AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄԵՐԻԿԱ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 776, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԾՈՎՈՒՄ ԱՄՆ-Ի ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Աշխարհում ամերիկյան ծովուժի գերիշխանությունը մինչեւ վերջերս անվիճելի էր: Երբ օրերս Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավից թեւավոր հրթիռներ արձակվեցին «Իսլամական պետության» վրա եւ թիրախներ խոցեցին, ԱՄՆ ծովուժի բացարձակ տիրապետությունը հայտնվեց հարցականի տակ: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ ռազմանավից թեւավոր հրթիռ էր արձակվում այդքան հեռու: ԱՄՆ-ում CNN-ը անանուն աղբյուր վկայակոչելով ստահոդ լուրեր տարածեց, թե հրթիռներից չորսը իբր ընկել են Իրանի տարածքում եւ ավերածություններ պատճառել: Սակայն Մոսկվան եւ Թեհրանը պաշտոնապես հերքեցին այդ ապատեղեկատվությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց, որ «Կալիբր» կոչվող այդ հրթիռները ՌԴ զինված ուժերում առկա են 2012 թվականից: Դրանց հեռահարությունը 1,5 հազար կիլոմետր է, բայց դրանք գերճշգրիտ արդիական զինատեսակ են: Նա ավելացրել է, որ նախատեսվում է ամբողջ ռուսական բանակը վերազինել նման հրթիռներով, ինչպես նաեւ ցամաքային եւ օդային նորագույն տեխնիկայով: Այդ հրթիռները բարդ եւ արդյունավետ համալիրներ են:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ թեւավոր հրթիռներն արձակվել են հոկտեմբերի 7-ին (ընդամենը 26 հատ): Իր հարցազրույցում Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանն ունի նաեւ 4,5 հազար կմ հեռահարության հրթիռներ, ինչպիսիք կան ամերիկյան բանակի սպառազինության մեջ: Ավելին, ՌԴ-ում տվյալ զենքն ունի օդային բազավորում, ինչը թույլ է տալիս այդ հեռավորության վրա հարվածներ հասցնել հենց Ռուսաստանի տարածքից:

«Ռոսիյսկայա գազետա» թերթի փորձագետ Յուրի Գավրիլովը «Կալիբր» թեւավոր հրթիռների արձակման կապակցությամբ նշում է, որ դրանք կարող են հաղթահարել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ամեն մի համակարգ: «Թռիչքը տեղի է ունենում 50-ից մինչեւ 150 մետր բարձրության վրա, իսկ թիրախին մոտենալիս հրթիռն իջնում է մինչեւ քսան մետր եւ հասցնում անկասելի հարված», գրում է փորձագետը:

Եվրոպայում ամերիկյան ծովուժի հրամանատար, ծովակալ Մարկ Ֆերգյուսոնը վերջերս երկյուղներ էր արտահայտել ՌԴ ծովուժի հզորության եւ ՆԱՏՕ-ին սպառնացող վտանգի կապակցությամբ: Defense News էլեկտրոնային հրատարակությունը մեջբերում է ծովակալի այն խոսքը, որ վտանգի դրսեւորումներից մեկը Ռուսաստանի մշտական ներկայությունն է Միջերկրական ծովում: «Արկտիկայի ռազմակայաններից մինչեւ Լենինգրադ, Բալթիկ ծովում եւ Ղրիմում Ռուսաստանը տեղակայել է հակաօդային պաշտպանության եւ թեւավոր հրթիռների արդիական համակարգեր», նշել է Ֆերգյուսոնը:

ՌԴ Համակարգային վերլուծության եւ կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոյի խոսքերով, «Նախքան «Կալիբրի» արձակումը Վաշինգտոնը վստահ էր, թե Ռուսաստանն անկարող է ԱՄՆ-ի ուժային գործողություններին արդյունավետորեն դիմակայել առանց միջուկային զենքի կիրառության»: Այժմ ակնհայտ է, որ Կասպիական նավատորմիղը եւ Սեւծովյան նավատորմը ի վիճակի են իրենց ջրատարածքներից ամեն մի հակառակորդի ոչնչացնել Արեւելյան Միջերկրածովքում եւ Պարսից ծոցում, իսկ Բալթյան նավատորմը կարող է թիրախ դարձնել Հյուսիսային ծովը, Լա Մանշը եւ Նորվեգական ծովի մի մասը, նշել է Իշչենկոն, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

«Նկատի ունենալով, որ Հյուսիսային նավատորմը ի վիճակի է վերահսկել Հյուսիսային Ատլանտիկան, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմը կարող է խորտակել Հավայան կղզիներից հյուսիս Խաղաղ օվկիանոսում նավարկող ամեն ինչ, ԱՄՆ ծովուժը այլեւս անկարող է սպառնալիք ստեղծել Եվրասիայի ափերի համար: Քանի որ հրթիռային համազարկերը կարող են տրվել մի քանի հազար կիլոմետր հեռու գտնվող աննշան նավերից, ամերիկացի ծովայինները հրթիռները կտեսնեն միայն անկման պահին կամ դրանից քիչ առաջ: Պարզապես չեն հասցնի պաշտպանվել», վստահ է Իշչենկոն:

Սակայն փորձագետ եւ քաղաքագետ Անատոլի Նեսմիյանը առավել զուսպ է իր գնահատականների մեջ: Ռուսական ռազմանավերի գերակշիռ մեծամասնությունը կառուցված է ԽՍՀՄ-ում, այդ թվում միակ ավիակիր հածանավ «Ադմիրալ Կուզնեցովը» եւ Սեւծովյան նավարար մի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռակիր հածանավը: Վերջինս այժմ ՌԴ միջերկրածովյան նավախմբի կազմում է: Նավերի զգալի մասը բարոյապես ու ֆիզիկապես հնացած է, մի մասը նորոգվում է: ՌԴ ծովուժի կազմում առավել հզոր են սեւծովյան եւ Հյուսիսային նավատորմերը, ամենից վատ սպառազինված է Բալթյան նավատորմը:

ԱՄՆ ծովուժը ունի 11 ավիակիր, որոնցից երեքը ջրարկվել են 2003-2013 թթ.: Ամերիկացիները ռուսներին լրջորեն գերազանցում են էսկադրային ականակիրների, հրթիռակիր հածանավերի եւ սուզանավերի գծով: Դրանց զգալի մասը նոր է: Ներկայումս ԱՄՆ-ում կառուցվում է եւս երկու ավիակիր: Ամերիկյան բազմաթիվ ռազմանավեր զինված են «Թոմահավկ» թեւավոր հրթիռներով, որոնց հեռահարությունը 2,5 հազար կիլոմետր է:

Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Վասիլի Կաշինը «Գազետա.ռու» էլեկտրոնային հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան ծովուժն ունի քանակական գերազանցություն, բայց Ռուսաստանը չպետք է փորձի ստեղծել համանման ռազմածովային ուժեր: «Մեր աշխարհագրական դիրքն ուրիշ է: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, մեզ սպառնացող գլխավոր վտանգները կապված են ցամաքային ուղղությունների հետ: Ռուսաստանի ապագայի հարցերը այնուամենայնիվ մշտապես լուծվել են ցամաքում», ընդգծել է Կաշինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.