AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1007, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՔՐԴԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՄԵԶՙ ՀԱՅԵՐԻՍ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մերձավոր Արեւելքում քրդերը շատ մոտ են իրականացնելու իրենց դարավոր ազգային ձգտումները: Իրաքում Քուրդիստանն արդեն իսկ քաղաքական կայացած միավոր է: Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտված է: Դրա սոսկ անվանումն է մնացել: Մասնատված դաշնության մեջ Քուրդիստանը գործում է որպես ինքնիշխան պետություն: Իրաքի բաղկացուցիչ մասերը Մերձավոր Արեւելքում իրավիճակը վերահսկող ուժերի կողմից դեռեւս իրար միացված պահպանվում են լոկ քաղաքական նպատակահարմարությունից դրդված:

Ներկայիս գլխավոր պայքարը Թուրքիայի ներսում է մղվում: Անկախ Քուրդիստանի առաջացման կապակցությամբ ստեղծված վախը Արեւմուտքը փորձում է մեղմել, սակայն քրդերն իրենց գործը առաջ են տանում հաջողությամբ: Սիրիայի Կոբանի բնակավայրի վերագրավումը նրանց համար ձեռքբերում էր, որն ավելի սաստկացրեց թուրքերի վախը: Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կտրուկ հրաժարվեց քրդերի հետ խաղաղ բանակցություններից եւ պատերազմ սանձազերծեց նրանց դեմ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ Իրաքում, փորձելով ահաբեկել նրանց եւ մեծամասնություն ձեւավորել առաջիկա նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում:

Չնայած քրդերը, բանտարկված Աբդուլլահ Օջալանի առաջնորդությամբ, բանակցությունների ընթացքը հեշտացնելու նպատակով համաձայնել էին ամբողջական անկախության փոխարեն բավարարվել թուրքական պետության կազմում ինքնավար մարզ կազմավորելով, Էրդողանը երկրի շահն անտեսելով առաջ տարավ իր սեփական փառամոլությունը: Ընթացիկ արյունալից պատերազմը հղի է չկանխատեսված հետեւանքներով, որը չի բացառում նաեւ անկախ քրդական պետության ստեղծումը Թուրքիայի տարածքում:

Դրա իրականացումը կարող է Պանդորայի պատմական արկղը բացել աշխարհի առաջ: Քրդերը անպայման կփորձեն վերակենդանացնել Սեւրի պայմանագիրը, որը նրանց անկախություն էր խոստացել: Պայմանագրի որոշ հոդվածներ վերաբերում են նաեւ Հայաստանին ու հայերին, բայց քանի որ հայերը զրկված են իրենց պատմական հողերից, դժվար է նրանց համար տեր կանգնել իրենց արդար իրավունքներին: Քրդերն, ընդհակառակը, ապրելով միշտ այդ տարածքներումՙ արդեն իսկ 90 տոկոսով ապահովել են իրենց իրավունքների հաղթական ավարտը:

Չնայած Օսմանյան դարաշրջանից մեզ հասած պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան, ենթադրվում է, որ կայսրությունում հայ եւ քուրդ բնակչության թվաքանակը մոտավորապես նույնն է եղել: Քրդերն այսօր հաշվում են մոտ 20-25 միլիոն, այսինքն Թուրքիայի բնակչության մեկ երրորդը:

Օսմանյան դարաշրջանում նրանք իշխում էին պատմական Արեւմտյան Հայաստանի կիսանկախ նահանգների վրա: Նրանց դեմ ուղղված Օսմանյան կենտրոնական իշխանությունների բարեփոխումների ջանքերը պաշտպանվում էին հայերի կողմից, այն հույսով, որ այդ բարեփոխումները բարենպաստ կլինեն իրենց համար, սակայն անմիջապես որ այդ նահանգների իշխանությունները պարտություն կրեցին, այդ խոստումները մնացին օդից կախված: Հայերը ժամանակ առ ժամանակ փորձեցին քրդերին ներգրավել իրենց մշակութային եւ քաղաքական գործունեությունների մեջ: Փորձ եղավ նույնիսկ հայերեն այբուբենը օգտագործել քրդերեն լեզվով գրելու համար եւ հայ քաղաքական որոշ կուսակցություններ, 19-րդ դարի վերջում, պատրաստակամություն հայտնեցին պայքարելու հայ գյուղացու կողքին նաեւ հանուն ճնշված քրդերի ազատագրմանը:

Այդուհանդերձ, փաստ է, որ Սուլթանը քրդերին օգտագործում էր հայերին սեփականազրկելու եւ կոտորելու իր դիվային ծրագրերում: Նրանք նաեւ դահիճներ դարձան իթթիհատականների ձեռքերում, որոնք ծրագրեցին եւ գործադրեցին Հայոց ցեղասպանությունը իրենց սեփական պատմական հայրենիքում: Քուրդ բնակչության միայն փոքր մասը օգնեց փրկելու որոշ հայերի կյանքը:

Քրդերը որպես խմբակցություն ուշ հասկացան, որ Քեմալ Աթաթուրքը իշխանության ղեկն ստանձնելով եւ ռասիստական քաղաքականություն որդեգրելով պարզապես օգտագործել էր իրենց որպես գործիք: Ինչպես Հիտլերն էր Եվրոպայում զարգացնում եւ գործադրում իր արիական ռասսայի գերակայության տեսությունը, այնպես էլ Աթաթուրքն էր իր երկրում վարում նույն, միատարր բնակչություն ստեղծելու խտրական քաղաքականությունը: Նրա կարգախոսն էր «Նե մուտլու թուրքիմ դեյենա», որը մոտավորապես թարգմանվում է այսպես. «Նախանձիր նրան, ով իրեն թուրք է համարում»: Այս սահմանման մեջ, անշուշտ, ո՛չ քրդերը տեղ ունեին, ո՛չ էլ ալեւիները, որոնք հետապնդումների էին ենթարկվում եւ մերժվում հասարակության կողմից:

Երբ քրդերը հասկացան, որ խաբվել են, սկսեցին ներողություն խնդրել հայերից եւ պաշտպանել նրանց, նույնիսկ այն թվերին (1930-ական), երբ ռմբակոծությունների միջոցով թուրքերը փորձում էին ճնշել նրանց:

Հայերս հազվադեպ ենք ապավինել թուրքերի դեմ քրդերի տածած զայրույթին: Մենք չենք մասնակցել թուրքերի դեմ նրանց պայքարին: Չնայած քրդերը անհատապես, կամ խմբականորեն ներողություն խնդրել են հայերից, բայց նրանք դեռեւս ինքնիշխան պետականություն չունեն, որպեսզի պաշտոնապես ամրագրեն այդ ներողությունը: Մենք պարզապես կարող ենք կռահել այն քաղաքականությունը, որ իրականություն դառնալու դեպքում կարող է որդեգրել այդ պետությունը: Մենք չունենք նաեւ հրավեր մասնակցելու նրանց պայքարին ընդդեմ թուրքերի: Նրանք էլ չեն պահպանել բավականաչափ վավերագրեր հայերի դեմ գործադրված կոտորածներին իրենց մասնակցության վերաբերյալ:

Հայ պատմաբանների փաղանգից հազվագյուտ արեւելագետներից մեկը հանդիսացող պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը «Ազգ»-ի հոկտեմբերի 2-ի համարում գրախոսել է իրաքցի քուրդ պատմաբան Քամալ Մազհար Ահմադի Բաղդադում 1977-ին արաբերեն լեզվով հրատարակված գիրքը: Քուրդ հեղինակը բառեր չի խնայում նկարագրելու համար քրդերի մասնակցությունը Թուրքիայում հայերի կոտորածներին, բայց փորձում է լույս սփռել պատմական այն հակասությունների վրա, որոնք մղեցին քրդերին դաշնակցել այդ ժամանակվա իշխանությունների հետ:

Նա նախ հանգամանորեն խոսում է այն գործոնների մասին, որոնք մերձեցնում էին հայերին եւ քրդերին: Այդ գործոններից գլխավորը ճնշված, շահագործված լինելն էր կառավարության կողմից: Բաժանող գործոնները սակայն, ըստ նրա, շատ ավելին էին: Դրանց թվում առաջինը կրոնական գործոնն էր, որն օգտագործվել էր երկու կողմերը իրար դեմ հանելու համար: Հետո կար նաեւ Սուլթանի «բաժանիր, որ տիրես» կարգախոսի տակ գործող քաղաքականությունը: Քուրդ պատմաբանը ընդգծում է, որ հայերն, ի տարբերություն քրդերի, ավելի զարգացած էին եւ զգալի կապիտալ էին կուտակել: Նա նաեւ նշում է, որ Սուլթանը բորբոքում էր հայերի արդարացի ազատագրական շարժման եւ դրա հետեւանքների նկատմամբ քրդերի մոտ առաջացած վախը: Այդ շարժումը ճնշելու նպատակ հետապնդող Սուլթանի ստեղծած համիդիե հեծելազորը հիմնականում բաղկացած էր քրդերից:

Քուրդ հեղինակը չի արդարացնում քրդերի դերը հայերին ցեղասպանության ենթարկելու գործում: Իր եզրակացության մեջ նա գրում է. «Հենց սկզբից պետք է խոստովանել, որ կույր կրոնական մոլեռանդությունը եւ կուլտուրական հետամնացությունն այն երկու գլխավոր պատճառներն էին, որոնք քրդերի մեծամասնությանը մղում էին գյավուրների (բառացիՙ անհավատների, այսինքնՙ հայերի) սպանությանը»:

Իր հոդվածի վերջում պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը գրում է իր հանդիպման մասին Քրդական բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամներից մեկի հետ, որը համակարգում էր ՔԲԿ-ի աշխատանքները ԱՊՀ-ի տարածքներում: Նրա այն հարցին, թե «դուք եւ ձեր կուսակցութունը ինչպե՞ս եք պատկերացնում քրդական պետության ստեղծումը: Ո՞ր տարածքում է նա կազմավորվելու», քուրդ կուսակցականը, կռահելով նրա հարցման ենթատեքստը, պատասխանել է, որ իրենց ղեկավար Օջալանը գտնում է, որ քրդերը եւ հայերը եղբայրներ են եւ «երբ որ գա պետություն ստեղծելու պահը, ապա այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»:

Վրդովված խուսափողական պատասխանից, պրոֆ. Հովհաննիսյանը հիշում է ֆրանսիական Բուրբոններին, որոնց մասին Թալեյրանը, ֆրանսիական դիվանագիտության ամենակարկառուն դեմքը, ասում էր, որ «Նրանք ոչինչ չեն մոռացել եւ ոչինչ չեն սովորել»:

Սա է մոտավորապես այն հեռանկարը, որ հայերս պետք է ի մտի ունենանք, մինչ պատմությունը առաջ է գնում ստեղծելու մի անկախ քրդական պետություն մեր պատմական հայրենիքի ուղիղ սրտում:

Իմ անձնական փորձառությունն էլ գալիս է հաստատելու քրդական ձգտումների իրականությունը:

Ցեղասպանության դարադարձի հիշատակությունների օրերին մեծ թվով թուրքեր եւ քրդեր Երեւան ժամանեցին ներողություն խնդրելու համար հայերից: Նրանք ծաղկեպսակներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ նույնիսկ արտասվեցին հայերի հետ: Ես նույն հյուրանոցում էի իջեւանել, ինչ քրդական պատվիրակությունները, եւ մենք բազմաթիվ քննարկումներ ունեցանք Թուրքիայում ընթացող ներկա քաղաքական իրադարձությունների մասին: Այդ քննարկումներից մեկի ժամանակ ես քուրդ առաջնորդներից մեկին ուղիղ հարց տվեցի. «Գիտեմ, որ ներկայիս հնարավոր չէ հայերին տիրանալ իրենց տարածքային իրավունքներին Թուրքիայում, բայց ասացեք, խնդրեմ, ո՞րն է սկզբունքորեն ձեր դիրքորոշումը հայկական պահանջատիրության նկատմամբ»:

Նայելով աչքերիս քուրդ առաջնորդը պատասխանեց. «Ուզում եք ասել, որ այդքան արյուն հեղելուց հետո մենք վերցնելու ենք այդ հողերը եւ հանձնելու ենք հայերի՞ն»:

Այնպես որ մենք, հայերս, կարիք չունենք շունչներս պահած սպասելու, թե ինչ «կբացահայտի» Օջալանը: Մենք արդեն գիտենք նրա պատասխանը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.