AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՓՈԽՎԵԼՈՒ ԱՌԻԹ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շատ ուրիշների նման երբ լսեցի, թե Արմենչիկ անունով երգչին վաստակավորի կոչում են տվել, այնքան զարմացա. որ սոցիալական ցանցերից մեկում գրառում կատարեցի այդ առթիվ: Ու արդեն ուզում էի ձեռքս թափ տալ եւ մոռանալ այդ թյուրիմացությունը, սակայն սպասելի, թե անսպասելի` այս փաստը այնքան մեծ հակադարձման արժանացավ մեր հանրության արվեստին մոտ կանգնած շերտերի մոտ, եւ այնպես շեղվեց այդ արձագանքը բուն խնդրից տարբեր ուղղություններով, որ այնուամենայնիվ` անդրադարձի անհրաժեշտություն կա: Ե՛ւ կոնկրետ փաստով, ե՛ւ կոչումներ բաժանելու առումով առհասարակ:

Մի կողմ թողնելով այն տեսակետը, որ մեդալներ ու կոչումներ բաժանելը սովետի մնացուկ եւ արխաիզմ է, անգամ ծիծաղելի է (այս տեսակետի մեջ միգուցե իմաստ կա` իսկապես արվեստի մարդկանց պետք է գնահատեն արվեստի գիտակները), մենք ելնենք, այնուամենայնիվ, այն կանխավարկածից, որ պետության գնահատանքն, իրոք, շատ կարեւոր բան պիտի լիներ արվեստի մարդու եւ իսկական քաղաքացու համար, խթան դառնալով հետագա գործունեությանը:

Նախ հասկանանք, թե ում եւ ինչու են տալիս այդ մեդալներն ու կոչումները: Թվում է` ավելի հեշտ պատասխան չկա այս հարցին, քան այն, որ այդպես գնահատում են մարդու վաստակը, սակայն տարիներ հետեւելով այն բոլորին, ինչ տեղի է ունենում այդ գործընթացում` ստիպված ենք, արժանի մարդկանց գնահատման բացառությունները չանտեսելով հանդերձ, եզրահանգել, որ այդ պատասխանը մի յոթանասուն տոկոսով չի բռնում իրականության հետ, իսկ հնարավոր պատասխաններն էլ դասդասել երեք վարկածով.

ա) ինչ-որ ծառայությունների դիմաց այս կերպ են վարձահատույց են լինում մեր իշխանությունները, բ) մտերիմներին եւ մերձավորներին են պանծացնում, գ) ինչ-որ պարտքեր, այդ թվում` ֆինանսական, նյութական սղության պատճառով վերադարձվում են մեդալով եւ կոչումով (նախօրոք ներումն ենք խնդրում մի քսան-երեսուն տոկոս արժանավորներից, որոնք, այնուամենայնիվ, հայտնվում են մեդալ ու կոչում ստացողների շարքում, բայց բացառությունները պարզապես ավելի են ընդգծում վատ օրինաչափությունը):

Մինչդեռ իրեն հարգող պետությունում ռազմավարություն պետք է լինի գնահատել իսկական արվեստն ու գրականությունը (անկախ դրանց կրողների իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց), քանի որ այդ մարդիկ ժողովրդի ճաշակը զարգացնելով ու հանրությանը կրթելով` պետության ֆունկցիաներց մեկն են վերցնում իրենց վրա, անգամ սա կարելի է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից: Բայց ի՞նչ է դուրս գալիս` բազմաթիվ արվեստագետներ ստեղծում են մնայունը, հոգի կրթում-գեղեցկացնում, նրանց ջանքերը հասարակությունը տեսնում է, իշխանությունը` ոչ , նրանց չեն գնահատում, նրանք նյութապես անապահով են, իսկ գնահատանքի ու փողի արժանանում են այն ճարպիկները, որոնց արվեստը, այսպես ասենք` «շիրպատրեբ է» կամ Հայաստանում լրիվ այլակերպված շոու-բիզնես անվանվածը, մնայուն բան չկա, բայց դրանով նրանք փող են վաստակում, իրենց արհեստը բիզնեսի աղբյուր դարձնում: Ու դեռ իշխանությունն էլ նրանց փողին միացնում է կոչումները` էլի փող եւ էլի գովազդ, փողի կրկնապատկման հեռանկարով: Լավ, հասկացանք շուկայական տնտեսություն, հասկացանք, որ խոշոր բիզնեսն է մեր իշխանության հենարանը, բայց էս կլիշեներով արվեստում առաջնորդվելը կործանարար է արդեն մեր ինքնության համար:

Արմենչիկը հայ երաժշտությունը հաջողությամբ մուղամացնելու ու բայաթիացնելու ամենաակնառու օրինակն է, նրան վաստակավորի կոչում տալով մենք ակամա օգնում ենք մեր թշնամիներին, խթանում այն բոլորն, ինչին հակառակ էին Կոմիտասի ջանքերը ժամանակին, ով ցեխից ու կեղտից մաքրում էր հայ մեղեդին: Կրկնեմ սոցիալական ցանցի գրառումս. այս նիշի կատարողի արժեւորումն իշխանության կողմից նշանակում է շախ եւ մատ հայ երգին, նշանակում է խթանել անճաշակ եւ «ռաբիս» երաժշտությունը, նշանակում է վերեւից նպաստել անճաշակի տարածմանն ու ավելի լայնորեն ներդրմանը: Եթե նույնիսկ ժողովրդի մի զգալի հատվածի պահանջարկն այս տեսակ երաժշտությունն է, բարձր երգարվեստն ու զուլալ հայկական մեղեդին զարգացնող կատարողի խթանումը կարող էր մարդկանց մեջ ճաշակ զարգացնել ու պահանջարկ փոխել:

Իմ գրառման տակ անմիջապես հայտնվեցին ցանցային ակտիիվիստների այն նույնատիպ տեսակետները, որոնք ամեն առիթով են հայտնվում, թե բա` տգետ կառավարողները տգետներին էլ պիտի գնահատեն: Է, մեդալ տվողը չէր ենթադրո՞ւմ այս ռեզոնանսը. եթե ոչ` ուրեմն վատ խորհրդատուներ ունի, կամ... այդ խորհրդատուները կասկածելի ճաշակի տեր անձինք են: Այլապես անհասկանալի է հայ երաժշտությունը բայաթու ու մուղամի հանգով ներկայացնող մեկի վաստակը գնահատելը, որքան էլ կոմերցիոն նշանակությամբ ու տասնհազարանոց դահլիճներ լցնող մեկը լինի նա: Է, մենք հո չենք ասում` մարդիկ չլսեն նրան, ուզում են` թող լսեն, իրենց ընտրությունն է, բայց հայոց պետությունը պետք է խրախուսի Մեսչյանի նմաններին` մի ողջ սերունդ հայրենասեր դարձնելու համար, ու ոչ թե խթանի առեւտուրն արվեստում, էն էլ էդ մակարդակի: Ինձ համար թշնամին ավելի լավ է, քան հայ երաժշտությունը բայաթու մակարդակով ներկայացնելը:

Ու անհասկանալի է այն բացատրությունը, թե այդպես հայրենիքի հետ կկապվեն (Արմենչիկը Հայաստանից է արտագաղթել Լոս), լավ, այդպես Արաքս Մանսուրյանին դե կապեք հայրենիքի հետ, Էդվարդ Դարբինյանին, բա ինչո՞ւ «ռաբիսն» ու մուղամը: Բա բարոյական վնասն այն բանի, որ Արմենչիկի երկրպագուն կասի` Հայաստանի նախագահն էլ է ուրեմն Արմենչիկ լսում: Կասկածելի ճաշակի տեր մեր օլիգարխները, ի թիվս արտերկրի աստղերի, իրենց հարսանիքներին Արմենչիկին էլ են հրավիրում, ու այս կոչումը միգուցե այդ հարսանիքների համար Արմենչիկին մեծապես շնորհակալ լինելու արձագանքն է:

Ճիշտն ասած` անձամբ Արմենչիկի անձի դեմ ոչինչ չունեմ` երիտասարդ մարդ է, լավ ձայն ունի, փող ունի, ու ոչինչ չի խանգարում նրան հայ երաժշտության դասեր առնել մասնագետներից եւ իսկապես դառնալ հայ երգի կրողը` առանց մուղամի, ճիշտ շեշտադրությամբ: Բայց ինձ համար անհասկանալի է մեր պետության այս քայլը` մշակույթ խթանելու փոխարեն մշակույթ պատուհասելը խրախուսելը: Իհարկե, կարելի է անաչառ լինել ու չուրանալ, որ մեր արժանավոր արվեստագետները անցյալում էլ, հիմա էլ, այնուամենայնիվ, հայտնվել են կոչումների ու մեդալավորների ցուցակներում, սակայն Արմենչիկը, ու անցյալ տարներին էլ մեդալ ու կոչում ստացած մի շարք անուններ ահազանգ են, որ կոչում տալը կամաց-կամաց իջնում է, ինչպես ժողովուրդն է ասում, «պլինտուսի մակարդակի», շարժառիթները տվյալ դեպքում էական չեն:

Անհասկանալի է նաեւ այն մոտեցումը, որ կոչում ստանալու համար արվեստագետն ինքն իրեն է առաջադրում, բնութագրեր հավաքում: Պարզ է, որ նորմալ, իրեն հարգող արվեստագետը չպիտի այդպիսի բան անի, պարզ է նաեւ, որ մեր երկրում ոչ ոք ինգնագլուխ այդպիսի բան չի անի, արվեստագետին ասում են` ներկայացրու, ներկայացնում է, ճարպիկներն էլ ընկեր-ծանոթ-բարեկամ կամ «ասող» են գտնում նախագահականի ուղղությամբ, իսկ իրենց ոլորտներում համեստ ու առանց աղմուկի շնորհակալ գործ անողները համեստ նստած են իրենց տներում:

Բայց որ նախագահականից չեն պատկերացրել, որ միշտ կարող է միայն մի կաթիլը, տվյալ դեպքում` վաստակավոր Արմենչիկը սպառել բաժակի համբերության տարածքը եւ իշխանություններից դժգոհության նոր դաշտ բացել, այ սա հետաքրքրական է: Միգուցե սա առիթ դառնա, որ Հայաստանում լրջորեն մտածեն մեդալ ու կոչում շնորհելու ավելի արդարացի ու մասնագիտական եղանակների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.