AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները իրենք իրենց եւ ընթերցողներին խաբելու հարմար ձեւը գտել են. Մերձավոր Արեւելքում նախնական ամենակոպիտ մեթոդներով իշխող միջնադարյան տիրակալներին անվանում են «չափավոր արաբական միապետություններ», եւ Թուրքիայի մոլեգին քաղաքականությունը իրականացնող AKP կուսակցությունն էլ էվֆեմիստական սահմանումովՙ «մեղմ, չափավոր իսլամական», անտեսելով այն սարսափն ու արյունահեղությունը, որ այդ կուսակցությունը ստեղծել է ամբողջ Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրսՙ Չինաստանի Ույղուր շրջանում եւ վերջերս էլ Տաիլանդում:

Թուրքիային եւ նրա իշխող կուսակցությանը պետք է դատել իրենց գործողություններով եւ ոչ թե կրած դիմակներով: Չի կարելի «մեղմ» կամ «չափավոր» որակել այն կառավարությանը, որը մարզում եւ զինում է ահաբեկչական, այդ թվում «Իսլամական պետության» խմբավորումներին եւ քաջալերում նրանցՙ քանդելու որեւէ հուշարձան, համալիր կամ խմբակցություն, որը չի տեղավորվում իսլամի իրենց մոլեռանդ հասկացության մեջ: Քեսապի եւ Հալեպի հայ բնակչության դեմ կատարված վայրագությունները ապացուցեցին, որ Թուրքիան երկարաժամկետ ծրագրեր ունի շարունակելու ցեղասպանությունը եւ չբավարարվելով պատմական փաստի ժխտողականությամբ, մտադիր է ոչնչացնել նաեւ վերապրողների հետնորդներին:

Սիրիայում Պալմիրայի հռոմեական ավերակների պայթեցումները շարունակությունն են սոսկ պատմական Հայաստանի հայկական եկեղեցիների, դամբարանների եւ հուշարձանների նկատմամբ թուրք կառավարության որդեգրած անտարբերության, նախատինքի եւ սրբապղծության:

Հայերս, դժբախտաբար, չունենք այն հզոր ձայնն ու հեղինակությունը, որ անհրաժեշտ է արթնացնելու համար աշխարհի առաջնորդների եւ կազմակերպությունների խիղճը, որպեսզի ի վիճակի լինենք պաշտպանելու մեր ժառանգությունը Թուրքիայում: Այժմ երբ այդ նույն ուժըՙ «իսլամի մեղմ տեսակը» հորջորջված իշխանությունը սպառնում է ոչնչացնել մարդկային քաղաքակրթության ամենաարժեքավոր նմուշները, ժամանակն է, որ գործի անցնենք:

Նախիջեւանում հայկական խաչքարերի դեմ ձեռնարկված, Թուրքիայի պաշտպանությունը վայելող ազերիների հանցագործությունը թելադրված էր Աֆղանստանում բուդդայական տաճարը եւ վերջերս Տաիլանդում «Երավան» դամբարանը ռմբակոծելու միեւնույն քայքայիչ գաղափարախոսությամբ: Իր օգոստոսի 29-ի համարում «Դեյլի Տելեգրաֆ» օրաթերթը հաղորդում էր, որ Տաիլանդի ռմբակոծության գլխավոր կասկածյալը թուրքական ծայրահեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպությունից է, որը սերտ կապեր ունի աջակողմյան Ազգայնամոլական շարժում կուսակցության (MHP) հետ: Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի դեմ մահափորձ կատարած Մեհմետ Ալի Ագչան նույնպես անդամ էր «Գորշ գայլեր» կազմակերպության, որը կազմակերպել էր Հրանտ Դինքի եւ 2010-ին Տրապիզոնում կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեցի սպանությունները:

«Հուրրիեթի» սյունակագիրներից Սեմիհ Իդիզը թերթի անգլերեն տարբերակի սեպտեմբերի 2-ի համարում գրել էր. «Թուրքիան լուրջ խնդիրներ ունի կապված իր միջազգային կերպարի հետ: Աշխարհով մեկ մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք Թուրքիային համարում են իսլամական ահաբեկչությունը սնուցող եւ նրա գործունեությունը խրախուսող երկիր»: Հոդվածի եզրակացությունն առավել ցնցող է: Հեղինակը գրել էր. «AKP-կուսակցությունը շարունակ պնդում է, որ միջազգային մի արշավ է սկսվել սեւացնելու Թուրքիայի անունը եւ բացասական պատկեր ստեղծելու AKP-ի եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կառավարության ներքո ժողովրդավարության եւ օրենքի իշխանության բնագավառներում երկրի ձեռք բերած հաջողությունների վերաբերյալ: Նման պնդումներ անողները լավ կլինի ժամանակ առ ժամանակ նայեն հայելու մեջ հասկանալու համար, թե ինչու է Թուրքիայի հեղինակությունը օրեցօր վատթարանում»:

Բայց, հարց է ծագում: Ինչո՞ւ Թուրքիան այս փուլին հասավ եւ Մերձավոր Արեւելքում նման խառնաշփոթ ստեղծեց: Պատասխանը առաջին հերթին այն է, որ արեւմտյան պետությունները ցանկացան հավատալ Թուրքիայի կեղծավորություններին, նրա այն շինծու հավաստիացումներին, որ ՆԱՏՕ-ի Բլոկի անդամ է եւ դավանում է նույն արժեքներն ու գաղափարախոսությունը: Էրդողանի գործողությունները, սակայն, ապացուցեցին, որ այդ բոլոր հավաստիացումները ինքնանպատակ էին, շահամոլական, որոնք ձգտում էին Արեւմուտքի օժանդակությամբ հիմնել միջնադարյան սուլթանություն տարածաշրջանում: Էրդողանի «մեղմ իսլամական» կառավարությունը դաշնակցում էր իսլամական «Մահմեդական եղբայրներ» չարակամ կազմակերպության հետ, որը Եգիպտոսում Մուհամեդ Մորսիին բերեց իշխանության ղեկին: Չնայած Թուրքիան իր տարածքից ոչ մի թիզ չի զիջի հայերին կամ քրդերին, նա այդուհանդերձ պաշտպանում էր մի կուսակցության, կամ կազմակերպության, որը պետականության գաղափարը չի ընդունում, եւ ծրագրում էր Եգիպտոսի ազգային տարածքները կիսել Սուդանի հետ եւ Սինայի թերակղզին որպես նվեր հանձնել պաղեստինցիներին, ճանապարհ հարթելու կամ իրականացնելու համար պաղեստինցիներին արեւմտյան ափից անապատում «բեռնաթափելու» եւ դրանով Իսրայելի նախկին արտգործնախարար Սվիգդոր Լիբերմանի եւ նրա կուսակցությանՙ «Յիզրայել Բեյտենու» երկու պետություն ստեղծելու հարցը լուծելու քաղաքականությունը: Նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսիի ժամանակին միջամտությունը փրկեց Եգիպտոսը մասնատումից:

Անկարան, «Իսլամական պետության» միջոցով, նաեւ փորձում է տապալել Սիրիայի օրինական կառավարությունը, որպեսզի այն փոխարինի հլու-հնազանդ մի վարչակարգով, որը կընդարձակի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ոլորտը:

Արմատական իսլամիզմի դեմ ներկայիս մղվող պատերազմում Թուրքիան փաստորեն հայտնվել է սխալ կողմում: Ձեւացնելով, որ նախագահ Օբամայի հավաքագրած 60 երկրների կոալիցիայի կազմում է գտնվում, Թուրքիան իրեն իրավունք է վերապահել քանդել-ոչնչացնելու քրդական կազմակերպությունները եւ բացահայտորեն քայքայելու այն ռազմական ուժերին, որոնք Սիրիայում մարզվել էին ամերիկացիների կողմից իսլամական պետության դեմ պայքարելու համար: Համեմատության կարգով նշենք, որ Թուրքիան ընդամենը ISIS-ի երեք բազա է ռմբակոծել քրդական թիրախներին իր հասցրած 300 հարվածների դիմաց:

«Թուրքիան հիմարացրեց Մ. Նահանգներին, եւ ISIS-ն այժմ օգտվում է դրանից» քողազերծող խորագրի ներքո Պատրիք Կոքբըռնը «Ինդիփենդենտի» օգոստոսի 30-ի համարում գրում է. «Քրդերին վնաս հասցնելու գնով Թուրքիայի հետ ռազմական համաձայնություն կնքելու Մ. Նահանգների աղետալի սխալը օրեցօր առավել հստակ է դառնում: Սիրիայի հետ սահմանի հյուսիսային մասում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից օգտվելու արտոնության դիմաց Մ. Նահանգները դավաճանեց Սիրիայի քրդերին, որոնք ամենաարդյունավետ դաշնակիցն էին «Իսլամական պետության» դեմ նրա պայքարում»:

Իսկ «Նյու Յորք Թայմսում» Թուրքիայում Մ. Նահանգների նախկին դեսպան Էրիկ Ս. Էլդերմանը մեղադրում է Էրդողանին «Թուրքիայում ապրող քրդերի դեմ ճնշումների մի նոր ալիք սանձազերծելու համար, որը երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավելու սպառնալիք է պարունակում իր մեջ» (հոդվածը վերնագրված է «Ամերիկայի վտանգավոր գործարքը Թուրքիայի հետ»):

Աստիճանաբար Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիայի քաղաքականությունը տրամագծորեն հակադիր է իր սեփական շահերին եւ վարած քաղաքականությանը: Արդեն բավական ժամանակ է, ինչ Օբամայի վարչակարգը հրաժարվել է Սիրիայում «վարչակարգի փոփոխություն» իրականացնելու գաղափարից: Նույնիսկ պետքարտուղար Ջոն Քերրին չբացառեց հակամարտությանը քաղաքական լուծում որոնելու նպատակով Ասադի վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցային սեղանի շուրջ նստելու հնարավորությունը: Պատրիք Կոքբըռնը վերոնշյալ հոդվածում նշում է նաեւ, որ «Վաշինգտոնում աստիճանաբար է՛լ ավելի են հասկանում, որ թուրքերը հիմարացրել են Մ. Նահանգներին, կամ լավագույն դեպքում վերջինիս կողմից բանակցողները իրենք իրենց են խաբել, երբ համաձայնել են գործարք կնքել Անկարայի հետ»:

Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Էրդողանի մտասեւեռումն է խոչընդոտել քրդերի առաջխաղացումները Կոբանիում եւ թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկայնքով: Միաժամանակ նա ծրագրում է չեզոքացնել քրդական քաղաքական ձեռքբերումները խորհրդարանական վերջին ընտրություններում, հուսալով, որ նոյեմբերմեկյան հառաջիկա ընտրությունները ավելի խոստումնալից կլինեն:

Իսլամական պետության դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժերինՙ քրդերին չեզոքացնելու Թուրքիայի վճռական արշավի հետեւանքով Վաշինգտոնը ակամայից դաշնակցում է ամենատարօրինակ երկրների հետ: Իրաքում Իրանի լիազոր ներկայացուցիչները համարվող շիա մարտիկները Մ. Նահանգների եւ դաշնակից ուժերի հետ միասին պայքարում են ընդդեմ ISIS-ի խմբավորումների, իսկ Սիրիայում մի նոր իրադրություն է ի հայտ գալիս: Հավանաբար Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ Ռուսաստանը մի նոր ռազմաբազա է ստեղծում Սիրիայում եւ ցամաքային ուղղորդիչ ուժեր տեղակայում այնտեղ: Երբ Մ. Նահանգները որոշեց Թուրքիայի տարածքից տեղափոխել իր «պատրիոտ» տիպի հրթիռները, կարծիք կար, որ դրանով Վաշինգտոնն իր դժգոհությունն է արտահայտում Էրդողանի քաղաքականության վերաբերյալ: Դա գուցե ճիշտ էր, բայց ավելի տրամաբանական է մտածել, թե այդ քայլը նաեւ խրախուսում էր Ռուսաստանի ներգրավվածությունը իսլամական պետության դեմ պայքարում: Այս բոլոր զարգացումները առողջ դատողության արդյունք են, չնայած հասարակական այն քննադատություններին, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են Օբամայի վարչակազմի կողմից:

Էրդողանի խաղ-ծրագիրը թվում է, թե անխոհեմ հանդգնության տեր մարդու մտահղացում է: Սիրիայի հետ Թուրքիայի թափանցիկ սահմանը, որ հեշտացրել էր ISIS-ի զորքերի ներթափանցումը սիրիական տարածք, միաժամանակ նպաստել էր, որ քրդերը ռազմական ծանր տեխնիկա անցկացնեն Թուրքիա: Ներկայիս Թուրքիան վտանգավոր տարածք է դարձել զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջության ոլորտում աշխուժության նվազումը սակայն շատ փոքր վնաս է ամբողջ երկրի մասնատման հեռանկարի հետ համեմատած: Շատ շրջաններում կառավարությունը կորցրել է վերահսկողությունը, եւ քրդերը իրենց անցակետերն են կանգնեցրել արդեն: Վարչապետ Մեհմեդ Դավութօղլուն պատմության խորաթափանց ուսանող է եւ գիտակցում է, որ հին պայմանագրերը կարող են վերականգնվել եւ պատուհաս դառնալ երկրի համար: Թուրքիան իր ներկա տարածքի համար պարտական է 1923-ին կնքված Լոզանի հաշտության պայմանագրին: Բայց դրանից առաջ 1920-ին Թուրքիան ստորագրել է Սեւրի պայմանագիրը, որ երբեք էլ չի գործադրվել: Այդ պայմանագիրը մշակված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից գեներալ Ջեյմս Հարբորդի օժանդակությամբ: (Ի դեպ, թուրքական բանակի աշխատակազմի ղեկավար Նեջդետ Օզելը դոկտորական է պաշտպանել ուսումնասիրելով Հարբորդի առաքելությունը): Այդ պայմանագիրը շատ ավելի մեծ տարածք է վերապահում Հայաստանին եւ անկախ հայրենիքՙ քրդերին: Ճիշտ է, Սիրիան մասնատվելու վտանգի առաջ է կանգնած, բայց Թուրքիան էլ նվազ վտանգված չէ:

Մենք կարող ենք թերագնահատել թուրք առաջնորդների կանխատեսումները ի վնաս մեզ: Տարածքային հնարավոր կորստի վտանգի առաջ կանգնելով Թուրքիան, ճիշտ է, շատ բան չի կարող անել բացի իր տարածքում ապրող քրդերին է՛լ ավելի ճնշելուց: Բայց մեկ այլ պահանջատերիՙ Հայաստանի մտադրությունները նա կարող է խանգարել կանխամտածված ծուղակ պատրաստելով նրա դեմ:

Ներկայիս, Հայաստանի վերլուծաբանները մտահոգված պետք է լինեն Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության սրումով: Թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի կողմից հրահրված վերջին շրջանի ռազմական խաղերը եւ Թուրքիայում պատրաստված ռումբերի արձակումը ոչ միայն Ղարաբաղի, այլեւ անկախ Հայաստանի տարածքի վրա, վկայում են այն մասին, որ Թուրքիան ծրագրում է Հայաստանին ներգրավել պատերազմի մեջ, որպեսզի զրկի նրան պահանջատիրությունից, եթե երբեւէ տարածքային մասնատման հարց առաջանա:

Ներկայիս սա՛ պետք է լինի Հայաստանի մտահոգությունը: Աշխարհի մյուս երկրները թող մտահոգվեն ահաբեկչության ալիքի տարածումով, որն իր ճանապարհին քարուքանդ է անում անցյալի քաղաքակրթությունները:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.