AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՀԱՅԱՑՔ ՍՓՅՈՒՌՔԻՑ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 884, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՌԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միջազգային հարաբերությունների չգրված օրենքներից մեկն այն է, որ գերհզոր պետությունները հետաքրքրվում են փոքր պետությունների խնդիրներով միայն այն դեպքում, երբ իրենց շահն է այդպես պահանջում: Մոտ 50 տարի պահանջվեց, որ հայերս հասկանայինք եւ ընդունեինք այս քաղաքական ճշմարտությունը: Մենք միշտ այն կարծիքն ենք փայփայել, որ արժանի ենք փոխհատուցման, քանի որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության աչքերի առաջ, մինչդեռ այն, ինչ հզոր պետությունները կարողացել են առաջարկել մեզ, եղել է սոսկ բարեգործություն կամ օգնությունՙ մեղմացնելու մեր տառապանքը, որը բոլորովին էլ չի փոխարինում հատուցումը:

Մենք, ի վերջո, հասկացել ենք, որ եթե իսրայելական Քնեսեթում առաջարկություն է արվում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, պատճառն այն է, որ Իսրայելի կառավարությունը որոշ հաշիվներ ունի պարզելու Թուրքիայի հետ:

Նման սցենարներ տեղի են ունեցել, եւ ապագայում էլ տեղի կունենան, Ամերիկյան կոնգրեսում, ֆրանսիական խորհրդարանում եւ այլուր: Երբ հիմնական պատճառը վերանում է, Ցեղասպանության խնդրի շուրջ ծավալված հետաքրքրությունը խորհրդավոր ձեւով անհայտանում է:

Այսօր մենք նույն իրավիճակում ենք հայտնվել: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները սրվել են Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ վերջինս վայր գցեց ռուսական SU-24 ռմբակոծիչը: Լարվածությունը երկու երկրների միջեւ եռման աստիճանի է հասել, եւ յուրաքանչյուր կողմ մտածում է, թե ինչպես վնասի մյուսին:

Մ. Նահանգները օգնության հասավ Թուրքիային: Օբաման հայտարարեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է:

«Մեր մյուս դաշնակիցների հետ, Մ. Նահանգները պաշտպանում է Թուրքիայի իրավունքըՙ պաշտպանելու իր օդային սահմանը եւ տարածքային ամբողջականությունը: Մենք պարտավորվածություն ենք զգում նրա անվտանգության եւ գերիշխանության հանդեպ», ասաց նա հավելելով ավելի հաշտարար տոնով. «Մենք քննարկեցինք, թե ինչպես Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են միասին աշխատել լարվածությունը թուլացնելու եւ գտնելու այս խնդրի դիվանագիտական լուծումը»:

Չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանը «ափսոսանք» հայտնեց ռուս օդաչուների մահվան կապակցությամբ, բայց մերժեց պաշտոնական ներողություն խնդրել ինչպես Մոսկվան էր պահանջում:

Առաջին անգամը չէ, որ Թուրքիան ստիպում է ՆԱՏՕ-ին փրկել իրեն սրված հակամարտությունիցՙ հենվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա: Բայց այս անգամ, հավանաբար, Մ. Նահանգները առանձին նախատել է Էրդողանին, իսկ Ֆրանսիան եւ Գերմանիան կատաղել էին: Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը խիստ քննադատության ենթարկեց ՆԱՏՕ-ի «անկանխատեսելի դերակատարին»:

Ուրիշներ պահանջեցին նրան հեռացնել կազմակերպությունից: Նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցում է, որ չի կարող պատերազմ մղել ընդդեմ Թուրքիայի, որի առաջնորդները պատմականորեն միշտ էլ պաշտպանության համար Արեւմուտքին են դիմել Ռուսաստանի հետ ընդհարման դեպքերում: Այդ պատճառով էլ նա իր խոսքում ասաց. «Էրդողանը ափսոսալու է իր արածի համար, բայց Ռուսաստանը մենամարտի չի բռնվի Թուրքիայի հետ»:

Ռուսաստանը, այդուհանդերձ, իր տրամադրության տակ շատ տարբերակներ ունի վերժխնդիր լինելու համար: Նա կարող է ուժեղացնել (եւ արդեն ուժեղացրել է) իր հարձակումները Սիրիայում թուրքմենական շրջանների վրա, որոնք սահմանակից են Թուրքիային: 100 հազարից մինչեւ 200 հազար թուրքմեններ ապրում են Սիրիայում: Նրանց զինել եւ վարժեցրել է Թուրքիանՙ կռվելու Ասադի դեմ:

Անկարան նրանց վրա էր հենվում առաջ տանելու համար ոչ թռիչքային գոտի ստեղծելու իր ծրագիրը: Երբ Ռուսաստանի օդուժը սկսեց հարվածել այդ տարածքները, Թուրքիան չհանդուրժեց եւ անողոքաբար վայր գցեց ռուսական ռմբակոծիչը: Թուրքմենները նավթի անօրինական վաճառքով էին զբաղվում Սիրիայումՙ հարստացնելով ԻՊ-ի գանձարանը: Նրանք նաեւ միացել էին թուրքական կանոնավոր բանակին կոտորելու Քեսաբի հայերին: Թուրքիան հեռատեսություն չէր ցուցաբերել ռուսական ինքնաթիռը խփելով, քանի որ այդ քայլը զրոյական մակարդակի իջեցրեց ոչ-թռիչքային գոտու իր մարտավարական ծրագիրը, եւ թուրքմենների շրջանում էլ խառնաշփոթ առաջացրեց:

Մոսկվայի տրամադրության տակ եղած մյուս պատժամիջոցը տնտեսական բոյկոտն է: Նախագահ Պուտինն արդեն հրամայել է դադարեցնել թուրքական ապրանքների, հատկապես նպարեղենի եւ գյուղատնտեսական մթերքի ներմուծումը: Նա նույնիսկ կասեցրել է «Հարավային հոսք» կոչված խողովակաշարի շինարարությունը, որը նպատակ ուներ Ուկրաինան շրջանցելով էներգիա մատակարարել Բալկաններին:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել հայկական ընկերություններին օգտվել առիթից եւ ավելացնել գուղատնտեսական ապրանքների առաքումը Ռուսաստան Արեւմուտքի պարտադրած պատժամիջոցների հետեւանքով Հայաստանի արտահանումները Ռուսաստան արդեն իսկ նկատելիորեն աճել էր:

Չնայած ռուսական պատժամիջոցները, ինչ խոսք, ազդելու են Թուրքիայի տնտեսությանը, այդուհանդերձ, վերջինիս տնտեսությունը շարունակում է կայուն մնալ նույնիսկ վերջին մի քանի ամիսների ճգնաժամից հետո:

Անկարայի համար ավելի խոցելի են քաղաքական եւ պատմական պայմանագրերը: Մոսկվան ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, օդային պաշտպանության նոր համակարգ տեղադրելով Հայաստան-Թուրքիա սահմանի վրա: Դա մի կողմից երաշխավորում է Հայաստանի անկախության պաշտպանությունը, բայց մյուս կողմից Հայաստանին առաջին գիծ է տեղափոխում ընթացքի մեջ գտնվող սառը պատերազմի պայմաններում, քանի որ իր աշխարհագրական դիրքով գտնվում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի (Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության) շփման գծում: Ռուսաստանը Կասպից ծովում տեղակայված իր ռազմանավերից հեռահար հրթիռներ է արձակում դեպի Սիրիայի պատերազմական տարածքները: Եթե Ռուսաստանը որոշի նաեւ օգտագործել Հայաստանի իր ռազմաբազան, ապա Հայաստանը կամա-ակամա դառնալու է մերձավոր արեւելյան թնջուկի մասնակիցը:

Ռուսաստանը ժամանակին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ցարդ խոսակցություններ չեն եղել դրա ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: Հիմա կարծես հարմար պահը եկել է: Ֆրանսիայի խորհրդարանում էլ այն վավերացման է սպասում: Ռուսաստանի Դոնալդ Թրամփըՙ Վլադիմիր Ժիրինովսկին (Լիբերալ Դեմոկրատական կուսակցության հիմնադիրը) արձակեց համազարկի առաջին «կրակոցը» ասելով, որ եթե թույլ տանք, որ հայերը Թուրքիայից պահանջեն իրենց պատմական հողերը, նրանք հաճույքով կկատարեն այն: Նա նաեւ կոչ արեց Ռուսաստանին պաշտպանել Թուրքիայի քրդերին: Ավելի գործնական քայլի դիմեց «Սպրավեդլիվա Ռոսիա» կուսակցությունը, խորհրդարան ներկայացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մի նախագիծ:

Եթե լարվածությունը շարունակվի երկու պետությունների միջեւ, Մոսկվան կարող է չեղյալ հայտարարել 1921 թվին Մոսկվայում ստորագրված «Բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը»: Նաեւ կարող է դրդել Հայաստանին հրաժարվելու նույն տարվա հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագրից, որտեղ նշված են Թուրքիայի սահմանները կովկասյան երեք հանրապետություններիՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Պայմանագրի դրույթները երերուն հիմքի վրա են, քանի որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անունից պայմանագիրը ստորագրել է թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, այն դեպքում, որ Օսմանյան սահմանադրությունը դեռեւս գործում էր եւ Սուլթանին էր վերապահված միջազգային պայմանագրեր ստորագրելու իրավունքը: Չնայած պայմանագիրը վավերացվել է Հայաստանի կողմից 1922-ին, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապեության ներկայացուցիչը այն ստորագրել էր ճնշման տակ, ոչ իր ազատ կամքով: Վրաստանը սուսուփուս եւ միակողմանիորեն չեղյալ հայտարարեց Կարսի պայմանագիրը 2005-ին:

Պայմանագրի հիմնավորվածությունը նախկինում էլ հարցականի տակ է դրվել: 1945 թվի հունիսի 7-ին Խորհրդային Միության արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը Մոսկվայում թուրք դեսպանին Վրաստանի եւ Հայաստանի անունից պահանջել է ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսի, Արդահանի եւ Արտվինի նահանգները: Նույն տարվա աշնանը խորհրդային զորքերը Կովկասում զորակոչի էին ենթարկվել Թուրքիա հնարավոր ներխուժման համար, բայց Ուինստոն Չերչիլը նոր հայտնագործված ատոմական ռումբի սպառնալիքով կարողացավ հետ պահել Ստալինին իր ծրագրից:

Վերջին անգամ պայմանագրի հարցը առաջ է քաշվել 1948-ին ՄԱԿ-ում Խորհրդային Միության փոխարտգործնախարար Անդրեյ Վիշինսկու կողմից միեւնույն պահանջով: 2009-ին հայտնի «Արձանագրությունները» ստորագրելու Թուրքիայի գլխավոր դրդապատճառը Հայաստանին ստիպելն էր վավերացնելու Կարսի պայմանագիրը եւ վերջնականապես լուծելու սահմանային խնդրի ճակատագիրը:

Ռուսաստանն ու Թուրքիան վերջին 400 տարիների ընթացքում 12 պատերազմ են մղել միմյանց դեմ: Որոշ լրագրողներ Հայաստանում ցանկանում են իմանալ, թե արդյոք 13-րդը արդեն սկսվե՞լ է:

Մինչ լարվածությունը շարունակվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու այդ երկու տարածաշրջանային պետությունների հակամարտությունից եւ հետագա քայլերից: Այն կարող է լինել միաժամանակ ե՛ւ օրհնաբեր, ե՛ւ կործանարար: Ժամանակը ցույց կտա:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.