AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1077, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՎԱ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ. ԻՆՉՈ՞Ւ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացված միջոցառումներն այս տարի Ռուսաստանի հայկական համայնքներում նշվեցին աննախադեպ մեծ շուքով, իսկ ապրիլ ամսին գրեթե ամեն օր մոսկովյան հեղինակավոր դահլիճներում տեղի էին ունենում հիշատակի եւ ոգեկոչմանՙ մեկը մյուսից տարբեր եւ հետաքրքրական միջոցառումներ, որոնք բոլորն էլ մի մեծ նպատակի էին ծառայումՙ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը առավել հնչեղություն ստանա, որպեսզի անժխտելի վավերագրերի շնորհիվ հօդս ցնդեն թուրք վայ-պատմաբանների կողմից խեղաթյուրված փաստերը եւ նրանց բարձրացրած աղմուկըՙ 100 տարի առաջ տեղի ունեցած իրողությունների վերաբերյալ: Այս առումովՙ նշանակալից եւ աննախադեպ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 օր առաջ Մոսկվայում մեծ շուքով եւ հանդիսավորությամբ կայացած հայկական ինտերակտիվ թանգարանի բացման փաստը:

Այդ օրը հարյուրավոր մարդկանց զարմանքն ու հիացմունքը հարուցած եւ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների մեծ գնահատանքին արժանացած Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանի նախաձեռնողն ու հիմնադիրը, ինչպես պարզվեց, մոսկովյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի տնօրեն, ճանաչված գործարար եւ բարերար, մեծ հայրենասեր Ռուբեն Գրիգորյանն էր, ով ամենայն հարգանքի եւ մեծարանքի արժանի այդ գաղափարը կյանքի էր կոչել հայի պրպտող ու աշխատասեր գենին հատուկ մտքի թռիչքով:

Թանգարանի բացումը կայացավ մեծ շուքով: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Հռոմի պապի նվիրակ Իվան Յուրկովիչը, Ռուսաստանյան հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները, ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ազգային եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղակայված թանգարանի ընդհանուր մակերեսը ավելի քան 2000 քառակուսի մետր է: Այստեղ օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, ցուցանմուշները ներկայացված են «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» եւ «Վիրտուալ երկրագունդ» թեմատիկ դահլիճներում, իսկ 5 սրահներում` ազգային տարազներ, կենցաղային իրեր եւ պատմություններՙ Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ` սպանված եւ կտտանքների ենթարկված հազարավոր մարդկանց անուններ, որոնք հաջողվել է վերականգնել արխիվային փաստաթղթերից:

Ակնհայտ էր մեկ բանՙ հավաստի փաստեր եւ անվիճելի իրողություններ պարունակող այս թանգարանը հերթական շառաչուն ապտակն էր պատմության կեղծարարներին, քանի որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Մոսկվայում, ռուսերեն լեզվով, այն էլՙ շատ մեծ տպաքանակներով, պատմությունը խեղաթյուրող վայ-պատմաբանների կողմից մի շարք գրքեր էին հրատարակվել` նվիրված ինչպես Ղարաբաղին` «իրենց կորցրած հայրենիքին», այնպես էլ անցյալ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին: Կեղծիքներով եւ հերյուրանքներով լի այդ «ուսումնասիրությունները» ռուսալեզու ընթերցողին պատմական ճշմարտությունները ներկայացնում էին ամբողջովին խեղաթյուրված եւ ծուռ հայելում: Եվ այս առումով` նորաբաց թանգարանը, արխիվներից հանված իրական փաստերի ճշմարտացի ներկայացմամբ, զորեղ կռվան էր վայ-պատմաբանների կողմից սանձազերծված հակահայկական քարոզչության դեմ:

«Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում, տեղեկացնել այցելուներին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից են եղել, եւ նրանց ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի մի մասի ոչնչացմանը: 100 տարի այդ ողբերգական իրադարձությունները անցնում են սերնդեսերունդ: Այդ զգացմունքներն անցել են հորիցս ինձ: Ես հիմա տեսնում եմ, որ ինձնից անցել են որդուս։ Սպանված անմեղ ցեղակիցների հանդեպ ցավի եւ կարեկցանքի զգացմունքը արդեն մեկ հարյուրամյակ փոխանցվում է սերնդից սերունդՙ դառնալով խրոնիկական հիվանդություն, եւ այդ հիվանդությունից բուժվելու միակ միջոցը ցավի ու կարեկցանքի զգացմունքի փոխարինումն է ավելի զորեղ երազանքներ կյանքի կոչելով եւ իրականություն դարձնելովՙ ուժեղ տնտեսություն, գիտություն, մշակույթ, սպորտ, զինված ուժեր, հզոր պետություն եւ գիտակից ժողովուրդ Հենց այս պատճառով յուրաքանչյուր հայի համար ժողովրդի եւ պետության շահերը պետք է գերակայեն անձնական շահերին, քանի որ Հայաստանը ներկայումս նորից կանգնել է ոչ անվտանգ մի եզրագծի առջեւ, որը շուտափույթ հաղթահարել է պետք։ Իսկ դա, ես համոզված եմ, մենք կարող ենք անել: Աստված պահի մեր երկիրը»,- իր խոսքում ասել է թանգարանի նախաձեռնող եւ ստեղծող Ռուբեն Գրիգորյանը :

ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը , Պետդումայի պատգամավորներ Օլգա Տիմոֆեեւան , Վլադիմիր Կոնոնովը , ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իրենց ելույթներում արժեւորելով թանգարանի ստեղծման գաղափարը, նշեցին, որ շատ կարեւոր է, որպեսզի թանգարան այցելեն նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչները, քանի որ Հայոց ցեղասպանության մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին:

«Այս թանգարանով մենք ուզում ենք աշխարհին ասել, թե ինչ կարող է ապրել մարդկությունը, երբ բացակայում է միմյանց հանդեպ սերը: Հանուն հավատի հայ ուղին եղել է փշոտ եւ ծանր: Հայ ժողովուրդը բազմիցս խաչվել է, բայց միշտ իմացել հավատի արժեքը»,- թանգարանի բացմանն ասել է Եզրաս Սրբազանը :

Իմ շատ հարգելի ընթերցող, այս ծավալուն առաջաբանից հետո քեզ պետք է հիասթափեցնեմ:

Օրերս արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հավատարմագրված լրագրողներ, ի հակակշիռ ֆանատիկ մուսուլմանական խմբավորումների կողմից աշխարհում եւ անգամ Ռուսաստանում հակաքրիստոնեական, նույնիսկ ահաբեկչական կատաղի քարոզչությանը, ցանկություն հայտնեցին ավելի մոտիկից ծանոթանալ Ռուսաստանում քրիստոնեական արժեքներին, եւ այդ համատեքստումՙ հայ ժողովրդի պատմությանը: Քանի որ 2015-ը հայերիս համար հիշարժան եւ նշանակալից է, ես նրանց համառոտակի ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՌԴ-ում անցկացված միջոցառումներըՙ մի առանձնակի հպարտությամբ պատմեցի նաեւ Մոսկվայում մեր հրաշալի տաճարի համալիրում գտնվող թանգարանի մասին: Լրագրողները մեծ ցանկություն հայտնեցին իրենց աչքերով տեսնել դրանք: Ես սիրով ուղեկցեցի նրանց եւ մեծ եղավ մեր զարմանքն ու հիասթափությունը, երբ մեզ դիմավորեցին թանգարանի փակ դռները, իսկ անշուք ցուցանակն էլ տեղեկացնում էր, որ թանգարանը տեխնիկական պատճառներով չի գործում: Փորձեցի տեղում պարզել իրողությունը, հարցուփորձ անել, բայցՙ ապարդյուն, որեւէ իրավասու անձի այդպես էլ չկարողացա հանդիպել:

Մենք լքեցինք թանգարանը, մեր այդքան խոստումնալից այցելությունը շատ կարճ եւ տխուր ավարտ ունեցավ, մինչդեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարին դեռեւս իր իրավունքների մեջ է, եւ հուսով եմ, որ այս հրապարակումը, վերջապես, հնարավորություն կընձեռի ստանալ մեծ հարցի պատասխանըՙ մի՞թե Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանը մի քանի ամսվա կյանք ունեցավ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.