AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 944, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՈՍԿՎԱ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Միջազգային գիտաժողով ՌԴ մայրաքաղաքում

Հոկտեմբերի 23-24-ը Մոսկվայի հայկական վանական համալիրում անցկացված «Ցեղասպանությունն իբրեւ մարդկության դեմ ուղղված հոգեւոր-բարոյական հանցագործություն» խորագրով աննախադեպ գիտաժողովը կազմակերպվել էր Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմին առընթեր գործող Հայագիտության կենտրոնի կողմից` Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործությանՙ Ցեղասպանության խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանը նվիրված հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել ցեղասպանության հարցերով զբաղվող առաջատար մասնագետներ եւ անվանի հայագետներ աշխարհի 18 երկրներից` ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Թուրքիա, Իսրայել, Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլն: Ներկա էին նաեւ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը եւ նախկին նախագահ Ալեքսանդր Հինթոնը, համաշխարհային կրոնական կառույցների ներկայացուցչությունների անդամներ, նշանավոր դիվանագետներ, քաղաքագետներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Իսկ 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի ներկայացուցիչ, հայտնի պատմաբան Քաֆեր Սարիկայի մասնակցությունը նմանատիպ գիտաժողովինՙ բացառիկ երեւույթ էր:

Երկօրյա համաժողովի մասնակիցները նախ շրջայց կատարեցին ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում վեհորեն հառնած հայկական վանական համալիրում եւ մեծ հետաքրքրությամբ ծանոթացան այնտեղ բացված նոր ցուցահանդեսի նմուշներին եւ արժեքավոր վավերագրերին:

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նա ընթերցեց գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի ուղերձը:

«Եթե մեծ տերությունները ժամանակին կագնեցնեին դահճի ձեռքը, ապա մարդկությունը չէր արտաբերի «հոլոքոսթ» բառը եւ չէր ահաբեկվի մոլորակի տարբեր ծայրերում էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված զանգվածային բնաջնջումից», մասնավորապես ասված էր Գարեգին Բ.-ի ուղերձում:

Գիտնականներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին :

«20-րդ դարում մարդկությանը վճռված էր վերապրել բազմաթիվ հեղափոխություններ, պատերազմներ եւ մահաբեր համաճարակներ, ֆաշիզմ եւ հոլոքոսթ, արյունալի հալածանքներ, Հիրոսիմային եւ Նագասակային ուղղված ատոմային հարվածները, մարդկանց զանգվածային բնաջնջումը Կամբոջիայում եւ Ռուանդայում: Բայց այս ահռելի ցնցումների ակունքներում հենց 1915 թվականի ողբերգությունն է, որի մասին այն ժամանակ փորձում էին արագ մոռանալ եւ որից մարդկությունը համապատասխան դասեր չքաղեց»,- նշել է նա:

Առաջին պլենար նիստի բացման ելույթով հանդես է եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ենգիբարյանը :

«Ճիշտ չէ առանձնացնել ցեղասպանության զոհերին ազգային պատկանելության հատկանիշով. մարդկության հանդեպ հանցագործությունը սարսափազդու է բոլոր երկրներում: Չի կարելի մոռանալ այդ իրադարձությունները, քանի որ դրանք դասեր են մեզ եւ հաջորդ սերունդների համար»,- նշել է Ենգիբարյանը:

«Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածանք չի առաջացնում, եւ դրա հերքումը բերեց նրան, որ շատ երկրներ կորցրեցին բարոյական արժեքները», իր ելույթում նշել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին :

Դիմելով տարբեր երկրներից ժամանած գործընկերներին` Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում առանձնակի կարեւորել է մոսկովյան գիտաժողովի նշանակությունը:

Հայկ Դեմոյանն անդրադարձել է նաեւ կրթական խնդիրներինՙ նշելով, որ շատ երկրների, այդ թվումՙ Ռուսաստանի դպրոցական ու բուհական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման բացակայում է: Բացի այդ, լույս են տեսել հեղինակավոր խմբագրակազմերի տեղեկատու նյութեր, մասնավորապեսՙ հանրագիտարաններ, որոնցում ոչ միայն բացակայում է Հայոց ցեղասպանության թեման, այլեւ ուղղակիորեն արտատպված են Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական թեզեր, իսկ զոհերը վերածվել են հանցագործների:

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Կառուցելով ներքին թշնամունՙ ցեղասպանության նախորդող տարիներին թուրքերի զանգվածային գիտակցության մեջ հայերին իբրեւ դավաճաններ ներկայացնելը» զեկուցումը: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ընթացքում սպանությունների ընթացքում օսմանյան հասարակ բնակչության զանգվածային մասնակցությունը ապահովելու համար կիրառվող քարոզչական հնարքներից էր հայերի ներկայացումը որպես «ներքին թշնամիներ», «Արեւմուտքի եւ Ռուսաստանի գործակալներ» եւ որպես հետեւանքՙ «Օսմանյան կայսրության դավաճաններ», ինչը բացարձակ մտացածին մեղադրանք էր, քանի որ հայկական բնակչությունը ոչ միայն պահպանում էր հավատարմություն իշխանությունների նկատմամբ, այլ նաեւ հերոսաբար կռվում էր օսմանյան բանակի շարքերում:

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախաձեռնած գիտաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես աշխարհի տարբեր ծագերից ժամանած պատվիրակների, այնպես էլ Ռուսաստանի պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ երկրի խոշոր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների շրջանում:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս հիրավի աննախադեպ հավաքը, ինչպես տեղեկացա, կյանքի է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործադրած կազմակերպչական մեծ ջանքերի շնորհիվ: Եզրաս Սրբազանի` մարդկանց համախմբել կարողանալու զարմանալի ունակության շնորհիվ` համայն աշխարհի բարի կամքի տեր բազմաթիվ մարդիկ մեկ անգամ եւս համերաշխորեն Այո ասացին բանականությանն ու մարդկության խաղաղ ապագային եւ վճռական Ոչ ` ոճիրին ու ցեղասպանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.