AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1855, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ 2016-Ը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս տարին էլ գլորվեց` վերուվարելով, նյարդեր լարելով, երբեմն, այո, նաեւ ուրախություններ պատճառելով, բայց հաճախ` տագնապ, երբ անվստահելի հարեւանդ անընդհատ սասանում էր անվտանգությունդ սահմանին, երբ քառասունից ավելի զոհ տվեցինք տարվա մեջ` քառասունից ավելի լուսե զինվոր, ամեն մեկը` տան ճրագ: Երբ մեր կյանքի մշտական դժվարությունները հատկապես զուգորդվեցին միջազգային խառնակչություններին ու տնտեսական վայրիվերումներին` դրսի ու ներսի տագնապները մեզ համար երիցս մեծացնելով:

Դժվար տարի անցավ, բայց նաեւ հիշվող մեզ համար` հենց թեկուզ կարեւոր բաժանարար 100-ի առումով, տարելիցը Հայոց Ցեղասպանության, որ նշանակեց վերջ մի բանի ու սկիզբ նոր բանի: Եթե հիշենք` շատ լավ ու վատ բան կար մեզ համար, ու ամփոփումներ անելու դժվարություն էլ չկա` այնքան որ շաբաթե-շաբաթ համարյա բոլոր արժանահիշատակ իրադարձություններին «Ազգով» անդրադարձ արել ենք: Էս անգամ, սակայն, բազմաթիվ լրատվամիջոցների կլիշեատիպ պահվածքը այնքան ցանկություն չի թողնում նույն կերպ վարվելու, որ մտածում ես անկեղծ եւ անսեթեւեթ շնորհավորական պարզ խոսքը միգուցե ավելի սիրելի է ընթերցողին: Մեկ է, հայ ընթերցողներն արդեն ընթերցախեղդ են եղել 2016-Հրե կապիկի գալով կապկային քմահաճությունների, անսպասելի շրջադարձերի, ուրախությունների ու տհաճությունների հերթագայման, քաոսի ու խառնաշփոթի տարում հայտնվելու կանխատեսումներից: Արդեն լավ տեղեկացված են, որ Ամանորին կապկի սիրած ուտելիքներն ու աղցանները պետք է դնել սեղանին, սեղանը պետք է պայթի էքսցենտրիկ աղցաններից ու գույներից, սեղանի սփռոցն ու մի զգեստ կարմիր պետք է լինեն, մեկ-մեկ տնտղել են տարվա քաղաքական գործիչ-գործչուհիների վճարովի-անվճար սկզբունքով կազմվող թոփ-տասնյակները (էդ թոփ տասնյակում կարող է հայտնվել ով ասես` նայած վճարողի, Լֆիկից մինչեւ Երրորդ մասի Գեւորիկ), անգիր գիտեն Ամանորի առիթով անսպասելի բարիացած ու անապահով ընտանիքների ամանորյա Ձմեռ պապը դարձաձ «Մեծ» բարերարների մասին գովերգները, գիտեն, որ Լեւոն Հայրապետյանը Մարտակերտի N զորամաս նվերներ է ուղարկել զինվորներին, որ ՀՀԿ-ական վերնախավի ամանորյա քեֆը կա՛մ «Օջախում», կա՛մ Ծառուկյանի «Փարավոնում» է լինելու: Եւ այլն:

Միգուցե վերջապես մեկն ուժ գտնի ու ասի, որ զանազան հորոսկոպները խաբեություն են հենց թեկուզ այն պատճառով, որ հորոսկոպների հիմքում ընկած կենդանակերպի ներկա քարտեզը իր կազմման պահի` մի քանի հազարամյակ առաջվա համեմատ` փոփոխություններ է կրել եւ չի արտոցոլում այսօրվա երկինքը ճշգրտությամբ, համաստեղությունները տեղաշարժվել են: Չժխտելով հանդերձ մոլորակների ու համաստեղությունների ազդեցությունները Երկրի ու Երկրում ծնվող ամեն կյանքի նկատմամբ: Եթե ասենք Երկվորյակ համաստեղությունը մի քանի հազար տարի առաջ այլ դիրք է ունեցել, նրա ազդեցությունն էլ այլ է եղել, իսկ հորոսկոպն այդ հին ազդեցությունների մասին է պատմում այսօր, էլ ո՞ւմ է պետք այդ կեղծ ու գեղեցիկ պատմություններն ամեն անգամ կրկնելը: Բայց դե ինչ արած` այդպիսին է մարդը ու սիրում է սիրուն հեքիաթների հավատալ:

Այնուամենայնիվ` բոլոր տեսակի` քաղաքական, հորոսկոպային, տնտեսական, անվտանգության առումներով կանխատեսումներով 2016 թվականը, իսկապես, ապասվում է, որ բարդ է լինելու ոչ միայն աշխարհի, այլեւ Հայաստանի համար: Այս թվականին գուցե մեր տարածաշրջանում կխորանան ազդեցությունների վերաբաժանման համար նոր «ռազբորկաները», միգուցե ռուս-թուրքական սրացումն իր գագաթնակետին հասնի, ու կողմերից մեկի նյարդերը տեղի տան, իսկ դա պատերազմի մագլցում (էսկալացիա) կնշանակի:Մեր սահմաններին մի վայրկյան անգամ զգոնության թուլացում հնարավոր չի լինելու, դա է հուշում անցնող տարվա լարվածությունը:

Էս բոլորի հետ մեկտեղ եթե հիշենք, որ ե՛ւ Վանգան, ե՛ւ Նոստրադամուսը, ինչպես նաեւ այլ կանխատեսողներ, աշխարհում 2016 թվականի համար կանխատեսել են զանազան դժբախտություններ ու արյունահոսություն, ամեն ինչ պարզ կլինի: Երբ Վանգային հարցրել են` խոսքը Երրորդ համաշխարհային պատեերազմի մասի՞ն է, նա ասել է. «Դեռ Սիրիան չի ընկել»: Այսինքն` մեծ պատերազմ կլինի, երբ Սիրիան ընկնի: Անգամ հունական մի պայծառատեսի տեսանյութն են պտտեցնում ռուսները, որ իբր եկող տարի Թուրքիան կմասնատվի մի շարք երկրների միջեւ (այդ թվում` հայերի), Կոստունդնապոլիսը նորից քրիստոնեական քաղաք կլինի...

Արդ` 2016-ի համար մեր ազգին ավելի շատ տոկունություն մաթենք, քան մինչեւ այժմ է ունեցել, քանի որ այն հաստատ պետք է լինելու, իշխանությանը` իմաստնություն ու խելք` երկիրը վատ վիճակից դուրս բերելու ու ավելի վատ վիճակի մեջ չգցելու համար, մեր սահմաններին անվտանգություն, երկրին` խաղաղություն;

Շնորհավոր Ամանոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.