AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 843, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՆԳԱՌԻ ՀԵՏ

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

- Բարեւ,- ասում եմ կանգառին:

- Բարեւ,- պատասխանում է նա անտարբեր:

(Դե՛, գիտեք, սա պայմանական եմ ասում, քանի որ կանգառը հո մարդ չէ, որ ինձ պատասխանի: Ես ուղղակի մտածում եւ հարցեր եմ տալիս նրան, իսկ կանգառը կամ մայթը կպատասխանեն նշանների լեզվով, կարծեմ` սուրդո, ես էլ կթարգմանեմ մարդկային լեզվով, ինչքան որ կկարողանամ: Ուրեմն պայմանավորվեցի՞նք):

- Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ կանգառին:

- Անցորդները ինձ Mercedes Benz են անվանում, բայց անձնագրային անունս չգիտեմ:

- Բայց ինչո՞ւ են այդպես քեզ կոչել, մի կարգին հայկական, հայաշունչ անուն չկա՞ր:

- Դե, այս անունը հնչեղ է եւ առայժմ այստեղի ամենանշանավոր շինությունն է, որտեղ այդ մակնիշի ավտոմեքենաներ են արտասահմանից ներկրում եւ այս տաղավարում վաճառում,- ցույց է տալիս դիմացի շինությունը, որի ճակատին հայերեն գրված է` «Ավանգարդ Մոթորս»:

- Բայց հայերեն տառերով գրվածը հայերեն արտահայտություն չէ:

- Է, ես ի՞նչ անեմ, գնա անուն դնողներին հարցրու,- նեղսրտում է կանգառը:

- Իսկ այն ի՞նչ անհասկանալի դրոշներ են ծածանվում «Mercedes Benz» ցուցանակի կողքին:

- Չգիտեմ, երեւի արտադրող երկրի, քաղաքի, գործարանի...

- Հասկանալի է: Իսկ ինչո՞ւ այս կանգառի ուղեւորասրահը չկա:

- Չգիտեմ, չեմ հետաքրքրվել, բայց վերջերս գեղեցիկ նստարաններ են դրել Երեւանի համացանցային կայքի մակնիշով, կարող ես էլեկտրոնային նամակով կապվել եւ իրենց տալ բոլոր այն հարցերը, որոնք ինձ ես տալիս:

- Դե լավ, մի նեղսրտիր, հաջողություն, գնում եմ առաջ, հիմա արդեն մայթի հետ կզրուցեմ:

- Բարի... մայթ:

- Բարեւ, մայթ,- ասում եմ ես:

- Բարեւ,- ծուլորեն, հորանջելով պատասխանում է մայթը:

- Սկիզբդ լավ էր, ոչինչ, մաքուր էր, սալահատակված, բայց այստեղ ասֆալտը քանդվել է, վրան ծխախոտի կոթուկներ են թափված, ցելոֆանե տոպրակներ...

- Հալա մի քիչ գնա, նոր կիմանաս, թե կեղտոտությունը ինչ է:

- Լավ, կնայեմ, իսկ այս նեղլիկ միջանցքը ո՞ւր է տանում:

- Չես տեսնո՞ւմ, շուկա է:

- Բայց սա ի՞նչ շուկա է, ընդամենը նեղ արահետ է, հազիվ են մարդիկ անցնում երկու կողմում շարված միրգ-բանջարեղենի սեղանիկների միջով:

- Դե, շուկան քանդեցին, խորհրդային կարգերի ճարտարապետական մնացուկ էր, դուրները չէր գալիս: Հիմա հինգ հարկանի շինություն են կառուցում, առաջին հարկը արդեն օգտագործում ենՙ դեռ կարգին չհարդարված, երեւի օրավարձը թանկ է, սրանք էլ չեն գնում ներս, այստեղ ավելի էժան է, գետնի վրա:

- Բա սա ի՞նչ է:

- Ծաղիկ են վաճառում, կողքինը` լոտոների սեղանիկն է, ուզում ես բախտդ փորձիր, սա էլ գլխարկներ վաճառելու ձող է, որի վրա ցուցադրվում է տեսականին: Սա էլ` Սեւան քաղաքի հացի գործարանի «բուտիկ»ն է, երեւի այստեղի հաց արտադրողները չեն բավարարում մայրաքաղաքի բնակչության պահանջները: Բայց առաջդ նայիր, մի շեղվիր, ոտքդ փոսերի մեջ կգցես, վնասվածք կստանաս, այս մասում այդպիսիք շատ կհանդիպեն:

- Շնորհակալություն հոգատարությանդ համար, իսկ այն հեռվում երեւացողը ի՞նչ շինություն է:

- Արդեն ասացի` հին փակ շուկան քանդել են, բազմահարկ «սուպերմարկետ» են սարքում:

- Բարի՛, գնամ առաջ, տեսնեմ, բայց քո վրայով քայլելը այնքան էլ դյուրին չէ:

- Դե, ի՞նչ ասեմ, ավելի վատ տեղեր կան, բավականին քայքայվել եմ, փոսեր են առաջացել վրաս, բայց ուշադրություն դարձնող չկա: Հա, ձախ կողմից ծաղիկների վաճառման տաղավարներ են, աջից դեղատունն է, դիմացդ` արգելափակոց է SYT- հանրախանութ մտնող ավտոմեքենաների համար, չգիտեմ ինչի՞ համար է այդ, եթե այն անընդհատ բաց է, խնդրում եմ զգուշացիր մեքենաներից:

- Ահա, մի կերպ անցա այս հատվածդ էլ, ավտոմեքենայի տակ չընկա, իսկ սա ի՞նչ է:

- Գրիլանոց է, հավերի խորովածանոց: Զգույշ քայլիր, մաշվել եմ, ասֆալտը լրիվ քայքայվել է, քարերը դուրս են ցցվել, վերեւի մասում անցյալ տարի նորոգեցին, իսկ այստեղ կիսատ մնաց:

- Բա սա ի՞նչ է:

- Երկու տարի առաջ մեկը բերեց, տեղադրեց այս երկաթե «տաղավարը», մի ժամանակ ծաղիկ վաճառեց, երեւի բիզնեսը հաջող չստացվեց, չգիտեմ ի՞նչ է լինելու սրա վերջը:

- Պահո՜, իսկ այս մայթի ուղիղ մեջտեղում ի՞նչ շինություն է:

- Որ ասեմ կհավատա՞ս, զուգարան է, անցյալ գարնանն են սարքել, ընդլայնել են իրենց տարածքը, ձուկ են վաճառում, համ էլ ճաշարանի պես մի բան են սարքել: Բա էս ուտողները որտեղ պիտի... Գոնե շինաղբն ու անպետք իրերը տանեին, տեսքս լրիվ գցում են, ախր, շատ տգեղ է, բա էս պատի մնացորդը ի՞նչ է, չեմ հասկանում:

- Բայց ո՞վ է թույլատրել մայթի վրա զուգարան կառուցել, գոնե ներսում տեղ գտնեին:

- Ես ի՞նչ իմանամ:

- Իսկ սա ի՞նչ շենք է, բավականին գեղեցիկ է, դիմացի մայթն էլ բարեկարգ ու մաքուր:

- Սա հին պատմություն է. այստեղ մի ժամանակ ինչ-որ մեկը պուրակի պես մի բան էր հիմնել, ինչ որ բիզնես էր անում, բայց քեռիները եկան, չափեցին, ձեւեցին ու մի տարում «Տաշիր Պիցայի» շենքը կառուցեցին, հետո էլ, երեւի դրանց նախանձեցին ու «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի մասնաճյուղի շենքը կառուցեցին` ոչնչացնելով մնացած ծառերն ու կանաչը: Բայց փառք այս երկու շենքերի տերերին, դիմացի մայթը բարեկարգեցին, սալահատակեցին, ծառեր տնկեցին ու կանաչապատեցին. ինչպես տեսնում եսՙ բավական գեղեցիկ է: Երեք հատ էլ դրոշակ են տնկել, մեկը մերն է, մյուս երկուսը չգիտեմ ու՞մն են: Բայց մի զմայլվիր դրանով, դեմդ նայիր, մայթային խաչմերուկ է, երեւի տեսած չկաս, կյանքդ վտանգի մի ենթարկիր, զգույշ անցիր:

- Դե՛, լավ մինչեւ հաջորդ կանգառ դեռ ահագին ճանապարհ կա անցնելու, ես էլ շտապում եմ, մի ուրիշ անգամ կգամ, կշարունակեմ, ցտեսություն, մայթ:

- Ցտեսությու՛ն, բայց չմոռանաս, անպայման կգաս, դեռ շատ բաներ ցույց կտամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.