AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 879, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԵՐՋ ԱՌԱՋ ՆԱՅԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴՐԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Օրերս իմ նոթատետրերից մեկում կարդացի շատ տարիներ առաջ թերթերից մեկից դուրս գրած ասույթներից մեկը, որը, ճշմարտացիության առումով, ժամանակին շատ էի հավանել. «Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն է ունենում. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար նրանք երբեք չեն համընկնում»:

Ժամանակը, ինչպես ասում են, խմբագրում է բոլոր «ճշմարտությունները», եւ այն, ինչ երեկ թվում էր հավաստի, այսօր կարող է բոլորովին այլ իմաստ եւ դրսեւորում ստանալ: Օրերս ես ուրախությամբ հայտնաբերեցի, որ այդ ճշմարտությունը շրջանցել է նաեւ իմ վաղեմի ծանոթներից մեկին` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար եւ մեծ հայրենասեր Վարդգես Արծրունուն, ում ծավալած հայանպաստ գործունեության մասին մի շարք առիթներ ունեցել եմ պատմելու մեր թերթի ընթերցողներին: Հոկտեմբերի 31-ին Վարդգես Արծրունու ծննդյան տարեդարձն էր` 74-րդը, եւ կարող եմ փաստել, որ մոսկովյան «բարձր հասարակության» շրջանակներում անչափ հարգված եւ իր անցած կյանքի չափազանց հարուստ ճանապարհի շնորհիվ մեծ հեղինակություն վայելող կենսախինդ անձնավորությանը, բարեբախտաբար, շրջանցել է հիշյալ ասույթը:

Արմատներով ղարսեցի Վարդգես Արծրունին, ինչպես մի առիթով համեմատել եմ, ճիշտ եւ ճիշտ նման է ռուսական հողում աճած, սակայն արմատներով մինչեւ Հայաստան ձգվող մի հսկա կաղնու, տարիների բեռով իմաստնացած հայի, որի հայրենասիրությամբ ապրող եւ շնչող տեսակը մեր օրերում այնքան էլ շատ չէ..

Այս առինքնող մարդը, որ փայլուն տիրապետում է մեսրոպյան խոսքին եւ միաժամանակ` հայերեն եւ ռուսերեն լեզուների հռետորական արվեստին, իր ապրած կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում:

Հայրենիքում առաջին անգամ ոտք է դրել 17 տարեկանին, դրանից շատ տարիներ անց, 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ հրավիրվել է Հայաստան եւ մեր ժողովրդի համար այն դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները բնականոն հուն մտնելը:

Վարդգես Արծրունին 1966 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում շինարարության բնագավառում: 1991 թվականին աշխատել է Մոսկվայի կառավարության շինարարական դեպարտամենտում որպես ղեկավարի տեղակալ, ապա` «Մոսինտերշին» միավորման պետ: Ներկայումս ռուսաստանյան «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի անդամ է, Շուշի քաղաքի «Վերածնունդ՚ հիմնադրամի հոգաբարձու: Ունի հայ կին, 2 դուստր եւ 4 թոռնիկ:

Այսօր քչերին է հայտնի, որ Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրի հսկա տարածքը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովից, գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելով` ձեռք է բերել Վարդգես Արծրունին` իր այդ ազգանվեր արարքի համար արժանանալով Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի եւ հավատավոր քրիստոնյաների օրհնանքներին:

Վարդգես Արծրունու հովանավորությամբ Մոսկվայում տարիներ առաջ ստեղծվել է Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպությունՙ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ, որը անգնահատելի աշխատանք է կատարում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող հակահայկական հիստերիային արժանի հակահարված տալու ուղղությամբ:

Վարդգես Արծրունին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն է եւ այդ անչափ պատասխանատու գործը պատվով ու մեծ հաջողությամբ նպատակակետին հասցնելուց բացի, նաեւ իր անձնական ներդրումների եւ բարեգործության շնորհիվ` այս տարի հսկայածավալ աշխատանք է կյանքի կոչել` հովանավորելով մի շարք արժեքավոր գրքերի տպագրությունն ու շնորհանդեսները, որոնցից արժե հիշատակել հատկապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» ուշագրավ աշխատությունն ու Ֆրանսահայ ճանաչված պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» նույնքան արժեքավոր գիրքը` երկուսն էլ ռուսերեն հրատարակությամբ:

Անելիքները շատ են եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, քանզի, ինչպես ինքն է ասումՙ հայը պետք է անվերջ առաջ նայի, եւ հենց դրանում է մեր հարատեւության գաղտնիքը:

Շնորհավոր ծնունդդ, պատվարժան հայրենակից, օտար ափերում մի աչքդ մշտապես հայրենիքիդ հառած եւ նրա հոգսերին ականջալուր լավ հայ: Ապրեք երկար, առողջ եւ կենսախինդ, եւ թող հսկա կաղնու արմատները դեռ երկար տարիներ երբեք չերերան ու չնահանջեն..

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.