AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 867, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Գոհար Բոտոյան, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Դեկտեմբերի 17-ին Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի շենքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 11-րդ ամենամյա մամուլի մեծ ասուլիսը, որին մասնակցելու համար այս տարի հավատարմագրվել էր 1390 լրագրող, այդ թվում նաեւ` Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը: Կրեմլի մամուլի ծառայության տվյալներովՙ այս տարի դահլիճում ներկա ԶԼՄ ներկայացուցիչների թիվը հասնում էր ռեկորդային ցուցանիշի: Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեծ մամուլի ասուլիս էր հրավիրել 2001 թվականին: Այն ժամանակ հավատարմագրվել էր մոտ 500 լրագրող եւ հնչել էր 22 հարց:

Ասուլիսը մեկնարկեց Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին եւ տեւեց ավելի քան երեք ժամ: Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվում էր «Ռոսիյա-1», «Ռոսիյա-24», «Առաջին ալիք» հեռուստաընկերություններով, youtube-ի ինտերնետային ցանցով, ինչպես նաեւ «Մայակ», «Վեստի ՖՄ» եւ «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններով:

Ավանդաբար Վլադիմիր Պուտինը սկզբում հանդես Էր գալիս ներածական խոսքով, սակայն այս անգամ միանգամից անցնել էր լրագրողների հարցերին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Պուտինը պատրաստ Է պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում եւՙ սուր: Սակայն, նրա խոսքովՙ լրագրողներին չի հաջողվի սադրել նախագահին:

Մամուլի ասուլիսում գերակշռում էին սոցիալ-տնտեսական խնդիրները եւ միջազգային թեմաները, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների ճակատագիրը եւ այլն:

«Մոսկվան Թուրքիային թշնամական պետություն չի համարում,-հայտարարել է ՌԴ նախագահը: Նրանք թշնամական գործողություն են իրականացրել մեր ավիացիայի նկատմամբ, եթե թուրքական ղեկավարությունում մեկը որոշել է ամերիկացիների համապատասխան տեղը լիզել, չգիտեմՙ հարկավո՞ր է դա արդյոք ամերիկացիներինՙ կործանելով ռուսական Սու-24-ը»:

«Մեզ հատկապես վրդովեցրել է այն, որ եթե դա դժբախտ պատահար լիներ, ապա անմիջապես հեռախոսը կվերցնեին եւ կբացատրվեին: Դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսելՙ մեզ վիրավորում են: Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետեւում, իսկ նրանց նույնպես դա պետք չէ»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տեսնում Թուրքիայի ղեկավարության կողմից փոխհարաբերությունները բարելավելու ոչ մի փորձ:

«Մեր հարաբերությունները փչացել են, այո, եւ չգիտեմՙ ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Բոլոր դեպքերում, գնդակը մեր դաշտում չի, այլ Թուրքիայի, իսկ գործող թուրքական ղեկավարության հետ, ինչպես ցույց է տվել փորձը, մեզ դժվար է պայմանավորվել կամ գրեթե փաստացի անհնար է: Անգամ երբ եւ որտեղ մենք ասում ենք «այո», մենք համաձայն ենք, կողքից կամ թիկունքից մեզ հարված են հասցնում, ընդ որումՙ անհասկանալի պատճառներով»:

Վլադիմիր Պուտինը հերքել է լուրերն այն մասին, թե ՌԴ-ն արդեն 3,5 միլիարդ դոլար է ներդրել Թուքիայի «Աքույու» ատոմային էլեկտրակայանումՙ բացատրելով, որ թուրքական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

Անդրադառնալով Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների վերաբերյալ հարցինՙ Պուտինը նշել է, որ արդեն նկատվում են դրական միտումներ։ «Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները եւ չեղարկել վիզային ռեժիմը»։ ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանը տեսնում է Վրաստանի ներկայիս ղեկավարության դրական ազդակները եւ ընդունում է դրանք։ «Ռուսաստանը կընդունի ցանկացած որոշում, որը համատեղ կկայացնեն Վրաստանը, Հարավային Օսիան եւ Աբխազիան»: Պուտինը նաեւ հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումը Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի ուղղությամբ թքել է նշանակում։

Խոսելով Սիրիայում ՌԴ զինված ուժերի գործողության ժամկետների մասին Պուտինը ասել է, որ կշարունակի ռազմական գործողությունն այնքան, որքան սիրիական բանակին հարկավոր լինի իրենց աջակցությունը։ «Մենք չենք պատրաստվում ավելի շատ սիրիացի լինել, քան իրենքՙ սիրիացիները: Կաջակցենք նրանց մինչեւ քաղաքական գործընթացի սկիզբը»:

Պուտինը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ներկա վիճակին. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական տնտեսությունը հիմնականում հաղթահարել է ճգնաժամը։ Ամեն դեպքումՙ ճգնաժամի գագաթնակետը»: Երկրի նախագահը նաեւ հավելել է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից նկատվում են գործնական ակտիվության կայունության նշաններ: Ըստ երկրի նախագահիՙ ճգնաժամից դուրս գալու հին կանխատեսումները կառուցվում էինՙ ելնելով նրանից, որ նավթի 1 բարելն արժենալու է 100 դոլար, սակայն նավթի ներկայիս գնի դեպքում էլ ճգնաժամի գագաթնակետը հաղթահարված է։ Պուտինը հավելել է, որ նկատվել է արդյունաբերական արտադրության փոքր աճ, բարելավվում է աշխատաշուկայում իրավիճակը, նվազել է արտաքին պարտքը, նկատվում է նաեւ կապիտալի որոշակի հոսք։

Լրագրողների աննախադեպ մեծ թվաքանակի եւ դահլիճում «ձեռքերի հեղեղի՚ պատճառով «Ազգի» թղթակցին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց հարցեր հնչեցնել: Իսկ ես այս անգամ հետեւյալ հարցերն էի պատրաստել ուղղելու ՌԴ նախագահին.

1. «Մեծարգո պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի եւ Թուրքիայի միջեւ կնքված, այսպես կոչված, բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը ոտնահարել եւ ոտնահարում է Հայաստանի ու հայության շահերը: Ավելին, Թուրքիան ինքը, անտեսելով Ռուսաստանին, բազմիցս խախտել է այդ պայմանագրի դրույթներըՙ համագործակցելով նացիստական Գերմանիայի հետ, չեչենական պատերազմի տարիներինՙ աջակցելով չեչեն գրոհայիններին, իսկ այսօր էլ աջակցում է իսլամիստ ծայրահեղականներին: Ասացեք խնդրեմ, ժամանակը չէ՞ չեղյալ համարելու այդ պայմանագիրը, Ռուսաստանին որքանո՞վ է ձեռնտու ուժի մեջ պահելու այդ փաստաթուղթը»:

2. «Վերջին ամիսներին մենք ականատես եղանք մուսուլմանական ֆանատիկ խմբավորումների եւ նրանց հովանավորողների կողմից հրահրված մի շարք ահաբեկչական դրսեւորումների, որոնց պատճառով անմեղ կորուստներ կրեց նաեւ Ռուսաստանը: Ձեր` երկրի առաջին դեմքի գնահատականները, դիրքորոշումն ու ձեռնարկումները հստակ եւ համարժեք էին, եւ ես, որպես հայ լրագրող, ուզում եմ հավաստիացնել, որ Ռուսաստանի վաղեմի բարեկամ եւ ստրատեգիական գործընկեր Հայաստանը կիսում է Ձեր դիրքորոշումը եւ խաղաղություն հաստատելուն նպատակաուղղված Ձեր մտահոգությունները: Ասացեք խնդրեմ, որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար շահագրգիռ երկրի ղեկավար` Ռուսաստանի կողմից ինչպիսի՞ նոր քայլեր են սպասվում առաջիկայում»:

3. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանի համար բացվեցին նոր հեռանկարներ, համագործակցության նոր ուղիներ, որոնց առաջին եւ դրական պտուղները հայաստանյան շատ գործարարների համար արդեն տեսանելի են: Ասացեք խնդրեմ, Դուք այսօր ինչպիսին կգնահատեիք երկու երկրների ձեռքբերումները, Ռուսաստանի հետ Հայաստանի հետագա համագործակցության ապագան ու փոխշահավետությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.