AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1267, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ 186 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բարեկեցության մակարդակը բնորոշող 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն ու մեր անցնելիք ճանապարհը

Համախառն ներքին արդյունքը, կրճատՙ ՀՆԱ, տվյալ երկրի տնտեսության ամբողջ ծավալն է` իր մեջ ներառելով բոլոր ճյուղերը` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ծառայություններ եւ առեւտուր: Որքան բարձր է ՀՆԱ-ն, այնքան մեծ է երկրի տնտեսության ծավալը, հետեւաբար եւ երկրի զարգացման աստիճանը: Մյուս կողմից կա եւս մեկ ցուցանիշ` 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ: Այն բնորոշում է տվյալ երկրի բնակչության բարեկեցության աստիճանը, երբ ստեղծված ամբողջ համախառն ներքին արդյունքը բաժանում են բնակչության թվի վրա: Կա այս ցուցանիշի ավելի հստակեցված տարբերակը` 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն` հաշվի առնելով գնողունակության ցուցանիշը: Այս դեպքում բացի ամբողջ ՀՆԱ-ն բնակչության ամբողջ թվի վրա բաժանելուց, հաշվի են առնվում, մասնավորապես, թե 100 դոլարին համարժեք ազգային արժույթով ո՞ր երկրում որքա՞ն ավելի շատ ապրանք կարելի է գնել եւ ծառայություններից օգտվել:

Աշխարհի երկրների ՀՆԱ-ի, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի` գնողունակությունը հաշվի առնելով, ցուցանիշները հրապարակում են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը: Այս տարվա հոկտեմբեր ամսին դեռեւս միայն Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) է հրապարակել 2015-ին աշխարհի 186 երկրներում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշները:

Այսպիսով, ԱՄՀ 2015-ի հոկտեմբերին հրապարակած ցանկի համաձայն 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ: Մեր երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն կազմել է 3547 դոլար : Սա լավ է, թե՞ վատ:

Դատելով զբաղեցրած տեղից, այս ցուցանիշով մենք միջինից ցածր տեղ ենք գրավում: Դատելով զուտ գումարային չափից եւ համեմատելով այն ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրի եւ ամենացածր կեսնամակարդակ ունեցողի հետ, առաջինից շատ ավելի հեռու ենք, քան երկրորդից: 1-ին տեղը զբաղեցնող երկրում 1 շնչին ընկնող անվնական ՀՆԱ-ն 103 187 դոլար է, իսկ վերջին տեղը գտնվող երկրում` 315 դոլար: Այսինքն, վերջին տեղը գտնվող երկրից մեր ցուցանիշն ավելի է մոտ 11 անգամ, իսկ ահա առաջին տեղը գտնվողից` 29 անգամ: Եթե սրան էլ ավելացնենք, որ, ըստ ԱՄՀ-ի, աշխարհում միջինը 10 հազար դոլար 1 շնչին ընկնող անվնական ՀՆԱ-ին զիջում ենք մոտ երեք անգամ, ապա մեր ցուցանիշն ամենեւին էլ մխիթարական չի կարելի համարել:

Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ ամենամոտը մեր հարեւան Վրաստանն է` մեզանից ընդամենը 1 հորիզոնականով վեր գտնվող 3720 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով: Այսինքն, հակառակ առկա պատկերացումների, Վրաստանն ու Հայաստանը գրեթե նույն կենսամակարդակն ու տնտեսական զարգացման մակարդակն ունեն: Մյուսներից մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում Ղազախստանը` 11028 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ եւ 60-րդ տեղ, Ռուսաստանը` 8447 դոլար եւ 72-րդ տեղ, Թուրքմենստանը` 7534 դոլար եւ 76-րդ տեղ, Ադրբեջանը` 6794 դոլար եւ 79-րդ տեղ, Բելառուսը` 6583 դոլար եւ 81-րդ տեղ:

Հայաստանից ցածր դիրքեր զբաղեցնող նախկին խորհրդային հանրապետություններն են Ուզբեկստանը` 2130 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ եւ 132-րդ տեղ, Ուկրաինան 2109 դոլար եւ 133-րդ տեղ, Մոլդովան` 1740 եւ 140-րդ տեղ, Ղրղզստանը` 1198 դոլար եւ 153-րդ տեղ, Տաջիկստանը` 949 դոլար եւ 160-րդ տեղ:

Արժե նշել մեզանից ցածր հորիզոնականներում գտնվող մի քանի այլ երկրների եւս` Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Վիետնամ, Հնդկաստան, Պակիստան եւ այլն: Այդուհանդերձ, սա մխիթարանք չի կարող համարվել:

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներին, ապա այս ցուցիչով լավագույն տասնյակը գլխավորում է Լյուքսեմբուրգը`103187 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ, ապա գալիս են Շվեյցարիան` 82187 դոլար եւ Քաթարը` 78829 դոլար: 4-րդ տեղը զբաղեցնում է Նորվեգիան` 76266 դոլար, 5-րդը` ԱՄՆ-ն` 55904 դոլար, 6-րդը` Սինգապուրը` 53224 դոլար, 7-րդը` Ավստրալիան` 51642 դոլար, 8-րդը` Դանիան` 51424 դոլար, 9-րդը` Իսլանդիան` 51068 դոլար, 10-րդը` Սան Մարինոն` 49139 դոլար 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ ցուցանիշներով:

Կան, իհարկե, հակասական տպավորություն թողնող ցուցանիշներ, երբ ավելի բարձր աստիճաններում են գտնվում երկրներ, որոնց բնակչության զգալի մասը աղքատության եւ ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում: Բնական է, որ բարեկեցության մակարդակը ցույց տվող միակ ցուցիչը չէ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն: Կան եկամուտների բաշխման, սոցիալական բեւեռացման եւ այլ ցուցանիշներ: Սակայն, վերոնշյալ ցուցանիշը, այնուամենայնիվ, հիմնական պատկերացում տալիս է թե՛ երկրի տնտեսության ծավալների, թե՛ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի մասին: Հետեւաբար, դեռ բավականին ճանապարհ պետք է անցնենք բարեկեցիկ երկիր համարվելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.