AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 881, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԵՎԳԵՆԻ ԿԱՍՊԵՐՍԿԻ. «ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԻԲԵՐԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ նախագահի մրցանակակիր, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիրը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են դիմակայելու դրան

«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Եվգենի Կասպերսկին վեցերորդն է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Այդ իրադարձության կապակցությամբ Հայաստան կատարած այցելության ժամանակ, նա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ միասին հանդիպում ունեցավ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ «Վտանգների ինտերնետը» խորագրով դասախոսությամբ:

Նախ` Հովիկ Մուսայելյանն անդրադարձավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին, նշելով, որ այն տրվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար եւ հիմնվել է 2009-ին: Ապա ներկայացրեց մրցանակը ստացած 5 հայտնի անձանց եւ վեցերորդինՙ Եվգենի Կասպերսկուն: Ըստ Հովիկ Մուսայելյանի, մրցանակի հավակնորդները շատ են, եւ իրենք հպարտ են, որ լեգենդ դարձած մարդիկ մեծ պատիվ են համարում ստանալ այդ մրցանակը, իսկ նրանցից մեկը` Ստիվ Վոզնյակը այն համեմատել է Նոբելյան մրցանակի հետ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշեց, որ ընկերությունը հովանավորում է այս մրցանակաբաշխությունը, նպատակ ունենալով նպաստել աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող երկրի, ընկալմանը, մյուս կողմից` հնարավորություն ստեղծելով ոլորտի հայ ներկայացուցիչներին հանդիպել նման հանճարեղ մարդկանց հետ:

Ի դեպ, վեցերորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության հովանավորությունը ստանձնած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 125 միլիոն դրամ է տրամադրել այս ծրագրի իրականացման նպատակով:

Անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ հիմնադիր Եվգենի Կասպերսկին նախ շնորհակալություն հայտնեց դրա համար եւ մեծ պատիվ համարեց նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիական գուրուների շարքը համալրելը: Ապա խոսեց իր մասնագիտության` համակարգչային անվտանգության մասին ասելով, որ այն մակաբույծ (պարազիտ) է, քանի որ թեեւ տեխնոլոգիական նոր զարգացմանը չի առաջնորդում, բայց մաքրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ինդուստրիան աղբից: Այդ մասնագիտությունը, ըստ Կասպերսկու, շատ կարեւոր է, քանի որ ՏՏ ճյուղում անընդհատ ավելանում են վիրուսները, վնասաբեր ծրագրերը, կիբերգրոհները:

Բանն այն է, որ համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման ժամանակ ի սկզբանե ուշադրություն չի դարձվել դրա բավարար չափով անվտանգության ապահովմանը: «Այդ պատճառով էլ հարյուր հազարավոր կիբերհանցագործներ գրոհում են մեր համակարգիչները եւ փչացնում մեր կյանքը», ընդգծեց «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիրը: Ըստ նրա, եթե 20 տարի առաջ հակավիրուսային համակարգերը համակարգիչներում դրվում էին համենայնդեպս եւ համակարգչային անվտանգությունը առանձնապես չէր կարեւորվում, հիմա այդ մասնագիտությունը լուսանցքից եկել է կենտրոն: Եվգենի Կասպերսկին իր նպատակն է համարում, որպեսզի այնպես անի, որ այն կենտրոնից դարձյալ դեպի լուսանցք հեռանա: Բնութագրելով համակարգչային անվտանգության ներկա կացությունը, նա այն անվանեց «թվային միջնադար»:

Եվգենի Կասպերսկին հայտնեց, որ իր ղեկավարած ընկերությունը ոչ միայն համակարգիչները պաշտպանող ծրագրեր է ստեղծում, այլեւ օգնում աշխարհի տարբեր երկրների կիբերոստիկանություններին եւ հատուկ ծառայություներին` գտնելու եւ բացահայտելու կիբերհանցագործներին: «Այդ հանցագործների համար ես ամենավատ, ամենաչար մարդն եմ, իսկ նրանք, ովքեր չեն զբաղվում դրանով, ես մաքուր մարդ եմ», հարցերից մեկին պատասխանելով, այսպես բնորոշեց իրեն կիբերհանցագործների թիվ 1 թշնամին: Միաժամանակ նա նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է բացառապես համակարգիչները պաշտպանող ծրագրեր գրելով եւ երբեք չի պատրաստում հարձակվելու ծրագրեր:

«Եթե անհրաժշտ լինի պայքարել «Իսլամական պետության դեմ» հարցի առնչությամբ Եվգենի Կասպերսկու պատասխանը նույնն էր` եթե նրանց կողմից լինի կիբերգրոհներ, ապա իրենք կօգնեն պաշտպանվել դրանցից: Կիբերգրոհների եւ կիբերհանցագործությունների ներկա վիճակի մասին ՀՀ Նախագահի մրցանակակիրը առավել մանրամասն խոսեց արդեն իր դասախոսության մեջ:

Եթե 20 տարի առաջ կիբերահանցագործություններ կատարողները ընդամենը խուլիգաններ էին, ապա հիմա արդեն դրանք վերափոխվել են եւ դարձել կազմակերպված հանցագործներ` կոնկրետ նպատակներով: Նրանց կիբերգրոհները ավելի վտանգավոր, մտածված եւ կատարելագործված են դարձել: Ըստ Կասպերսկու, աշխարհի յուրաքանչյուր 20-րդ համակարգիչ վարակված է վիրուսային ծրագրով: Համակարգչային ամենատարածված ծրագերն ամենաշատ են վիրուսներով վարակվում: Հիմնականում դրանք «Վինդոուզի» մեջ են դրվում, հիմա նաեւ ավելացել են «Անդրոիդ» համակարգի մեջ դրվող վիրուսները: Ավելանում են բանկային գործարքներ կատարող ծրագրերի վրա գրոհները: Նման հանցագործ ցանց է վնասազերծվել «Կասպերսկու լաբորատորիայի» աջակցությամբ, որը ռուսական, եվրոպական եւ ասիական բազմաթիվ բանկերից ահռելի գումարներ էր թալանում: Կիբերհանցագործությունների ներկա փուլը, ըստ բանախոսի, կազմակերպված հանցագործություններն են:

«Ազգի» այն հարցին, թե բացի վիրուսներից, համակարգչային լրտեսության դեմ Եվգենի Կասպերսկին պայքարո՞ւմ է, վերջինս պատասխանեց, որ դա իրենց պայքարի հիմնական ուղղություններից է եւ շատ հաճախ կիբերգրոհները չեն տարբերվում լրտեսային գրոհներից: «Սակայն ես ձեզ ավելի կվախեցնեմ. ապագայում կիբերհանցագործությունները վերածվելու են կիբերահաբեկչությունների, որոնք ուղղվելու են ենթակառուցվածքների դեմ», ասաց «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիրը եւ օրինակներ բերեց: Գերմանիայում կիբերգրոհի միջոցով ոչնչացվել է մետաղաձուլական ձեռնարկության ձուլարանը: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաեւ Իրանում եւ Էստոնիայում: «Ցավոք, ապագայում մենք ավելի հաճախ ենք այդ խնդրով զբաղվելու», ասաց Եվգենի Կասպեսրին եւ հավաստիացրեց, որ իրենք հիմա արդեն ունեն համապատասխան ծրագերրը կիբերահաբեկչությունների դեմ եւ պատրաստ սպասում են, երբ գա դրանց կիրառելու ժամանակը: Միաժամանակ, նա կարեւոր համարեց կիբերանվտանգության ապահովման համար ուսուցումը եւ համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացումը, թույլ չտալու համար, որ վիրուսային ծրագրերը հեշտությամբ թափանցեն համակարգիչ:

Խիստ ուշագրավ եւ օգտակար դասախոսության ժամանակ բազմիցս ծափահարությունների արժանացած ՀՀ Նախագահի վեցերորդ մրցանակակիրը Հայաստանի վերաբերյալ իր մոտեցման հարցին պատասխանելով խոստովանեց, որ սիրում է լինել մեր երկրում եւ խոստացավ 2-3 տարին մեկ անգամ այցելել Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.