AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԴԱ ԵՂԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

«Ձեր տառապանքի օրերին կլսեք Հիսուսի ձայնը. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան»։ Ընդունեք մեր կարեկցանքը, աջակցությունը եւ օրհնությունը»։

Ամենայն հայոց Կաթողիկոս (16.09.90, Սբ. Էջմիածին)

Ի նշան բողոքիՙ Գորբաչովի կողմից Ղարաբաղում սահմանադրական իշխանության լուծարման դեմ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների խմբի հայտարարած հացադուլի ժամանակ իմ եւ Վիկտոր Համբարձումյանի հյուրանոցային համար մտավ Վահան Էմինը։ Մենք քրքջացինք։ Հենց այդ ժամանակ մենք զրուցում էինք պոեզիայի մասին, եւ վերջինը, ում հիշատակել էր մեծ աստղագետը, «Հայկական լրաբերի» խմբագիր Վահանի հայրն էրՙ Գեւորգ Էմինը։ Ես Վահանին հայտնեցի մեր ծիծաղի պատճառը, եւ նա, ժպիտով խրախուսելով մեր տրամադրությունը, իսկույն անցավ գործին։ Ակնոցը վեր բարձրացնելով, թղթի էջը մոտեցրեց կարճատես աչքերին եւ սկսեց բարձրաձայն կարդալ։ Ապա ավարտեց ընթերցումը։ Ճակատից վար իջեցրեց ակնոցը եւ մեղմ ասաց.

- Ռուդոլֆ Յերինգի այս բառերը բնաբան են դառնալու բրոշյուրի համար, որը «Հայկական լրաբերը» մտադրվում է նվիրել ձեր հացադուլին։

- Ես լսողությամբ վատ եմ ընկալում տեքստը,-ասաց Վիկտոր Համբարձումյանը։- Հապա տվեք, ինքս կարդամ։

Սենյակիս հարեւանն սկսեց կարդալ մտքում։ Ես վերցրեցի նոթատետրը եւ խնդրեցի, որ կարդա բարձրաձայն։ «Իրավունքի նպատակը խաղաղությունն է։ Այդ նպատակի նվաճման միջոցըՙ պայքարը։ Այնքան ժամանակ, քանի դեռ իրավունքը պատրաստ կլինի դիմադրել անօրինության կողմից ոտնձգություններին, իսկ դա շարունակվելու է, քանի դեռ կանգուն է աշխարհը, այն չի կարող պահպանվել առանց պայքարի։ Իրավունքի կյանքը հենց պայքարն է։ Ժողովուրդների պայքարը, պետական իշխանության, դասերի, անհատների։ Յուրաքանչյուր իրավունք նվաճվել է բախումների ճանապարհով։ Յուրաքանչյուր կարեւոր իրավադրույթ հարկ էր սկզբում նվաճել նրանցից, ովքեր հակառակվում էին դրան։ Եվ յուրաքանչյուր իրավունք, միեւնույնն էՙ առանձին մարդու թե մի ողջ ժողովրդի, ենթադրում է մշտական պատրաստականությունՙ այն պաշտպանելու»։

Ուշ երեկոյան, երբ վերջին այցելուները միայնակ թողեցին մեզ, մենք Վիկտոր Համազասպովիչի հետ նորից անդրադարձանք իրավուքի գերմանացի տեսաբանի մտքերին։

- Իսկ դուք գիտե՞ք,- ասաց նա,- եթե մեզ հաջողվի Ղարաբաղում, եւ ոչ միայն Ղարաբաղում, հետ նվաճել կյանքի իրավունքը, պարզվում է, մենք երբեք չպետք է կոñցնենք այն պաշտպանելու պատրաստականությունը։ Դա նշանակում է, որ պայքարը շատ ու շատ երկար է լինելու։ Կդիմանա՞նք։

- Վիկտոր Համազասպովիչ, մենք պարզապես դատապարտված ենք ոչ միայն երկարատեւ պայքարի, այլեւ վերջնական հաղթանակի, ինչպիսի տակտիկական պարտություններ ու անհաջողություններ էլ ունենանք պայքարի ընթացքում։ Վերջնական պարտությունը կնշանակի մեր պատմության ավարտ։ Ահա թե ինչու ենք մենք դատապարտված վերջնական հաղթանակի։

Հացադուլին հինգերորդ օրը միացած Վաչիկ Գրիգորյանը եւ Սեմյոն Բաբայանը (ինչպեսեւ Սոս Սարգսյանն ու Վիկտոր Համբարձումյանը) ապրում կամ քաղցում էին նույնպես մեկ սենյակում։ Առանձին համար ուներ միայն Սոս Սարգսյանը։ Ճիշտ է, նրանք բոլորը հաճախ մեզ մոտ էին լինում, քանզի ժուռնալիստները եւ առանձնապես հեռուստալրագրողները հիմնականում այցելում էին իմ ու Համբարձումյանի սենյակ, որտեղ երբեմն մինչեւ քսան եւ ավելի մարդ էր հավաքվում։ Այդ օրը, ցերեկը Վաչիկն ու Սյոման մեր սենյակ նետվեցին, ասես հետեւներից բանդիտներ էին ընկել։ Հազիվ շունչը տեղը բերելով, միմյանց խոսք կտրելով, արագ սկսեցին պատմել այն մասին, որ իրենց այցելել էին Հենրիխ Պողոսյանը եւ Բորիս Դադամյանը։ Հինգ րոպե էլ չանցած, դուռը թակել էր սպասուհին եւ սկուտեղով սենյակ բերել թեյ եւ ինչ-որ թխվածք։ Հացադուլավորները ժամանակ չէին կորցրել նույնիսկ բացատրությունների վրա։ Գլուխները բռնածՙ դուրս էին թռել համարից ու° վազքով մեզ մոտ. բարեբախտաբար, նույն հարկում էինք։ Վախեցել էին, թե ինչ-որ մեկը կտեսնի եւ կկասկածի քաղաքական հացադուլի կանոնների խախտման մեջ։ Բայց մենք հանգիստ էինք, քանզի բժիշկներն ամեն օր ստուգում էին մեզ, արյան անալիզներ վերցնում, կշռում։ Եվ այնուամենայնիվ, կարելի էր հասկանալ տղաներին։

Շուտով Հենրիխ Պողոսյանն ու Բորիս Դադամյանը մեզ մոտ հայտնվեցին։ Ուշադրությունս գրավեց, որ Վաչիկը շնչահեղձ էր լինում։ Դեմքը մի տեսակ հողագույն էր։ Հացադուլի ժամանակ նրա մոտ դիտարկվել էր քրոնիկական բրոնխիտի սրացում, ուժգնացել էին սրտանոթային անբավարարության երեւույթները։ Այդպես նշված էր բժշկական բյուլետենում։

Ես հացադուլն սկսեցի 1990 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նույն օրը ԽՍՀՄ նախագահ Մ.Ս.Գորբաչովի անունով ուղարկեցի պաշտոնական նամակ, որում մասնավորապես ընդգծվում էր. «Ղարաբաղը կործանվում է աչքի առջեւ, լուծարված է Խորհրդային իշխանությունը։ Ոտնահարված են հայ բնակչության պատիվն ու արժանապատվությունը, խախտված են մարդու տարրական իրավունքները, լրիվ թափով ընթանում է ինքնավար մարզի ոչնչացման գործընթացը։ Ես ժողովրդական պատգամավոր եմ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Եվ չեմ կարող ժողովրդի հետ չկիսել նրա վիշտը։ Չեմ կարող լռել, գիտենալով, որ լռությունը հանգեցնելու է ողբերգության. Նախիջեւանի բախտին կարող է արժանանալ նաեւ Արցախը։ Ահա թե ինչու իմ քաղաքացիական պարտքն եմ համարում հետեւել որդիական հինավուրց սկզբունքին. «Հայրենիքի համար արվածը բավարար չէ, եթե արված չէ ամեն ինչ»։

Նախքան իմ նամակը կհրապարակվեր մամուլում, Հենրիկ Իգիթյանն այն տարել էր Գորբաչովին, որը մասնակցում էր ԽՍՀՄ Գերագույն Ëորհրդի նստաշրջանի աշխատանքին։ Հենրիկի ներկայությամբ կարդալով նամակը, նախագահը խոր շունչ էր քաշել ու ատամների արանքից նետել. «Ժամ ժամի վրա ծանրանում է»։ Ապա հայացքը տեղափոխելով Իգիթյանի վրա, որից Գերագույն Ëոհրդում վախենում էին բոլոր նրանք, ովքեր ըստ աստիճանակարգային աղյուսակի նստած էին նախագահությունում, եւ հարցրել. «Ի՞նչ է ուզում Զորին մեզանից»։ «Ընդամենը շատ քիչ մի բան,-պատասխանել էր Հենրիկը,-ազատություն իր Արցախի համար»։ Եվ քիչ անց ավելացրել. «Չեք փրկի Ղարաբաղըՙ կկործանեք ողջ երկիրը»։

Երբ Հենրիկը ուշ երեկոյանԳորբաչովի հետ իր ունեցած երկխոսության մասին պատմեց մի ողջ բազմության եւ Վիկտոր Համբարձումյանի ներկայությամբ, վերջինս հարցրեց նրան. «Իսկ ճի՞շտ է, որ Գորբաչովը քեզ այծ է անվանել»։ Իսկույն հետեւեց պատասխանը. «Եթե նա ինձ այծ անվաներ, ապա ես նրան էշ կանվանեի»։ Անկողնում բարձրանալով, ես լռություն պահանջեցի եւ ասացի նրան. «Իսկ չե՞ս կարծում, որ վիրավորանք կհասցնեիր Ղարաբաղի Խորհրդանիշին։ Չէ՞ որ մեզ մոտ ավանակը նույնքան հարգված է, որքան Հնդկաստանումՙ կովը»։

Մեկ օր անց Հենրիկը նստաշրջան տարավ արդեն Վիկտոր Համբարձումյանի նամակը։ Այնտեղ կային այսպիսի բառեր. «Ղարաբաղում քայլ առ քայլ ոչնչացվում են խորհրդային իշխանության մարմինները, ներքին զորքերի եւ Խորհրդային բանակի ստորաբաժանումները կատարում են ոã թե ԽՍՀՄ նախագահի, այլ ադրբեջանական իշխանությունների հրամանները, կոպտորեն խախտելով մարդու իրավունքները։ Դա ինձ ստիպեց դիմել ծայրահեղ միջոցիՙ քաղաքական հացադուլ հայտարարելու»։

Երբ ընդմիջման ժամանակ Իգիթյանը դեպի նախագահություն էր վազելՙ Համբարձումյանի նամակը ձեռքին, ապա հասցրել էր միայն նկատել, թե ինչպես Գորբաչովը, տեսնելով իր սրընթաց մոտեցումը, նույնքան սրընթաց նետվել էր կուլիսներ։ Իգիթյանին մնացել էր միայն բարձր ծիծաղել իրենից ճողոպրող ԽՍՀՄ նախագահի հետեւից։

Աշխատելով այն շրջանի հուշատետրերի, լրագրակապուկների, արխիվային փաստաթղթերի հետ, հաճախ եմ ինձ բռնացրել այն մտքի վրա, թե դա թերեւս ամենասարսափելի ժամանակաշրջանն էր, որը, որքան էլ հակասական հնչի, հագեցած էր մի ինչ-որ հզոր միասնական լավատեսությամբ եւ նույնիսկ մարգարեությամբ։

Դաժան պարետային ժամը երկար ամիսների ընթացքում օր ու գիշեր գործում էր Արցախում։ Ստեփանակերտում ազատ թափառում էին միայն լկտիացած պոլյանիչկոյականներն ու սաֆոնովականներըՙ ավտոմատներով։ Փողոցներով դղրդալով անցնում էին զրահամեքենաներըՙ ծածկոցազերծված հրանոթներով։ Քաղաքացիներին խմբերով վերցնում ու տանում էին Շուշիի բանտ, որտեղից դուրս էին գալիս հաշմված եւ այն էլՙ մեծ գումարի դիմաց։ Պարետը տուգանում էր մարդկանց միայն նրա համար, որ իրենց պատգամավորների անունով հեռագրեր էին ուղարկել Գերագույն Ëորհուրդ։ Արտակարգ դրության շրջանիՙ պարետ, գեներալ Սաֆոնովն իր բանդիտներին հրամայեց ձերբակալել «ԼՂԻՄ Աշխատանքային խմբի» անդամներից մեկինՙ Ավետիք Արմենակի Գրիգորյանին։ Սակայն ձերբակալեցին Ավետիս Սարգսի Գրիգորյանին, որի թեւերը ոլորեցին, ուղարկեցին օդանավակայան, այնտեղից էլՙ Նովոչերկասսկի բանտ։ Այստեղ պարզվեց, որ նրան սխալմամբ ուրիշի տեղ են դրել։ Ավետիս Գրիգորյանի բողոքներին պատասխանել էին «հանճարեղ» նախադասությամբ. «Ինչ անունով որ ձեզ բերել են այստեղ, այդ անունով էլ կնստեք երեսուն օր։ Ավետիսի ճակատագրի վերաբերյալ իմ պատգամավորական հարցմանը ԽՍՀՄ նախագահը պատասխանեց միայն կես տարի անց։ Նախագահի գրասենյակից ուղարկված պատասխանում ասվում էր, որ «քաղաքացի Ա.Ս.Գրիգորյանն արդեն կալանքից ազատվել է»։

Այդ օրերին ինձ Լենինգրադից Մոսկվա ուղարկեցին «Լենինսկիե իսկրի» թերթը, որի «Պյատ ուգլով» ներդիրում հրապարակվել էր հոդվածՙ վերցված երեւանյան դպրոցներից մեկի 10-րդ դասարանի պատի թերթից։ Լենինգրադյան լրագրի թղթակիցն այցելել էր Երեւանի այդ դպրոց եւ արտագրել հոդվածը, որում պատմվում էր Ստեփանակերտի պարետային ժամի սարսափների մասին։ Որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ հեղինակը իմ հարազատ դուստր Լուսինեն է։ Թերթում նկարագրելով մի քանի մղձավանջային տեսարաններ, նա բացականչել էր. «Եվ այդ ամենը կատարվում է իմ Ստեփանակերտում, որտեղ ծվել եմ ես»։

Սառնաղբյուր գյուղի բնակչուհի Ստելլա Գաբրիելյանը գրել էր մեզՙ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներիս, որ «գյուղում անձնագրային ռեժիմի ստուգումից հետո, կանանց եւ ծերերի նկատմամբ հրեշավոր ծանակումներից հետո իմ երեխան վախենում է բոլոր ռուսերեն խոսողներից։ Հենց դա էր հետապնդում Ադրբեջանի ղեկավարությունը, երբ սադրեց, այսպես կոչված, ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմին հանցավոր գործողությունների դիմելու Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։

Մենքՙ հացադուլի մասնակիցներս, գրեցինք ԽՍՀՄ նախագահին. «Մեղադրել Ղարաբաղին բոլոր մահացու մեղքերում, դա նույնն է, ինչ մեղադրել ջերմաչափինՙ թոքաբորբի ժամանակ բարձր ջերմություն ցույց տալու համար։ Ղարաբաղն ընդամենը այն ցավն է, որ առաջացել է մեծ երկիրը լափող քաղցկեղային ուռուցքից Ղարաբաղի պրիզմայի միջով կարելի է տեսնել ոչ միայն ողջ երկրի, այլեւ անձամբ Ձեր վաղվա օրը։ Եվ երբ հրաժարական տաք, ապա խնդրում ենք, չմեղադրեք Ղարաբաղին, որն այսօր ամեն ինչ անում է երկիրը փրկելու համար, դրանում տեսնելով նաեւ իր փրկությունը»։

Նամակը ես տպեցի իմ գրամեքենայով, ակադեմիկոս Համբարձումյանի ծննդյան օրվա նախօրեին։ Տեղեկություն ստացանք, որ հռչակավոր գիտնականին շնորհավորելու է գալու ինչ-որ մեկը Գորբաչովի կողմից։ Սեպտեմբերի 18-ին մեր հյուրանոցային համար եկավ ԽՍՀՄ նախագահի օգնական Վիտալի Իգնատենկոնՙ գեղեցիկ ծաղկեփնջով։ Նա շնորհավորեց անվանակոչին 82-ամյակի կապակցությամբ, հանձնեց Մ.Ս.Գորբաչովի ուղերձը, որում համառորեն խնդրում էր ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վ.Հ.Համբարձումյանին դադարեցնել հացադուլը, ընդ որում ոչ մի բառ չասելով նրա ընկերների մասին (քաղաքական ակցիայի գծով նույնպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների)։

Հենց որ դուռը փակվեց Իգնատենկոյի հետեւից, անվանակոչը նորից սկսեց կարդալ նախագահի ուղերձը։ Ապա ողջույնի հղումը դրեց մահճակալին, իր կողքին եւ բարձր ասաց. «Չեմ հասկանում այդ մարդուն։ Մի ողջ տերության նախագահն ինձ խնդրում է դադարեցնել հացադուլը եւ իմանալով այն մասին, որ ես միայնակ չեմ, ոչ մի խոսք չի ասում իմ ընկերների մասին»։ Ես առաջարկեցի թեման փոխել եւ նշել ծննդյան օրը։ Սպասուհին բերեց ձյունաճերմակ սփռոց։ Բոլորով սեղանը հրեցինք սենյակի կենտրոն։ Չգիտես որտեղից սկուտեղով համար բերեցին բյուրեղապակե գրաֆինՙ իր քանդակազարդ բաժակներով։

Շնորհավորեցինք մեծ գիտնականին, ավելի քան քառասուն ազգային ակադեմիաների պատվավոր անդամին։ Ծիծաղեցինք, աչքի առաջ հարբելով, դրանով իսկ մեկ ավելորդ անգամ հաստատելով Պավլովի օրենքները պայմանական ռեֆլեքսի մասին։ Խմում էինք տաք թորած ջուր։

Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ այն պահը, երբ Վիկտոր Համազասպովիչը հայտնվեց իմ սենյակում։ Ես նրա այցելությունը լիովին օրինաչափ համարեցի. այն ժամանակ մեզ մոտ էին գալիս բազմաթիվ մտերիմ մարդիկ, հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ, գիտնականներ։ Սովորական բան էր դարձել։ Բայց ահա Վիկտոր Համազասպովիչը մի ինչ-որ ուրիշ կերպ սկսեց խոսակցությունը։ Թվում էր, թե չէր հետաքրքրվում իմ առողջությամբ, այլ, ավելի շուտ, ուսումնասիրում էր իրավիճակը։ Մեկ ժամ անց ակադեմիկոսը պատրաստվեց գնալ, բայց իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա, եթե կարելի է այդպես ասելՙ ամբողջովին չի գնում։ Հագնելով բաց-մոխրագույն թիկնոցը, նա մի պահ կանգ առավ դռան մոտ եւ մեղմաձայն ասաց. «Ես շուտով կվերադառնամ»։

Ես կռահեցի, որ նա հացադուլի է պառկելու կողքիս։ Գիտեի, որ հինգ օրից լրանալու է նրա 82-ամյակը։ Մտածեցիՙ իսկ եթե հանկարծ նրան մի բան պատահի՞։ Չէ՞ որ ինչ-որ պատահական մեկը չէ, այլ ինքըՙ Վիկտոր Համբարձումյանը։ Ազգի պարծանքը։ Ի՞նչ կասեն ինձ մարդիկ։ Կների՞ պատմությունը։ Կներե՞մ արդյոք ինքս ինձ։ Բայց չգիտես ինչու, սիրտս ուրախ բաբախում էր կրծքումս։ Չէ՞ որ դրված է հայրենիքի ճակատագրի հարցը։ Ի՞նչ պատմության մասին կարող է խոսք լինել, եթե չլինի հայրենիքը։ Մինչեւ հիմա աշխարհը չի լսել մեծ աստղագետի ձայնը։ Միայն աստղերին են մարդիկ նայել նրա աչքերով։

Մեկ ժամ անց շեմին հայտնվեց Վիկտոր Համազասպովիչըՙ իր մոխրագույն թիկնոցով, մուգ բերետով եւ գունավոր շարֆով։ Արցախցի բժիշկ Վալերի Մարությանը, որ հատուկ եկել էր հետեւելու իմ առողջությանը, տեսաժապավենի վրա նկարեց այն նույն պահը, երբ գիտնականը ներս մտավ հյուրանոցային համարի շեմից։ Շուտով մեզ մոտ եկավ ժուռնալիստների մի խումբ։ Հարցազրույց վերցրեցին ակադեմիկոսից։

Կեսգիշերին մոտ, երբ մենք մենակ էինք մնացել, ես հարցրեցի Վիկտոր Համբարձումյանին.

- Դուք հիշո՞ւմ եք, թե ինչ բառերով ավարտեցիք ձեր հարցազրույցը։

- Ոչ, ես ավելի շատ մտածում եմ այն մասին, որ ընդհանրապես վատ եմ խոսում։ Ազնվորեն խոստովանեմ, ես աշխարհի ամենածանրալեզու մարդն եմ։ Երբ մի որեւէ գիտաժողովում նախագահողը, ամբիոն հրավիրելով, տալիս է իմ անունը, դահլիճը բուռն ծափահարում է, բոլորը ոտքի են կանգնում։ Իսկ ես բարձրանում եմ ամբիոն եւ մտածում, թեՙ «ծափահարեք, ծափահարեք, ընկերներ։ Այ, հենց որ սկսեմ փաթ ընկնելով, հազիվ լսելի ձայնով բոլորովին անփայլ ճառ արտասանել, այդ ժամանակ էլ կափսոսաք, որ ծափ եք տվել» ։

- Ես հիմա կկարդամ ձեր խոսքերը։ Հասցրեցի գրի առնել հուշատետրում։

- Դուք տիրապետում եք սղագրությա՞նը։

- Ոչ, ես ճեպագրության իմ մեթոդն ունեմ։ Ահա լսեք։ Թղթակիցներից մեկը հարցրեց. «Ինչո՞վ է պայմանավորված այնպիսի լուրջ քաղաքական ակցիան, ինչպիսին է հացադուլը»։ Դուք պատճառների մասին խոսեցիք, ի դեպ, առանց ծանրալեզվության որեւէ նշույլի։ Խոսում էիք մի տեսակ հանգիստ, խլաձայն։ Իսկ հետոՙ հանկարծ բարձր. «Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, մարդու իրավունքների աղաղակող ոտնահարում է։ Այնտեղ կատարվում է անսովոր անարդարություն։ Ես այդ մասին ամպագոռգոռ խոսում եմ գուցե կյանքումս առաջին անգամ։ Որովհետեւ ողջ կյանքում հետեւել եմ այն սկզբունքին, որ համեստությունն է զարդարում գիտնականին։ Բայց այսօր ես ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան իմ բողոքի մասին»։

Համենայն դեպս, սարսափելի բան է ողջ ժամանակ մտածել ուտելիքի մասին։ Եվ ի՜նչ ասես, որ չի մտնում գլուխդ։ Մերթ փիլիսոփայում ես, թե առանց քաղցի զգացման մարդկությունը կկործանվեր ծուլությունից։ Մերթ ապշում ես այն մարդու հանճարեղության վրա, որն առաջին անգամ ձեւակերպել է, թե կուշտը սովածին չի հասկանա։ Մերթ գորովանքով եւ նույնիսկ ըմբռնումով ես մտածում դժբախտ Գայլի ձախորդությունների մասին, որն ապարդյուն փորձում է որսալ ախորժալի Նապաստակին։ Բայց ամենից շատ անհանգստացնում է այն միտքը, որ եւ՛ վաղը, եւ՛ հաջորդ օրն ու օրերը զրկված ես լինելու ուտելու հնարավորությունից։

Վալերի Մարությանին հաջողվեց նկարահանել մի զրույց։ Մենք Վիկտոր Համազասպովիչի հետ խոսում էինք ուտելիքի մասին։

- Ի՞նչ կուզենայիք հիմա ուտել,- հարցրեցի ես։

- Հարվածը գոտկատեղից ցածր էր,- ժպտալով ասաց նա։

- Եվ այնուամենայնիվ, Վիկտոր Համազասպովիչ, եկեք երազենք։

- Ես շատակեր չեմ, բայցեւ համադամասեր էլ չեմ։ Ոչ մի սննդակարգ չեմ պահպանում։ Ուտելիքի հարցում քմահաճ չեմ։ Այնպես որ, ինչի մասին էլ խոսենք, լոզերս կթափվեն։

- Լավ։ Ուրեմն եկեք այլ կերպ երազենք։ Այն մասին, թե ինչ ենք ուտելու ինչ-որ ժամանակ։

- Այդ ինչպե՞ս։ Եվ կոնկրետ ե՞րբ,- հարցրեց ակադեմիկոսը։

- Այ, ե՞ս օրինակ, հաստատ գիտեմ, որ գալու է մի օր, երբ ձեզ հետ միասին Ղարաբաղում կտոնենք ազատությունը, իսկ սեղանին կլինի խոզի մսի խորոված, «Խնդողնի» կարմիր գինի, թոնրի լավաշ եւ, իհարկե, լեգենդար ժենգալով հացըՙ թխված բարալիկ կարկանդակը դաշտի բանջարի միջուկով։

Առաջ անցնելով ասեմ, որ հինգ տարի անց ութսունյոթամյա աստղագետը ուղղաթիռով թռչելու էր Արցախ։ Այցելելու էր հռչակավոր Գանձասար տաճարը։ Մայիսի 9-ին մասնակցելու էր Ստեփանակերտի ռազմական շքերթինՙ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի եւ Շուշի քաղաքի ազատագրման եռամյակի, եւ ախորժակը բացած նստելու էր Վալերի Մարությանի սեղանի շուրջ, դիտելու էր տեսաֆիլմի կադրերը, որ այն ժամանակ «Մոսկվա» հյուրանոցում նկարել էր տանտերը։ Լսելու էր իմ խոսքերն այն մասին, որ ինչ-որ ժամանակ մենք անպայման կլինենք ազատ Արցախում։ Նույնիսկ տարակուսելու էր, մտածելով, թե այդ ամենը սարքովի է։ Եվ արդեն ամբողջովին զարմանքի էր տրվելու ծերունին, երբ հարմար տեղավորվելով բազկաթոռում, ակնոցի հաստ ապակիների հետեւից մանրազնին ուսումնասիրելու էր գեղեցիկ սպասքավորված սեղանը. խոզի խորոված, եռանկյունիներով կտրատված ղարաբաղյան լավաշ, «Խնդողնի» կարմիր գինու մի «մարտկոց» եւ լեգենդար ժենգալով հաց։ Այդ ամենը նորից նկարահանեց Վալերի Մարությանը։ Ականատեսներն էին հայտնի ճարտարապետ, «Մենք »Ýù մեր սարերը» (Տատիկ-պապիկ) արձանի հեղինակ Սարգիս Բաղդասարյանը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանը, ակադեմիկոսի դուստր Կարինե Համբարձումյանը։

Մեր հացադուլի օրերին Ելենա Բոնները հիվանդ էր։ Բայց ամեն օր զանգում էր ինձ, խորհուրդներ տալիս, ելնելով սեփական փորձից. նա Անդրեյ Սախարովի հետ հացադուլի էր նստել Գորկիում։ Իմանալով, որ Սոս Սարգսյանը ծխում է, նա ամեն անգամ անպայման ընդգծում էր ծխելու վտանգավորությունը հացադուլի ժամանակ։ Խնդրում էր համոզել ԽՍՀՄ պատգամավորին, որ չծխի։ Իմ ընկերը խոստացավ, որ չի ծխի, բայց ես գիտեի, որ արտիստը չի կարող առանց դրա։ Նա բառացիորեն դեղնում էր աչքիս առաջ։ Ես քառորդ դար ծխել եմ եւ լավ հիշում եմ, թե ինչպես էր առավոտյան առաջին քուլայից հետո շունչս կտրվում։ Պատահական չէ, որ ամենից շատ ծխելու ցանկություն առաջանում է ճաշելուց, խմելուց անմիջապես հետո։ Իսկ այստեղ շաբաթներով մի փշուր չէինք դրել բերան եւ հանկարծՙ նիկոտինով հագեցած թանձր ծուխ։ Սոսի սիրտը խառնում էր, տանջում էր անքնությունը։ Նրան տասնյակներով այցելում էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ։ Եվ նա նրանց բերում էր մեր սենյակ։ Մի քանի ժամ մենք զրուցեցինք Միխայիլ Ուլյանովի եւ Կիրիլ Լավրովի հետ. ցավոք, նրանք քիչ բան գիտեին ոչ միայն Ղարաբաղի դժբախտության, այլեւ այն մասին, թե ոչ հեռավոր, եթե չասենքՙ մոտալուտ ապագայում ինչ է սպասում ԽՍՀՄ-ին ընդհանրապես եւ Ռուսաստանինՙ մասնավորապես։ Ավելի քան հարյուր խոշոր գրողներ, գրական գոծիչներ եւ գիտնականներ, պետական գործիչներ ու պատգամավորներՙ բոլոր այդ խելացի, տաղանդավոր մարդիկ, որ խճճվել էին այսպես կոչված նոր մտածողության մասին վերակառուցման անսպասելի կոչերում եւ անսովոր կարգախոսներում, Ղարաբաղի խնդիրների խոշորացույցի միջով ոչ մի կերպ չէին կարողանում նշմարել ողջ տերության ողբերգական ավարտը։ Լիներ դա պրոֆեսիոնալ պատմաբան, գեներալ Դմիտրի Վոլկոգոնովը, կամ պրոֆեսիոնալ հետախույզ, գեներալ Օլեգ Կալուգինը, պրոֆեսիոնալ տնտեսագետ Գավրիլ Պոպովը կամ բանաստեղծ Դավիդ Կուգուլտինովը։

Հացադուլավորների անունով «Մոսկվա» հյուրանոց էին հասել ավելի քան տասը հազար հեռագրեր աշխարհի տարբեր մասերից։

Երեքշաբաթյա հացադուլի ժամանակ ես ինձ համար պարզեցի, որ Ղարաբաղի իմաստի ու էության թերեւս ամենատաղանդավոր քարոզիչը դարձավ Սոս Սարգսյանը։ Քաղաքական հացադուլի մասնակցի իր նամակը նա բերեց մեր սենյակ եւ խնդրեց օր ու գիշեր մեզնից անբաժան Հենրիկ Իգիթյանին, որ հանձնի Գորբաչովի ձեռքը։ Սակայն հաջորդ օրը նախագահը բացակայում էր նստաշրջանից, եւ Հենրիկը որոշեց Սոսի նամակը հրապարակել ԽՍՀՄ պառլամենտի ամբիոնից։ Յուրաքանչյուր օրվա վերջում աշխատակարգով սահմանված էր կես ժամ հատկացնել «տարբեր» ելույթների։ Ահա եւ Իգիթյանն օգտագործեց այդ հնարավորությունը։ Երբ Հենրիկը վերադարձավ հյուրանոց, ես նրան խնդրեցի բարձրաձայն կարդալ Սոսի նամակի տեքստը. «Հարգելի նախագահ, Դուք պետք է ընդունեք, որ չեն կարող լինել երկրորդական կարգի ժողովուրդներ։ Դուք պետք է ընդունեք, որ խորտակելով Մեծ կայսրությունը, Դուք միաժամանակ ամրացնում եք փոքր կայսրությունները, նրանց հոշոտմանը հանձնելով ազգային կազմավորումները։ Դուք պետք է վերջապես ընդունեք, որ չդատապարտելով Սումգայիթն ու Բաքուն, խորհրդային կառավարությունը ճանապարհ է բացել այլ «սումգայիթների» համար։ Դուք գործում եք «ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի» սկզբունքով։ Դա ավերիչ մտածողություն է, որն անպայման կհանգեցնի ԽՍՀՄ փլուզմանը եւ հաջորդող տիեզերական դրամային»։

Մենք կանգնած էինք, այդ թվում եւ Սոսը։ Հենրիկը շարունակում էր կարդալ։ Սոսի տեսքն ահավոր էր. կոպերը կարմրել էին անքնությունից եւ նիկոտինային թունավորումից։ Ես ուշադիր հետեւում էի նրան։ Նա հուզվում էր։ Նրան մոտեցավ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Լեւոն Բադալյանը, ականջին ինչ-որ բան հարցրեց։ Սոսը ջանաց ժպտալ եւ գլուխը թափահարեց։

Հետո ես իմացա, որ բազկաթոռին նստած Լեւոնը, նկատելով, թե ինչպես է փոխվում Սոսի դեմքի գույնը եւ որքան ծանր է նա շնչում, որոշել էր նրան առաջարկել իր տեղը։ Բայց Սոսը հրաժարվեց։

Տասնմեկերորդ գիշերը։ Համբարձումյանի համարՙ վեցերորդը։ Երկուսս էլ չքնեցինք մինչեւ առավոտ, հիանալի գիտենալով, որ լուսաբացից մեզ հանգիստ չեն տալու։ Առաջին հերթին կբերեն մեզ մի քանի հարյուր հեռագրեր։ Առյուծի բաժինըՙ անգլերեն լեզվով։ Գիտնականներ են գրում շատ երկրներից։ Ամերիկացի երիտասարդ աստղագետ Ջոն Կոննոլին զավակ է ունեցել եւ նրան տվել է Վիկտոր անունըՙ ի պատիվ հայ գիտնականի։ Տաջիկ պատմաբան Ռուստամ Շուկուրովը, միանալով մեզ եւ կիսելով Ղարաբաղի ճակատագրի մասին մեր ցավն ու տագնապը, հայտարարել է քաղաքական հացադուլ։ Բաքվից հեռագիր ստացվեց իմ անունով, որի հեղինակն աղաչում-պաղատում է, որ գործողությունս հասցնեմ մինչեւ մահացու ելքի։

Գերագույն Ëորհրդի նստաշրջանի նիստին մասնակցելու գնացող շատ հայ պատգամավորներ սկզբում այցելում էին մեզ։ Լյուդմիլա Հարությունյանն աշխատում էր նախապես մշակված ծրագրով։ Նա հաճախ էր Գոհար Ենոքյանի հետ հանդիպումներ ունենում Գերագույն Ëորհրդի նախագահ Լուկյանովի, պաշտպանության նախարար Յազովի, ներքին գործերի նախարար Բակատինի, ՊԱԿ-Ç նախագահ Կրյուչկովի, իրՙ Գորբաչովի հետ։ Նրանց պատմում էր հացադուլի նկատմամբ հասարակայնության արձագանքի մասին, դնում գործնական հարցեր, կապված այսպես կոչված անձնագրային ռեժիմի ստուգման հետ, որից հետո Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղից Շուշի էին տանում հայ երիտասարդությանը։ Մեր անունով հեռագրեր էին գալիս ԼՂԻՄ բոլոր գյուղերից, եւ Լյուդմիլան Հենրիկի, Սերգեյ Համբարձումյանի, Բորիս Դադամյանի եւ այլ գործընկերների հետ դրանք տանում էր պառլամենտ։ Եթե մեկն իմանա՜ր, թե քանի անգամ է մեզ հաջողվել կանգնեցնել բազմաթիվ հրեշավոր գործողությունների իրականացումը, այդ թվում եւ մահաբեր «Կոլցոն», երբ հայկական գյուղերն օղակի մեջ առած խեղդում էին բանակի ստորաբաժանումները, ներքին զորքերը, ազերական ՕՄՕՆ-ը եւ կողոպտիչները։ Բայց Վիկտոր Համբարձումյանի վեցերորդ գիշերից հետո ես զգացի, որ չափից ավելի ծանր եւ չափից ավելի պատասխանատու բան է այդ քաղաքական հացադուլ կոչվածը։ ԱՄՆ-ից, որտեղ մեկ տարի առաջ ինձ սրտի վիրահատություն էին կատարել, ուղարկեցին դեղեր հեղուկ վիճակում, քանզի ամբողջովին դատարկ ստամոքսում դեղահաբերը, առանձնապես ասպիրինը, ցավեր էին առաջացնում։ Բայց չէ՞ որ ես համարյա երեսուն տարով երիտասարդ եմ Համբարձումյանից, եւ դեռՙ սպորտսմեն։ Ես պետք է գնամ մինչեւ վերջ։ Բայց վեցերորդ գիշերից հետո չէի կարողանում հանգիստ նայել մեծ գիտնականին, որը հալչում էր աչքիս առջեւ։ Մենք գիտեինք, որ նա վաղուց էր տառապում երիկամների հիվանդությամբ։ Իսկ դա արդեն կրկնակի վտանգավոր է։ «Տասնմեկերորդ օրվա» բյուլետենում նշված էր. «Առանձնակի տագնապ է առաջացնում ակադեմիկոս Համբարձումյանի հուզական ռեակցիայի խորացումըՙ ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակի հետ կապված խոր մտահոգությամբ։ Նրա մոտ առաջացել են գանգուղեղային արյունաշրջանառության վտանգավոր նշաններ, որոնք դժվարացնում են նրա շարժունակությունը, զգալի է ուժերի անկման աճը, կենսական տոնուսի անկումը, որոնք այդ տարիքում կարող են անդառնալի լինել եւ հանգեցնել ամենալուրջ հետեւանքների»։

Ես գիտեի, թե որքան դժվար է լինելու ինձ համար առանց նրա։ Բոլորն էլ գիտեն, որ շատ ավելի ծանր է քաղցել միայնակ։

«Մոսկվա» հյուրանոցի նախամուտքի մոտ սպասում էր շտապօգնության մեքենան։ Վիկտոր Համբարձումյանի որդի Ռուբեն Համբարձումյանը օգնեց հորը հագնել մոխրագույն թիկնոցը, մուգ բերետը եւ գունավոր շարֆը։ Մեկնելուց անմիջապես առաջ Վիկտոր Համազասպովիչը մոտեցավ ինձ։ Ես ելա անկողնուց։ Գրկախառնվեցինք։ Ես նրանից էի թաքցնում արցունքներս, նաՙ ինձնից։ Ես նրան ցածրաձայն ասացի. «Շնորհակալություն, որ դուք կաք։ Շնորհակալություն ձեր դասերի համար»։ Նույնքան մեղմ նա պատասխանեց. «Այդ ձեզ շնորհակալություն դասերի համար։ Ես պետք է խոստովանեմ, որ հացադուլը, ինչպես համոզվեցի, Ղարաբաղին բերեց հսկայական, ես կասեիՙ փրկիչ օգուտ։ Բաքվի շատ մտադրություններ մենք կասեցրինք։ Ես հեռանում եմ, որպեսզի ձեզ չդավաճանեմ, քանզի եթե դժբախտությունը պատահի հենց այստեղ, ապա ես ակամայից կդավաճանեմ ձեզ եւ մեր ընդհանուր գործին։ Ես հիվանդանոցում կշարունակեմ պայքարը»։

Կյանքն ինձ նվիրեց այնպիսի վեց օր ու գիշեր, որ առանց դրանց իմ կյանքն արդեն կնմանվեր իր գույներից մեկը կորցրած ծիածանի։

Բժիշկ-թերապեւտ Չեկմարյովը, որն այլ մասնագետների հետ ամեն օր բժշկական հսկողություն էր վարում հացադուլի մասնակիցների նկատմամբ, իր սովորական զննությունն սկսեց անսովոր ողջույնով. «Շնորհակալություն, որ գոնե ակադեմիկոս Համբարձումյանի հարցում լսեցիք մեր խորհուրդը։ Եվս մեկ-երկու օր եւ, ինչպես ասում են, դժբախտությունն անխուսափելի էր»։

Ես միանգամից որբացա։ Չնայած անվերջանալի զանգերին, անվերջանալի այցելություններին, ամբողջ ժամանակ ինձ որսում էի Վիկտոր Համբարձումյանի մասին մտածելիս։ Եվս տասը օր տեւեց իմ ներկայությունը հյուրանոցային համարում առանց նրա, սակայն այդ ողջ ընթացքում նրան զգում էի կողքիս։ Քաղցն իրենը վերցնում էր, ես պատրաստվում էի վատթարագույնին, մտածելով հիմա իմ մյուս ընկերների մասին։

1990 թվականի սեպտեմբերի 29-ին, քաղաքական հացադուլի քսանմեկերորդ օրը անսպասելիորեն բացվեց իմ հյուրանոցային համարի դուռը եւ երեւաց աշխարհի բոլոր հայերին ցավի չափ ծանոթ ուրվագիծը։ Կաթողիկոս Վազգեն Առաջինն էր։ Մի ակնթարթ կանգ առավ շեմին, հենվելով դրվագազարդ գավազանին։ Ապա դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոն։ Հայացքն ուղղեց հարդարված մահճակալին, որը դատարկ էր, ինչ գնացել էր Վիկտոր Համբարձումյանը, եւ ընդգծված հանգստությամբ ասաց. «Ես ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ, այլեւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ինչպեսեւ դուք։ Եվ ահա որոշեցի զբաղեցնել հիվանդացած Վիկտոր Համբարձումյանի տեղը։ Համենայն դեպս, առանց ձեզ ես չեմ վերադառնա Էջմիածին»։

Նրա կերպարանքում ինչ-որ մի բան կար իմաստուն Սáղոմոն արքայից։ Նա լավ գիտեր, որ մինչեւ վերջ գնալու մեր որոշումը առավել քան լուրջ էր։ Սակայն կասկածից վեր էր, որ նա գիտեր նաեւ ամենակարեւորը. մենք երբեք թույլ չենք տա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդին դիմելու նման վտանգավոր քայլի։

Երկար էի աղաչում նրան հրաժարվել իր այդ այլընտրանք չունեցող որոշումից, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Նա հաստատակամ էր։ Եվ դեռ այդ ամենը տեղի էր ունենում ժուռնալիստների ներկայությամբ։ Եվ մենք հանձնվեցինք։

Կաթողիկոսը խորամանկ ժպտաց, կկոցելով բարի, խոշոր աչքերը։ Սքեմի փեշը թեթեւեկի մի կողմ քաշելով, անդրահանդերձի լայն գրպաններից հանեց չորս տանձ եւ հերթով մեկնեց մեզ։ Անհնար էր համը նկարագրել։ Չէ՞ որ բանն այն չէր, որ ամբողջ երեք շաբաթ, կրկնում եմ, մի փշրանք անգամ չէր եղել մեր բերանում, այլՙ որ այդ տանձերը քաղել էր կաթողիկոսը, այն էլՙ Սուրբ Էջմիածնի այգուց։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.