AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 864, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԻ... ԻՍԿ ԵԹԵ ՉՓՈԽՎԻ՞

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Արամ Աբրահամյանին հարցազրույց է տվել, որի ընթացքում արել է մի ցնցող հայտարարություն: Մինչ կասենք, թե ինչ, մի փոքրիկ պարզաբանում: Ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը, ձեռնարկելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարեց, թե ինքը, եթե Սահմանադրությունը փոխվի եւ երկիրը դառնա խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, չի հավակնում այլեւս դառնալ ոչ նախագահ, ոչ վարչապետ: Ավելի ուշ, նախագահը նաեւ շատ կարեւոր հավելում արեց` «...ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ այլ պետական պաշտոն»: Սա շատ կարեւոր հավելում է, քանի որ ԱԺ պատգամավորը եւս պետական պաշտոն է, եւ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Սահմանադրությունը փոխվելու պարագայում ինքը չի հավակնելու «...ոչ էլ այլ պետական պաշտոնի», նշանակում է, որ նա չի դառնալու ԱԺ պատգամավոր, իսկ, քանի որ չի դառնալու ԱԺ պատգամավոր, ուրեմն չի կարող ընտրվել ԱԺ նախագահ: Մնում է, այսինքն շախմատի ֆեդերացիան եւ ՀՀԿ-ն, իսկ, ֆեդերացիայում եւ Հանրապետականում իրենց որոշելիքն է, թե ո՞վ կղեկավարի իրենց, իրենց ներքին գործերն են, ոչ` մեր:

Այս համատեքստում Դավիթ Հարությունյանը Արամ Աբրահամյանին ասել է. «Իշխանությունը կվերարտադրվի, եթե Սահմանադրությունը չփոխվի, եւ այդ դեպքում ՀՀԿ-ն մեծամասնություն կստանա եւ Սերժ Սարգսյանը հնարավոր է, կդառնա վարչապետ»: Թե այս հայտարարության ո՞ր մասն է ավելի կարեւոր` «հնարավոր է Սերժ Սարգսյանը կդառնա վարչապե՞տ»-ը, «այդ դեպքում ՀՀԿ-ն մեծամասնություն կստանա՞»-ն, թե՞ «եթե Սահմանադրությունը չփոխվի»-ն, ընտրության հարց է, եթե կուզեք` քաղաքական դիրքորոշման հարց: Օրինակ, եթե դուք պատրաստվում եք դեկտեմբերի 6-ին գնալ հանրաքվեի եւ ձեր վճռական «Ոչ»-ն ասել սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ դուք վստահ եք, կամ ձեզ համոզել են, որ այդ փոփոխությունները նպաստելու են գործող իշխանության վերարտադրությանը, ապա ձեզ համար Դ. Հարությունյանի ասածներից թերեւս ամենակարեւորը` «Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ» մասն է, կամ էլ` «ՀՀԿ-ն կստանա մեծամասնություն» ոչ պակաս կարեւոր հատվածը: Իսկ եթե դուք գնալու եք հանրաքվեի եւ ձեր վճռական «Այո»-ն եք ասելու փոփոխություններին, ապա ձեզ համար, անշուշտ, կարեւորը Դ. Հարությունյանի հայտարարության հետեւյալն հատվածն է` «Եթե Սահմանադրությունը չփոխվի»: Բանն այն է, որ այս հատվածով դուք կարող եք մինչեւ դեկտեմբերի 6-ը համոզել ձեր մտերիմներին եւ ընկերներին, որպեսզի նրանք եւս «Այո» ասեն, թեկուզ ոչ վճռական, որովհետեւ ինչպես տեսնում ենք, այս «իշխանությունները վերարտադրվելու են», կամ «Սերժ Սարգսյանը հնարավոր է վարչապետ դառնա»` «եթե Սահմանադրութունը չփոխվի»:

Իմ կարծիքով Դ. Հարությունյանի ասածը խայծ է: Ընդ որում ես վստահ չեմ, որ եթե Սահմանադրությունը փոխվի (կամ ոչ), այս իշխանությունները վերարտադրվելու են (կամ ոչ), Սերժ Սարգսյանը հնարավոր է վարչապետ դառնա (կամ ոչ), իմ կարծիքով իշխանությունների վերարտադրության հավանականությունն ու մանավանդ Սերժ Սարգսյանի ցանկությունները ոչ մի կապ չունեն Սահմանադրության հետ, որի հետ մեր երկրում քիչ բան կապ ունի, քիչ բան եւ քչերը: Դ. Հարությունյանն, ուրեմն, հնարավոր է, սա ասել է, որովհետեւ «Ոչ»-երը պնդում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, իշխանությունները վերարտադրվելու են, Սերժ Սարգսյանն էլ դառնալու է վարչապետ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ահա ասում է ճիշտ հակառակը. այդ ամենը տեղի կունենաՙ եթե Սահմանադրությունը չփոխվի:

Սահմանադրությունը կփոխվի, կամ չի փոխվի, Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա, կամ չի դառնա, իշխանություններն կվերարտադրվեն, կամ ոչ: Այդ ամենը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ փաստորեն Դավիթ Հարությունյանը հրաշալի հասկանում է, որ եթե հայտարարվի, թե Սահմանադրությունն անփոփոխ թողնելու պարագայում Սերժ Սարգսյանը հնարավոր է դառնա վարչապետ, ապա մեծ է հավանականությունը, որ ժողովուրդն «Այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, իսկ դա հենց այն է, ինչը պետք է Դավիթ Հարությունյանին եւ իշխանություններին: Իսկ եթե ժողովուրդն այնուամենայնիվ «Ոչ» ասի, եւ Սահմանադրությունը չփոխվի... արդեն գիտենք, թե ինչ կլինի, գիտենք նաեւ, որ դա էլ հենց այն է, ինչը պետք է Դավիթ Հարությունյանին եւ այս իշխանություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.