AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1004, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԴԱՍԵՐ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԵԼՈՒ ՆԱԵՎ ՀԱՅԵՐՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ժամանակն է հերթական անգամ գնահատելու թուրքական վտանգի իրական լինելը

Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից խփված ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչպես ասում են, այն խմորն է, որ դեռ շատ ջուր է տանելու: Ռուսական կողմի պատասխանները սկսվել են եւ շարունակվելու են: Այս միջադեպը, անշուշտ, դաս կհանդիսանա Ռուսաստանի համար` Թուրքիայի հետ նրա հետագա հարաբերություններում: Չնայած հիմնական դասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե արդեն հասկացել է` թուրքական հարված թիկունքից: Երեւույթ, որ բնորոշ է Թուրքիային եւ թուրքական ինքնությանն ընդհանրապես: Սակայն այս միջադեպից քաղելու դասեր ունենք նաեւ մենք` հայերս: Ճիշտ ժամանակն է հերթական անգամ գնահատելու մեր անկախությանը եւ անվտանգությանը սպառնացող մշտական վտանգի իրական լինելը: Թուրքական սպառնալիքը եղել եւ մնում է հայության եւ մասնավորապես մեր պետության վրա կախված դամոկլյան սուր: Դրան հակազդելու համար պետք է ամուր պետություն ունենանք եւ սերտ հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի հետ:

Բավական է մի պահ պատկերացնել. եթե Թուրքիան համարձակվում է ռուսական ինքնաթիռ կործանել, ապա ի՞նչ կարող է նա անել Հայաստանի սահմանին կամ Հայաստանում, եթե չլիներ ռուսական ռազմական ներկայությունը մեզ մոտ: Այդ ժամանակ, մեր բանակը եւ մենք բոլորս ստիպված կլինենք դիմակայել ոչ միայն ադրբեջանական կողմի սադրանքներին, այլեւ` թուրքական: Ընդ որում որքան շատ լինեն սադրանքները թուրքական կողմից, այնքան դրանք կավելանան ադրբեջանական կողմից: Չենք խոսում այն մասին, թե թուրքական զորքերի սահմանափակ կամ լայնածավալ ներխուժումը Հայաստանի տարածք կամ օդային ռմբակոծությունները ոչ միայն չեն բացառվում, այլեւ շատ հավանական կլինեն: Այդպես Թուրքիան գործել է Իրաքում եւ Սիրիայում` իբր թե քրդերին հետապնդելու պատրվակով: Ի՞նչն է խանգարելու, որ նույնը անի նաեւ Հայաստանում: Թուրքական օդուժը հարյուրավոր անգամներ խախտել է հենց ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանի օդային տարածքը: Ի վերջո, 90-ականներին նման իրավիճակ առաջացել է եւ դրա մասին վկայում են այդ ժամանակ մեր երկրի ղեկավարները, ռազմական ոլորտի պատասխանատուները, Հայաստանում օտարերկրյա դեսպանները` Թուրքիան նպատակ է ունեցել ռազմական ներխուժում իրականացնել Հայաստան: Միայն Ռուսաստանի հստակ դիրքորոշումը, որ այդ դեպքում ռուսական զորքերը «պատրաստ են ռազմական խոսակցության», զսպել է թուրքական ախորժակը:(*) Եվ վերջապես, հայ-թուրքական օդային սահմանը թուրքական ուղղաթիռի կողմից խախտելու վերջին դեպքը, իբր եղանակային պայմանների պատճառով, կասկած չի թողնում այդ երկրի մտադրությունների եւ հնարավոր գործողությունների մասին:

Ի դեպ, հասարակական կազմակերպություն ղեկավարող մի քաղաքագետ թուրքական ուղղաթիռի հետ կապված միջադեպին անդրադառնալով, հավանաբար ձգտելով արդարացնել իրեն ֆինանսավորողներին, Հայաստան-ՆԱՏՕ մի քննարկման ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չլիներ, ավելի լկտի կգործեր: Ռուսական ինքնաթիռի միջադեպը հակառակն ապացուցեց` զգալով ռուսական կողմի հնարավոր հակազդեցությունը, Թուրքիան անմիջապես դիմեց ՆԱՏՕ-ին: Այսինքն, հենց ՆԱՏՕ-ի անդամ լինելն է նրան ավելի լկտի գործելու հնարավորություն տալիս, քան թե հակառակը: Դրա եւս մեկ ապացույց` ՆԱՏՕ-ն ոչ մի արձագանք թուրքական ուղղաթիռի կողմից հայկական սահմանը հատելու վերաբերյալ չտվեց: Տվյալ քննարկման ժամանակ նույնպես, Հայաստանի ներկայացուցիչների հարցումներին ի պատասխան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը այդպես էլ ոչ մի կերպ չգնահատեց այդ միջադեպը, եթե ոչ պաշտպանելով, ապա փաստացիորեն խրախուսելով թուրքական կողմի նման գործողությունները:

Վերադառնալով մեր անվտանգությանն ու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, հարկ է նշել, որ այս միջադեպը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը Ռուսաստանի համար: Հետեւաբար, բարեկամական հարաբերությունները այդ երկրի հետ փոխշահավետ են թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար` հակառակ ֆեյսբուքում Ռուսաստանին չակերտների մեջ բարեկամ համարող հայաստանցի դատարկագլուխների կամ հակառուսական հիստերիա բարձրացնող Արեւմուտքի գրանտներից սնվող տեղական շնիկների, ինչպես նաեւ Ռուսաստանում նրանց գործընկերների` ադրբեջանամետ զանազան «փորձագետների» կամ սոցցանցերի «գեներալների»` Հայաստանի եւ հայերի դեմ արվող տխմար հայտարարությունների : Երկու երկրներում էլ այդ ոչնչությունները նույն սեւ գործն են անում` կաշվից դուրս գալով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու համար: Հարաբերություններ, որոնք եթե Ռուսաստանի համար ապահովում են ներկայությունն այս տարածաշրջանում, ապա մեզ համար` երաշխավորում են մեր եւ մեր պետության գոյությունն ընդհանրապես` զսպելով Թուրքիային եւ ապահովելով Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանումը, չխոսելով հարցի տնտեսական կողմի մասին:

*) Ակնարկը վերաբերում է 1992 թ.ին Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալիՙ «Հայաստանի վրա մի քանի ռումբ գցելու» մասին արած հայտարարությանը, որին ի պատասխան չուշացավ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովի պատասխանըՙ Թուրքիային միջուկային ռումբերով հակադարձելու վերաբերյալ։- Ծ.Խ.։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.