AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1065, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՁԱՅՆԵՐԻ ՏԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդեն երեւի ոչ առաջին անգամ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության բողոքավոր հատվածի` քվեարկությամբ արձանագրված բավական ստվար դժգոհությունը, կարելի է ասել, տեր չունի, անտեր է: Նախորդ` հիշողությունից դեռ չմաքրված անգամը դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն անտեր թողեց, չգեներացրեց շատ ստվար մի զանգվածի քվեն, հետո ԲՀԿ-ին տրված խորհրդարանական բարձր քվեի ընտրազանգվածը լքվեց` Ծառուկյանի «վնասազերծումով», այս անգամ սահմանադրական հանրաքվեի` 400 հազարից ավելի «ոչ» ձայներն են առայժմ անտեր, չնայած դրանք հասցեատեր ունեն` «ոչ»-ն ուղղված է ոչ թե Սահմանադրությանը, այլ իշխանություններին, որպես նրանց կառավարման գնահատական: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանում քվեարկությամբ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության ներկայացրած պստլիկ բյուջեն` 97 կողմ,12 դեմ, 3 ձեռնպահ ձայներով. մենակ այս թվերը ցույց են տալիս, որ դժգոհների ահռելի զանգվածը խորհրդարանում ներկայացված չէ: Որովհետեւ եթե Հայաստանի ընտրողների մեկ երրորդը ( սա` պաշտոոնապես, իսկ ոչ պաշտոնական թվերով, նկատի առնելով այն տեխնոոգիաները, որոնք մեզ մոտ սովորաբար կիրառվում են, դա կարող է հավասարվել Հայաստանի ընտրողների, այլ խոսքով`բնակչության կեսին) դժգոհ է եւ «ոչ» է ասում իշխանությանը, ապա հարկ է, որ այդ զանգվածը խորհրդարանում արտացոլված լինի: Ուրեմն` խորհրդարանը չի արտացոլում երկրում առկա տրամադրությունները, անկախ նրանից, թե որ կարգով է նա ընտրված:

Սա մի դիտարկում, որ հարակից է հիմնական իրողություններին, իսկ իրողություններից գլխավորը կիրակի օրն անցկացված հանրաքվեի ստեղծածՙ կարելի է անգամ ասել` վերջնականապես վավերացրած իրավիճակն է, երբ երկրի ընտրող բնակչության մոտ կես միլիոնը (դե լավ, մի քիչ պակաս) դեմ է ներկա իշխանության կուրսին: Սա կարող էր ոչինչ չնշանակել բազմամիլիոնանոց երկրի համար, սակայն ընդամենը երեք միլիոնի հասնող կամ չհասնող Հայաստանում սա ահռելի ցուցիչ է:

Չէի ենթադրում, որ 1996 թվականի նախագահական ընտրությունից հետո գրածս տողերը, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն դեմ քվեարկած կես միլիոնի նախագահն էլ է, կգրեմ նաեւ 19 տարի հետո` արդյոք 400 հազարից ավելի ընտրողները, որոնց «ոչը» հանրաքվեինՙ փաստացի ներկա իշխանությանը եւ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողի դեմ ուղղված քվե է, այս իշխանության քաղաքացիներն են: Այդ ձայները, մեր կարծիքով, գերակշիռ մասով կապ չունեն ո՛չ ընդդիմության` իրենց չարդարացրած լիդերների, ո՛չ նրանց վարած քարոզարշավի, ո՛չ նրանց իմպոտենտ պահվածքի հետ:

«Ոչ» ասողների մեծամասնությունը սովորական վատ ապրողներն են, որոնց հոգնեցրել է երկրում առկա անարդարությունն ու իրենց կյանքի ծայրահեղ վիճակը: Նրանց հանդեպ կիրառվող իշխանության տարբեր մանիպուլյացիաները, խաբելով ու աճպարարությամբ դժգոհությունը թուլացնելու հնարքները ինչ- որ պահի նրանց «ոչը» կարող են դարձնել, եթե չեն դարձրել, ատելության բուրգ, որից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Դատելով խորհրդարանում ՀՀԿ-ականների պահվածքից, նրանց առանձին ելույթներից` իշխող կուսակցությունն ամեն ինչ հինը թողնելու «դեժավյուի» մեջ է ու չի նկատում նոր իրավիճակի սրությունը, որը խմբերի բացահայտումով կամ վնասազերծումով պարպել հնարավոր չէ: Առա՛յժմ, միայն առայժմ այդ 400-500 հազար ձայներն ձայներ են, որովհետեւ ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի, իշխանությունը փոխանակ այդ հարյուր հազարավորների խնդիրները լուծեր` ռեսուրս, ֆինանս, նյարդ ու հնարքներ է ծախսել ընդդիմությանը մեկիկ- մեկիկ ոչնչացնելու վրա, եւ դա նրա մոտ ստացվել է, աչքաթող անելով այնպիսի մանրուք, ինչպիսին հասարակ քաղաքացու դժգոհության ալիքի ամենօրյա մեծացումն է: Այդ ալիքը մի օր ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն հաշվի չի առնելու: Անշուշտ, հիմա է, որ կլինեն ուժեր, որոնք շտապ կարգով հայտ կներկայացնեն այդ դժգոհների ուժն իրենցով անելու համար, արդեն իսկ ներկայացնում են, իսկ մեր ժողովուրդը, ինքներդ էլ գիտեք, սիրում է հավատալ զանազան փրկիչների ու առաքյալների: Ո՛վ կգրավի ընդդիմության ըստ էության դատարկած դաշտը, նա՛ էլ կտիրապետի այս հսկա ռեսուրսին, դառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավելի ահարկու մրցակից իշխանություններին, քան եղել են մինչեւ այժմ եղած ընդդիմությունները միասին վերցրած:

Լավ բան էլ կա այս բոլորում` ընդդիմություն ու իշխանություն տարբեր դրվագներով միմյանց դեմ պայքարելով եւ քաղաքացուն ընդհանրապես շրջանցելով` երկուսն էլ արժեզրկվել են ու կամաց- կամաց կմոռացվեն երկուսն էլ` սերնդով, որն ամենից անցանկալի տարբերակը պիտի լիներ հայերիս պարագայում, դա մոտավորապես այն դառն իրողությունն է, երբ ծնողներիցդ ոչ մի ժառանգություն չես ստանում, եւ ամեն ինչ պետք է սկսես զրոյից: Հա, կյանքը կանգ չի առնում, արդեն անցյալ են ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ նախկին նախագահները, ինչպես որ անցյալ կդառնա մի օր այսօրվա իշխանությունը: Եւ լավ է, որ այսօրվա ընդդիմությունը իշխանության չեկավ, քանի որ մի շարք սահմանային իրավիճակներում նրա լիդերները ցույց էին տալիս իրենց վատթարագույն հատկանիշները, մեզ բերելով էն մտքին, թե ինչ լավ է` Աստված ազատեց մեզ այդպիսի իշխանավոր ունենալու դժբախտությունից: Այժմ, կարելի ասել, հանրաքվեից հետո ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, որը նման չէ 2008-ին, 2003-ին, 1998-ին, 1996-ին, երբ նախընտրական կամ հետընտրական վիճակներում միշտ առկա էր այլընտրանքը, որին ուղղում էր հայացքը դժգոհների շերտը: Այս պահին այլընտրանքի տեղը դատարկ է, բացի այդ` դժգոհների ստվար զանգվածը երկու տասնամյակում վերջնականապես ազատվեց ռոմանտիզմից` դատարկ խոսքի ու սիրուն աչքերի այլեւս դժվար հավատա, ինչպես որ հուսով ենք` նաեւ մեր վերը նշած փրկիչներին ու առաքյալներին չպիտի հավատա: Ճիշտ է, հիմա կան ուժեր, որոնք փորձում են արագորեն գրավել դատարկված դաշտը` նշանակովի կամ ինքնաբուխ, բայց կարծում ենք, այս անգամ ամեն ինչ շատ տարբեր է նախորդ ժամանակահատվածներից, եւ ոչ մեկին պիտի որ չհաջողվի կեղծ ուժեր ստեղծել եւ դրանց միջոցով մանիպուլացնել դժգոհների հսկա ռեսուրսը: Այս անգամ միգուցե հանրությունը կամաց-կամաց կազատվի նաեւ ընդդիմադիր բոռերից, ու դաշտ կգան չփչացած մարդիկ. վստահ ենք, որ սուրբ տեղը դատարկ չի մնա:

Իշխանության մասով: Իշխանությունը փաստորեն նախընտրում է մոխիրը խսիրի տակ թաքցնելու տարբերակը, որից մի օր կարպետը կարող է վառվել: Ամեն գնով «այո» ստանալու եւ «ոչ»-ին պատժելու, ու ոչ թե պատճառների մեջ խորամուխ լինելու գործելակերպը, կարելի է ասել, երբեմն անգամ կոմսոմոլական սոփեստության դրսեւորումը` սեփական ճշմարտացիությունը կասկածի տակ դնողներին պատասխանելիս, մտածել են տալիս, թե իշխանության շատ օղակներ որքան ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին: Այսինքն` խսիրի տակ դրված պեծով` կես միլիոն դժգոհով, աշխարհաքաղաքական անկայուն` այդ պատճառով մեր երկրի ներսի գործերին խառնվելու պատրաստ բազմաթիվ կողմերով ու առիթներով, գնում ենք դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք անկախ սահմանադրական փոփոխությունների բերած նորություններից (կամ գուցե` կախված), ինչի ասես կարող են վերածվել: Չնայած` արդար լինենք, նախագահ Սարգսյանի հետհանրաքվեական ելույթներում զգացվում է այն գիտակցությունը, թե «երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք»:

Իսկ որ հանրաքվեի ոչ լեգիտիմությունից խոսում է Ռոբերտ Քոչարյանը, նրան պատասխանում են ՀՀԿ-ից, թե` ոչ լեգիտիմը դու ես, էս արդեն մի ուրիշ պարտիա է, չմտնենք մատի ու մատանու արանքը, այստեղ, ինչպես ասում են, ուրիշ մասնագետի կարիքը կա, չմոռանալով, սակայն, որ հենց Քոչարյանը, համենայնդեպս տեսականորեն կուզենար անտեր մնացած կես միլիոնն իրենով անել, եթե ոչ անձամբ, ապա` միջնորդավորված, որքան էլ մրենք նրան եւ համարենք գնացած նախագահ:

Սակայն այժմ անիմաստ ենք համարում հետսահմանադրական պայքարը` խախտումների թեմայով, քանի որ ընդդիմությունը հանձնաժողովներում ի վերջո չի կարողացել պաշտպանել հանրության մի զգալի մասի «ոչը», եւ մանավանդ` նոր ստեղծված իրավիճակը կարող է այնքան երկրորդական դարձնել այս բոլորը, որ ինքներս կզարմանանք, թե ինչպես ամեն բան փոխվեց, այդ թվում` հանրաքվեի ժամանակ ընդդիմության անմեղսունակության եւ իշխանության` միջոցների առջեւ խտրություն չդնող համատեղ աուրան: Մեր սահմաններում լարվածության նոր դրսեւորումներ կան, կրկին զոհ ու վիրավորներ ունենք, ինչպես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ասում` հակառակորդն ինչով հնարավոր է կրակել, արդեն սահմանում կրակում է: Վերջին անգամ տանկից է եղել գնդակոծություն, որի հետեւանքով մեկ զոհ ունեցանք, լայնամասշտաբ պատերազմից մեկ քայլ է պակասում: Հայաստանում եւ աշխարհում ինֆորմացիոն արագ հերթագայումն առհասարակ վերջին շրջանում ստիպում է հաճախ մոռացնել տեղեկատվության ու իրադարձությունների նախորդ շերտը: Այնպես որ` հանրաքվեի բացասական լիցքերն էլ շուտով կմոռացվեն, այս անգամ` սահմանային լարվածությունն է դառնում կարծես կրկին օրվա գլխավոր տեղեկույթը:

Հավանաբար` Ադրբեջանն իրեն այն աստիճանի անտեսված է զգում ռուսների եւ արեւմուտքի կողմից, Թուրքիայի խառնված հաշիվների, ռուս-թուրքական լարման քաոսում, որ միակ սփոփանքը կարծես ուզում է գտնել Հայաստանի հետ սահմանում լարվածություն ստեղծելու մեջ, էն էլ` ամեն անգամ այն կարգի պատասխան է ստանում, որ հետո նմանվում է իր բնում վիրավոր ոռնացող գազանի: Աստված խելք տա էդ երկիրը կառավարող ախմախին:

Ի դեպ` ադրբեջանական աղբյուրները կարծես բացահայտում են վերջին սահմանային լարվածության շարժառիթները. նրանք գրում են, որ այս քանի օրը ռուսները Հայաստանի իրենց ռազմաբազան համալրել են մարտական МИ-24 П եւ տրանսպորտային МИ-24 МТ ուղղաթիռներով, որոնք շուտով պլանային թռիչքներ են իրականացնելու: Իսկ մինչեւ տարեվերջ եւս մի խմբաքանակ ուղղաթիռներ են ստացվելու: Սա քննարկվում է այն ֆոնի վրա, թե որ ուղիով են տեղափոխվում ուղղաթիռները` իրանական, թե՞ վրացական, ու հաշվարկելով, որ իրանականը թանկ է, հանգում են վրացականով տեղափոխելու գաղափարին: Ու վախից, փաստորեն, էն որ արջը վախից է գոռում, տանկ են դեմ արել, ինչի պատասխանը կերան, մերոնք վնասազերծում են ադրբեջանական հենակետերը: Կամ էլ` ադրբեջանցիք իրենց խելքով ֆոն են ստեղծում Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ, ինչը փաստորեն կարող է աշխատել Հայաստանին ի նպաստ, քանի որ միջազգային արձագանքները չեն ուշանում` ԱՄՆ պետդեպ մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, օրինակ, ճիշտ է` պարիտետով, սակայն անհանգստացել էր սահմանային լարվածությամբ, անթույլատրելի համարելով ծանր տեխնիկայի կիրառումը: Հասկանալի է , որ այս բոլորը չի կարող դուրս լինել ռուս-թուրքական լարվածության համատեքստից, եւ Հայաստանը, արժանի հակահարված տալով, չի կարող ականջները սրած չպահել թուրքական այնպիսի սադրանքների հանդեպ, որոնք ռուսներին կսկծացնելու մոտիվով , ձեռնակեն նաեւ թուրքերը: Մանավանդ` ըստ տարբեր լուրերի` Իրանը, որ շուտով պատժամիջոցներից ազատ կլինի, հետաքրքրություն է դրսեւորում Նախիջեւանի նկատմամբ: Մի խոսքով` մեր շուրջը տարածաշրջանային այնպիսի մի սոդոմ-գոմոր է, մեծ պետությունների այնքան ռազմաբազա ու զենք կա, որ մենք պարզապես եռացող կաթսայում ենք, ու մեր միագիծ պահվածը հարկ է սրբագրենք թե՛ ներսում, թե՛ դրսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.