AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՄՆ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 883, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ: ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԴԵՄՔԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Թվում է, թե ամերիկյան քաղաքականությունը պոպուլիստական դարաշրջան է թեւակոխել: Քվեարկողները ձանձրացել են սովորական դարձած քաղաքագետներից եւ որոնում են նոր մտածողության տեր արտասովոր մարդկանց, ովքեր կարող են թարմ շունչ հաղորդել քաղաքական համակարգին: Մարդկանց այս տրամադրությունը հստակ երեւում է Հանրապետական ճամբարում Դոնալդ Թրամպի եւ դեմոկրատական ճամբարում սենատոր Բեռնի Սանդերզի սրընթաց հաջողություններում: Երկու թեկնածուներն էլ չմշակված, տարրական էներգիա են ներարկում քաղաքական դաշտին:

Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր առաջատար թեկնածուն Դոնալդ Թրամպն է, իսկ դեմոկրատական կուսակցությունը առաջ քաշեց Բեռնի Սանդերզին, փորձելով նսեմացնել Հիլարի Քլինթոնի առաջխաղացումը:

Այդուհանդերձ դեմոկրատական բանավեճի կիզակետում Քլինթոնն ու Սանդերզն էին: Մյուս թեկնածուներըՙ Լինկոլն Չաֆին, Մարտին Օ՛Մալին եւ Ջիմ Ուեբը ստվերում էին մնացել: Ի դեպ Ուեբն անցյալ շաբաթ հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցության նախընտրական պայքարից, բայց չբացառեց իրՙ որպես անկախ թեկնածու առաջադրվելը: Մեկ ուրիշ թեկնածուՙ Հարվարդ համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Լոուրենս Լեսիգը փորձում է բավականաչափ ուժ հավաքել մասնակցելու բանավեճերին:

Հանրապետականների բանավեճն ավելի մարդաշատ էր եւ երբեմն շատ ավելի լարված, չնայած հեռուստատեսային բանավեճը համակարգող Ջեյկ Թափերը չափազանց նրբանկատ էր եւ արհեստավարժ: Դեմոկրատականների համակարգող Անդերսոն Կուպերը որոշ հարթեցնող արտահայտություններ ստիպված եղավ օգտագործել, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը բարեկամական էր:

Բեռնի Սանդերզը զգալիորեն բարելավեց իր դիրքերը շարունակ խոսելով երկրում եկամուտների բաշխման անհավասարության մասին: Նա շեշտը դնում էր բնակչության մեկ տոկոսը կազմող վերնախավի վրա, որը խուսափում է հարկերի իր արդար բաժինը վճարելուց: Նման շեշտադրմամբ նա հսկայական ժողովրդականություն վաստակեց եւ մեծացրեց ընտրարշավի համար ֆինանսական միջոցներ ձեռք բերելու իր հնարավորությունը հենվելով ոչ թե քիչ թվով հարուստ, այլ մեծ թվով միջին եւ ցածր եկամուտ ունեցող «դոնորների» նվիրատվությունների վրա:

Բեռնի Սանդերզը դեմոկրատական կուսակցության անդամ չէ: Նա սոցիալիստ է եւ ծրագրում է մրցել Սկանդինավյան երկրներիՙ հատկապես Դանիայի հետ:

«Ես սիրում եմ Դանիան», հեռուստաբանավեճի ընթացքում հեգնեց Հիլարի Քլինթոնը ավելացնելով. «Բայց Դանիան շատ փոքր երկիր է, նոսր բնակչությամբ»: Դանիայում գործող համակարգը կարող է չգործել Մ. Նահանգներում: Իրականում սոցիալիզմը հաջողությամբ կիրառվում է հարուստ երկրներում: Սովետները փորձեցին հավասարություն կիրառել աղքատության շրջանակներում, եւ համակարգը փլուզվեց: Չինացիները փորձում են մեկուկես միլիարդ մարդկանց կենսամակարդակը բարձրացնել նպատակ ունենալով սոցիալիզմը կիրառել հարուստ երկրում:

Բայց սոցիալիզմ հասկացությունը այնքան է թառամած Ամերիկայի քաղաքական բառապաշարում, որ մարդիկ նույնիսկ ջանք չեն թափում ուսումնասիրելու դրա սկզբունքները, եւ ինչքան էլ Սանդերզը ժողովրդականություն վայելի ներկայիս, նրա առաքելությունը, միեւնույն է, դատապարտված է անհաջողության:

Դեմոկրատական կուսակցության երկու գլխավոր թեկնածուները իրար հետ բախվեցին, բայց ավելի շատ ընկերական մթնոլորտում վիճեցին միմյանց հետ: Ուոլ Սթրիթում իշխելու իրենց տեսակետները խիստ տարբերվում էին: Սանդերզը կողմնակից էր վերակենդանացնելու 1933 թվականի «Glass-Steagall» օրենքը, որը տարբերակում էր դեպոզիտ ընդունող բանկերին առավել ռիսկոտ եւ անազնիվ գործարքներ կնքող հաստատություններից, մինչդեռ Քլինթոնը ավելի գործնական տարբերակ էր առաջարկում: Սակայն պետք է նշել, որ երկու թեկնածուներն էլ Ուոլ Սթրիթի «ֆավորիտներից» չեն: «Նյու-Յորք Թայմսում» Պոլ Քրուգմանը գրում է, որ «Ֆինանսիստներն ամեն ինչ անում են, որ Հանրապետական թեկնածուներից մեկն ընտրվի»:

Տեսակետների տարբերությունը նաեւ զենքի վերահսկողության բնագավառում էր զգացվում: Սանդերզը նվազ հետեւողական էր, քան Քլինթոնը, ով պնդում էր, որ «Հրազենի ազգային ասոցիացիան» (ՀԱԱ) հետապնդում է իրեն:

Բոլոր հինգ թեկնածուներն էլ երդվեցին սահմանադրության երկրորդ ուղղումով, բայց տարբեր տեսակետներ ունեին զենքի վերահսկողության հոդվածի առնչությամբ: Բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ սեփական զենք ունենալը արգելված է կամ սահմանափակված, մարդասպանությունների թիվը զգալիորեն ցածր է եւ դա բնական է: Իրավաբան լինելն այս դեպքում պարտադիր չէ: Բայց զարմանալիորեն երբ զանգվածային սպանություն է տեղի ունենում, զենքի վաճառքը աննախադեպ աճ է արձանագրում, որովհետեւ մարդիկ հավատացած են, որ «զենք կրող լավ, ազնիվ մարդը միակ միջոցն է տարհամոզելու զենք կրող վատ մարդուն, որ չկրակի»: Մինչդեռ հրազենի բոլոր տեսակների օգտագործման արգելումը ապահով կյանք կարող է պարգեւել յուրաքանչյուրին: Ամերիկան հետազոտական սարքավորումներ է ուղարկում դեպի Մարս, բայց մարդիկ դեռեւս ապրում են «սահմանագծային» մտածելակերպով:

Երեկոյի ամենահետաքրքրական դրվագներից մեկը Սանդերզի խոսքերն էին առ այն, որ ամերիկացիներն արդեն ձանձրացել են «լսել Ձեր անիծյալ էլ. նամակների մասին», որին Քլինթոնը պատասխանեց ձեռքը մեկնելով Սանդերզին:

Ճիշտ է, որ զանգվածային լրատվամիջոցները ձանձրացնելու աստիճան չարաշահում են այդ հարցը: Ճիշտ է նաեւ այն, ինչպես Ներկայացուցիչների պալատի ձախողված թեկնածու Քեվին Մկքարթին եւ նույն պալատի մեծամասնական առաջնորդը հայտարարեցին «Ֆոքս նյուզով», որ հետաքննող հանձնաժողովը պատրաստվում է վարկաբեկել Քլինթոնին եւ նվազեցնել նրա ռեյտինգը: Համենայնդեպս այստեղ ազգային անվտանգության հարցն է առաջնայինը, եւ դա չպետք է անտես արվի:

Հիլարի Քլինթոնը իրեն շատ լավ դրսեւորեց բանավեճի ողջ ընթացքում, որը գուցե նրան օգնի բարելավելու իր դիրքերը: Հանդերձանքը կատարյալ էր եւ նույնիսկ մարմնական ժեստերին էր լավ տիրապետում: Ժպիտն անթերի փայլում էր դեմքին, չնայած օպերատորը մի քանի անգվամ հանկարծակիի բերելով «ֆիքսել» էր, Սամանթա Փաուերի բնութագրմամբ, նրա «հրեշային» ներաշխարհը:

Պետք է նշել, որ նրա հավատարմության եւ վստահելիության արժանիքները միշտ էլ հարցականի տակ են եղել, չնայած ինքը պնդում է, որ նախագահ Օբաման գնահատել է իր դատողությունները եւ այդ պատճառով էլ վստահել նրան պետքարտուղարի պաշտոնը: Այն հարցին, թե ինչո՞ւ էր փոխել իր կարծիքը «Տրանս-Պասիֆիկ պարտնըրշիփ» առեւտրային պայմանավորվածության վերաբերյալ, նա անմիջապես ժխտեց, որ ինքը շուտ մտքափոխ եղողներից է, բայց ավելացրեց, որ նոր տեղեկատվական տվյալներին մշտապես հետեւում է եւ կարիքի դեպքում ըստ այդմ փոխում է իր դիրքորոշումը:

Քլինթոնի կյանքում չբացահայտված գաղտնիքներ շատ կան, որոնցից Բենգազիի (Լիբիա) ողբերգությունը, որին զոհ գնացին դեսպան Քրիսթոֆեր Սթիվնզը եւ այլ պաշտոնական անձնավորություններ, մինչեւ վերջ հետապնդելու է նրան, չնայած ինքը խուսափում է պատասխանատվությունից, նշելով, որ դա «պետքարտուղարությունում անվտանգության հարցերով զբաղվող արհեստավարժների պարտականությունն էր, որոնք ավելի կոշտ որոշումներ պետք է կարողանային ընդունել»:

Մյուսըՙ Իրաքում պատերազմ սանձազերծելու հարցում նրա հավանություն տալն է, որից նա չի կարող խուսափել: Ոչ էլ թաքցնել իր «այո» քվեն: Ինչպես այլ մտքափոխ եղող քաղաքագետներ, նա պնդում է, որ իր հավանությունը տվել է հիմնվելով այն թյուր տեղակատվության վրա, որ Իրաքը միջուկային զենք ունի, մինչդեռ հետագայում պարզվեց, որ այդ սուտը հորինվել էր աղետալի պատերազմը արդարացնելու համար:

Բայց փաստ է, որ նա «այո» էր ասել հիմնվելով որպես քաղաքագետ ռազմական արդյունաբերության համակարգի հանդեպ ունեցած իր պարտավորվածության վրա եւ եթե միեւնույն հանգամանքները կրկնվեն, նա նորից նույն ձեւով կվարվի, որովհետեւ այլ կերպ չի կարող գործել:

Քլինթոնը նաեւ պաշտպանում էր Լիբիայում վարչակարգի փոփոխման կողմնակիցներին: Ինչպես գիտենք, այդ փոփոխությունը երկիրը կործանման հասցրեց: Բանավեճի ամբողջ ընթացքում նա անընդհատ կրկնում էր «վարչակարգի փոփոխման» անհրաժեշտության հանգերգը, որը պետք է կիրառվի երրորդ աշխարհի բոլոր այն երկրներում, որոնց առաջնորդներին մեղադրում են «իրենց սեփական ժողովուրդներին կոտորելու» մեջ: Գնդապետ Մուամմար Քադդաֆին իշխել էր 1969ից մինչեւ 2011 թվականը, Լիբիան դարձնելով հավասար իրավունքների տեր մարդկանց երկիր եւ բաժանելով բնակչությանը երկրի նավթային հարստությունը: Ճիշտ է, նա որոշ տարօրինակություններ ուներ, բաց չի կարելի համաձայնվել նրա մասին Քլինթոնի տված բնութագրի հետ:

Ընտրարշավի ընթացքում Քլինթոնի հակառակորդները դեռ փորձելու են բացահայտել նրա բոլոր գաղտնիքները: Նա պերճախոս է եւ միայն ապագան կարող է արձանագրել, թե նրա պերճախոսությունը որքան արդյունավետ կլինի հասնելու համար N1 պաշտոնին:

Հայերին միշտ հետաքրքրում է, թե այս կամ այն թեկնածուն ինչպես է վերաբերվելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերին: Այնուամենայնիվ, մենք արդեն դասեր քաղել ենք: Գիտենք, որ թեկնածուները կարող են խոստումներով կերակրել մեզ պարզապես մեր աջակցությունն ու քվեները ստանալու համար: Նախագահ Օբաման մեզ օրինակ:

Քլինթոնը լավատեղյակ է հայկական հարցերին: Նա էր, ի վերջո, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված արձանագրությունների «ճարտարապետը»: Նա նույնիսկ մինչեւ Շվեյցարիա հասավ, ներկա գտնվելու համար դրանց ստորագրման արարողությանը, որը նրա քաղաքական կարիերայի պսակը կարող էր լինել, բայց նրան չհաջողվեց ջարդել Թուրքիայի անհողդողդ կեցվածքը:

Նրա այցը Հայաստան Հայոց ցեղասպանության հարցի նրա իմացության մեկ այլ վկայություն է: Երեւանում նա Ծիծեռնակաբերդ այցելեց, հայտարարելով, որ անձնական այցելություն է կատարում հուշահամալիրին, եւ ոչ թե գալիս է որպես պետքարտուղար: Դրանով նա մի կողմից հայերին փորձեց սիրաշահել, մյուս կողմից Էրդողանին հասկացնել, որ նրա սահմանած կարմիր գծից այն կողմ չի անցնում:

Որպես հայեր եւ որպես Ամերիկայի քաղաքացիներ մենք պարտավոր ենք ուսումնասիրել թեկնածուների ամբողջական եւ համակողմանի կերպարները, որպեսզի կարողանանք քվեարկության ժամանակ ճիշտ ընտրություն կատարել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նկար 1. Բեռնի Սանդերզ

Նկար 2. Հիլարի Քլինթոն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.