AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Ռ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Յու.ՍՈՒՎԱՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս
Ա.ՄԵԼՔՈՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

Ծննդյան 60-ամյակի առթիվ

Լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Արամի Սաֆրաստյանի ծննդյան 60 տարին: Նա անցել է գիտական-ստեղծագործական բովանդակալից ուղի, որը միահյուսված է արեւելագիտության հայաստանյան գիտահետազոտական կենտրոնիՙ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական հարուստ գործունեությանը:

Ռուբեն Սաֆրաստյանը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 5-ին Երեւան քաղաքում, հայտնի թուրքագետ-արեւելագետ եւ քաղաքական գործիչ Արամ Սաֆրաստյանի ընտանիքում: Շարունակելով ընտանեկան ավանդույթներըՙ Ռ. Սաֆրաստյանը եւս ընտրում է արեւելագետի մասնագիտությունը: 1977թ. ավարտում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը, այնուհետեւ 1980թ.ՙ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Դեռեւս ուսումնառության տարիներին դրսեւորելով գիտահետազոտական աշխատանք կատարելու կարողություններ եւ հմտություններՙ Ռ. Սաֆրաստյանն արժանանում է ինստիտուտի ղեկավարության ուշադրությանն ու գնահատանքին: 1981թ. նա աշխատանքի է անցնում ՀՀ ԳԱԱ համակարգում նախ` որպես արեւելագիտության ինստիտուտի կրտսեր, ապաՙ որպես ավագ եւ առաջատար գիտաշխատող: 1998 թվականից ղեկավարում է նույն ինստիտուտի Թուրքիայի բաժինը, իսկ 2006 թվականից ինստիտուտի տնօրենն է:

Գիտական գործունեությանը զուգահեռ Ռ. Սաֆրաստյանը 1988-1991 թթ. աշխատում է որպես ՀՀ ԳԱԱ Սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն, միաժամանակՙ գիտամանկավարժական գործունեություն է ծավալում Երեւանի բարձրագույն ուսումնական հաստատություններումՙ Պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Գեղարվեստաթատերական ինստիտուտում, Հայաստանի առաջին մասնավոր բուհ-երից մեկումՙ «Հրաչյա Աճառյան» համալսարանումՙ 2004-2008 թթ. հանդիսանալով նաեւ վերջինիս Պատմության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը: Ռ. Սաֆրաստյանը շարունակում է մանկավարժական-դասախոսական գործունեությունըՙ մասնագիտական հարուստ գիտելիքներն ու փորձը փոխանցելով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում եւ Երեւանի պետական համալսարանում ուսանող ապագա պատմաբաններին, արեւելագետներին, ինչպես նաեւ տարբեր մագիստրոսական կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողներին: Նա վարում է թուրքագիտության, ցեղասպանագիտության, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, գլոբալացման, ցեղասպանությունների վերաբերյալ մասնագիտացման դասընթացներ:

Մտավորական Ռ. Սաֆրաստյանին բնորոշ է ինքնազարգացման, ինքնակատարելագործման մղումը: Դրա շնորհիվ է, որ 1999-2002 թթ. նա հաջորդաբար հաղթում է Հումբոլդտի (Գերմանիա), ապա Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ), այնուհետեւ Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Հունգարիա) հայտարարած միջազգային քաղաքականության ուսումնասիրման միջազգային գիտական մրցույթներում եւ մեկական տարի տեւողությամբ հաջորդաբար գիտահետազոտական աշխատանք կատարում նախ Բոխում քաղաքի համալսարանում, ապաՙ Կալիֆոռնիայի Բըրքլի համալսարանում, Բուդապեշտի համալսարանի Քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում եւ ամբողջացնում հայ-թուրքական հարաբերությունների, Օսմանյան կայսրության ներքին կյանքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:

Իր արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Ռ. Սաֆրաստյանին 2007թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 2009թ.ՙ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2014թ. անվանի արեւելագետն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Չնայած մշտազբաղ լինելուն, Ռ. Սաֆրաստյանը հիմնադրել է ու այժմ էլ խմբագիրն է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Թյուրքագիտական եւ օսմանագիտական հետազոտություններ» եւ «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականների, որոնք աչքի են ընկնում թուրքագիտական եւ օսմանագիտական ուշագրավ հրապարակումներով, միջազգային քաղաքականության տարբեր հիմնախնդիրների համակողմանի վերլուծությամբ: Բացի վերոնշյալը, Ռ. Սաֆրաստյանը նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում հրատարակվող մի շարք հեղինակավոր գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների, ինչպես նաեւ ամերիկյան վերլուծական կենտրոնի ու կանադական ուսումնական հաստատության գիտական խորհուրդների անդամ է:

Ռ. Սաֆրաստյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում են Թուրքիայի նոր ու նորագույն պատմության, արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հիմնահարցերը: Նա հեղինակ է դրանց վերաբերյալ բազմաթիվ մենագրությունների, «Համաշխարհային պատմության» դպրոցական 4 դասագրքերի, մոտ հարյուրավոր հրապարակումներիՙ գիտական հոդվածների, զեկուցումների եւ հիմնադրույթների ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մամուլում, գիտական պարբերականներում, գիտաժողովների զեկուցումների ժողովածուներում: Ընդ որում, Ռ. Սաֆրաստյանի գիտամեթոդական աշխատանքներն ընթերցողին հասանելի են ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն, բուլղարերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով:

Հայտնի գիտնականի տասնամյակների տքնաջան գիտական պրպտումների համապարփակ արդյունքն է «Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920թթ.)» (Երեւան, «Լուսակն», 2009, 248 էջ) մենագրությունը, որը թարգմանվել եւ լույս է ընծայվել նաեւ անգլերենով ու ֆրանսերենով: Այն հաջողված փորձ է հայեցակարգային մակարդակով պարզաբանելու Օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ գիտաքաղաքական կարեւորություն ունեցող բազմաթիվ հիմնահարցեր, մասնավորապես այդ տերության կառավարող շրջանակներում թուրքահպատակ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ծրագրի ծագումնաբանության բարդ ու հակասական խնդիրը: Աշխատությունն ուշագրավ է իր կառուցվածքով, պատմական նյութի քննական համակողմանի վերլուծությամբ, շարադրանքի ոճով: Այն ծանրակշիռ ներդրում է Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ձեւավորման ուղղությամբ:

Ռ. Սաֆրաստյանն ունի նաեւ պետական կառավարման բարձրագույն մարմիններում քաղաքագետ-վերլուծաբանի, ինչպես նաեւ դիվանագիտական աշխատանքի փորձառություն. 1991-1992 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի միջազգային հարաբերությունների գծով ավագ փորձագետ, 1992-1996 թթ.ՙ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի վարիչի տեղակալ: 1996-1997 թթ. վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայումՙ աշխատելով Բոննում որպես ՀՀ դեսպանատան խորհրդական: 2009 թվականից ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահն է: Ակտիվորեն մասնակցում եւ արձագանքում է Հայաստանում, ԱՊՀ-ում եւ տարածաշրջանի երկրներում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացներին:

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» (2008թ.), ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» (2010թ.) մեդալներով, ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:

Պրպտուն միտք եւ աշխատանքային պատկառելի փորձառություն ունեցող գիտնական-հետազոտող, մանկավարժ, վերլուծաբան ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանին մաղթում ենք քաջառողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.