AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1018, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ ՉԿԱՅԱՑԱՎ, ՍԱ ՄԵՐՙ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Նոյեմբերի 17- ին Հաննովերում կայանալիք Գերմանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային խաղին ներկա էր լինելու նաեւ ԳԴՀ քաղաքական վերնախավըՙ ազդանշան կլինի, որ փարիզյան ահաբեկչությունը մեզ չի վախեցնում, մենք հավատարիմ ենք մեր արժեքներին, չենք փոխելու մեր ապրելակերպը։ Սկսվելուց 30 րոպե առաջ հայտնի դարձավ, որ քաղաքական վերնախավն իհարկե շատ ֆուտբոլասերների նման Հաննովերում է, բայց փոխել է աշխարհին ուղղված ազդանշանըՙ մարդկանց անվտանգությունն առաջնային նկատելով։ Իրականում ի՞նչ տեղեկատվություն էր փոխանցվել գերմանական կողմին, ահաբեկչական ինչպիսի՞ գործողություն էր կանխվել, որ մարզադաշտից տուն ճանապարհեցին մարզասերներին, պարզ չդարձավ նույնիսկ նոյեմբերի 18- ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Միզիեի մամլո ասուլիսի ժամանակ. «Իմ պատասխանի մի մասը կարող է հասարակությանը անապահովության զգացում փոխանցել»։ «Հիմա ավելի շատ վախեցրեց», ասում է զայրացած գերմանացի 30-ամյա հարեւանուհիս, որ դպրոցում ուսուցիչ է, Ֆրանսիայում Օլանդն առավել հարգալից էՙ իր քաղաքացիներին մանրամասն հաշվետու», ասում էՙ հարցն ուղղելով ինձՙ «իսկ Ձե՞զ մոտ»։ «Ծանոթ պատասխան է, բայց հենց շատ վախենաք, մերՙ ահաբեկչությանը մերձակա, բայց ապահով երկրում բոլորիս տեղ կլինի»։ Ասում եմՙ համոզված եւ մտքումս ամեն օր կապում ճամպրուկներս։ Նախարարի ձեւակերպումն այսօր արդեն թեւ է առելՙ հայերս էլ լավ գիտենքՙ բանահյուսական ժանրն այնքան արագ է զարգանում, որ հենց ինքն էլ բեռնաթափում է բարձր լարվածությունըՙ հումորն էլ վախի նման մեր ներքին պաշտպանական ռեակցիան է։ Ես չեմ վախենում, բայց ամեն օր երեխաներիս դպրոց ճանապարհելիս ապահովության, անվտանգության երաշխիքներ եմ ուզում։ «Ոչ հեռուստացույց, ոչ ռադիո, ապրում եմ իմ դեռեւս չխաթարված առօրյայում, միայն թերթ եմ կարդում, որ չի խանգարում իմ օրվանՙ տխուր լուրերը երեկ էին», մեր կարճ զրույցում ասում է 57-ամյա գերմանուհին, որ թոռներին տեռորիստ բառն այսպես է բացատրել, ասում էՙ «կան մարդիկ, որոնք սիրո փոխարեն ատելությամբ են լցվածՙ հենց դրանք էլ տեռոր են անում»։

Օրեր առաջ Գերմանիայի պաշտպանության կին նախարարըՙ փխրուն կազմվածքով 7 երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լայենն (Ursula von der Leyen) Փարիզի ահաբեկչությունից հետո հայտարարեցՙ մեզ չեն կարող ծնկի բերել, մեր արժեքները մեզանից խլել։ Համախմբված կգնանք ֆուտբոլային խաղին, ցույց կտանք, որ չենք վախենում։ Նա էլ Հաննովերից Բեռլին վերադարձավՙ Գերմանիայի հավաքականի երկրպագուների նման, իսկ նրանցից մեկը այսպես ձեւակերպեցՙ «խաղը չկայացավ, սա մերՙ Եվրոպայի պարտությունն էր»։ Ո՞վ կտա անվտանգության բացարձակ երաշխիքներ։ Գերմանացի պաշտոնյաներն բոլորիս հայտնի այս արտահայտությունը երկու օր է, առավել շատ են շրջանառում։

Նոյեմբերի 18-ի առավոտյան Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության նախագահ Հանս Գեորգ Մաասեն գուժեցՙ եթե ԻՊ ուզենա մեզ հարվածել, կանի։ Նա հայտարարել է, որ Գերմանիան թշնամի երկիր է։ Գերմանիայում վտանգի աստիճանը բարձր է։ Մեզ համար ծանր մարտահրավեր է Մումբայի օրինակով (2008-ի նոյեմբերի 26-ին Հնդկաստանի այս քաղաքում 10 տարբեր վայրերում կարճ ժամանակահատվածում 17 բռնարարք գրանցվեցՙ տխուր վիճակագրություն թողնելովՙ 239 վիրավոր, 174 զոհ ) միեւնույն ժամանակ տարբեր վայրերում մահապարտ ահաբեկիչների գործողությունները կանխելը։ Ֆուտբոլային խաղը չեղարկելը այլընտրանք չունեցող որոշում է եղել»։

Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության նախագահը հեռուստաեթերում շատ հազվադեպ է երեւում։ Վատ նշա՞ն, որ հենց նա է եթերում, թե Թեպետ Հաննովերի մարզադաշտում որեւէ պայթուցիկ դեռ չի գտնվել, որեւէ մեկը չի ձերբակալվել, իսկ այդ քաղաքի կայարանում առայժմ գտնված միակ տարօրինակ փաթեթը դեռ հետաքննվում է, այն լքած փախուստի ուղին ընտրած քաղաքացին որոնվում, այդուհանդերձ անվտանգության պատասխանատուները, չմանրամասնելով իհարկե թե կոնկրետ ինչ վտանգի մասին է խոսքը, արտերկրից ովքեր են զգուշացրել, ապահովագրում ենՙինչպես կանցլեր Մերկելը շեշտեց նոյեմբերի 18-ին հնչեցրած իր հայտարարությամբՙ ազատությո՞ւն, թե՞ անվտանգություն. գերապատվությունը տրվել է երկրորդին։

Ավելի ուշ մեկ ուրիշ պաշտոնյաՙ ֆինանսների նախարար Շոյբլեն մտավախություն հայտնեց, թե միաժամանակ տարբեր վայրերում ահաբեկչական հնարավոր գործողությունների պարագայում դաշնության ոստիկանական ուժերը բավարար կլինե՞ն արդյոքՙ առիթ տալով բուռն քննարկմանՙ բանակը ներգրավե՞լ, թե նրա օգնությանը դիմել միայն Գերմանիայի սահմանինՙ փախստականների ներգաղթի չդադարող հոսքը ոչ թե սահմանափակելու, այլ կարգուկանոն վերահսկելու, մանրակրկիտ ստուգելու գործընթացին։

Եվրոպան պարտվո՞ւմ է

Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում նոյեմբերի վերջից սկսվում է տարվա ամենասպասված շրջանըՙ Ծննդյան տոներին ընդառաջ քաղաքների կենտրոնական փողոցներում բացվում են Ծննդյան շուկաները, որ միշտ սպասված են, մարդաշատ։ Գերմանիայում դրանք հեքիաթային վայրեր են, ուր մինչեւ հիմա բարի հերոսների շունչն էր թագավորում, այժմ չարի ուրվականն իր ստվե՞րն է երկարում։ Թեպետ Գերմանիայում Ֆրանսիայի օրինակով դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել, եւ հասարակական վայրեր այցելելու արգելք չկա, սակայն մեր հարցախույզին մասնակցած տարբեր տարիքի մարդիկ խոստովանեցին, որ ուզում են հնարավորինս խուսափել ակտիվ կյանքից։Վախ չէ, բայց գոնե անապահովության զգացում անշուշտ ունեն։ Ֆուտբոլային տենդ ունեցող գերմանացիներին ուրիշ հարց էլ է տանջումՙ տեսնես մարզադաշտում երբ կդիտեն հաջորդ խաղըՙ ընտանիքով, մեծուփոքրով։ Սա էլ խոր արմատ ունեցող ավանդույթ է, բայց ինչ անել, երբ իշխանությունները խոստովանում են, որ դեռ պիտի յուրացնեն հակաահաբեկչական գործողությունների մեծ փորձ ունեցող Իսրայելի, ԱՄՆ-ի, այլ երկրների անցած ճանապարհը։

Գերմանիայում հասարակական, քաղաքական բանավեճը նոր բովանդակությամբ է լցվումՙ ռմբակոծե՞լ, թե՞ ուրիշ ճանապարհ ընտրել, ինչպե՞ս կատարել ԵՄ պարտականությունըՙ նույն դաշինքի անդամ Ֆրանսիայիՙ ահաբեկչության դեմ պայքարում խնդրանքն ինչպե՞ս բավարարելՙ ռազմակա՞ն ներկայությամբ, ո՞րն է այլընտրանքը։

Գերմանացի հրապարակախոս Յուրգեն Թոդենհյոֆերը (Jurgen Todenhefer), որ 2014-ի ամռանը այցելել էր ԻՊ վերահսկողության տակ գտնվող արաբական շրջաններ, skype-ով հարցազրույցներ վարել նաեւ իսլամիստներին միացած գերմանացիների հետ, հրատարակել է «10 օր իսլամական պետության հետ » գիրքը, կտրականապես դեմ է ռումբերով հարցը լուծելուն։ «Ռաքքան ամեն օր ռմբահարվում էր, հողին էին հավասարվում տները, իսկ իսլամիստները վարպետ ճողոպրում էին»։ Հրապարակախոսի կարծիքով միակ ճիշտ ուղին ԻՊ թուլացնելն է, ինչպե՞ս։ Առաջարկում է երեք կետից բաղկացած ուղիՙ նախՙ Արեւմուտքը պիտի Սաուդյան Արաբիայի հետ լուրջ խոսի, այնուհետՙ Արեւմուտքըՙ միջազգային ուժերը պիտի վերահսկեն Թուրքիա-Սիրիա սահմանը, եւ երրորդՙ չեզոքացնեն ԻՊ ցանկությունըՙ Իրաքում, Սիրիայում երկպառակությունը վերացնելով, ազգային միասնական համերաշխության կայացմանը նպաստելով։

«Սիրիացիներից վախ մի՛ ունեցեք։ Մենք բոլորս ահաբեկիչ չենք,- հեռուստախցիկի առջեւ ասում է 1 ամիս առաջ Գերմանիայում ապահով կյանք որոնող ներգաղթյալը։- Ճամբարում հեռուստացույց, ռադիո չկա, Փարիզի լուրն իմացանք հեռախոսից, ցանցերի տեղեկատվությունը շատ հուզեց»։ Ի դեպ «Բեռլիներ ցայթունգը» օրեր առաջ Փարիզի ահաբեկչության մասին իր հրապարակումներից մեկն ավարտել էր հպանցիկ հիշատակելով, որ տարիներ առաջ նույն քաղաքում հայկական ահաբեկչական գործողությունն էլ զոհ ու վիրավորներ էր գրանցելՙ նկատի ունենալով ԱՍԱԼԱ-ի վրիժառությունը։ Ակնարկը նոր կասկած ծնեց մեջսՙ իմ սեւ մազերից հայտնի՞ է դառնում, որ խաղաղ մասնագիտություն ունեմ։

Բայց Ձեզ չշեղեմ իմ լրահոսիցՙ Լեհաստանի նորընտիր ղեկավարությունն ասում էՙ «փախստական չենք ընդունելու, սիրիացիներն ավելի լավ է իրենց երկրում կռվեն, քան Բեռլինում սուրճ խմեն»։ Այս արտահայտությունը մի քիչ ձեւափոխված ես շատ եմ լսելՙ մենքՙ գերմանացիներս էլ ենք պատերազմ տեսել, ինչ էՙ թողե՞լ ենք մեր երկիրը, ուրիշ տե՞ղ փախել, թող մնան, կռվեն իրենց երկրում, ասում են թե բժիշկ, թե վաճառող ծանոթներսՙ նկատի ունենալով Սիրիայից գաղթած միայնակ ջլապինդ երիտասարդ տղամարդկանց։ Բայց նրանց ձայնը որոշիչ չէ։ Նոյեմբերի 19-ին ԳԴՀ կանցլերն հանդիպեց Ավստրիայի իր պաշտոնակցին։ Սիրիական պատերազմը Գերմանիա - Ավստրիա սահմանին չի լուծվում, ասաց Ավստրիայի կանցլերըՙ վստահեցնելով, թե ապաստանից չեն զրկելու, չեն սահմանափակելու սիրիացի եւ այլ փախստականների ներգաղթըՙ իհարկե առավել հանգամանալից քննելով նրանց փաստաթղթերը։

Հալեպից 1 տարի առաջ Գերմանիա գաղթած ու արդեն գերմաներեն մտքերը հասկանալի շարադրող Նորշահ Խալիլը խոստովանում էՙ շատ տխուր էի Փարիզի ահաբեկչության պատկերը տեսնելով։ Մենք հենց դրանից էինք փախել, իսկ այն մեզ հետապնդում է նաեւ այստեղ։ «Իսկ գերմանացիների վերաբերմունքի փոփոխություն նկատե՞լ է»։ Ով ջերմ էր, ավելի ջերմացել է, ով չէր հարաբերվում, հիմա էլ նեղություն չի պատճառում։ Հարցինՙ «Գերմանիան պիտի՞ մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին» պատասխանում էՙ ԻՊ դեմՙ այո՛, Սիրիայի դեմՙ ո՛չ։ Բոլորը պիտի միավորվեն ԻՊ դեմ պայքարում։

«Ֆրանսիացի եւ մահմեդական լինել հիմա Ֆրանսիայում շատ դժվար է, նրանք կրկնակի կողոպտված են, իսլամիստ ահաբեկիչները մահմեդականներից իրենց կրոնն են խլել», ասում է Ֆրանսիայում կրոնական հարցերի հանձնակատար Քլավրո Ժիլըՙ (Clavreul Gilles) գերմանական ARD- ի եթերում։ «Տեռորիստները ուզում են կոտորել բոլորինՙ չեն նայում քրիստոնյա է, հրեա է, թե աթեիստ։ Նոր վերելք ապրող աջակողմյանները մեզ մեղադրում են ամեն ինչի մեջՙ նույնիսկ կլիմայի ջերմացման համար մենքՙ մահմեդականերս ենք մեղավոր», ասում է Ֆրանսիայում Beur FM մահմեդականների ռադիոյի հաղորդավարը։ « Աշխատանքս հեշտ չէՙ ֆրանսիացի ազգայնամոլի համար ես մահմեդական եմ, մահմեդական ծայրահեղականի համարՙ շատ աշխարհիկ ու հանդուրժող»։ Փարիզում աշխատող ARD- ի գերմանացի լրագրողը նկատում էՙ մահմեդական մի կին զայրացած դիմում է իմամինՙ «ի՞նչ եք անում, որ մեր որդիները մահապարտ չդառնան, ուրիշների կյանքն էլ չխլեն»։ Կնոջը պատասխանելու փոխարեն հոգեւորականը խոսքն ուղղում է լրագրողինՙ « բոլոր իմամները չեն, որ այդպես են անում»։ «Փակեք մզկիթները, հեռացեք այստեղից», շարունակում է վրդովված կինը։ «Որեւէ բան արե՞լ եք արմատականությունը կանխելու համար», լրագրողի հարցին տրվում է այսպիսի բացատրությունՙ «շատ բան ենք արել, բայցՙ ոչ բավարար»։

Գերմանիայում նորից պտտվում է նույն հորդորըՙ Սաուդյան Արաբիան որեւէ փախստական չի ուզում ընդունել, թեպետ իր ազգակիցներն են, նույն տարածաշրջանի մարդիկ, իսկ մեր երկրում մզկիթների հովանավորությունից չի հրաժարվում։ Ինչո՞ւ չենք կարող ուրիշ հռետորաբանություն կիրառել, մեր որոշ պաշտոնյաների տնտեսական շահավետ գործարքնե՞րը թույլ չեն տալիս։ Կամՙ Պուտինին հաջողվեց Սիրիայի խնդիրն իր շահերին ծառայեցնելՙ պատժամիջոցներից վերադառնալ մեծ քաղաքականություն։ Նրա՞ հետ դաշինք կազմենք։ Եվրոպայի սրտին ուղղված պատերա՞զմ է սա, ինչպես Օլանդն է ասում, թեՙպարզապես պայքար, որի առաջամարտիկը լինելու փոխարեն Գերմանիան նախընտրում է վահան լինելՙ Եվրոպայի միտքը պաշտպանելու համար։

Սակարանում ոսկու գինն իջնում է, նավթի գինը չի կարող անկում չգրանցել, իսկ մարդու, արարելու երազով լույս աշխարհ եկած մարդու խաղաղ կյանքի գինն ի՞նչ նժարով է չափվելու։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.