AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ

ԺԻՐԱՅՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները գնալով ինտենսիվանում ենՙ դիրքավորվելով հանրային-քաղաքական օրակարգի առաջնագծում: Այս համատեքստում, հասարակության յուրաքանչյուր անդամի մոտ հարց է ծագում. «Իսկ ի՞նչ կտան ինձ այս բարեփոխումները»: Տվյալ պարագայում կմոտենանք հնչեցված հարցին հայ հանրության ամենամեծ դասիՙ հայ գյուղացիների շահերի դիտանկյունից: Արդյո՞ք սահմանադրության ներկայացված նախագծում գյուղացիներին առաջարկվում է որեւէ կոնկրետ բանՙ իրենց առջեւ ծառացած լրջագույն հիմնախնդիրների լուծման կապակցությամբ: Պատասխանն էՙ ոչ: Իսկ կարո՞ղ է առաջարկվել: Այո՛, եւ ոչ միայն կարող է, այլեւ պարտադիր է: Քննարկենք հայ գյուղի առջեւ ծառացած գլխավոր հիմնախնդիրըՙ ուղենշելով դրա լուծման սահմանադրական ուղին, որն, անպայմանորեն, պետք է տեղ գտնի ՀՀ Սահմանադրության նախագծում:

Հովհաննես Թումանյանը Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) իր կոչում ասում է. «Խաղաղություն գտնելով գործի է անցել եւ ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին: Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին: Նա բազմաթիվ զոհեր է տվել, բայց չի լքում պապենական օջախը... կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան»: Դժբախտաբար, ամենայն հայոց բանաստեղծը սխալվեց իր կանխատեսումներում. հայ գյուղացին կանգուն չմնաց հենց 1990-ականների սկզբից, առաջին իշխանությունների գալուստի պես, այլ բռնեց զանգվածային արտագաղթի ուղին, գյուղերը սկսեցին դատարկվել, դպրոցական դասարանները փակվել, գյուղական բնակչության սեռատարիքային կազմը ձեւախեղվել, սկսեց ձեւավորվել Հայաստանի գյուղերի «կարմիր գիրքը»: Օբյեկտիվ հարց է առաջանում` ո՞րն էր պատճառը:

1991 թ. Հայաստանում սկիզբ դրվեց հողի սեփականաշնորհման գործընթացին` առաջինը հետխորհրդային երկրների շարքում: Կայծակնային արագությամբ հողի սեփականաշնորհումը պայմանավորված էր ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական դրդապատճառներով, որը հետագայում ձեւակերպվեց որպես «ոչ թե հողը գյուղացուն տալու, այլ գյուղացուն հողին տալու քաղաքականություն»: Հայաստանի նման սակավահող երկրի գյուղատնտեսության օգտագործելի հողային ֆոնդը շուրջ 1.2 միլիոն հողակտորների բաժանելը` միջինում կես հեկտարը չգերազանցող մեծությամբ, քաղաքա-տնտեսական կարճատեսություն էր, որն օրախնդիր շահերից զատ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում տնտեսության տվյալ կարեւորագույն ճյուղի զարգացման որեւէ հնարավորություն չէր թողնում: Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը հաշված տարիների ընթացքում վերածվեց նահապետական կարգերով գործող, ձեռքի աշխատանքի վրա հիմնված բնամթերային տնտեսության, որի թողարկած արտադրանքի 2/3-ը սպառվում էր հենց տնտեսությունների կողմից, իսկ «միկրոսկոպիկ» հողատարածքները բացառում էին գյուղտեխնիկայի կիրառությունը, գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը, մասնագիտացումը եւ տվյալ ոլորտի զբաղվածների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը: Իրականացված «բարեփոխումների» արդյունքում մեքենայացվում են նախկինում իրականացվող մեքենայական աշխատանքների 20%-ը, ոռոգվումՙ նախկինում ոռոգվող հողատարածքների շուրջ կեսը, իսկ սակավահող Հայաստանի վարելահողերի շուրջ 1/3-ը դուրս է մնացել շրջանառությունից: Գյուղերում տրակտորը փոխարինվում է բահ ու քլունգով, կոմբայնըՙ մանգաղով ու եղանով, գազային ջեռուցումըՙ աթարով... Լիակատար հետադիմություն...

Այսպիսով, հայ գյուղի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը գերմասնատվածությունն է: Եթե անգամ, ներկայիս բյուջետային սուղ միջոցների պայմաններում գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները կրկնապատկվեն կամ եռապատկվեն էլ, միեւնույնն է, որեւէ որակական տեղաշարժ գյուղում տեղի չի ունենա, արտագաղթի եւ աղքատության գերահազանգող միտումները չեն նվազի, քանզի գործող գյուղացիական տնտեսություններն, իրենց չափերով հանդերձ, բացարձակապես անկենսունակ են: Դրանց ուղղվող պետական աջակցությունը հավասարազոր է պետության կողմից միացվող արհեստական շնչառության, իսկ աջակցության ավելացումըՙ ընդամենը թթվածնի քանակության ավելացման, երբ գյուղացին, միեւնույնն է, ինքնուրույն շնչել այդպես էլ չի կարողանա:

Ուստի հայ գյուղի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման բանալին մեկն է, եզակի է, այնՙ գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումն է, որը պետք է իրագործվի հնարավորինս արագ եւ զանգվածայնորեն: Գոյություն ունի վերջինիս իրագործման երկու հիմնական ճանապարհ: Առաջինը խոշոր ֆերմերային տնտեսությունների մոդելի վրա հիմնված գյուղատնտեսությունն է, որը, սակայն, կունենա կործանարար հետեւանքներՙ առավել վատթարացնելով գյուղացու դրությունը: Արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կձեւավորվի երկու դասՙ փոքրաթիվ ֆերմերների եւ մեծաթիվ ունեզուրկ գյուղացիներիՙ վարձու բանվորների: Տեղի կունենա այն, ինչ Թումանյանը ներկայացրել է «Տերն ու ծառա»-ում. «գյուղացին մինչեւ կկվի ձեն ածելը կաշխատի զօր ու գիշեր, իսկ եթե հանկարծ բարկանա էլ, ողջ ունեցվածքն էլ չի բավականացնի տիրոջը վճարելու համար»: Ակնհայտ է, որ այդ ուղին Հայաստանի համար հակացուցված է:

Հետեւաբար, միակ հնարավոր ուղինՙ գյուղացիական կոոպերատիվների մոդելով գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումն էՙ մասնավոր սեփականության իրավունքի լիարժեք պահպանությամբ: Այս դրույթը, որպես գյուղատնտեսության զարգացման ֆունդամենտալ եւ բազային պայման, պետք է իր ամրագրումը ստանա ՀՀ Սահմանադրությունում: Չնայած վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին պահանջարկվածությամբ, այնուամենայնիվ, միջազգային սահմանադրական փորձն այս հարցում եւս աղքատ չէ: Մասնավորաբար, Հունաստանի (հոդվ. 12, կետ 4), Նիկարագուայի (հոդվ. 109), Պանամայի (հոդվ. 126, կետ 3), Պարագվայի (հոդվ. 114), Պորտուգալիայի (հոդվ. 95) եւ այլ երկրների Սահմանադրությունները սահմանում են գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը պետականորեն խթանելու նորմեր:

ՀՀ Սահմանադրությունում առաջարկվում է ներդնել սահմանադրական նոր նորմ, որպես «տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են...» հոդվածի նոր կետ` հետեւյալ ձեւակերպմամբ. «խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը»: Այս նորմի սահմանադրական ամրագրմանը կհաջորդեն օրենսդրական եւ ծրագրային ճյուղավորումները, որոնց կյանքի կոչումը մեծ ներդրում կունենա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման եւ սահմանադրականության կայացման ճանապարհին:

«Բա՛վ է, գյուղացիներ, ցրված մնաք մատներիս պես, բռունցքվե՛լն է հավերժությունն հայ գյուղի»: Մեծն Շիրազի այս ձեւափոխված միտքը պետք է դառնա կարգախոս յուրաքանչյուր գյուղացու համար եւ ծառայի որպես այս ոլորտի սահմանադրական կարգավորման ու հետսահմանադրական պետական քաղաքականության կայուն հենասյուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.