AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՓԱՐԻԶՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Պ. Ք.

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում իսլամիստ ծայրահեղականների կատարած մի շարք հարձակումները ամենախոշոր եւ առավել լավ կազմակերպված ահաբեկչական գործողությունն է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Այդ օրվա դեպքերն արդեն անվանում են «ֆրանսիական սեպտեմբերի 11»: Ի դեպ, «Սպուտնիկ» ռադիոկայանի տվյալներով, Իրաքի հատուկ ծառայությունները Ֆրանսիային նախապես զգուշացրել էին իսլամիստների ծրագրած գրոհների մասին, բայց ֆրանսիացիները կամ լուրջ չէին ընդունել, կամ էլ չէին կարողացել ոչինչ անել: Փարիզյան սպանդի հետեւանքները ֆրանսիական, եվրոպական եւ համաշխարհային քաղաքականության համար դեռ պետք է գնահատվեն: Սակայն որոշ հետեւություններ հնարավոր է անել արդեն այժմ:

Իրաքում եւ Սիրիայում պատերազմի հետագա ծավալումը, ինչպես նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցության փոփոխումը փաստորեն անխուսափելի են: Ֆրանսիայի պետությանը նետված է այնպիսի մարտահրավեր, որ պարզապես անհնար է չհակադարձել: Փարիզը հայտնվել է նույն վիճակում, ինչ Վաշինգոտնը 2001 թ. սեպտմբերի 11-ի գրոհներից հետո: Վճռականության ու համերաշխության բազմամիլիոնանոց երթեր, ինչպես հունվարին «Շառլի Էբդո» երգիծաթերթի խմբագրատանը կատարված սպանություններից հետո, կարող են նմանակել ազգային համախմբում, բայց պետությունը չի կարողանա հրաժարվել հատուցման գործողությունից: Սա նշանակում է, որ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցվող հարվածները, ամենայն հավանականությամբ, կսաստկանան, իսկ չհամակարգված գրոհների փոխարեն ի հայտ կգա դաշնակիցների հետ համակարգված հստակ ռազմավարություն: Քանի որ արդյունավետ պատասխանի համար Ֆրանսիայի եւ եվրոպական մյուս մեծ պետությունների հնարավորություններն անբավարար են, Եվրոպան կդիմի ԱՄՆ-ին, որը վերջին տարիներին համեմատաբար քիչ է միջամտում մերձավորարեւելյան իրադարձություններին եւ լոկ ձեւականորեն է պայքարում «Իսլամական պետության» դեմ:

Այժմ ԱՄՆ-ը, մարտական գործողությունների մեջ լրջորեն ներքաշվելու հարցում Օբամայի չկամությանը հակառակ, պարտավոր է ցուցադրել իր առաջատար դերը եւ դաշնակիցներին արդյունավետ ու հզոր օգնություն տրամադրելու կարողությունը: Դա հարկավոր է ոչ այնքան Եվրոպայի հետ հարաբերությունները պահպանելու, որքան ամբողջ տարածաշրջանում սեփական համբավը հաստատելու համար: Վաշինգտոնը պարտավոր է հաստատել իր գործունակությունն ու հուսալիությունը Ասիայում, որտեղ աստիճանաբար ձեւավորվում է Չինաստանի հետ մրցակցության համակարգ:

Մերձավոր Արեւելքում ուժերի դասավորությունը կարող է փոխվել: Պարսից ծոցի միապետությունները ըստ էության ելնում են այն բանից, որ Իրանի դիրքերի ամրապնդումը եւ ծավալումը ավելի մեծ վտանգ են պարունակում, քան «Իսլամական պետության» հաջողությունները: Մինչեւ վերջերս սիրիական պատերազմի առանցքը մնում էր նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը: Նրա հակառակորդները Սիրիայի վարչակարգի տապալումը համարում էին ավելի կարեւոր նպատակ, քան «Իսլամական պետության» ոչնչացումը: Այն պայմաններում, երբ Արեւմուտքի առաջատար երկրների համար «Իսլամական պետությունը» դառնում է էլ ավելի վտանգավոր սպառնալիք, Սաուդյան Արաբիայի եւ իր դաշնակիցների նախասիրությունները կարող են մեծ չափով հակադրվել արեւմուտքցիներին: Սակայն արաբական միապետությունները չեն կարող ցուցադրաբար սահմանազատվել իսլամիստների հետ դիմակայությունից: Եթե պարզվի, որ փարիզյան ահաբեկչությունների մասնակիցները ինչ-որ ձեւով կապված են տարածաշրջանի որոշ անձանց եհտ, դա կարող է էլ ավելի բարդացնել միապետությունների հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Ամեն դեպքում Մերձավոր Արեւելքում «Մեծ խաղի» նոր շրջափուլն անխուսափելի է, եւ եթե Փարիզը հրաժարվի մասնակցությունից, ապա իր համար կարեւոր այդ տարածաշրջանում հարցականի տակ կհայտնվի ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ առհասարակ Եվրոպայի համբավը:

Եվրոպայում սպասելի կարծիքների կտրուկ փոփոխության գաղթականների հարցում, ինչպես նաեւ ներգաղթի թեմայի նկատմամբ ոստիկանական մոտեցումների ուժեղացում եւ աջամետ տրամադրությունների ընդլայնում:

Բուն Ֆրանսիայում աջ ուժերի դիրքերը կամրապնդվեն: 2017 թ. նախագահական ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություններ կունենա նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նոյեմբերի 13-ի սպանդից հետո նախագահ դառնալու հնարավորություններ ունի նաեւ ծայրահեղ աջ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, որը վաղուց հանդես է գալիս մահմեդականների ներգաղթի սահմանափակման օգտին:

Այսուհետեւ Եվրոպայի միգրացիոն քաղաքականության մեջ շեշտը կդրվի այն գործիչների փաստարկների վրա, ովքեր հենց սկզբից ասում էին, որ ներկայումս Եվրոպան հեղեղած գաղթականների զանգվածի մեջ կարող են լինել բազմաթիվ գործող կամ «քնած» իսլամիստներ: «Լենտա.ռու» կայքէջը այս կապակցությամբ նշում է, որ տվյալ թեման մինչեւ վերջերս դուրս էր մնում հրապարակային քննարկումներից եւ հուզում էր գլխավորապես հատուկ ծառայություններին: Բայց այսուհետեւ հանրային տրամադրությունները զգալիորեն կփոխվեն: Գերմանիան ստիպված կլինի առավել մեծ չափով փոխել իր մոտեցումը: Այդ երկիրը ամռան վերջերին-աշնան սկզբներին կանցլեր Անգելա Մերկելի շուրթերով փաստորեն հայտարարեց բաց դռների քաղաքականություն: Արդեն մի քանի շաբաթ առաջ երկիրը սկսել էր փոքր-ինչ նահանջել, բայց փարիզյան ողբերգությունը հիմք կծառայի տվյալ դիրքորոշման կտրուկ փոփոխման համար: Եվրոպայի առաջատար երկրներում ծայրահեղ աջ կուսակցությունների ժողովրդականության կտրուկ աճ, եթե նույնիսկ չարձնագրվի էլ, միեւնույն էՙ իշխանությունները ստիպված կլինեն փոխ առնել այդ կուսակցությունների կարգախոսների զգալի մասը, որպեսզի չկորցնեն իրենց ահաբեկված ընտրողներին:

Եվրոպայում շարունակվում է ինստիտուցիոնալ եւ քաղաքական մոդելի համակարգային ճգնաժամը, եւ փոխակերպման անհրաժեշտությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: ԵԱՀԿ ըմբռնմամբ «եվրոպական անվտանգություն» սովորական հասկացությունը վերջնականապես կորցնում է իմաստը: Եվրոպայի անվտանգությունը ներկայումս անբաժանելի է փլուզվող Մերձավոր Արեւելքի իրադրության զարգացումից: Խնդիրներ առաջադրողը եւ վարքագիծ թելադրողը հենց այդ զարգացումն է, որը փաստորեն անկառավարելի է:

Ռուսաստանի համար Փարիզի դեպքերը նշանակում են, որ Սիրիայում նրա սկսած գործողությունը, եթե նույնիսկ ընդօրինակման նմուշ չդառնա, ապա առնվազն ավելի մեծ իմաստ ու կարեւորություն կստանա Արեւմուտքի աչքին: Ի դեպ, ֆրանսիական ռազմօդանավերը արդեն սկսել են Սիրիայում ռուսական օդուժի հետ համաձայնեցնելով հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին: Սիրիայի ափերին է մոտենում «Շառլ դը Գոլ» ռազմանավը: Սիրիայի հետ կապված քաղաքական-դիվանագիտական գործընթացը դժվար է կանխատեսել, բայց եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ մյուս մեծ տերությունները փորձեն ակտիվացնել մարտական գործողությունները, ապա ռուսների «ցամաքում գործընկեր ենք ընտրում եւ միասին կռվում ենք նրա թշնամու դեմ» տրամաբանությունը ավելի լայն իմաստ կստանա: Մինչեւ օրս «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունները իրավիճակի լուրջ փոփոխման նպատակ չեն ունեցել եւ ավելի շուտ ցուցադրական ներկայության բնույթ են կրել: Իսլամիստներին իրոք պարտության մատնելու համար հարկ կլինի թուլացնել Հաֆեզ Ասադի վրա գործադրվող ճնշումներըՙ փաստորեն ընդունելով, որ կոալիցիան կռվում է նրա կողմից: Բացի դրանից, հարկավոր է պայքարին մասնակից դարձնել «չափավոր ընդդիմությանը»: Սակայն տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հակաասադյան կոշտ դիրքորոշումը լուրջ բարդություններ է ստեղծում: Սպասվում է, որ մեծ տերությունները կուժեղացնեն ճնշումը այդ երկու երկրների վրա: Արեւմուտքում հակաասադյան անհաշտ դիրքորոշմամբ աչքի է ընկնում հենց Ֆրանսիան, բայց Փարիզի դեպքերից հետո հնարավոր են տեղաշարժեր:

Մոսկվան Սիրիայի ճգնաժամի կարգավորման գծով իր գործընկերներին առնվազն կարող է ասել, որ վերջին իրադարձությունները հաստատում են իր գերակայությունների ճշտությունը: Տարածաշրջանում առավել գործունակ արտաքին ռազմական ուժը լինելովՙ Ռուսաստանը լիովին ի վիճակի է այդ հնարավորությունները վերածել քաղաքական ազդեցության: Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում վերջին երկու տարիների գլխավոր խանգարիչ գործըՙ Ուկրաինան, հետզհետե մղվում է երկրորդ պլան:

Փարիզի դեպքերը էլ ավելի ամուր կապեցին մերձավորարեւելյան հանգույցը, սակայն 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո արված ձեւովՙ մեկ ուժային հարվածով այդ թնջուկը հատելու փորձը կավարտվի նույնպիսի «հաջողությամբ», առաջացնելով անկառավարելի հեղեղ: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ են փոխհամաձայնեցված գործողություններ եւ Սիրիայի խնդրի քաղաքական լուծում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.