AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 868, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԻ ԳԻՆԸՙ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միջազգային մամուլի էջերը, հեռուստատեսային էկրաններն ու համակարգչային կայքերը վերջին շրջանում ողողված են փախստականների վերաբերյալ հաղորդագրություններով, պատմություններով եւ լուսանկարներով: Ցամաքային վտանգավոր ուղիներովՙ հետիոտն եւ ծովային ճանապարհներով ու երերուն նավերով շարժվող քարավանները անցյալի հին հուշեր են արթնացնում, երբ հյուծված հայ գաղթականներն էին ապաստան որոնում որեւէ երկրում, որ հոժար էր ընդունելու իրենցՙ խաղաղություն եւ գոյատեւելու հնարավորություն ընձեռելով իրենց ընտանիքներին:

Այդ լուսանկարներն ու լրատվական պատմությունները, հետեւաբար, ցեղասպանությունը վերապրած հայերիս ամենազգայուն թելերին են դիպչում: Պատմությունը կրկնում է իրեն, այս անգամ սիրիացիների, իրաքցիների եւ լիբիացիների զանգվածային տարագրության տեսքով:

Գերմանիայի նման եվրոպական որոշ երկրներ ըմբռնումով են վերաբերվում նրանց, մինչդեռ Հունգարիայի նման այլ երկրներ նրանց դիտում են որպես խոշոր եղջյուրավոր անասունների հոտի, որ փորձում է Հունգարիայի տարածքով անցնել հյուսիսային երկրներ: Զարմանալի է, որ Հունգարիան, որն ընդամենը երկու տասնամյակից մի փոքր ավելի ժամանակ առաջ տնտեսապես տառապում էր երկաթյա վարագույրի գոյության պատճառով, այդքան անտարբեր լինի փախստականների ճակատագրի հանդեպ:

Այնուամենայնիվ, երկուՙ դրական եւ բացասական վերաբերմունքների պարագաներում, ինչ-որ հեգնական մի զգացողություն կա, որը պետք է պարզաբանվի: Այդ մարդիկ, որոնք Եվրոպայի դռներն են թակում, իրենց բնակատեղիները մեկ օրից մյուսը թողնելու եւ գաղթականի իրավիճակում հայտնվելու որոշումը սեփական կամքով չեն ընդունել: Նրանք զոհերն են դարձել իրենց երկրներին պատուհասած ան ավերիչ աղետի, որի ճարտարապետներն են այն նույն իշխանությունները, որոնց գթասրտությանն են դիմում այսօր:

Առաջին աշխարհամարտի ավարտին, ցեղասպանությունը վերապրած հայերը բարոյական նույն իրավիճակում էին հայտնվել, որովհետեւ դաշնակիցները (հատկապես Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան) արդեն 1916-ին ստորագրել էին Օսմանյան կայսրության տիրույթները բաժանելու վերաբերյալ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, եւ հայերը զրկվել էին հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Նույնիսկ Կիլիկիայում հայրենիք ունենալու խոստումը, տրված 150 հազար հայերին, դավաճանաբար դրժվել էր ֆրանսիական կառավարության կողմից, որի զորքերը գաղտնի հեռացանՙ անպաշտպան հայերին թողնելով թուրքական ուժերի ողորմածությանը:

Հետագայում, երբ գաղթականների մի մասը հասավ Մարսելի նավահանգիստը, Ֆրանսիան դարձավ նրանց համար փրկարար ափ, եւ այդ ուշացած մարդասիրական ժեստը արժանացավ մեր երախտագիտությանը: Դաժան ճակատագիր վիճակվեց նաեւ Իզմիրի (Զմյուռնիայի) հայությանը, որի մի մասը 1922-ին ծովում խեղդամահ եղավ քաղաքի հույն բնակչության հետ միասին:

1990-ից առաջ Իրաքը կայուն, ապահով եւ բարգավաճ երկիր էր: Այսօրվա մարդասե՜ր երկրների հեղափոխություն հրահրելու նկրտումները խստագույն հակահարվածների էին ենթարկվում կառավարության կողմից, որը փորձում էր պահպանել երկրի խաղաղությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Այդ խստագույն միջոցառումներն էլ նպաստավոր պամաններ ստեղծեցին, որպեսզի արեւմտյան մամուլը դիվային հանդերձանքով զգեստավորի երկրի առաջնորդինՙ ի նախապատրաստում երկիր ներխուժման ծրագրին, որը չուշացավ:

Միեւնույն սցենարը գործեց նաեւ Լիբիայում եւ Սիրիայում:

Այդ ողբերգությունների հեղինակները, ծրագրողներն ու մշակողները չէին գիտակցում իրենց արարքի հետեւանքները, կամ չէին մտահոգվում դրանցով, բայց այսօր նրանք դեմ առ դեմ կանգնած են փախստականների մի մեծ հոսքի հսկայական խնդրի առաջ: Ճակատագրի հեգնանքն այն է, որ որոշ լրագրողներ փորձում են իբր առողջ դատողություն դրսեւորել եւ արդարացնել այդ քաոսը, առաջ քաշելով այն թեզը, թե Մերձավոր Արեւելքի ժողովուրդները ի վիճակի չեն կառավարելու իրենք իրենց եւ ներկա խառնաշփոթի պատճառը բռնապետական իշխանություններն են, որոնց ներքո ապրել են: Այս տեսությունը պաշտպանողները ամբողջովին անտեսում են Արեւմուտքի կողմից իրականացված ռազմական միջամտությունը, ագրեսիան:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, ով ներկա քաոսի ճարտարապետներից մեկն է, վերջերս դարձյալ քաղաքական ասպարեզ մուտք գործելով հրատարակել է իր երրորդ գիրքըՙ «Բացառիկը» (The Exceptional) խորագրով, որտեղ նա քննադատում է ներկայիս նախագահ Բարաք Օբամայինՙ արյունահեղություններ ստեղծելու իր գործելաոճին չհետեւելու մեջ եւ փոխարենը բանակցային քաղաքականության միջոցով լուծելու Մերձավոր Արեւելքի խրթին հակամարտությունները:

Ի դեպ, Չեյնին ոչնչացման ենթակա իր ցուցակում Իրաքի, Լիբիայի եւ Սիրիայի հետ ընդգրկել էր նաեւ Իրանին, բայց չհասցրեց իրականացնել իր մտադրությունը: Նոր գրքի լույս ընծայումը ակնարկ է հուշելու հաջորդ նախագահին, որ անավարտ մնացած մի առաքելություն կա: Անշուշտ օգտագործված բառապաշարը եւ լեզուն տարբեր է, բայց ընդհանուր միտքն այն է, որ նախագահ Օբաման թույլ է, տատանվում է եւ թերագնահատում Ամերիկայի հզորությունը, մեծությունը (բացառիկությունը), որովհետեւ պաշտպանողական տեսանկյունից նա ուժ չի գործադրում, այսինքն սահմանափակում է զենք արտադրողների եւ զենքի առեւտրով զբաղվողների գործունեությունը:

Ընդդեմ Սիրիայի 2011-ին գործադրված արտաքին ագրեսիան, որին թյուրիմացաբար տվեցին «Քաղաքացիական պատերազմ» անվանումը, պատճառ է դարձել, որ 9 միլիոն սիրիացիներ դառնան փախստական:

Նրանցից երեք միլիոնից ավելին հարեւան երկրներ են փախչելՙ Թուրքիա, Լիբանան, Հորդանան եւ Իրաք: Մյուս 6-6,5 միլիոնը երկրի ներսում են տեղահանված: Թուրքիան եւ Հորդանանը բողոքում են փախստականների այդ հսկայական հեղեղից, մոռանալով, որ Սիրիայում պատերազմ հրահրելու արեւմտյան իշխանությունների ջանքերին իրենք անմիջական օժանդակություն են ցուցաբերել:

Գնդապետ Մուամար Քադդաֆին, լինելով տարօրինակությունների տեր պետական գործիչ, այդուհանդերձ հավասար իրավունքների հասարակարգ էր հիմնել Լիբիայում: Քաղաքացիներից ոչ մեկի մտքովն անգամ չէր անցնում հեռանալ այդ հարուստ երկրից եւ դառնալ փախստական, մինչեւ, անշուշտ, օտար ներխուժումը երկիր, եւ ամենադաժան ձեւով նախագահի սպանությունը: Երկիրը ծվեն-ծվեն եղավ, խոցելի դառնալով իսլամիստ ծայրահեղականների առաջ:

Մինչ որոշ նավեր այժմ խորտակվում են Միջերկրականի ջրերում եւ ուրիշներ մի կերպ հասնում Իտալիա եւ Հունաստան, մեծ թվով փախստականներ Սոմալիից միանում են անօթեւանների այդ հսկա հոսքին: Այդ սոմալցիների ճակատագիրը ավելի վաղ էր որոշվել:

Մոհամեդ Սիադ Բարրիի իշխանության օրոք (1969-1991) ծովահեններ չկային աֆրիկյան հրվանդաններում եւ ծովային երթուղիները անվտանգ էին այն առեւտրական նավերի համար, որոնք Կարմիր ծովով նավթ էին տեղափոխում Ծոցի երկրներից դեպի Եվրոպա: Բայց Բարրին ընդհարվեց Խորհրդային Միության հետ, որի հովանավորությամբ պահպանում էր իշխանությունը իր երկրում եւ շրջվեց Մ. Նահանգների կողմը: Հետագայում պատերազմի մեջ մտավ Եթովպիայի մարքսիստական վարչակարգի հետ եւ գահընկեց արվեց: Այդ օրվանից սոմալցի գաղթականներ փախչում են երկրից դեպի արաբական եւ եվրոպական տարածքներ, է՛լ ավելի սրելով փախստականների խնդիրը, որի կողմնակի արտացոլումներից մեկը տարբեր խմբերի միջեւ առաջացած տարաձայնությունն է:

Քուրդերն ու թուրքերը առաջին փախստականներից էին, ովքեր հաստատվեցին գլխավորապես Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ավստրիայում: Քուրդերի եւ թուրքերի միջեւ առաջացած ատելությունն ու բռնությունը հասել է նաեւ Գերմանիա, որտեղ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներից մեկը Հանովերում կտրել է քուրդ մի ցուցարարի կոկորդը, իսկ մեկ այլ թուրք խռնվելով Բեռնում (Շվեյցարիա) քրդական ցուցարարների շարքերը, վիրավորել է հինգ մարդու:

Տեղեկություններ կան նաեւ ան մասին, որ փախստականների շարքերն են ներթափանցում ծայրահեղական «ջիհադիստների» գաղտնի գործակալներ գործունեություն ծավալելու համար Եվրոպայում:

Հայերս ըմբռնումով ենք մոտենում փախստականների մերօրյա այս նոր հոսքին եւ մեկ անգամ եւս ականատես լինում հզոր պետությունների երկդիմի քաղաքականությանը, որն անողոքաբար խաղում է փոքր պետությունների ճակատագրի հետ, ստեղծելով միաժամանակ խնդիրներ իր համար:

Քաղաքական ցինիզմի գինը փախստականների ներկա խնդիրն է, որ պատուհաս է դարձել եվրոպական երկրների համար:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.