AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 792, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հ. ԱՖՅԱՆ

Մի կարեւոր բան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ցույց տվեց: Մենք մասնավորաբար իմացանք, թե հանրապետականները ինչե՞ր ունեն մեր քաղաքներում, որքա՞ն բաներից են զրկվել ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ քանի՞ ծառ ունեն դաշնակցականները: Օրինակ, մինչ այս քարոզարշավը մենք օգտվում էինք տաքսի ծառայություններից` առանց իմանալու, որ «շեֆը», ինչպես մեր երկրում շատ «շեֆեր» հանրապետական են: Հիմա իմացանք, քանի որ Հանրապետականի «Ասա Այո» շտաբներից շատերը հենց տաքսի ծառայությունների գրասենյակներում են: Այլ հարց է Բարգավաճի քարոզը, ինչը ըստ էության չկա, իսկ չկա, քանի որ ԲՀԿ-ն զրկված է մի շարք օբյեկտներից, իսկ զրկված է, որովհետեւ այդ օբյեկտները երբեք էլ ԲՀԿ-ինը չեն եղել:

Դաշնակցության` «Վճռական Այո» շտաբները հիմնականում շտաբներ չեն, այլ ցուցանակներ, իսկ շտաբներ ՀՅԴաշնակցությունն ունի այն օբյեկտներում, որոնց պատերին միշտ էլ փակցված են եղել Դաշնակցության քարոզչական նյութերը: Օրինակՙ «Վճռական Այո» պաստառ կարելի է տեսնել մի շենքի պատին, որի վրա, վերեւի հատվածում, կա դեռեւս նախանցյալ խորհրդարանական ընտրություններից պահպանված` «Հին ընկերները չեն դավաճանում» պաստառը: Ենթադրելի է, որ «Վճռական Այո» պաստառներ կարելի է տեսնել նաեւ Հայաստանի անտառներում, ասենք` ամեն երրորդ ծառի վրա: Ինչո՞ւ ամեն երրորդ, քանի որ մյուս երկուսի վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Տիգրան Սուրիկովիչ Խաչատրյանի կարգադրությամբ պետք է որ փակցված լինի նույն իմաստով, բայց ավելի պարզ մի կոչ` «Ասա Այո»:

Ի դեպ, Հայաստանի անտառների մասին. այսուհետ հենց անտառներում են լինելու տարբեր տեսակի եւ մասշտաբի «ռազբորկաները», նախ` ոչ ոք չի տեսնի, ապա եւ անտառում շատ հեշտ է ապացուցել, որ իրականում ոչ թե մարդիկ են մարդուն ծեծել, այլ նա ուղղակի կենդանիների հարձակման թիրախ է դարձել: Ու որպեսզի սա հեշտ ապացուցելի լինի, այսուհետ մեր երկրում «ռազբորկաներից» տուժողներին ոչ թե հարվածելու են, այլ կծելու են: Թե որքանո՞վ այս փոփոխությունը կապ ունի սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել, բայց որ բոլոր փոփոխություններն էլ իրար հետ կապ ունեն, միանշանակ է: Համաձայնեք, եթե մինչեւ սահմանադրական փոփոխությունները մեր երկրում պաշտոնի նշանակում էին հանրապետականները, այդ թվում դաշնակցականներին, ապա այժմ, ինչպես տեսնում ենք «Հայանտառ»-ի պարագայում, պաշտոնի նշանակում է դաշնակցականը` հանրապետականին: Սա, իհարկե, հրաշալի փոփոխություն է, քանի որ, փաստորեն, մեր երկրի` գոնե անտառներում վերանում է մեկ կուսակցության դոմինանտությունը եւ փոխվում են այն ժամանակները, երբ ամեն ինչ եւ ամենքիս համար որոշում էր բացառապես Հանրապետական կուսակցությունը: Գոնե անտառներում, այսուհետ, այդպես չի լինելու:

Բայց մի ուրիշ խնդիր կա. կփոխվի՞ արդյոք Տիգրան Խաչատրյանն ինքը: Ցավոք սրտի այս փոփոխության շուրջ համաժողովրդական հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Ինչո՞ւ ցավոք սրտի, որովհետեւ ժողովուրդը «հաստատ Այո» էլ կասեր այդ փոփոխությանը, «վճռական Այո» էլ: Սա, սակայն, բացառապես կրտսեր Խաչատրյանի որոշելիքն է. այսինքն կա՛մ նա վերցնում է բահն ու լծվում անտառտնտեսության գործին, կա՛մ նա չի վերցնում բահը, քանի որ այն հնարավոր չէ վերցնել, երբ երկու ձեռքերում էլ զենք կա: Կա՛մ նա անտառը ընկալում է որպես ծառեր եւ բնություն, որն անհրաժեշտ է պահել, կա՛մ նա անտառը շարունակում է ընկալել որպես որսի տեղ, որտեղ հնարավոր է անգամ ձկնորսությամբ զբաղվել, հատկապես որ ձկները հետո բողոք չեն ներկայացնում, քանի որ ի ծնե խոսել չգիտեն:

Թե ի՞նչ կորոշի Տիգրանը` «Այո՞» կասի, թե՞ «Ոչ» իր ներքին փոփոխություններին, շատ կարեւոր է, ավելի կարեւոր, քան մեր Սահմանադրությունը. ինչո՞ւ, որովհետեւ միայն փոխված Տիգրանը կպահի Սահմանադրությունը, իսկ այն «ստից» փաստաթուղթ է, եթե այն պահող չկա:

Իսկ հանրաքվեի քարոզարշավը մոտեցավ ավարտին, այսօր` դեկտեմբրի 4-ին, քարոզարշավի վերջին օրն է, վաղը` լռության օրը, հաջորդը օրն էլ` հանրաքվեի օրը, մյուս օրն էլ դեկտեմբերի 7-ը, ու քանի որ այդ օրը ուրախանալ չի կարելի, կուրախանանք դեկտեմբերի 8-ին: Ընդ որում կապ չունի «Այո» ենք ասել, թե` «Ոչ», միեւնույն է, ուրախանալու ենք: Եթե «Այո» ենք ասել, ապա ուրախանալու ենք, որովհետեւ վերջապես մեր երկրում բան ենք փոխում, իսկ եթե «Ոչ» ենք ասել, ապա ուրախանալու ենք, քանի որ «նրանց չհաջողվեց անել իրենց ուզածը»:

Կարեւորը Տիգրանն «Այո» ասի: Ի դեպ, մեր երկրում քանի՞ Տիգրան կա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.