AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ ՓԱՐԻԶՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչ ցանես, այն էլ կհնձես: Աստվածաշնչյան այս ասացվածքի ճշմարտացիությանն ենք ականատես լինում այս օրերին: Նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունը եւ հարյուրավոր անմեղ զոհերի արյան մեղքը եթե իսլամիստ ծայրահեղականների վրա է, ապա պատասխանատվությունը` ոչ միայն նրանց վրա: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մարդիկ, ցավոք, դրանից դասեր չքաղելու սովորություն:

2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչություններից հետո, որին մի քանի հազար մարդ զոհ գնաց, աշխարհի գերհզոր պետությունը թվում է թե պետք է հասկանա, որ չի կարելի ահաբեկիչներ պատրաստել կամ նրանց օգտագործել այլ պետության դեմ, քանի որ նրանք վաղ թե ուշ հարձակվում են իրենց պատրաստած երկրի վրա, որ չի կարելի ազդեցության տարածման եւ տնտեսական շահ հետապնդելու նպատակով գունավոր հեղափոխություներ անել, «բռնապետներ» տապալել, քանի որ նետած բումերանգը անպայման վերադառնալու է: Ցավոք, այդ բումերանգը վերադառնում է ոչ միայն այն նետողի, այլեւ նրա շրջապատում գտնվողների վրա:

2011-ի սեպտեմբերի 11-ի հեղինակը թիվ 1 ահաբեկիչ հայտարարված Ուսամա Բեն Լադենն էր: Այդ մարդուն, ինչպես եւ աֆղանական մոջահեդներին ընդհանրապես, խորհրդային զորքերի դեմ կռվելու համար ռազմական պատրաստություն էր սովորեցրել եւ զինել հենց նույն ԱՄՆ-ն: Անցյալ դարի 70-80-ական թվականներին աֆղան մոջահեդներին ԱՄՆ-ում համարում էին «ազատության համար պայքարող մարտիկներ»: Թե ինչպե՞ս նրանք փոխհատուցեցին դրա դիմաց ԱՄՆ-ին, երեւաց 2001-ի սեպտեմբերի 11-ին: Ամերիկյան քաղաքական վերնախավը դրանից հետո մի փոքր ժամանակ դեռեւս շոկի մեջ էր եւ աշխատում էր զգուշավոր քաղաքականություն վարել: Դա տեւեց մինչեւ 2003-ը` իրաքյան պատերազմը:

Իբր Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության պատրվակով, ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը պատերազմ սկսեց այդ երկրի դեմ: Իրաքյան բանակը գրեթե դիմադրություն չցուցաբերեց, Իրաքի «բռնապետ» Սադդամ Հուսեյնի իշխանությունը տապալվեց, իսկ նրան դատարանը մահվան դատապարտեց` կախաղան հանելու միջոցով: Ամերիկյան իշխանությունների հիմնական նպատակը իրաքյան նավթի նկատմամբ վերահսկողություն ունենալն էր, քանի որ պարզվեց որ զանգվածային ոչնչացման զենք Սադդամ Հուսեյնը չուներ, իսկ ԱՄՆ-ն պարզապես խաբում էր ամբողջ աշխարհին:

Բռնապե՞տ էր Սադդամ Հուսեյնը: Անշուշտ: Սակայն ո՞վ էր թույլտվություն տվել նրան տապալելու եւ այդ պետությունը քաոսի, ահաբեկչական պայթյունների, միջէթնիկական եւ միջկրոնական բախումների երկիր դարձնելու համար: Ոչ ոք չէր խնդրել ԱՄՆ-ին, այս դեպքում նաեւ Եվրոպային ու մասնավորապես Ֆրանսիային, հաջորդ` Լիբիայի «բռնապետ» Մուամար Քադդաֆիին տապալելու եւ այդ ծաղկուն ու բարեկեցիկ երկիրը նույն քաոսի, թշվառության եւ բախումների մեջ գցելու համար: Արդյունքում` ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները միմյանց միջեւ բաժանեցին լիբիական նավթը, ամերիկյան զենք արտադրող ընկերություններն էլ բազմամիլիարդ դոլարներ շահեցին այդ երկրներում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում: Սակայն նրանք ստեղծեցին «Իսլամական պետություն» կոչվող հրեշը, որը ապագայում փորձելու էր կուլ տալ նաեւ իրեն ստեղծողներին: «Իսլամական պետության» ղեկավարներն էլ նույն Սադդամ Հուսեյնի բարձրաստիճան սպաներն էին` իրեն Աբու Բաքր ալ Բաղդադի կոչողի գլխավորությամբ:

«Արաբական գարնան» հերթը հասավ մեկ այլ խաղաղ եւ կայուն երկրի` Սիրիային, որտեղ ամերիկացիներն ու եվրոպացիները մեկ այլ «բռապետ» էին ցանկանում տապալել` Բաշար Ասադին, օգտագործելով, ինչպես իրենք էին այն ժամանակ ահաբեկիչներին անվանում` «ապստամբներին»: Սակայն Սիրիան ամուր ընկույզ դուրս եկավ եւ «արաբական գարունը» նրան կուլ չտվեց: Շուրջ 5 տարի ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի քաղաքական, ֆինանսական եւ ռազմական հզորագույն աջակցությունը ունեցող ահաբեկիչները չկարողացան կոտրել սիրիական ժողովրդի մեծամասնության եւ բանակի դիմադրությունը:

Այդ ամբողջ ընթացքում ԱՄՆ եւ Եվրոպական պետությունների ղեկավարները գլխավոր խնդիրը համարում էին Բաշար Ասադի տապալումը, այլ ոչ թե ահաբեկիչների դեմ իրական պայքարը: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի` իբր ահաբեկիչների դիրքերի ավելի քան մեկ տարի տեւած գնդակոծություններն էլ ոչ մի նկատելի արդյունք չտվեցին: Ավելին` իսլամիստները, չնայած դրանց, նոր տարածքներ էին գրավում Իրաքում եւ Սիրիայում, նորանոր մարդկանց սրի քաշում, գլխատում, գնդակահարում, այրում եւ քարերով սպանում: Սիրիայում եւ Իրաքում դաժանորեն սպանված, ռմբակոծությունների զոհ դարձած հարյուր հազարավոր մարդկանց արյան պատասխանատուները Արեւմուտքում անդրդվելի էին մինչեւ նոյեմբերի 13-ը: Հենց այդ ժամանակ նրանց նետած բումերանգը վերադարձավ, արյան մեջ ողողելով Փարիզը, մինչ այդ խլելով ռուսական ավիաընկերության ինքնաթիռի 224 ուղեւորների կյանքը:

Իսլամիստներին զսպող «բռնապետների» տապալումից աշխարհն ավելի անապահով եւ վտանգավոր դարձավ, այդ թվում եւ հատկապես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար: Նրանց թվացյալ ապահովությունը եւ իսլամիստների գործողությունների վայրերից հեռու լինելը միանգամից հօդս ցնդեց, եւ հիմա եվրոպական եւ ամերիկյան քաղաքներում վախի ու անապահովության մթնոլորտն է տիրապետում: Առանց հետեւանքերի մասին մտածելու, 2001-ի ահաբեկչությունից դասեր չքաղելու, աշխարհի միակ գերտերությունը լինելու մղումն ու նորանոր ռեսուրսներին տիրապետելու մարմաջը բերեց նոր, ավելի լայնածավալ, սարսափելի եւ խելամտորեն կազմակերպված ահաբեկչական ալիքի: Այն ինչ կատարվում էր Սիրիայում 5 տարի, այդ երկրի նախագահի բնորոշմամբ, տեղի ունեցավ Փարիզում նոյեմբերի 13-ին: Այս ամենի գլխավոր պատասխանատու երկրում` ԱՄՆ-ում փորձում են խուսափել բումերանգի հետդարձից, ավելի քան 30 նահանգների նահանգապետներ հայտարարել են, որ չեն ընդունելու սիրիացի փախստականների, քանի որ հնարավոր չէ ստուգել նրանց ինքնությունը: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ գլոբալացված աշխարհում վտանգը ամեն տեղից կարող է հայտնվել` բոստոնյան ահաբեկչությունը դրա վկայությունն է: Թեեւ Ֆրանսիան կարծես թե ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղել ջանքերը «Իսլամական պետություն» կոչվող չարիքի դեմ համատեղ պայքարելու համար, բայց ԱՄՆ-ն նման ցանկություն չի հայտնում: Գոնե հիմա, ինքն իրեն համաշխարհային առաջնորդ թագադրած երկրին կարծես թե այլ ճանապարհ չի մնում, քան մի կողմ դնել հավակնություններն ու քաղաքական այլ շահերը, միավորվել ընդհանուր վտանգի դեմ` քանի դեռ ուշ չէ, քանի դեռ բումերանգը չի եկել նրա նետողի կողմը եւ քանի դեռ ցանածը ստիպված չես հնձել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.