AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

32 ՏՈԿՈՍԻՑ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 30 ՏՈԿՈՍԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սակայն իրեն աղքատ է համարում հարցվածների միայն 17 տոկոսը

2014-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի 2 տոկոսով նվազում, ինչի արդյունքում անցյալ տարի աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս` նախորդ տարվա 32 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշներն են հրապարակվել ազգային վիճակագրական ծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2014» զեկույցում, որը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների: Նման հետազոտություն վիճծառայությունը անց է կացնում եւ արդյունքները հրապարակում յուրաքանչյուր տարի: Ինչպիսի՞ն են այս զեկույցի մանրամասները:

900 հազար մարդ դեռեւս աղքատության գծից ցածր է գտնվում

Նախ` վերանայվել է աղքատության գիծը: 2014-ի աղքատության գիծը հաշվարկվել է, վերանայելով 2009-ի նվազագույն պարենային զամբյուղը եւ ոչ պարենային ապրանքների գնահատված մասնաբաժինը: Այդ մեթոդաբանությամբ սահմանվել են աղքատության ընդհանուրՙ վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը` ըստ մեկ ամսվա ընթացքում մեկ չափահաս անձի սպառման (հետազոտությունը կատարվել է սպառման, այլ ոչ թե եկամուտների ցուցանիշների հիման վրա) ցուցանիշների: Ըստ այդմ, աղքատության ընդհանուրՙ վերին գիծ է սահմանվել 40246 դրամը (կամ 96,8 դոլարը) է, ստորինը` 33101 (կամ 79,6 դոլար), իսկ ծայրահեղ աղքատության գիծը` 23384 դրամ (կամ 56,2 դոլար): 2013-ին այդ ցուցանիշները գնահատվել են համապատասխանաբար` 39193 դրամ (կամ 95,7 դոլար) , 32318 դրամ (կամ 78,9 դոլար) եւ 22993 դրամ (կամ 56,1 դոլար): Այսինքն, աղքատության գիծը նախորդող տարվա համեմատ բարձրացել է մոտ 1000 դրամով:

Արդյունքում, համաձայն զեկույցի, 2014-ին մեր երկրի բնակչության 30 տոկոսը եղել է աղքատ, որից 11,2 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2,4 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 900 հազար , որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 330 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 70 հազար մարդ: 2013-ի ցուցանիշների համեմատ, աղքատության մակարդակի նվազում է արձանագրվել բոլոր մակարդակներով: Մասնավորապես, 2013-ին աղքատների քանակը մոտ 967 հազար էր , այդ թվում շատ աղքատներինը` 402 հազար, վերջիններիս թվում ծայրահեղ աղքատներինը` մոտ 82 հազար մարդ:

Այդուհանդերձ, 2014-ին աղքատության մակարդակը դեռեւս բարձր է 2008-ի մակարդակից 2,4 տոկոսային կետով, ծայրահեղ աղքատության մակարդակը` 0,7 տոկոսային կետով:

Աղքատությունն ըստ տարբեր մարզերի հարցականներ է առաջացնում

Հետազոտության արդյունքներով, 2014-ին աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (30 տոկոս) եւ գյուղական (29,9 տոկոս) բնակավայրերի: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63,6 տոկոս) քաղաքաբնակներ են : Մայրաքաղաք Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25,2 տոկոս) , ինչը 1,4 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում:

Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատության ցուցանիշները: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 18,2 տոկոս, եւ Արագածոտնի մարզը` 18,7 տոկոս: Եթե նկատի ունենանք, որ այս մարզերին հաջորդում է Երեւանը` 25,2 տոկոս աղքատության ցուցանիշով, իսկ մյուս մարզերում աղքատության ցուցանիշը սկսվում է 29 տոկոսից հասնելով մինչեւ 44 տոկոսի, ապա տպավորություն կստեղծվի, որ վերոնշյալ մարզերը բարեկեցության օազիս են` աղքատության անհամեմատ ցածր ցուցանիշով: Այսպես, ի տարբերություն ոչ այնքան հարուստ եւ բարեկեցիկ մարզերի համարում ունեցող Արագածոտնի եւ Վայոց Ձորի, ամենահարուստ համարվող գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատյան դաշտի երկու մարզերից Արարատում աղքատությունը 28,5 տոկոս է, Արմավիրում` 29 տոկոս: Տարբերությունըՙ ավելի քան 10 տոկոս: Ինչպե՞ս է սա հնարավոր եւ որքանո՞վ է համապատասխան իրականությանը:

Անգամ անզեն աչքով նկատելի է, որ ավելի ցածր աղքատության ցուցանիշ ստացած Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում կենսամակարդակը ավելի բարձր, իսկ աղքատությունը` ավելի ցածր չեն կարող լինել, քան Արարատի եւ Արմավիրի մարզերում: Վերջիններիս հետ գրեթե նույն մակարդակի վրա է Տավուշի մարզի աղքատության ցուցանիշը` 30,6 տոկոս եւ շատ մոտ` Գեղարքունիքի ցուցանիշը` 32,3 տոկոս: Այն դեպքում, երբ այս մարզերը սովորաբար համարվել են առավել աղքատ եւ սոցիալական մեծ աջակցության կարոտ: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության չափի հետ: Ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Հակառակը լինել չի կարող, քանի որ մեր հոգեբանության եւ մտածողության մեջ տարածված է ոչ թե աղքատությունը թաքցնելը, այլ իրական կենսամակարդակը թաքցնելը եւ ավելի վատ ապրողի կերպարով ներկայանալը` «լացելը»` ավելի պարզ ասած: Այս տրամաբանության հետ համընկնում են սուբյեկտիվ աղքատության վերաբերյալ ստացված պատասխանները:

Աղքատ են իրենց համարել ... ընդամենը 17 տոկոսը

Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր իրենց բարեկեցության եւ կենսամակարդակի վերաբերյալ` մասնավորապես իրենք իրենց աղքատ համարո՞ւմ են: Այս դեպքում արդեն, պատասխանելով այս հարցին, միայն 17 տոկոսն են իրենց համարել աղքատ: Ստացվում է հակասություն` աղքատությունը ըստ սպառման ցուցանիշների 30 տոկոս է, բայց բնակչության միայն 17 տոկոսն է ուղղակիորեն իրեն համարել աղքատ: Պատճառը հետեւյալն է` երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարավորինս աղքատ ներկայանալ եւ սպառման ավելի ցածր ցուցանիշներ ասել` համաձայն վերեւում նշված սովորության: Սակայն, երբ հարցն ուղղակիորեն վերաբերում է նրան, թե իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է ավելի անկեղծ, քանի որ ոչ ոք չի ցանկանում որ իրեն աղքատ համարեն, բայց աղքատ ձեւանալ շատերն են սիրում: Ասվածի եւս մեկ վկայություն. 2008-ին 27,6 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցվողների դարձյալ 17 տոկոսը:

Այս ամենով հանդերձ, անգամ 17 տոկոս, այսպես կոչված, սուբյեկտիվ աղքատության կամ սպառման ցուցանիշների արդյունքում 2 տոկոսով նվազած եւ 30 տոկոս դարձած աղքատության մակարդակը ամենեւին էլ դրական ցուցանիշներ չեն: Անկախ նրանից, որ հիմա էլ «Իսլամական պետության» դեմ «պայքարող» նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հավատում 2 տոկոսով աղքատության նվազմանը, այն պարագայում, երբ իր վարչապետության ժամանակ աղքատությունը համատարած էր եւ կազմում էր առնվազն 80-90 տոկոս, հենց 90-ականներից աղքատացածներից դեռեւս 900 հազարի (կամ 500 հազարինը` ըստ սուբյեկտիվ աղքատության 17 տոկոսի) աղքատ մնալը մեր պետության առջեւ ծառացած լուրջ խնդիր է: Տարեկան 2 տոկոս աղքատության նվազումն էլ բավարար չի կարող համարվել, քանի որ այդ դեպքում մեզ եւս 15 տարի կպահանջվի դրա հաղթահարման համար:

Ընդհանրապես, ավելի լուրջ խնդիր է մեր բնակչության ընդհանուր ցածր կենսամակարդակը` տարեկան 1 շնչին ընկնող 3540 դոլար ՀՆԱ ցուցանիշով, այն դեպքում, երբ միջին ցուցանիշն աշխարհում 1 շնչին ընկնող մոտ 10 հազար դոլար ՀՆԱ-ն է: Մեր երկրի այս ցուցանիշը թեեւ ունի շատ օբյետիվ պատճառներ` փոքր շուկա, փոքր տարածք, դեպի արտաքին աշխարհ ճանապարհների սակավություն, ռազմական մեծ ծախսեր եւ երկու կողմից շրջափակված թշնամի պետություններ, բայց դա չի կարող ինքնարդարացման պատճառ լինել` պետք է ամեն ինչ անել տնտեսական աճի բարձր տեմպ ունենալու եւ կենսամակարդակի բարձրացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.