AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 951, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Չե՞նք կարողանում, թե՞ հնարավոր չէ օգտվել GSP+ -ից

Տարբեր սեմինարների, քննարկումների, մամուլի ասուլիսների ժամանակ Հայաստան ժամանող Եվրոմիության պաշոնյաները չեն հոգնում կրկնել, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանողների համար սահմանել է GSP+ կոչվող արտոնությունների ռեժիմը: Նույնը նրանք կրկնում են Հայաստանի պաշտոնյաներին` վերջիններիս ԵՄ երկրներ կատարած բազմաթիվ գործուղումների ժամանակ: 5-6 տարի շարունակվող վերոնշյալ միջոցառումների մասնակիցները հավանաբար չեն հետաքրքվում, թե ի՞նչ է տվել արտոնությունների այս ռեժիմը մեր արտադրողներին կամ ընդհանրապես տվե՞լ է ինչ-որ բան: Լրագրողներն էլ չեն փորձում դա անել, քանի որ, ինչպես միշտ, մի մասը շտապում է այլ միջոցառման, մյուսներն էլ ընդհարապես չեն հասկանում, թե «ի՞նչ կենդանի է» այդ GSP+-ը, բավարարվելով միայն մակերեսային եւ անբովանդակ տեղեկատվություն պատրաստելով: Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, թե Եվրոպական Միությունը մի մեծ եւ շատ լուրջ աջակցություն է իրականացնում, որն էապես ավելացրել է Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները, հայկական հարյուրավոր ընկերությունների հնարավորություն տալով ԵՄ երկրներում հայկական ապրանքների խոշոր խմբաքանակներ վաճառել եւ միլիոնավոր դոլարների հավելյալ օգուտ ստանալ: Մինչդեռ իրականությունը պարզապես հիասթափեցնող է` GSP+-ը ոչ այլ ինչ է, քան ցուցափեղկ, որից այն կողմ` ցույց տալու բան չկա:

GSP+ արտոնությունների արդեն 6-րդ անարդյունք տարին

Ըստ էկոնոմիկայի նախարարության, ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առեւտրային ռեժիմը Հայաստանի Հանրապետության համար սկսել է գործել 2009թ. հունվարից, իսկ 2014թ, հունվարի 1-ից գործում է վերանայված GSP+ ռեժիմը: Այդ ռեժիմից օգտվելու դեպքում հայ արտահանողները կարող են ԵՄ շուկա արտահանել 6500-ից ավել ապրանքատեսակներ` առանց ԵՄ շուկա ապրանք արտահանելու համար սահմանված մաքսատուրք վճարելու կամ կիսով չափ վճարելով:

Մեր հաջորդ հարցերին, թե անցած 5-6 տարինեի ընթացքում քանի՞ հայկական ընկերություն է օգտվել այդ համակարգից եւ որքա՞ն է ավելացել արտահանումը Հայաստանից ԵՄ երկրներ շնորհիվ GSP+ համակարգի, էկոնոմիկայի նախարարությունում չկարողացան պատասխանել, խորհուրդ տալով դիմել այլ մարմինների` ֆինանսների նախարարություն եւ Առեւտրա-արդյունաբերական պալատ:

Առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ), որը գործարարներին միավորող կառույց է, սերտիֆիկատներ է տրամադրում այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղեկանալ GSP+ ռեժիմի արտոնությունների հնարավորություններից եւ դրանում ընդգրկված ապրանքներից արտահանել ԵՄ: Ըստ ԱԱՊ մեզ տրամադրած տեղեկատվության, արտոնությունների վերոնշյալ ռեժիմից օգտվելու համար անցած 5-6 տարիների ընթացքում սերտիֆիկատներ են տրամադրվել 319 հայկական ընկերությունների: Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք անպայման օգտվել են GSP+-ից եւ ապրանքներ արտահանել ԵՄ: Նման հաշվարկ, թե կոնկրետ GSP+-ի շնորհիվ որքա՞ն է ավելացել Հայաստանից արտահանումը ԵՄ, չկա ոչ մի տեղ: Առաջին հայացքից դա տարօրինակ է թվում, քանի որ այդքան տարփողվող արտոնությունների ռեժիմի մասին խոսելով, պետք է որ խոսվեր, թե ի՞նչ է այն տվել: Բայց` ոչ: Չկա նման բան, քանի որ, ըստ էության, չկա արդյունք: Ավելին, Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալներն այդ նույն ընթացքում հիմնականում նվազել են: Այս ուղղությամբ արտահանման ցուցանիշները գերազանցապես կապված են մետաղների միջազգային գների հետ, որոնց արտահանման վրա GSP+ ռեժիմը չի տարածվում: Այսինքն, փաստ է, որ այդ արտոնությունների լինել-չլինելը ոչ մի կերպ չի ազդել այդ ցուցանիշների վրա: Դիտարկենք Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները վերջին 5 տարիներին, երբ սկսել է գործել արտոնությունների GSP+ ռեժիմը:

2009թ. - 310 մլն դոլար

2010թ. - 501 մլն դոլար

2011թ. - 607 մլն դոլար

2012թ. - 511 մլն դոլար

2013թ. - 494 մլն դոլար

2014թ. - 465 մլն դոլար

2015թ. 10 ամիսներին 368 մլն դոլար 2014-ի 10 ամիսների 372 մլն դոլարի համեմատ:

2009-ի անկումը բնական ենք համարում, նկատի ունենալով համաշխարհային միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա պատճառով Հայաստանի տնտեսության կրած վնասը: Հետեւաբար, այդ տարում չէր կարող ավելանալ արտահանումն ընդհանրապես, այդ թվում` դեպի ԵՄ: Հատկապես դեպի ԵՄ, քանի որ Հայաստանից ԵՄ արտահանվող մետաղների եւ մետաղական հանքանյութերի միջազգային գները ճգնաժամի պատճառով այդ ժամանակ կտրուկ ընկան: Հետագայում դրանց գները կրկին բարձրացան եւ դրանց փոփոխականությունը հաջորդ տարիներին ձեւավորեց այն պատկերը, որն արձանագրվել է ազգային վիճակագրական ծառայության տվյալներում: Ինչպես երեւում է դրանցից, սկսած 2011-ից դեպի ԵՄ արտահանման ծավալները տարեց-տարի նվազում են, այն դեպքում, երբ օրինակ 2012-ը` վերջին տարիների համար ամենաբարձր տնտեսական աճի` 7,2 տոկոս, տարին էր: Պատկերացնելու համար, որ Հայաստանից ԵՄ արտահանման դինամիկան չի փոխվել մինչ GSP+ ռեժիմը եւ դրանից հետո, ներկայացնենք նաեւ 2009-ին նախորդող տարիների ցուցանիշները, որտեղ դա պարզորոշ երեւում է.

2005թ. - 454 մլն դոլար

2006թ. - 473 մլն դոլար

2007թ. - 562 մլն դոլար

2008թ. - 573 մլն դոլար

Ինչո՞ւ GSP+ ռեժիմը չի գործում

Առաջին տպավորությունը այն է, որ այս արտոնությունները ԵՄ-ն մեզ տրամադրել է ավելի շատ քարոզչական նպատակներով` ցույց տալու համար, թե իրենց շուկան բաց է Հայաստանի արտադրողների համար, թե իրենք պատրաստ են աջակցել հայկական ապրանքների արտահանմանը: Հայաստանցի պաշտոնյաներին էլ ԵՄ հետ հարաբերությունները հարմար առիթ են ցույց տալու համար, որ Հայաստանը «եվրոինտեգրման» կողմնակից է, որին էլ ավելանում են, ինչպես արդեն նշեցինք, մեր պաշտոնյաների հաճախակի գործուղումները դեպի ԵՄ երկրներ եւ այնտեղից ստացվող դրամաշնորհներն ու վարկերը:

Սա այն դեպքն է, որ առաջին տպավորությունը խաբուսիկ չէ, քանի որ ԵՄ երկրներ արտահանելու համար մաքսային արտոնությունները բավարար չեն կարող լինել: Բանն այն է, որ ԵՄ-ում գործում են ստանդարտներ, որոնց մեր արտադրությունները չեն համապատասխանում: Հետեւաբար, անկախ արտոնություններից, մեր պատրաստի արտադրանքի, որից հիմնականում արտահանվում է սննդամթերքը, գերակշիռ մասն ուղղակի չի կարող հայտնվել ԵՄ երկրներում: Դրա համար անհրաժեշտ է կատարել ներդրումներ, վերազինել արտադրությունները, այնուհետեւ իրականացնել ԵՄ շուկայի ուսումնասիրություն (մարկետինգ), ապա գովազդային արշավ: Գուցե GSP+ արտոնությունները այս ամենից հետո՞ պետք գան: Սակայն, դարձյալ ոչ, քանի որ այդ ամենից հետո կարելի է ենթադրել, թե որքան կբարձրանան մեր արտահանման ենթակա ապրանքների ինքնարժեքերը եւ այլեւս հնարավոր էլ չի լինի մրցակցել եվրոպական շուկան վաղուց հեղեղած նմանատիպ ապրանքների հետ: Ակամայից վերադառնում ենք նույն եզրակացության` մեծ հաշվով GSP+-ն հիմնականում քարոզչական միջոցառում է:

Վերջերս հայկական մեղրի` ԵՄ արտահանման հետ կապված պատմությունը ասվածի լավագույն ապացույցն է: Պատմությունը շատ պարզ է` հայկական մեղրի ինքնարժեքը հավասար է ԵՄ-ում վաճառվող մեղրի մանրածախ գնին, իսկ հայկական մեղրի ստանադարտն էլ չի համապատասխանում եվրոպական ստանդարտին` մեր արտադրողներն, այնուամենայնիվ, շաքարավազ են խառնում մեղրին: Եվրոպական շուկայում իրավիճակը հիմա ավելի բարդ է: Ռուսաստանի կողմից Արեւմուտքի արգելքներին պատասխան եվրոպական սննդամթերքի ներմուծման արգելքը ավելցուկ է ստեղծել, նվազեցնելով դրա գները եւ սպառման ծավալները հենց ԵՄ երկրներում:

Հայ արտահանողները չեն կարողանում օգտվել ոչ միայն ԵՄ արտոնություններից, այլեւ ԵՏՄ հնարավորություններից

Չենք բացառում իհարկե, որ ԱԱՊ դիմած ընկերությունների մի մասը օգտվել է GSP+-ի արտոնություններից, չենք բացառում նաեւ, որ դրանցից օգտվել են նաեւ այլ ընկերություններ, որոնք ԱԱՊ դիմելու կարիք չեն ունեցել: Սակայն միանաշանակ է, որ GSP+-ն անգամ քիչ նկատելի դրական տեղաշարժերի չի բերել, ինչի վկայությունը դրա ազդեցության արդյունքների բացակայությունն է: Հակառակ դեպքում, եվրոչինովնիկներն օրուգիշեր կխոսեին այդ մասին, իսկ նրանցից սնվող եւ նրանց շողոքորթող անձինք եւ լրատվամիջոցները անընդհատ կկրկնեին նրանց:

Մյուս կողմից էլ, դժվար է հավատալ, թե մեր արտահանողները կկարողանան օգտվել ԵՄ GSP+ հնարավորություններից, այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում օգտվել շատ ավելի նպաստավոր հնարավորություններից: Մասնավորապես, առիթ ունեցել ենք գրել, որ երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինու ներմուծումը, հայ գինեգործները չկարողացան օգտվել դրանից եւ հայկական գինու արտահանումն այդ երկիր այդպես էլ չավելացավ, մինչ վրացական գինիները կրկին «վերադարձան» ռուսական շուկա:

Երբ Եվրասիական տնտեսական միությունը` ԵՏՄ-ն ստեղծվեց, որտեղ ընդհանրապես չկային մաքսատուրքեր, խիստ ստանդարտներ, մեր արտահանումը դեպի Ռուսաստան ոչ թե ավելացավ, այլ նվազեց: Բնական է, որ այդ երկրում տնտեսական վիճակը վատթարացավ, գնողականությունը ընկավ, բայց չէ՞ որ բիզնեսը միայն հեշտ փողեր ստանալու համար չէ: Կարող են լինել ինչպես բարձր շահութաբերության, այնպես էլ ցածր շահութաբերության եւ անգամ վնասներ կրելու ժամանակահատվածներ:

Հայ արտադրողները կրկին չկարողացան օգտվել իրավիճակից, երբ Ռուսաստանն արգելեց ԵՄ երկրներից գյուղմթերքների ներմուծումը: Հիմա, երբ Ռուսաստանն արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը, Հայաստանի կառավարությունում երկու անգամ խորհրդակցություն է տեղի ունեցել հայ գործարարների մասնակցությամբ, նրանց հետ քննարկվել են թուրքական ապրանքների արգելքի հետեւանքով ստեղծված հնարավորություններից օգտվելու տարբերակները: Սակայն դեռ չի նկատվում հայ արտահանողների ակտիվությունն այս ուղղությամբ գործելու համար:

Հետեւաբար, մինչ այս կամ այն արտոնություններից օգտվելու մասին խոսելը, հարկ է նախեւառաջ նկատի ունենալՙ մեր գործարարներն ունե՞ն դրանից օգտվելու ունակությունները եւ հմտությունները, թե՞ սովոր են միայն կայուն եւ ստանդարտ իրավիճակներում գործել ու շահույթ ստանալ, համարելով դա մեծ հերոսություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.