, դժգոհներ եւ այլն, բայց լիբիացիները շատ բարձր էին գնահատում Քադդաֆիին, նրա նվիրվածությունը երկրին ու ազգին, նրա վիթխարի ներդրումը Լիբիայի զարգացման, առաջընթացի եւ ժողովրդի սոցիալտնտեսական դրության բարելավման գործում: Նա մեծ հեղինակություն էր վայելում: Մնացածը բամբասանք է:

Արեւմտյան տերությունների միջամտությունից հետո, Քադդաֆին, որը հարկադրված էր անընդհատ փոխել իր բնակատեղին, ամենայն հավանականությամբ կռահել էր իր ողբերգական վախճանը: Այդ մասին է վկայում նրա անեծքը, հասցեագրված Եվրոպային, եւ նրանում տեղ գտած նրա դատողությունները:

Ահա Քադդաֆիի անեծքի ամբողջական տեքստը.

«Դուք ռմբակոծում եք այն պատնեշը, որը թույլ չէր տալիս աֆրիկյան միգրացիան մտնի Եվրոպա, մի պատնեշ, որը զսպում էր «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչներին: Այդ պատնեշը Լիբիան էր: Դուք այն քանդեցիք: Դուքՙ ապուշներ եք: Հանուն Աֆրիկայի հազարավոր միգրանտների, «Ալ-Ղաիդային» սատարելու համար թող վառվեք դուք դժոխքում: Եվ դա այդպես էլ լինի» ("Свободная Пресса", 8 сентября 2015, .5) :

Ի տես ներկա անտանելի իրավիճակի, որը դեպի Եվրոպա գաղթականության նոր եւ հուժկու ալիք բարձրացրեց , որը սասանեց եվրոպական երկրների ներքին անդորրը, կայունությունն ու կյանքի ռիթմը, կարող ենք ասել, որ Քադդաֆիի արդար անեծքն արդեն տեղ է հասել եւ գործում է: Նրա անեծքը լայնորեն մեկնաբանվում է մամուլում: Տեղի սղության պատճառով բերենք դրանցից միայն մեկը, որի հեղինակն է Վլադիմիր Լինդերմանը: Նա նշում է, որ Եվրոպային, որը սովոր է որեւէ մեկին ամեն ինչում մեղադրել, չպետք խղճալ, ընդգծելով, որ «Ոչնչացնելով Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան եւ ոտքի հանելով գաղթականների հոսքը, նա ինքն ընտրեց ինքնաոչնչացման ուղին: Ծիծաղում էր իր կողմից ցինիկաբար ոչնչացրած Քադդաֆիի նախազգուշացումների վրա, որը սակայն ճիշտ դուրս եկավ» ("Зажтра", 11 мая 2011): Նա հույս է հայտնում, որ «գուցե մի օր, ամբարտավան եւ ինքնագոհ Եվրոպայի գերեզմանաքարի վրա որպես էպիթաֆիա կգրվեն Լիբիական Ջամահիրիայի հոշոտված առաջնորդի» անեծքի բառերը:

Եվ վերջին հարցը: Ինչպե՞ս կարող է այս քաոսային վիճակն անդրադառնալ հայության եւ Հայաստանի վրա: Պատասխաը մեկն էՙ խիստ բացասաբար: Հայությունն առաջին հարվածը ստացավ 2003թ. Իրաք ամերիկյան ներխուժումից հետո, սակայն ամենածանր հարվածը նրան հասցրեցին Իսլամական պետության ահաբեկիչները, որոնք գրավեցին Մոսուլ քաղաքն ու նրա շրջակայքը եւ սկսեցին հայ քրիստոնյաների դեմ հալածանքները:

Այս տարվա մայիսի վերջերին մասնակցելով Բաղդադում գումարված միջազգային գիտաժողովին, նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, հնարավորություն ունեցանք ավելի ճշգրիտ պատկերացում կազմել իրաքահայության մասին: Պարզվեց հետեւյալը. Մոսուլում, հայության երբեմնի կենտրոնում, այլեւս ոչ մի հայ չկա: Բասրայում, որտեղ մի ժամանակ բնակվում էր երեք հազարից ավելի հայ, այժմ մնացել է ընդամենը երկու հարյուր հայ, Կիրկուկումՙ 120 հայ, խիստ պակասել է Բաղդադի հայության թվաքանակը: Եվ եթե անցյալ դարավերջին Իրաքում բնակվում էր մոտ 20-25 հայ, ապա այժմ մնացել է դրա մեկ երրորդը:

Ահավոր վիճակում է հայտնվել սիրիահայ համայնքը , որն անասելի կորուստներ է կրել եւ շարունակում է կրել: Շատ քիչ բան է մնացել նախկին բարգավաճ համայնքից, ավերվել են Հալեպը եւ այլ բնակավայրեր, շատ հալեպցի հայեր հեռացել են Սիրիայից, որոնցից 15 հազարը հաստատվել է Հայաստանում, զգալի թվով սիրիահայեր հաստատվել են նաեւ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ այլ երկրներում: Սկսվել է Դամասկոսի կործանման ծրագրի իրագործումը, որի թիկունքում կանգնած է Թուրքիան եւ սուննի այլ ուժեր ու երկրներ: Արտագաղթի հետեւանքով հայերի թիվը խիստ նվազել է նաեւ մերձավորարեւելյան մյուս երկրներում: Եվ եթե ամփոփելու լինենք, ապա կարելի է ասել, Մերձավոր Արեւելքը դադարել է սփյուռքահայության կենտրոնը լինելուց: Համանման վիճակում են հայտնվել նաեւ մյուս քրիստոնյա հարանվանություններըՙ ասորիները, կաթոլիկները, քաղդեացիները, հունադավանները եւ այլն: Ասորական քրիստոնյա համայնքի ղեկավարներից մեկըՙ Կավան, Երեւանում 2014թ. Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գումարած գիտաժողովում հայտարարեց, որ առնվազն տաս տարի հետո Մերձավոր Արեւելքում այլեւս ոչ մի քրիստոնյա չի լինի:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա ոչ մի պետության էլ դուր չի գալիս, որ հարեւան երկրներում այս կամ այն ծավալի ռազմական գործողություններ են ծավալվում, որոնք կարող են ընդլայնվել եւ լուրջ սպառնալիքներ ստեղծել, մանավանդ, երբ դրանց շարքում է մի այնպիսի անկառավարելի արհեստածին պետություն, ինչպես Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն-խալիֆայությունը: Դա պահանջում է Հայաստանից շատ մեծ զգոնություն, ստեղծված աննախադեպ իրավիճակի մասնագիտական խորը վերլուծություն եւ պահուստային ռազմավարական ու մարտավարական մշակված ծրագրերի առկայություն: Հակառակ դեպքում «Ի զեն. Հայրենիքը վտանգի մեջ է» կոչը, ուշացած կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.