AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ

Քուրդ պատմաբանը քուրդ-հայկական հարաբերությունների բարդ հանգույցի եւ քրդերի Հայոց ցեղասպանությանը մասնակցելու դրդապատճառների մասին

Քուրդ-հայկական հարբերությունները ներկայացնում են մի վերին աստիճանի բարդ հանգույց, որը պահանջում է համակողմանի քննարկում: Դա անհրաժեշտ է օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության բոլոր գործոնների, այդ թվում եւ քրդական, հաշվի առնելու եւ պարզաբանելու տեսանկյունից: Նամանավանդ այժմ, երբ համաշխարհային մասշտաբով նշվում է քսաներորդ դարի առաջին ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Այդ առումով գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հենց իրենցՙ քրդերի, հատկապաես քուրդ մտավորականության, քուրդ պատմաբանների դիրքորոշումը եւ նրանց տեսակետների պարզաբանումը հայոց ցեղասպանության հարցում, նկատի ունենալով քրդական գործոնի բացասական դերակատարումը երիտթուրքերի կողմից ծրագրավորված հայոց ցեղասպանության իրականացման մեջ: Ճիշտ է, նման քուրդ հեղինակները սակավաթիվ են, ուղղակի կարելի է նրանց մատների վրա հաշվել, բայց, այդուհանդերձ, կան նման պատմաբաններ, որոնք, հայ-քրդական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության հարցերը քննարկելիս ձգտում են մնալ գիտականության հողի վրա: Դրանց մեջ առաջին հերթին ուշադրության է արժանի պրոֆեսոր Քամալ Մազհար Ահմադը եւ նրա հեղինակած «Քրդստանն Առաջին համաշխարհային պատերազմում» հետաքրքիր աշխատությունը, որը արաբերեն լեզվով լույս է տեսել Բաղդադում դեռեւս 1977 թվականին1: Նա երկար տարիներ եղել է Բաղդադի համալսարանի պրոֆեսոր2, եւ, ի տարբերություն բազմաթիվ քուրդ հեղինակների, ինչպես նաեւ քաղաքական, կուսակցական եւ հասարակական գործիչների, որոնք շրջանցում են այդ սուր հարցը, չի խուսափում ճշմարտացիորեն լուսաբանել քուրդ-հայկական հարաբերությունների բնույթը, այդ բարդ հանգույցի բոլոր բաղադրամասերը, հիմնավորում իր մոտեցումները, խստորեն դատապարտում քուրդ ֆեոդալ-շեյխերի ու ցեղապետների գործողությունները, որոնք մասնակցել են հայկական կոտորածներին, ապա նաեւ Հայոց ցեղասպանությանը:

Մենք Քամալ Ահմադի վերոնշյալ աշխատության Հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածները զետեղել ենք մեր «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» աշխատությունում, որը լույս տեսավ 2004թ. հայերեն լեզվով, որը նաեւ հրատարակվեց անգլերեն ("Arab Historiography on the Armenian Genocide", Yerevan, 2005 ), պարսկերեն (Թեհրան, 2009 ) եւ արաբերեն (Կահիրե, 2011), որի շնորհիվ քուրդ պատմաբանի տեսակետները հայտնի դարձան տարբեր ազգությունների մասնագետների եւ ընթերցողների ավելի լայն շրջանակներին:

Քամալ Ահմադի վերոնշյալ ուսումնասիրությունը պարունակում է առանձին ենթաբաժիններ, նվիրված քրդերի մասնակցությանը 1894-1896թթ. հայկական կոտորածներին եւ 1915թ. Հայոց ցեղասպանությանը: Նա քրդական գործոնի ազդեցությունը բաժանում է երկու կատեգորիայիՙ քրդերին եւ հայերին բաժանող եւ նրանց մերձեցնող գործոնների, հանգամանորեն քննարկելով դրանցից յուրաքանչյուրը:

Քրդերին եւ հայերին բաժանող գործոններից քուրդ պատմաբանն առաջին հերթին նշում է կրոնական գործոնը: «Կրոնը,- գրում է նա,- այն գործոններից մեկն էր, որը բաժանում էր նրանց»: Նա այն կարծիքն է հայտնում, որ կրոնական գործոնն իրեն չէր դրսեւորել, քանի դեռ չէր դրսեւորվել մեկ այլ գործոն, որը, ինչպես նշում է նա, դարձավ քուրդ-հայկական հակասությունների իսկական պատճառը: «Այստեղ կար ուրիշ գործոն,-գրում է Քամալ Ահմադը,- որը երկու ժողովուրդներին բաժանում էր միմյանցիցՙ հայերը համեմատած քրդերի հետ ավելի զարգացած էին»: Բարձր գնահատելով հայերի ստեղծած քաղաքակրթությունը, քուրդ պատմաբանն ընդգծում է, որ «բազմաթիվ պատճառների հետեւանքով Հայաստանը Քրդստանից շատ ավելի վաղ ներգրավվեց կապիտալիստական շուկայի մեջ եւ այդ պատճառով նոր հարաբերությունները հայկական հասարակության մեջ առաջացան ավելի վաղ, քան քրդականում»: Ի հավելումն, նա նշում է, որ արհեստագործական-տնայնագործական արտադրությունը եւ առեւտուրը Քրդստանում գտնվում էր հայերի ձեռքում, որոնց դիմում էին քրդերն անհրաժեշտության դեպքում: Հայերը դառնում են դրամական վարկերի եւ փոխատվությունների գլխավոր աղբյուրը, իսկ քրդական արհեստագործական արտադրությունը չէր կարող մրցել հայերի հետ: Եվ այդ կապակցությամբ, Քամալ Ահմադն ըդգծում է, որ քուրդ ֆեոդալները բռնություններ էին կիրառում եւ հալածում հայ առեւտրականներին, որպեսզի նրանց ետ չվերադարձնեն նրանցից վերցրած պարտքը: Քամալ Ահմադի կածիքով, «Դրա հետեւանքով, տարբեր ժամանակներում, հայ ժողովրդի արդարացի ազատագրական շարժումը պատճառ հանդիսացավ, որ քրդերի մոտ որոշ վախ առաջանա նրա (հայերի ազատագրական շարժման-Ն.Հ.) ապագա հետեւանքների նկատմամբ»:

Այսպիսով, ըստ քուրդ պատմաբանի, քրդերին եւ հայերին բաժանող գործոնը բաղկացած էր երեք տարրերիցՙ ա/ կրոնական, բ/զարգացման բարձր (հայեր ) եւ ցածր (քրդեր ) մակարդակներ եւ գ/ քրդական ֆեոդալական ավագանու եւ երիտասարդ հայկական բուրժուազիայի միջեւ առաջացած հակասություններ:

Ինչ վերաբերում է քրդերին եւ հայերին մերձեցնող գործոններին, ապա Քամալ Ահմադն առաջին հերթին մատնանշում է այն պատմական իրողությունը, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ ենթարկվել են ճնշումներիՙ սեֆյան իրանական շահերի եւ օսմանյան թուրքական սուլթանների տիրապետության տակ, եւ ընդգծում, որ «կասկած չկա, որ այդ իրավիճակը միավորում էր հայերի եւ քրդերի զգացմունքները»:

Նա որպես մերձեցնող գործոն է համարում նաեւ այն պարագան, որ ե՛ւ հայ ե՛ւ քուրդ գյուղացին հարկ էին մուծում միեւնույն օսմանական գանձարանը, ինչն ամեն օր դառնում էր ավելի ու ավելի ծանր: Բայց հենց այստեղ էլ նա արդարացիորեն ավելացնում է, որ օսմանյան սուլթանների թողտվությամբ, հատկապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի շրջանում, քուրդ ֆեոդալները սաստիկ ճնշում էին հայ գյուղացիներին: Նա խոսում է այն ծանր հարկերի, այդ թվում եւ «անհավատների վրա հարկերի» մասին, որ քուրդ ֆեոդալները եւ աղաները գանձում էին գյավուր հայերից, նրանց դաժանությունների եւ կամայականությունների մասին: Այդ կապակցությամբ Քամալ Ահմադը կատարում է երկու կարեւոր դիտարկում:

Առաջին, Օսմանյան կայսրությունում «գոյություն ունեցող պայմանները մեծապես նպաստում էին քրդական ֆեոդալների վերոնշյալ գործողություններին, իսկ սուլթան Աբդուլ Համիդը ոչ միայն հրահրում էր նրանց, այլեւ ցույց տալիս ֆինանսական եւ իրավական օգնություն, որպեսզի քրդերը գրավեին հայերի հողերը»:

Երկրորդ, կրոնական տարբերությունը եւ հայերին անհավատներՙ «գյավուրներ» համարվելու հանգամանքը, քրդական ֆեոդալների, աղաների տեսանկյունից թույլատրելի էր դարձնում բռնությունների կիրառումը հայերի նկատմամբ: Դրա հետ միասին Քամալ Ահմադը կիսում է ռուս ականավոր թուրքագետ Վ. Գորդլեւսկու տեսակետը, որ թուրքերը քրդերին հրահրում էին ընդդեմ հայերի, քանի որ «թշնամությունը հայերի եւ քրդերի միջեւ հօգուտ նրանց շահերի էր, որովհետեւ թուրքական կառավարությունը վարում էր «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը»:

Այդ բոլորից հետո Քամալ Ահմադը եզրակացնում է, որ «հայկական ջարդերի մեջ քրդերի դերն ուսումնասիրելու համար հարկ է նկատի ունենալ այդ բոլոր գործոնները, այդ բոլոր պատճառները միասին վերցրած», որի հետ դժվար է չհամաձայնվել:

Անդրադառնալով քրդերի մասնակցությանը 1915թ. Հայոց ցեղասպանությանը, Քամալ Ահմադն առանց դույզն իսկ կասկածելու հաստատում է, որ «Մեծ ցավով պետք է նշել, որ քրդերն այս կամ այն չափով, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ուրիշների կողմից հրահրված, թե կանխամտածված, մասնակցել են այդ սպանդին»: Կատարելով այդ կարեւոր եզրակացությունը նա միաժամանակ դատապարտում է թուրք գործիչների ձգտումը հայկական ջարդերի համար ամբողջ պատասխանատվությունը բարդել քրդերի վրա եւ դա կապել քրդերի հետամնացության եւ ֆանատիզմի հետ, թեեւ նա չի ժխտում, որ քրդերը հետամնաց էին եւ ինչ-որ տեղ եւ ինչ-որ չափով նաեւ մոլեռանդ են եղել: Նա ուղղակի գրում է. «Հենց սկզբից պետք է խոստովանել, որ կույր կրոնական մոլեռանդությունը եւ կուլտուրական հետամնացությունն այն երկու գլխավոր պատճառներն էին, որոնք քրդերի մեծամասնությանը մղում էին գյավուրների (իմաՙ հայերի-Ն.Հ.) սպանությանը»:

Քուրդ հեղինակը կատարում է եւս մեկ կարեւոր դիտարկում, առ այն, որ «հարյուրավոր տարիների ընթացքում հայերի եւ քրդերի միջեւ, քրդերի եւ ասորիների միջեւ չեն եղել արյունալի դրամաներ»: Իսկ ո՞րն էր դրա պատճառը, որ հետագայում ամեն ինչ տակնուվրա եղավ: Քամալ Ահմադն անդրադառնալով այդ հարցին, նկատում է, որ տարիների ընթացքում հանդես էին եկել նոր, կամ, ինչպես ինքն է բնութագրում, «հրահրիչ գործոններ», որոնք վարպետորեն քողարկվում էին «հայերի նկատմամբ քրդերի կույր կրոնական մոլեռանդության » շղարշով: Դրանում նա առաջին հերթին մեղադրում է թուրքական կառավարությանը: Նա նշում է, որ օսմանյան ղեկավարները կեղծ լուրեր էին տարածում հայերի անկախության ձգտումների մասին եւ դրանով «քրդերի մեջ վախ էին հրահրում եւ փչացնում հայ-քրդական հարաբերությունները: Դա ի նպաստ պետության (օսմանյան-Ն.Հ.) էր»: Նա շեշտում է, որ թուրքական կառավարությունն ամեն ինչ անում էր մի կողմից հայերի եւ քրդերի միջեւ հակասությունները բորբոքելու համար, իսկ մյուս կողմիցՙ պատնեշ կանգնեցնելու բոլոր այն ուժերի առջեւ, որոնք կփորձեին նպաստել հայերի եւ քրդերի մերձեցմանը: Դրանով քուրդ պատմաբանը քրդերի պատասխանատվության հարցը չի վերացնում եւ չի ձգտում որեւէ կերպ արդարացնել քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: Մենք արդեն վկայակոչել ենք նրա տեսակետն այդ հարցում եւ մատնանշել, որ նա մեղադրում է քրդերին այդ սպանդին մասնակցելու համար: Սակայն գտնում ենք, որ արժե մեկ անգամ եւս բերել նրա մեկ այլ դիտարկումը: Քամալ Ահմադը գտնում է, որ «Քրդերի մեծամասնությունը, որ մասնակցել է հայերի ոչնչացմանը, համիդիե հեծելազորից էր: Այդ ռազմական կազմակերպությունը ստեղծվել էր նման գործեր կատարելու համար եւ այն վստահվել է քրդերին»:

Հայերի ցեղասպանությանը քրդերի մասնակցության մյուս դրդապատճառը Քամալ Ահմադը համարում է քրդական ցեղերի ավագանու ընչաքաղցությունը, որը ձգտում էր հարստանալ հայերի հաշվին: Նա նշում է, որ համիդիեի զորքերը եւ քուրդ որոշ ֆեոդալներ, աղաներ, ցեղապետներ, շեյխեր գտնում էին, որ հայերի սպանությունը ամենահարմար հնարավորությունն էր իրենց ձեռքը գցելու հայերին պատկանող հողատարածքները, արոտավայրերը, անասունները, գույքն ու ունեցվածքը եւ այդ պատճառով էլ մասնակցում էին հայերի ցեղասպանությանը: Քամալ Ահմադի այս վկայությունը օգնում է ճիշտ հասկանալու հայերի անկախությանը քրդերի դեմ լինելու մոտիվացիան: Քրդական ավագանին վախենում էր, որ Հայաստանի անկախության դեպքում նրանք կզրկվեն հայերին կողոպտելու, նրանց հաշվին հարստանալու եւ նրանց հողերին տիրանալու հնարավորությունից:

Եվ, վերջապես, Քամալ Ահմադը գտնում է, որ քրդական զանգվածը, «հայերի սպանությունը դիտում էր որպես սրբազան պատերազմՙ ջիհադ, հանուն Ալլահի»:

Պրոֆեսոր Ահմադ Քամալի ուսումնասիրության մեջ բերված են նաեւ օրինակները հայ-քրդական բարեկամության պատմությունից, այդ թվում եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ քրդերը, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հաճախ փորձել են փրկել կամ օգնել հայ բռնագաղթվածներին:

Ահա այսպիսին է ընդհանուր գծերով քուրդ պատմաբան Քամալ Ահմադի հայեցակարգային մոտեցումը հայ-քրդական հարաբերությունների եւ հայերի ջարդերին ու ցեղասպանությանը քրդերի մասնակցության կնճռոտ խնդրին: Նրա հայեցակարգում անհրաժեշտ է առանձնացնել երեք սկզբունքային մոտեցում:

Առաջին, քրդական հասարակության ներսում կային որոշակի ազդեցիկ եւ տիրապետող սոցիալական խավեր եւ ուժերՙ ցեղային ավագանին, կալվածատերերը, աշիրաթների առաջնորդները, աղաները, զինվորականները, օսմանյան պետության շահերը սպասարկող պաշտոնյաները, հոգեւորական առաջնորդները եւ այլն, որոնք կիսում էին արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II-ի «Հայկական հարցը հայերին ոչնչացնելու ուղիով լուծելու» տեսակետը եւ գործուն մասնակցություն ունեցան այդ քաղաքականության իրագործման մեջ, նրանում ներգրավելով նաեւ քրդական անասնապահ-քոչվորական զանգվածներին եւ հողագործներին:

Երկրորդ, ըստ Քամալ Ահմադի, հայ- քրդական հարաբերություններում առկա հակասություններն արդյունք էին զարգացման տարբեր մակարդակներիՙ զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող եւ կապիտալիստական հարաբերությունների ոլորտը ոտք դրած հայերի, եւ զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող եւ դեռեւս ֆեոդալական-ցեղային հարաբերությունների թավուտներում խարխափող քրդերի: Հաշվից դուրս չպետք է նետել նաեւ նրանց պատկանելությունը տարբեր կրոններիՙ քրիստոնյա հայեր եւ իսլամին պատկանող ու իրենց մոլեռանդությամբ հայտնի քրդերը, որոնց կրոնն խրախուսում է քրիստոնյաների դեմ ուղղված սրբազան պատերազմը:

Երրորդ, Օսմանյան կառավարությունը եւ վերնախավը, խաղալով քրդական վերնախավի հայերին կողոպտելու, նրանց հաշվին հարստանալու զգացմունքների վրա եւ նրանց վախեցնելով հայկական անկախ պետության ստեղծման հեռանկարով, որը կարող էր առաջանալ միայն այն տարածքներում, որոնք գտնվում էին քրդերի տիրապետության տակ, քրդերին դարձրեցին իրենց ձեռքին հլու-հնազանդ գործիքՙ Հայոց ցեղասպանության իրականացման ճանապարհին:

Կարծում ենք, որ քուրդ պատմաբանի ուսւմնասիրությունը կօգնի ճիշտ ըմբռնելու քրդական վերնախավի հակահայկական նկրտումները եւ ամբողջական պատկերացում կազմելու արդի քրդական գիտական եւ քաղաքագիտական մտքի միտումների վերաբերյալ, որոնք հակասում են հայոց ազգային-քաղաքական կենսական շահերին: Դա կօգնի նաեւ հասկանալու քրդերի կատարած պատմական խոշոր սխալիՙ օսմանյան դահիճների կողմն անցնելու, Հայոց ցեղասպանությանն ակտիվ մասնակցելու քաղաքական, տնտեսական եւ կրոնական դրդապատճառները: Այդ սխալը հետագայում շատ թանկ նստեց քուրդ ժողովրդի եւ նրա քաղաքական ճակատագրի վրա, երբ հանրապետական Թուրքիայի ղեկավարությունը եւ զինվորականությունը մեկ անգամ չէ, որ արյան մեջ խեղդել են քրդերի հակաթուրքական ընդվզումները: Դա պատմության ամենամեծ ծաղրն էր, երբ օսմանյան դահիճների դաշնակից քուրդը դարձավ այդ նույն դաշնակից դահճի զոհը:

***

Հարյուր տարի է մեզ բաժանում 1915թ. Հայոց ցեղասպանությունից: Դա միանգամայն բավարար ժամանակ էր, որպեսի քրդական էլիտան անհրաժեշտ դասեր քաղեր հայկական հարցում իր գործած ճակատագրական սխալներից, վերանայեր իր մոտեցումները եւ որդեգրեր ավելի իրատեսական քաղաքականություն: Այժմ քրդերը կրկին հայտնվել են հակամարտության մեջ թուրքական իշխանությունների հետ, զինված բախումներ են տեղի ունենում քրդերի եւ թուրքերի միջեւ ոչ միայն Ստամբուլում, այլեւ Արեւմտյան Հայաստանի նահանգներումՙ Խարբերդում, Վանում եւ այլ շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով: Խոսվում է թուրքական պետության տրոհման եւ նոր պետությունների, այդ թվում եւ քրդական, կազմավորման հնարավորության մասին: Սակայն քրդական ղեկավարները, կուսակցությունները, այդ թվում եւ Քրդական բանվորական կուսակցությունն ու նրա ղեկավար Օջալանը, ինչպես նաեւ այլ կազմավորումներ, չեն ճշգրտում, թե որտեղ եւ ինչ տարածքներում է քրդական այդ պետությունը կազմավորվելու: Մեր զրույցներից մեկի ժամանակ Քրդական բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամներից մեկի հետ, որը համակարգում էր ՔԲԿ-ի աշխատանքները ԱՊՀ-ի տարածքներում, հատկապես նրա հարավային շրջաններում, մեր այն հարցին, թե դուք եւ ձեր կուսակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում քրդական պետության ստեղծումը, ո՞ր տարածքում է նա կազմավորվելու: Նա, կռահելով իմ հարցման ենթատեքստը, պատասխանեց, որ իրենց ղեկավար Օջալանը գտնում է, որ քրդերը եւ հայերը եղբայրներ են եւ երբ որ գա պետություն ստեղծելու պահը, ապա այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Փաստորեն նա խուսափեց ուղղակի պատասխանից: Եվ նա միակը չէ, որ այդպես է վարվում: Քրդական շատ ղեկավար գործիչներ չեն թաքցնում, որ քրդական պետությունը Թուրքիայում կստեղծվի այն տարածքում, որն այժմ գտնվում է նրանց հսկողության տակ, իսկ դա Արեւմտյան Հայաստանն է: Այսպիսով, թուրքական այդ ղեկավարները նման են ֆրանսիական Բուրբոններին, որոնց մասին Թալեյրանը, ֆրանսիական դիվանագիտության ամենակարկառուն դեմքը, ասում էր, որ «Նրանք ոչինչ չեն մոռացել եւ ոչինչ չեն սովորել»: Թեեւ վաղ է Թուրքիայում քրդական պետության մասին խոսելը, սակայն կարծում ենք, որ քրդերը չպետք է թույլ տան երկրորդ ճակատագրական սխալը եւ հակադրվեն հայերին:

1 Քամալ Մազհար Ահմադ, Քուրդիստան ֆի հարբ ալ-ալամիյա ալ-ավալ, Բաղդադ, 1977- Քրդստանն Առաջին համաշխարհային պատերազմի (արաբերեն):

2 Մենք հանդիպումներ ենք ունեցել Երեւանում եւ Բաղդադում, երկարատեւ զրույցներ ունեցել տարբեր հարցերի, այդ թվում եւ հայ-քրդական հարաբերությունների շուրջը:Այժմ նա բնակվում է Սուլեյմանիում:

Նկար 1. Քամալ Մազհար Ահմադ` քուրդ պատմաբանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.