AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 851, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՄՆ ԱՅՑԸ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերս պատշաճ երախտագիտությունը չհայտնեցինք

Բարոյականությունն ու քաղաքականությունը սովորաբար իրարամերժ հասկացություններ են: Չնայած երկուսն էլ գործ ունեն սոցիալական հարցերի հետ, այդուհանդերձ վերջինս առավել սերտորեն է առնչված դրանց, քան բարոյականությունը, որ սավառնում է վերացականի ոլորտներում եւ մարդկանց խղճի հետ խոսում է հիմնականում սուբյեկտիվ ձեւով:

Հռոմի Պապ Ֆրանսիսի այցելությունը Մ. Նահանգներ իրար միացրեց սոցիալական հարցերին առնչվող այս երկու հասկացությունները եւ եկավ ցույց տալու բանավոր խոսքի ուժն ու բարոյականության ազդեցությունը քաղաքականության եւ քաղաքական հարցերի վրա:

Որպես հոգեւոր առաջնորդի, տեղին չէր, գուցե, քաղաքականացնել իր առաքելությունը, բայց քանի որ իր արծարծած սոցիալական հարցերը իրենց մեջ նաեւ պարունակում էին քաղաքական բաղադրիչներ, ապա նա պարտավոր էր ըստ այդմ ձեւակերպել իր ելույթները: Մ. Նահանգների կոնգրեսի լիագումար նիստում արտասանած իր ելույթի վերջում նա նշեց. «Լավ քաղաքական առաջնորդը նա է, ով բոլորի շահերից ելնելով որսում է ճիշտ պահը գործելու բացահայտության եւ պրագմատիզմի ոգով»:

Նախքան Հյուսիսային Ամերիկա ժամանելը, որպես նման առաքելություն իրականացնող Հռոմի չորրորդ հովվապետը, Ֆրանսիս պապը նախ կանգ առավ Կուբայում, որտեղ ժողովուրդն ու կառավարությունը նրան ընդունեցին պետության առաջնորդին վայել պատիվներով: Դրանով նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Մ. Նահանգների եւ Կուբայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում հովվապետի դերակատարության համար:

Նախագահ Օբաման նույնպես երախտապարտ էր եւ շնորհակալություն հայտնեց Պապին երկու երկրների միջեւ կապերը վերականգնելու գործում ցուցաբերած նրա աջակցության համար: Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Դուք մեր խիղճն եք արթնացնում թմբիրից, կոչ եք անում ուրախանալ լավ լուրով եւ վստահություն ներշնչում, որ մենք կարող ենք մերձենալ խոնարհաբար եւ պատրաստակամությամբ եւ հետամուտ լինել կառուցելու մի աշխարհ, որն ավելի սիրալիր է, ավելի արդար եւ ավելի ազատ»:

Կուբայում Պապը Աստծուն վերադարձրեց աթեիստ հասարակությանը եւ իր ելույթում զգուշորեն արծարծելով քաղաքական հարցեր, վերականգնեց քրիստոնեական հավատը ժողովրդի շրջանում: Նա խուսափեց քաղբանտարկյալների հարցը շոշափելուց եւ դրանով իշխանությունների զայրույթը առաջացնելուց:

Պապի Մ. Նահանգներ այցելությունը շատ ավելի հարուստ էր իրադարձություններով: Այցի ամբողջ ընթացքում լրատվամիջոցները բազմակողմանի լուսաբանեցին միջոցառումները եւ նրա ելույթներըՙ գրավելով ոչ միայն կաթոլիկների, ալեւ այլ դավանանքի տեր մարդկանց ուշադրությունն ու պատկառանքը, քանի որ Պապի պատգամները վեր էին ռասսայական, կրոնական եւ գաղափարախոսական տարանջատումներից:

Նա առաջին Պապն էր, որ ելույթ ունեցավ կոնգրեսի լիագումար նիստում, արժանանալով 30 հոտընկայս ծափահարությունների: Համեմատության համար նշենք, որ Բենիամին Նաթանյահուն, որ քաղաքականապես առավել բաժանարար ելույթ ունեցավ, արժանացավ 29 ծափահարությունների:

Չնայած Հռոմի պապը խաղաղության առաքելություն էր իրականացնում, նա չխուսափեց օրվա հրատարպ հարցերին անդրադառնալուց: Ջոն Բոների (որն ավելի ուշ հրաժարվեց ներկայացուցիչների պալատի խոսնակի իր պաշտոնից) եւ Միտչ Մկքոնելի նման կոնգրեսական առաջնորդներն, իհարկե, չէին ակնկալում նրա ելույթի նման ուղղվածությունը, երբ խոսք տվեցին նրան: Հռոմի պապը կոչ արեց պաշտպանել ներգաղթողների եւ փախստականների իրավունքները, վերացնել մահապատիժը եւ «կյանքի նվիրականության» դեմ գնալու փորձերը, որն անուղղակի ակնարկ էր արհեստական վիժումների տարածված երեւույթին: Հետո նա արծարծեց «մահվան արդյունաբերություն» թեման, հարց տալով, թե «ինչո՞ւ են մահաբեր զենքեր վաճառվում նրանց, ովքեր ծրագրում են անասելի տառապանքներ պատճառել անհատներին եւ հասարակություններին»: Այնուհետեւ ինքն էլ պատասխանեց իր հարցին, ասելով. «Դժբախտաբար, պատասխանը, ինչպես բոլորս գիտենք, փողն է: Փողը, որ հեղեղված է արյամբ, հաճախ անմեղների արյամբ»: Նա կոչ արեց գործի անցնել «դիմակայելու համար այդ խնդիրը եւ դադարեցնելու զենքի առեւտուրը»:

Կոնգրեսի լսարանը հասկանալով ակնարկըՙ այն կապեց Սաուդյան Արաբիային (որի գործողությունները ավերածություններ են պատճառում Սիրիայում եւ Եմենում) վերջերս 60 միլիարդ դոլարի եւ Իսրայելին խոստացված 45 միլիարդ դոլարի արժողությամբ զենք մատակարարելու Մ. Նահանգների կնքած գործարքների հետ:

Հռոմի պապի արծարծած բոլոր հարցերն այժմ բուռն կերպով քննարկվում են նախագահական ընտրարշավի շրջանակներում:

Պապը նման ելույթներ ունեցավ նաեւ Սպիտակ տանը եւ ՄԱԿ-ի գլխավոր խորհրդաժողովում: Նա հիշեցրեց լսարանին այն ոսկյա կանոնը, որ պատգամում է «Կատարեք այլոցը այն, ինչ ցանկանում եք, որ նրանք կատարեն ձեզ»:

Պապի այցը մեծ ու խորը ազդեցություն գործեց մարդկանց խղճերի վրա: Մարդիկ հուզվեցին նրա հեզ ու խոնարհ վարքը տեսնելով եւ անպաճույճ ելույթները լսելով: Բայց թե այդ զգացումները ինչ կոնկրետ գործողությունների կվերածվեն, պարզ կդառնա հետագայում: «Կառավարություններն ու նրանց առաջնորդները հեշտությամբ չեն ընդունում բարոյական կոչերը, նույնիսկ եթե դրանք հնչեն Պապի շուրթերից, բայց հաշվի են նստում իրենց ժողովուրդների կարծիքի հետ», ասաց ՄԱԿ-ի նախկին փոխգլխավոր քարտուղարուհի Լուիզ Ֆրեշերը, ավելացնելով, որ «կլիմայական փոփոխությունների եւ փախստականների հարցերի վերաբերյալ Պապի շեշտադրումները կարող են կառավարություններին ստիպել համապատասխան քայլեր ձեռնարկելու»:

Պապի այցը դեռ երկար ներգործություն կունենա մարդկանց հիշողությունների եւ քաղաքագետների հաշվարկների վրա: «Ֆրանսիսի էֆեկտը» իրոք հզոր էր եւ տպավորիչ: Միակ հարցը, որ չլուծված մնաց մարդկանց մտքերում, եկեղեցում կանանց դերի հարցն էր: Չնայած նա կողմնակից էր «առավել խորը աստվածաբանական ուսումնասիրություններ կատարել եկեղեցում կանանց դերի եւ որոշումներ կայացնելու ոլորտում նրանց ավելի լայն հնարավորություններ ընձեռնելու վերաբերյալ», այդուհանդերձ պապի վերջնական խոսքը խնդրի առնչությամբ հետեւյալն էր. «Եկեղեցին ասել է իր խոսքը եւ դուռը փակ է» կանանց առաջ: Նրան մեղադրում են կանանց հասկանալու հարցում «ամբողջովին բոբիկ» լինելու մեջ:

Ընդհանուր առմամբ լրատվամիջոցները դրականորեն արձագանքեցին Պապի այցելությանը, բացի մի քանի կարկառուն դեմքերից այդ բնագավառում: Դրանցից մեկը «Նյու Յորք Թայմսի» սյունակագիր Մորին Դոուդն է, ով կտրականապես դեմ է եկեղեցում կանանց դերի վերաբերյալ Պապի պահպանողական դիրքորոշմանը: Թերթի սեպտեմբերի 27-ի համարում նա գրում է. «Նրա մագնիսային, վեհանձն անձնավորությունը մարդկանց համար առավել գրավիչ է դարձնում եկեղեցին, որն այնքան արատավորված է սեռական բնույթի սկանդալներով, բայց Վատիկանը դեռեւս համառորեն կառչած է մնում կանանցՙ որպես ավելի ցածր դասակարգի էակներ համարելու իր հնացած վերաբերմունքին»:

Մի քանի այլ մեկնաբաններ գրեցին, որ չնայած Պապը պահպանողական փիլիսոփայության հետեւորդ է, այդուհանդերձ իր բարձրաձայնած հարցերով նա «նոր ճանապարհ է հարթել կրոնական ձախակողմյան թեւի հավատացյալներ համար»:

Այո, վերջին տասնամյակում լրատվամիջոցների վերաբերմունքը կաթոլիկ եկեղեցու հանդեպ բացասական է եղել հիմնականում: Քողազերծվել են հոգեւորականների բազմաթիվ սեռական ոտնձգությունները: Սակայն մինչեւ վերջերս եկեղեցին ի վիճակի չէր եղել վերահաստատել իր բարոյական բարձր հիմունքները: Այժմ Ֆրանսիս պապի հովվապետությամբ եկեղեցին կարծես պատրաստ է դիմակայելու անցյալի սխալները եւ կենտրոնանալու հավատացյալներին եկեղեցի վերադարձնելու խնդիրների վրա:

Հայերս առանձնակի վերաբերմունք ունենք Պապի եւ նրա առաքելության հանդեպ: Ֆրանսիս պապի կատարածը ոչ մի պետական գործիչ չէր կարող կատարել: Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի շնորհիվ նա համաշխարհային հնչեղություն պարգեւեց Ցեղասպանության հարցին: Մենք բոլորս այդ ժամանակ գնահատեցինք նրա քայլը, բայց Մ. Նահանգներ նրա այցելության առիթով թերացանք պատշաճ ձեւով արտահայտելու մեր երախտագիտությունը: Վաղուց տեղյակ էինք նրա այցելության եւ շրջագայության օրակարգի մասին: Եթե կարողանայինք զորակոչի ենթարկել մեր համայնքը եւ պատշաճ ընդունելություն կազմակերպել, ցեղասպանության հարցը միգուցե իր անդրադարձը կունենար կոնգրեսում, Սպիտակ տանը կամ ՄԱԿ-ում արտասանած իր ճառերում: Չենք կարող վստահորեն ասել, թե ինչ տեղի կունենար, եթե կարողանայինք ոտքի հանել զանգվածներին: Ճիշտ է, Ֆիլադելֆիայում փորձ եղավ Պապին շնորհակալութուն հայտնելուՙ իր խիզախ դիրքորոշման համար եւ կաթոլիկական Նյու Յորքում էլ արեւելյան թեմի կողմից հնչեցին երախտիքի որոշ խոսքեր, բայց մենք չկարողացանք մեր հավաքական երախտագիտությունը պատշաճ մակարդակով հայտնելու նրան: Դա այս երկրում` Ամերիկայում, որպես քաղաքական ուժի մեր անկարողության ցուցանիշն էր:

Միակ փրկարար օղակը, գուցե, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր ՄԱԿ-ում եւ Երեւանում նրա հանդիպումը Արեւելյան եկեղեցիների միաբանության Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ: Այդ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայ կաթոլիկական եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պետրոս Ա. Կապրոյանը, նախագահ Սարգսյանը առանձնահատուկ կարեւորությամբ նշեց Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնյա աշխարհը միավորելու գործում, այլեւ մարդու իրավունքների, հանդուրժողականության, իրարհասկացողության եւ խաղաղության պաշտպանության բնագավառներում:

Մ. Նահանգների ժողովրդի համար Պապի այցելությունը հավատի վերականգնման եւ խաղաղության ակնկալիքի նշանակությունը ուներ, բայց հայկական համայնքի համար այն մի մեծ քաղաքական բացթողում եղավ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.