AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 875, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ՞

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական Սու-24-ի խոցումը Ռուսաստանը անպատասխան չի թողնելու, եւ այդ պատասխանները դեռ երկար ժամանակ իրենց ազդեցությունն են գործելու երկու երկրների եւ ընդհանրապես միջազգային հարաբերությունների վրա, նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ («Ռուսական ինքնաթիռի կործանումից դասեր ունենք քաղելու նաեւ հայերս», ԱԶԳ, 20.11.2015 թ.): Խփված ինքնաթիռի տեղանքի զանգվածային ռմբակոծությունն ու այնտեղ գտնվող զինյալների ոչնչացումը, ինչի մասին հայտարարեց ռուսական գլխավոր շտաբի ներկայացուցիչը, միայն այդ պահի հակազդեցությունն էր: Հետագայում Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց հակաօդային պաշտպանության` աշխարհում լավագույնը համարվող Ս-400 նորագույն համակարգերը, որից հետո թուրքական ինքնաթիռները այլեւս չեն երեւացել ոչ միայն Սիրիայի տարածքում, այլեւ նրա սահմանի մոտակայքում: Սակայն, բացի ռազմաքաղաքական քայլերից, ռուսական կողմը հիմնական շեշտը դրեց տնտեսական հակաքայլերի վրա: Այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման եւ Թուրքիայի դեմ «հատուկ տնտեսական միջոցառումների» կիրառման մասին: Ի՞նչ միջոցառումներ են դրանք եւ, մասնավորապես, ի՞նչ կտան դրանք Հայաստանին եւ հայկական ընկերություններին, ինչպե՞ս կկարողանանք օգտվել դրանից եւ կկարողանա՞նք արդյոք:

Արգելված ապրանքներ եւ ծառայություններ` շինարարություն, փոխադրումներ, զբոսաշրջություն, գյուղմթերքներ, աշխատանք եւ այլն

Խոսքը միջոցառումների մի ամբողջ համալիրի մասին է: Վերացվում է Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Ռուսաստան, արգելվում է մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան, օդային չարտերային թռիչքների արգելք է մտցվում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, խստացվում թուրքական ավտոփոխադրողների նկատմամբ հսկողությունը, արգելվում գործատուներին Ռուսաստանում աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին, սահմանափակվում թուրքական ընկերությունների, մասնավորապես շինարարական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, խորհուրդ տրվում զբոսաշրջային ընկերություններին ձեռնպահ մնալ Թուրքիա զբոսաշրջիկներ ուղարկելուց եւ այլն: ՌԴ նախագահի հրամանագրի հիման վրա կառավարությունը հրապարակել է այն ապրանքների ցանկը, որն արգելվելու է Ռուսաստան ներմուծել 2016-ի հունվարի 1-ից: Այդ ապրանքներն են հավի եւ հնդակահավի միս եւ դրանից պատրաստված ապրանքներ, մեխակ, պոմիդոր եւ տոմատներ` թարմ եւ սառեցված, սոխ, կաղամբ, բրոկոլի` թարմ եւ սառեցված, վարունգ` թարմ եւ սառեցված, նարինջ եւ մանդարին` թարմ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, սալոր, մորի, ելակ, ինչպես նաեւ աղ իր բոլոր տեսակներով:

Ակնհայտ է, որ այս պատժամիջոցներից թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրելու: Միայն զբոսաշրջությունից կորուստը կկազմի մոտ 3 մլրդ դոլար: Ռուսական զբոսաշրջային գործակալություններն արդեն իսկ դադարեցրել էին դեպի թուրքական հանգստավայրեր տուրերի կազմակերպումը, ռուսական ֆուտբոլային թիմերն էլ` հրաժարվել մարզական հավաքները այդ երկրի մարզաբազաներում անցկացնելուց:

Թեեւ ավելի հաճախ խոսվում է զբոսաշրջության մասին, բայց թուրքական շինարարական ընկերությունները Ռուսաստանում մեծ նախագծեր են իրականացրել եւ իրականացնում, նրանց համար Ռուսաստանը խոստումնալից եւ եկամտաբեր շուկա էր: Նրանք կկորցնեն այդ շուկան: Ռուսաստանում աշխատող Թուրքիայի քաղաքացիները սոցիալական խնդիրներ կառաջացնեն իրենց հայրենիք վերադառնալուց հետո: Թուրքական մթերքների որոշ տեսակներ, որոնք չեն ընկել արգելքի տակ, ինչպես օրինակ լիմոնը, խոշոր եղջերավոր անասունների միսը, ձուկը եւ կաթնամթերքը, այդուհանդերձ ավելի դժվարությամբ կհասնեն Ռուսաստան, ավելի մեծ ծախսերով եւ փոքր քանակություններով:

Տեսականորեն կարող ենք փոխարինել թուրքականին մեր հնարավորությունների չափով

Բնականաբար, թուրքական ներկայությանը Հայաստանը չի կարող փոխարինել, քանի որ մեր տնտեսությունն ու մեր երկիրն ընդհանրապես չունեն այդ ծավալներն ու ռեսուրսները: Սակայն թուրքական ներկայությունից ազատված շուկայի մի մասը Հայաստանն ու հայկական ընկերությունները կարող են զբաղեցնել եւ ամրապնդվել: Դա վերաբերում է նախեւառաջ գյուղմթերքներին, մասնավորապես շուրջ տարի բերք տվող ջերմոցային բանջարեղեններին: Ռուսական շուկա Թուրքիայից ամենամեծ ծավալներով ներմուծվում է լոլիկն ու վարունգը, իսկ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով կառուցված ջերմոցներում աճեցվող հիմնական արտադրանքը հենց լոլիկն ու վարունգն են: Հայ բեռնափոխադրողների համար էլ ավելի հեշտ կլինի անցնել Վերին Լարսի սահմանակետը` թուրքական փոխադրողներ այլեւս չեն լինելու, հետեւաբար նաեւ` կլիոմետրերով ձգվող բեռնատարաների հերթեր: Այսինքն, մթերքների արտահանման ավելացման համար հատկապես նպաստավոր իրավիճակ է, որն առավել նպաստավոր կդառնա, եթե թուրքական ապրանքների արգելքը երկարաժամեկտ լինի:

Հայկական շինարարական կազմակերպությունները պարզապես բացառիկ հնարավորություն են ստանում Ռուսաստանում գործելու , ինչին նպաստում է նաեւ վերջերս ԱԺ կողմնից ընդունված` արտերկրում շինարարական գործունեության նպատակով աշխատանքներ կատարող ընկերությունների հանդեպ եկամտային հարկի արտոնություն տրամադրելու մասին օրենքը, որը, ինչպես միշտ, մեր դեմագոգների աղմուկի պատճառ դարձավ:

Գուցե քիչ հավանական թվա, բայց անգամ Հայաստանի ներգնա զբոսաշրջությունը կարող է շահել: Վերջերս ռուսական travel.ru կայքի վարկանիշով Երեւանը ռուսաստանցիների ամանորյա հանգստի անցկացման ամենավարկանիշային քաղաքների եռյակի մեջ էր: Ծովափնյա հանգիստ, մենք իհարկե չունենք, բայց խելամիտ գնային քաղաքականություն իրականացնելու դեպքում նույն ռուսաստանցիների որոշ մասը կցանկանա փորձել ծովափնյա հանգիստը փոխարինել մատչելի լեռնային, առողջարանային, մշակութային հանգստով Հայաստանում:

Բարեբախտաբար, Հայաստանի կառավարությունում նույնպես այս հարցը քննարկվել է եւ ներկայացվել թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները, իսկ վարչապետն էլ «հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները եւ ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը», կառավարության աջակցության պատրաստակամությունը հայտնելով: Կարծես թե ռուս-թուրքական տնտեսական հակամարտությունը բավականին նպաստավոր պայմաններ է ստեղծել մեզ համար, բայց կա մի մեծ հարց` կկարողանա՞նք օգտվել այդ հնարավորություններից:

Հնարավորությունները չօգտագործելու նախադեպեր ունեցել ենք

Երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինու ներմուծումը, հայ գինեգործները չկարողացան օգտվել դրանից եւ հայկական գինու արտահանումն այդ երկիր այդպես էլ չավելացավ, մինչ վրացական գինիները կրկին «վերադարձան» ռուսական շուկա: Արեւմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, երբ Ռուսաստանն արգելեց ԵՄ երկրներից գյուղմթերքների ներմուծումը, հայ արտադրողները կրկին չկարողացան օգտվել դրանից: Ճիշտ է, թարմ մրգի ու բանջարեղենի արտահանման ծավալները դեպի այդ երկիր այս տարի ավելացան, բայց հայ գործարարների մեծ մասը չկարողացավ ուղիներ գտնել ռուսական շուկայում հայկական սննդամթերքի եւ վերամշակված գյուղմթերքների արտահանման ծավալները ավելացնելու համար: Ավելին, Ռուսաստանի տնտեսական կացության վատթարացման պատճառով մեր այդ ճյուղի արտահանման ծավալներն էապես նվազեցին:

Եվ ընդհանրապես, մեր գործարարների զգալի մասը ավելի շատ դժգոհում է ստեղծված տնտեսական կացությունից, առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ կիրառելով, նոր ներդրումներ կատարելով ավելացնել արտադրության եւ մատուցվող ծառայությունների ծավալները, իսկ առաջացող հնարավորություններից չի կարողանում օգտվել : Դա երեւաց նաեւ ԵՏՄ միասնական շուկայի ստեղծման ժամանակ: Հետեւաբար, նկատի ունենալով այս ամենը, ցավոք, հավանականությունը մեծ չէ, որ մեր ապրանք եւ ծառայություններ արտահանողները կկարողանան առավելագույնս օգտվել Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Փոխարենը, այս օրերին մեր զբոսաշրջային ընկերություններից մեկը հեռուստատեսությամբ անընդհատ գովազդում է թուրքական Անթալիա հանգստանալու պայմանների մասին: Սակայն, սա այլ, առավել ցավոտ խոսակցության թեմա է:

Միաժամանակ, թուրքական արտադրողների համար ստեղծված աննպաստ իրավիճակը կարող է նաեւ Հայաստանի ներքին շուկային եւ արտադրողին վնասել: Ռուսաստանում արգելված գյուղմթերքները նրանք կձգտեն էժան, դեմպինգային գներով Հայաստան արտահանել, ինչը մեր պետական համապատասխան կառույցները ամեն գնով չպետք է թույլ տան` լինի դա սանիտարական անհամապատասխանության, թե դեմպինգի անթույլատրելիության, օրենքով սահմանված կարգով, թե այսպես ասած` ներքին կարգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.