AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1158, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՌԱԿ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմաբան, ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր, 01.10.2015 թ.

1921 թ. հոկտեմբերի 1-ին հիմնադրվեց հայ անդրանիկ Արմենկան կազմակերպության լավագույն ավանդույթների կրող ու ժառանգորդ Ռամկավար Ազատական կուսակցությունը: ՌԱԿ-ի ծնունդը արդյունք էր երկարատեւ եւ համառ ջանքերի:

1885 թ. Վանում հիմնադրված եւ զգալի հաջողություններ արձանագրած Արմենական կուսակցությունն իր պանծալի առաջնորդ Մկրտիչ Ավետիսյանի առաջնորդությամբ փայլուն իրականացնելով 1896 թ. հերոսական ինքնապաշտպանությունը` հետագայում զոհ գնաց թուրքական խարդավանքներին եւ խիստ թուլացավ: Վերակազմակերպվելու եւ ուժերը համախմբելու գործունեություն ծավալած արմենականները քաղաքական նոր իրավիճակում միավորվելով այլ ուժերի, 1908 թ. հոյտեմբերի 31-ին ստեղծեցին Հայ Սահմանադրական-Ռամկավար կուսակցությունը:

Տուրք տալով ազատության մասին երիտթուրքերի հռչակած կեղծ հայտարարություններին` ՀՍՌԿ-ն հրաժարվեց արմենականության ռազմավարությունից ու մարտավարությունից եւ իր նպատակը համարեց երիտթուրքերի հռչակած սահմանադրության ավելի դեմոկրատացումը: Սակայն շատ շուտ հայտնի դարձան 1908 թ. «հեղափոխության» խաբկանքը եւ երիտթուրքերի իրական` հայերին բնաջնջելու եւ հայրենազրկելու նպատակները, որը սթափեցրեց ՀՍՌԿ-ին եւ ստիպված այն շուտով հրաժարվեց «Սահմանադրական» եզրից: Միաժամանակ հստակ դարձավ, որ բարեշրջումների միջոցով հայության ազատության հասնելու նրա ծրագիրն այլեւս ժամանակավրեպ էր: Հասունանում էր նաեւ նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը:

Կուսակցության Հայաստանի շրջանակը 1919 թ. իր համագումարում ընդունեց Հայ Ռամկավար կուսակցություն անվանումը, իսկ Ամերիկայի շրջանակը նույն 1919 թ.` հիմնեց Ազգային Ռամկավարական կուսակցությունը:

Զուգահեռաբար նմանատիպ գործընթաց էր տեղի ունենում նաեւ Վերակազմյալ Հնչակյան կուսակցության ներսում: Կուսակցության Ամերիկայի հատվածը 1918 թ. կոչվեց Հայ Ազատական կուսակցություն: Ակնհայտ էր, որ նոր անվանումների որոնումներն արդեն վկայում էին արմատական փոփոխությունների մասին, քանի որ ստեղծվել էին նոր պայմաններ եւ նրանց հիմնական առաքելությունը Եղեռնից հրաշքով փրկված ժողովրդին սատարելն էր, այլ խոսքով` հայապահպանությունը: Նպատակ, որը իրարից անկախ տեղ գտավ երկու կուսակցությունների ծրագրերում էլ: Կյանքի կոչվեց քաղաքական մի հավատամք, որը դարձավ ապագա ՌԱԿ-ի գաղափարախոսության եւ գործունեության հիմնաքարը` Հայաստան եւ հայ ժողովուրդ: Այսինքն` հայության գոյապահպանություն հայրենիքում եւ սփյուռքում:

Ազատականների եւ ռամկավարների ծրագրերի համահունչ լինելը թելադրում էր նրանց մեկ կուսակցության մեջ միավորվելու անհրաժեշտությունը: Մի խումբ նշանավոր կուսակցականների 1919 թ. Փարիզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում կազմվում է «Հայ Ազգային Ազատական միություն» անունով Գործադիր մարմինը եւ ՀՍՌԿ-ի ու Վերակազմյալ Հնչակյանների կողմից նշանակվում են երեքական լիազոր ներկայացուցիչներ սկսված միավորման բանակցությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ի վերջո 1921 թ. Կ. Պոլսում գումարված կուսակցության անդրանիկ համագումարը հռչակում է Ռամկավար Ազատական կուսակցութունը: Ընդունվում է ծրագիր, որը թիվ մեկ խնդիր էր համարում հայապահպանությունն ու հայության հզորացումը. «ՌԱԿ-ը պիտի ջանայ մասնավորապէս, որ ազգայնական գաղափարը զօրանայ, մեծնայ եւ տարածուի հայ ժողովուրդին սիրտին մէջ»: [1]

Շուրջ մեկ դար ՌԱԿ-ը ամեն ջանք գործադրեց իր պատվավոր առաքելությունը կյանքի կոչելու համար: Արեց ամեն ինչ, որ հայության աշխարահասփյուռ հատվածները համագործակցեն, սատարեն միմյանց ու հայրենիքին: Որ Հայաստանը վերածվի կենտրոնաձիգ մագնիսական ուժի ամբողջ հայության համար: Նույնիսկ Սառը պատերազմի դժվար տարիներին, երբ հայության երկու հատվածները երկաթյա վարագույրով պատնեշված էին միմյանցից, ՌԱԿ-ը մշակութային, եկեղեցական, սպորտային եւ այլ խողովակներով պահպանեց կապը հայրենիքի հետ` սփյուռքում մշտապես սերմանելով, որ վարչաձեւերն անցողիկ են, իսկ Հայաստանը հայության միակ հայրենիքն է:

Շնորհավորելով բոլոր ռամկավարներին հոբելյանի առթիվ, ցանկանում եմ այսուհետ ավելի հզոր, համախմբված ու միակամ տեսնել կուսակցությանս: Մաղթել, որ ներկա որոշ տարաձայնություններն առհավետ վերանան եւ հպարտ, արմենականության հերոսական ու զուլալ ակունքներին, թեքեյանների, տամատյանների, չոպանյանների, ահարոնյանների եւ մյուս մեծերի պատգամներին ու ավանդույթներին վայել պահվածքով, հզոր ու լավատես շարունակել մեր անխախտ առաջընթացը: Արձանագրել հաջողություններ քաղաքականության մեջ:

1. «Նոր կեանք-Արօր» թիվ 1, 22.10.1921:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.